Անկարան իր անվտանգությունը տեսնում է հարեւան երկրների տարածքների նոր զավթումների մեջ – Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա Վրաստանի գերեզմանոցը… Այս երկաթուղու պաշտոնական բացմանը ներկա էին միայն համաթուրքական դաշինքի անդամ պետություններն ու Վրաստանը, որի տարրալուծման ծրագիրն արդեն գորսադրվում է թուրք-ադրբեջանական ծրագրով… Աջարիան եւ Ջավախքը (թուրք-մցխեթների բնակեցմամբ) Թուրքիային, իսկ Մարնեուլի շրջանն իր հարակից տարածքներով Ադրբեջանին կցելու գործընթացը եւս սկասված է… Միայն Իրան-Հայաստան-Վրաստան կապը դեպի Եվրոպա ու Ռուսաստան կխաթարի համաթուրքական (Միջինասիական թյուրքական երկրներ)-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա աղետաբեր ուղին…

Հոկտեմբերի վերջին օրը Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովն ու այլ բարձրաստիճան հյուրեր: Վրաստանի վարչապետի խոսքերով, այս արարողության ժամանակ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը ընդգծում է նախագծի հատուկ ռազմավարական նշանակությունը: «Վստահ եմ, որ նոր երկաթուղին կփոխի գոյություն ունեցող տնտեսական իրականությունը եւ նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- ասել է նա:

Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի նախագահները, Վրաստանի եւ Ուզբեկստանի վարչապետները խորհրդանշական կերպով երկաթուղային ուղիների մեջ մեխեցին մեխեր, փոխեցին սլաքները եւ բացեցին հուշատախտակը: Հերթական անգամ պաշտոնական Թբիլիսին մասնակցում է համաթրքական մի ծրագրի, որտեղ ժողովրդի կարգավիճակով հանդես եկող թյուրքական մի քանի ցեղախմբեր հերթական անգամ հաստատում են տարածաշրջանում տեր դառնալու իրենց ցանկությունը: Վրաստանը ձուլվել է նրանց ցանկության իրականացմանը եւ, եթե ծրագիրը աշխատեց, ապա Վրաստանը հետզհետե կկորչի թյուրքական տարրաձուլման մեջ… Հատկապես որ Թուրքիան ամեն բան անում է Աջարիան թուրքացնելու եւ Թուրքիային կցելու համար, իսկ Ադրբեջանն արդեն Մարնեուլի շրջանն ու հարակից տարածքները սեփականացրել է (Վրաստանի ՏԻՄ ընտրություններում այդ տարածքներում հաղթեցին ադրբեջանցի թեկնածուները) վերջին տարիներին հրատարակված քարտեզներով…

Իսկ համաթրքական դաշինքի մյուս երկրները՝ Թուրքմենստանը եւ Ղրղզստանը, չեն մասնակցել բացման արարողությանը, քանի որ Աշգաբադը լուրջ հակասություններ ունի Բաքվի հետ Կասպից ծովի մի քանի կղզիների մասով, որ նավթային պաշարներ ունեն, իսկ Բիշքեկը տարածքային խնդիրներ ունի Տաշքենդի հետ, եւ սահմանային ընդհարումներ են երբեմն լինում… Այս երկու հակամարտության ելքը միայն պատերազմը կորոշի, ինչին էլ պատրաստվում են 6 թյուրքական դաշնակից երկրներից 4-ը:

Ինչեւէ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու եւ հարակից այլ հարցերով «Լուսանցք»-ին իր դիտարկումներ է ուղակել նաեւ Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը: Նա իր նյութերից մեկը վերնագրել է «Մտորումներ չարաբաստիկ օրվա խորհրդի մասին»՝ անդրադառնալով Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացմանը: Առաջ անցնելով եւ նման իրավիճակում հնարավոր ծավալումները ներկայացնելով՝ վերլուծաբանը գրում է. «2040թ.: Փետրվար: Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների ճանապարհները կրկին փակվել են, եւ բեռնատարները կանգ են առել Վրաստանի տարբեր վայրերում՝ այդպես էլ չկարողանալով հասնել սահմանային անցակետեր: Մեր երկրում առկա է հատկապես Բավրայի անցակետով բեռների փոխադրման խիստ մեծ պահանջարկ, քանի որ այդ անցակետով են անցնում Հյուսիս-հարավ ավտոմայրուղով Հայաստան մտնող եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող գրեթե բոլոր բեռնատարները: Այս օրերին նշյալ անցակետով անցնող բոլոր բեռնատարները կանգ են առել ճանապարհի Ախալքալաք-Նինոծմինդա հատվածում, որտեղ նրանց արգելում են առաջ շարժվել նույն այդ հատվածով անցնող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի ճանապարհային ուղեկալի ներկայացուցիչները: Վերջիններս այդ քայլը չեն մեկնաբանում: Ինչպես տեղեկանում ենք հայ վարորդներից, այս օրերին իրենք մեծապես տուժել են նաեւ Կարաբեքիր քաղաքի ազգաբնակչության անընդմեջ հարձակումներից, որոնք ոչ միայն թալանել են հայկական ապրանքները, այլեւ վնասել բեռնատարները»:  

Թուրքիա, Ադրբեջան եւ Վրաստան եղբայրության շարունակականության դեպքում, որը կշարունակվի Արեւմուտքի եւ Հյուսիսի լռության պայմաններում, չեն բացառվում վերոնշյալ ծավալումները, որ կարող են իրականություն դառնալ:

Իսկ այժմ այն պարզապես զգուշացում-պատմություն է. «Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհահատվածի վրա գտնվող Կարաբեքիր քաղաքը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ՝ 2020-ական թթ.: Այն կառուցվել է հիմնականում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նշյալ հատվածում գոյություն ունեցող կայարանի շուրջը կատարված թուրք-ադրբեջանական խոշոր ներդրումների հաշվին (ինչն այսօր արդեն ընթանում է,- խմբ.), ունի բազմաֆունկցիոնալ գործառույթներ: Ազգաբնակչությունը հիմնականում թուրքեր եւ ադրբեջանցիներ են, որոնց թիվը ներկայումս կազմում է շուրջ 10.000, այդուհանդերձ, ելնելով օրավուր ավելացող ներդրումներից եւ գործառույթների բազմազանությունից, Կարաբեքիրի ազգաբնակչության թիվը ունի աճման մեծ տեմպեր (հիշեցնենք, որ թուրքերը դեռ ետ չեն կանգնել տասնյակ հազարավոր թուրք-մցխեթներին Ջավախքում բնակեցնելու ծրագրից,- խմբ.): Կարաբեքիրում է գտնվում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի պատմության թանգարանը, որի դիմաց բացվող փոքրիկ հրապարակում, մեկ ընդհանուր պատվանդանի վրա տեղադրված են Քյազիմ Կարաբեքիր փաշայի եւ Հեյդար Ալիեւի արձանները…

Իմիջիայլոց, տարիներ առաջ Թբիլիսիում Հեյդար Ալիեւի հուշաքարին անհայտ անձինք կարմիր ներկ էին լցրել, երբ վրացի լրագրողներն ու ակտիվիստները բողոքի միջոցառումներ էին իրականացում՝ իրենց աջակցությունը հայտնելով ադրբեջանցի լրագրող  Աֆգան Մուխթարլիին: Նա Բաքվի իշխանություններին ընդդիմադիր լրագրող է, ով օրը ցերեկով անհետացել էր Թբիլիսիից: Հետո պարզվեց, որ նրան ձերբակալել էին՝ իբր այդ պահին անձնագիր չունենալու պատճառով: Ավելի ուշ պարզվել էր, որ լրագրողը Բաքվում է, ավելին՝ մեկուսարանում է հայտնվել:…

Մեր ընթերցողները կնմանեցնեն սա առավել աղմկալի այն դեպքի հետ, երբ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով նաեւ Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոյի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եղբայրական դրամական պայմանավորվածությամբ Մինսկում կալանավորվեց եւ արտահանձնվեց Բաքվին: Ու դեռ Բելառուսի նախագահը պիտի չքմեղանար, թե Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի հետ, այսպես չքմեղացել էր նաեւ Վրաստանի նախագահը, թե չի ցանկանում խառնվել Ադրբեջանի ներքին գործերին, չնայած մինչ այդ հայտարարում էր, թե աններելի է, որ Վրաստանի նման անկախ երկրում մարդ են առեւանգում…

Այս թեմային այստեղ անդրադարձանք այն պատճառով, քանի որ «Լուսանցք»-ը միշտ շեշտում է, որ թուրքադրբեջանական եւ վրացական, ինչպես նաեւ սլավոնական եւ վրացական կապերը միշտ դավադրությունների են վերածվում, երբ խոսքը Հայաստանին է առնչվում… Ռուսաստանի հակահայկական պատմական անցյալը հանրահայտ է (եւ՛ թուրքական եւ՛ պարսկական եւ՛ այլ կողմերի հետ միասին), որն այսօր էլ է շարունակվում թեկուզ այն պարզ պատճառով, որ մեր բարեկամ ու գործընկեր երկիր համարվող գերտերությունը մեր թշնամի Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում, նույնը պատրաստվում է անել նաեւ Թուրքիայի հետ… Ուկրաինան ԽՍՀՄ փլուզումից հետո միանշանակ դարձել է ադրբեջանամետ երկիր եւ նույնպես զենքեր է տրամադրում Բաքվին, իսկ Բելառուսը վերջին տարիներին որդեգրեց հակահայ դիմագիծը՝ երրորդելով սլավոնական երբեմնի կուռ դաշինքի հակահայ գործերը… Փաստորեն, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ հիմնադիրներ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը առավելապես հակահայ քայլերի են գնում, որպեսզի իրենց հարաբերությունները կարգավորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Հիմա, արդյո՞ք Վրաստանը այդօրինակ քաղաքականությամբ չի զբաղվում: Եվ մի՞թե կարող ենք հավատալ, որ անգամ եվրոպական ճնշման տակ այդ երկիրը առանց ներքին խաղերի կհամաձայնի Իրան-Հայաստան-Վրաստան կապով փոխարինել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա կապը…

Ի տարբերություն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ձգձգվում է մեր Հյուսիս-հարավ ճանապարհաշինությունը: «Լուսանցք»-ը եւս անդրադարձել է այս խնդրին, եւ ադյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն: Իսկ որ այս ճանապարհը կարող է վերածվել «կյանքի ճանապարհի», ակնհայտ է, բայց ձգձգվում է ու էլ ավելի գումարներ կլանում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցում Թուրքիան ցանկանում է լինել հետեւողական եւ հետագայում ավելի առաջ գնալ՝ Ղազախստանի, Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան: Մինչդեռ Չինաստանը «Մետաքսի ճանապարհի» վերականգնման համար, որը վերականգնելով պատմական ուղին՝ Ասիան կկապի Եվրոպայի հետ, նախատեսում է Եվրոպա մտնելու ճանապարհին անցնել Իրանով եւ Հայաստանով, մի ուղին՝ Հայաստան-Վրաստանով-Սեւ ծովով-Եվրոպա, մյուսը՝ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան-Միջերկրական ծովով դեպի Եվրոպա…

Իմիջիայլոց, մի շարք վերլուծաբաններ հիմնավորում են, որ այս երկաթուղին կհարվածի Վրաստանի շահերին ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես: Փաստորեն, Թբիլիսին Բաքվին վճարելու է մոտ 800 մլն դոլար, իր տարածքում շինարարության իրականացման համար, եւ դա վճարելու է տոկոսներով: Թբիլիսին նաեւ մեկ այլ վտանգի առաջ է կանգ առնելու՝ պարապուրդի են մատնվելու վրացական նավահանգիստները, այն դեպքում, երբ մինչեւ վերջերս անհրաժեշտություն էր առաջացել եղած նավահանգիստներին ավելացնել եւս մեկը՝ նորը կառուցելով Սեւ ծովի ափին…

Բայց ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը դանդաղում են: Ցավոք, այստեղ մեղավորության հստակ բաժինը Թեհրանինն է, քանի որ Իրանը ծրագրեր ունի նաեւ Ադրբեջան-Ռուսաստան ուղղությամբ, ու նաեւ Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով հույս ունի նավթ եւ գազ արտահանել Եվրոպա: Փաստորեն, վրացական ուղղությունը, ինչքան էլ դժվարամարսելի լինի, պիտի ամեն գնով գործարկվի, որպեսզի տարածաշրջանում գործնական դառնա միայն Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը:

Իսկ փորձագետի վերոնշյալ հեքիաթանման վտանգը մեջբերեցինք՝ մեր իշխանություններին ու հայության բոլոր հատվածներին մեկ անգամ եւս սթափեցնելու համար, «վրացական եղբայրություն» ասվածը հարաբերական բան է: Այսօր Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա նախագիծը կարող է կյանքի կոչվել, եթե Եվրոպան վերջնականապես հրահանգի Թբիլիսիին այդ մասին: Այլապես Վրաստանն ընկղմվել է թյուրքական ծավալումների մեջ, ինչին նպաստում են նաեւ վրացա-թյուրքական գենախեղումները: Վերջինիս պտուղներն արդեն քաղում են հայերը՝ ինչն առավել ակնհայտ երեւաց Ջավախքի Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքար տեղադրելու ժամանակ եւ հայկական երկրամասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Իմիջիայլոց, վերեւում նշված երեւակայական վելուծության մեջ Հայաստանի նախագահը Արմեն Աշոտյանն է արդեն, ով անձամբ դիմում է «Վրաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի հատուկ հարցերով ներկայացուցիչ Օրախելաշվիլուն՝ խնդրելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները եւ բաց թողնել Կարաբեքիրի ուղեկալում կանգնած հայկական բեռնատարները… Եվ ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից… Օրախելաշվիլին նշել է, որ նախարար Մամուլաձեն խնդրի լուծման նպատակով փորձում է բանակցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Մուխտար Սուլեյմանօղլուի հետ»:

Եվ հասկանալի է, որ ենթադրյալ Օրախելաշվիլին պիտի նշի, որ «առաջացած խնդիրը կապված է արցախա-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մեծացման հետ, եւ ինչպես Մուխտար Սուլեյմանօղլին, այնպես էլ երկաթուղու շահագործման պատասխանատուները պետք է վստահ լինեն, որ հայկական բեռնատարներով չեն փոխադրվում զինատեսակներ ու զինամթերք… Եվ, իհարկե, «նախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ մեր երկիրը զինամթերքի փոխադրման բոլորովին այլ ուղիներ է օգտագործում, իսկ նշյալ ճանապարհը բացառապես կենսական ապրանքների համար է օգտագործվում, այդուհանդերձ, վրաց պաշտոնյան հավելում է, որ իրենք եւս խնդիրներ ունեն կապված թուրք-ադրբեջանական նոր պահանջների հետ եւ առայժմ ավելին անել չեն կարող»…

Այսօր նման իրավիճակ չկա, բայց սրան մոտ վիճակ առկա է եւ այս պատմություն-վերլուծությունը պարզապես հեքիաթի ընկալում չի կարելի դիտարկել:  Հայկական կողմն ամեն ջանք պիտի գործադրի, որ մեր տարածաշրջանում գործի բոլորովին այլ եռյակ՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Երկու եռյակ չեն կարող գործել հավասարապես, ինչը նշանակում է Վրաստանը կա՛մ այս եռյակում է, կա՛մ՝ թուրք-ադրբեջանականի…

Մենք վերեւում նշել ենք Աջարիայի նկատմամբ թուրքական նկրտումների մասին, ինչը նշյալ պատմության մեջ դիտարկվել է այսպես՝ Աջարիան թուրք-վրացական տնտեսական չեզոք գոտու է վերածվել եւ դրանից հետո «Թուրքիայի ու Ադրբեջանի նոր պահանջը վերաբերում է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի միավորմամբ նոր՝ Ախիսկա-Բորչալի անվամբ ինքնավար միավորման ստեղծմանը: Թուրք-ադրբեջանական կողմն այդ պահանջը հիմնավորում է նշյալ շրջաններում ադրբեջանաթուրքական քաղաքակրթական ներկայության պահպանման եւ զարգացման անհրաժեշտությամբ»…

Հետգրությամբ Վահե Սարգսյանը բացահայտել է, որ «2000-ական թթ. Ջավախքի եւ Հայաստանի ապագայի մասին վիրտուալ քննարկումների շրջանակներում շրջանառում էինք իրերի զարգացումների կեսկատակ-կեսլուրջ մի տարբերակ: Այսօրվա (2017թ. հոկտեմբերի 30) խորհրդի մասին երկար մտորելով որոշեցի հրապարակման ներկայացնել հիշողությամբ վերականգնված վերոհիշյալ միտքը, որը, ելնելով օրվա զարգացումների տառից եւ ոգուց, իմ կողմից ենթարկվեց որոշակի խմբագրումների ու համալրման»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն իր երկրի անվտանգության ապահովման գործում վերջերս կարեւորել է Նախիջեւանի եւ մի շարք անդրսահմանային տարածքների դերը:

Թուրքական իշխանամետ թերթերի տեղեկացմամբ՝ Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: Նշել է, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների եւ Սիրիայում ու Իրաքում ընթացող գործընթացների միջեւ կապը:

«Եթե մենք այդ սպառնալիքներն այնտեղ չկանխենք, նաեւ մեր սեփական տանը խաղաղ ու երջանիկ ապրելու հնարավորություն չենք ունենա: Մենք ստիպված ենք մեր երկրին ուղղված սպառնալիքները արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում: Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջեւանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում: Հիշենք սա»…

Մի՞թե Վրաստանը սա կատակ է համարել, իսկ արաբական երկրներն ու Իրանը, Հունաստանն ու եվրոպական սլավոնական երկրները, հենց Եվրոպան կամ էլ Ռուսաստանը նույնպես միացել են կատակասերների խմբին…

Իսկ այսօր, դեռ մեր օրերում, Թուրքիայի նախագահը վերստին բարձրաձայնում է, թե «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար»: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ նախագահը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին:

Պատասխանելով այդ հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար արնահոսող վերք է, ինչպես եւ Ադրբեջանի համար: Քանի դեռ Հայաստանի կողմից վերջ չի դրվել Ադրբեջանի հողերի օկուպացմանը, այս խնդիրը չի լուծվի: Օկուպացմանը պետք է անհապաղ վերջ դնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության եւ սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորող սադրանքները: Նման մոտեցումները երբեք չեն օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իսկ Մինսկի խումբը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»:

Անկարան անգամ տարիներ առաջ նախաստորագրված հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները վերածեց եռակողմ հարաբերությունների՝ հայ-թուրք-ադրբեջանականի՝ կրկին Արցախի խնդիրը ներառելով երկկողմ հարաբերություններում… Թուրքիայի նախագահը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության ժամանակ կրկին պահանջեց լուծել Ղարաբաղի հարցը Ադրբեջանի սահմանների անձռնմխելիության տիրույթում:

Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովում եւս բաց չթողեց պահը եւ նշեց, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահող երկրները մոտ ժամանակում կգտնեն 20 տարուց ավել տեւող ղարաբաղյան խնդրի լուծումը», այլապես, ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն սպառած կլինի իրեն:

Հայտնի է, որ Ադրբեջանն ընդհանրապես ցանկանում է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը մեկ այլով՝ որտեղ Թուրքիան եւս որոշիչ ձայն կունենար… Եվ ամեն ինչ արեց՝ խափանելու ԵԱՀԿ գրասենյակների աշխատանքները ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում եւ հաջողեց: 

Ինչեւէ, չնայած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթում նշեց, որ սա այն հարթակը չէ, որ պիտի քննարկվի ԼՂ-ի հիմնահարց, բայց խոսքն արդեն հնչել էր, ինչին ընդդիմացավ հայ դիվանագետը:

Նա նաեւ անդրադարձավ  գագաթաժողովին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել այս համագործակցության ամբիոնը ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը:

Կրկին շեշտեց, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, ՍԾՏՀ-ն էլ այն ձեւաչափը, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը:

Ըստ հայ դիվանագետի՝ ադրբեջանական կողմը «այս անգամ նույնպես ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը կազմակերպության կանոնադրության, սկզբունքների, նաեւ նպատակների եւ այս գագաթաժողովի նկատմամբ»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։