Վերջին մեկ շաբաթում քաղաքապետարանը որոշ քայլեր ձեռնարկեց, որոնց մասին «Լուսանցք»-ն էլ խոսել էր: Դրանք առաջին հայացքից կարող էին ընդհանրապես խնդիր չթվալ, բայց խնդիր էին դարձել մեր մայրաքաղաքի համար: Ավելի ստույգ՝ դրանք բոլորիս համար խնդիր դարձրել էին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորները, «Վեոլիա ջուրը»: Բավարար էր միայն տեսնել, ասենք, թե Երեւանի արտաքին լուսավորության եւ էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա ինչպես էին օպտիկամանրաթելային մալուխներ տեղադրել օպերատորները: Իսկ «Վեոլիա ջրի» թողած փոսերի մասին էլ չենք խոսում:
Ինչեւէ, կա քաղաքային տնտեսություն եւ կան այդ տնտեսության պահանջները: Ու դրանք պետք է խստորեն կատարվեն, չկատարելու պարագայում էլ պետք է պատժվեն, քանզի խոսքը Երեւանի եւ ոչ թե այդ ընկերությւնների «գեղի կլուբի» մասին է: Օպերատորները հաստատ իրենց տանը մալուխներն այդպես անփույթ չէին քաշի, իսկ ջրամատակարարման բարելավման ծրագրերի պատասխանատուները հաստատ իրենց տան բակերում փոսերն օրերով բաց կամ հողալցված չէին թողնի: Մտածել, որ նրանք դա կանեն սրտացավությունից կամ Երեւանի հանդեպ սիրուց ելնելով, ճիշտ չի լինի, բայց որ իմանան պատասխանատվության են ենթարկվելու, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Այսպիսով, հոկտեմբրի վերջին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների եւ ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել, որի ընթացքում ուսումնասիրվել են Երեւանի արտաքին լուսավորության եւ էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների համապատասխանությունը անվտանգության եւ տեխնիկական պայմանների պահանջներին: Արձանագրելով ծառայություն մատուցող օպերատորների անփույթ եւ ոչ հետեւողական աշխատանքի հետեւանքով առաջացած բազմաթիվ թերությունները՝ քաղաքապետի առաջին տեղակալի հանձնարարությամբ մալուխների մի մասը հենց տեղում ապամոնտաժվել է:
«Եթե Երեւանի քաղաքապետարանը հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երեւանի սեփականությունը հանդիսացող հենասյուների վրա մալուխներ տեղակայել, դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա, այնպես էլ պետք է տնօրինի այդ հենասյուները՝ բացահայտ տհաճ եւ անընդունելի, թափթփված տեսարան ստեղծելով: Տեխնիկական հստակ պահանջներ կան դրված, որոնք օպերատորները պարտավոր են պահպանել: Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք կամ զլացել կամ էլ ուղղակի անտեսել են հստակ պահանջները, ինչը, բնականաբար, անհետեւանք չի կարող մնալ: Հաշվի առնելով նաեւ մեր համաքաղաքացիների շահերը, մենք այսօր ձեռնպահ մնացինք այս բոլոր մալուխներն ապամոնտաժելուց՝ պայմանով, որ առավելագույն կարճ ժամկետում կարգի բերեն ամեն ինչ, այլապես կարժանանան ապամոնտաժվածների բախտին»,- ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից, ընդգծել էր Կամո Արեյանը:
Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի հենասյուների վրա տեղակայված իրենց մալուխները կբերեն պատշաճ տեսքի եւ կհամապատասխանեցվեն անվտանգության ու տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին: Ինչպես ասում են՝ տեսնենք-տեսնենք: Մեզ էլ մնում է հիմա էլ հենասյուներին նայելով քայլել:
Գանք «Վեոլիա ջրին»: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդլայնված խորհրդակցություն էր հրավիրվել, որի ժամանակ էլ քննարկվել է մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի եւ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նույն ԾԻԳ-ի ղեկավարները, «Վեոլիա ջրի» «Արեւելք» եւ «Արեւմուտք» տարածաշրջանային կառույցների տնօրենները, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը, աշխատակիցները, կապալառու եւ շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ու տեխնիկական հսկիչները:
Անդրադառնալով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ քաղաքապետարանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ շատ դեպքերում ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս աշխատանքներն անհրաժեշտ եւ սպասված են, բայց քանդել փողոցներն ու ամիսներով չվերականգնել կամ կիսատ-պռատ, ընդամենը հողով ծածկել ու երկար ժամանակ թողնել այդ վիճակում, ուղղակի աններելի է,-ասել է Կ. Արեյանը: – Բոլոր աշխատանքների համար սահմանվում է հստակ ժամկետ եւ որեւէ մեկին իրավունք չի տրված դրանք խախտել եւ անհարկի անհարմարություններ պատճառել մեր համաքաղաքացիներին: Վերցրեք այնքան ծավալ, որքանը որ կարող եք պատշաճ ավարտին հասցնել, ոչ թե աջ ու ձախ քանդեք եւ փորձեք արդարանալ, որ ծավալները մեծ են եւ, դրանով պայմանավորված, չեք հասցնում: Սա երբեք ընդունելի արդարացում չի կարող լինել: Եվ, ընդհանրապես, եթե ամենօրյա խիստ հսկողություն սահմանեք ու անձամբ հետեւեք իրականացվող աշխատանքների ընթացքին, համոզված եմ, որ նման պատկեր չենք ունենա: Դիմացը ձմեռ է, եւ բոլորիդ նախազգուշացնում եմ, որ արագ ավարտեք ասֆալտբետոնյա ծածկերի վերականգնման աշխատանքները, որ ձմռանը չունենանք քանդված ու չվերականգնված որեւէ փողոց»:
Խորհրդակցության ընթացքում մասնավորապես շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին խստորեն նախազգուշացվել է, որ խախտումներ թույլ տվողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:
Այնպես որ, հենասյուներին նայելով Երեւանում շրջելուց բացի, պիտի փոսերն էլ հաշվենք: Իսկ ինչու ոչ: Սա հենց այն է՝ ինչ ասում ենք՝ Երեւանը սիրո քաղաք է: Իսկ սիրո քաղաքին սիրով են վերաբերում:
Անի Մարության
* * *
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգերի փորձարկումները, եւ ապահովված է դրանց անխափան շահագործումը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների ու տաղավարների գործունեությունը: Միաժամանակ հանձնարարվել է նաեւ խստորեն հետեւել, որ բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալներն աշխատանքները կազմակերպեն բացառապես իրենց հատկացված տարածքներում:
«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



