Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները… Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում… Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել… Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում – բայց 1-ին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոսկե մեդալ նվաճեց… Ֆուտբոլի ազգային առաջնության խաղերը… Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին… «ՀՖՖ-ն անարդար, կողմնակալ որոշում է կայացրել».- Աբրահամ Խաշմանյան… Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը եւ առկա մտահոգությունները՝ հանդիսատեսի բացակայության առումով… ՀՖՖ պարզաբանումը՝ Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ… Նաեւ այլ լրատվություն՝ ֆուտբոլի, շախմատի, կարատեի, սամբոյի, Կ-1 մենամարտային մարզաձեւի, բռնցքամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, վոլեյբոլի եւ մյուս մարզաձեւերի (Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի մարզիկների) մասին…

Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում 2 հանդիպում է անցկացրել «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ եւ սեփական հարկի տակ 3:1 եւ 3:2 հաշվով առավելության հասել առաջատար ակումբի նկատմամբ: Հյուրընկալվելիս եւս 2 հանդիպում է անցկացրել, արդեն «Մետալլուրգա-2»-ի հետ, որից առաջինում 6:2 հաշվով հաղթանակ տարել, երկրորդում՝ պարտություն կրել (1:2)։

16 խաղից հետո «Արարատ»-ը 28 միավորով 14 թիմերի մեջ 8-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել): Հաջորդ հանդիպումներն «Արարատ»-ը նոյեմբերի 9-ին եւ 10-ին սեփական հարկի տակ կանցկացնի «Նեմանա-2»-ի հետ:

Հ.Գ. – Հոկեյի «Արարատ» ակումբը բարձրացավ 6-րդ հորիզոնական – Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ 2 հանդիպում է անցկացրել «Նեման-2»-ի հետ: Առաջինում «Արարատ»-ը հաղթել է 3:0 հաշվով, երկրորդում պարտություն կրել բուլիտներով՝ 2:3:

18 խաղից հետո «Արարատ»-ը 32 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել): Հաջորդ 2 հանդիպումներն «Արարատ»-ը կհյուրընկալվի «Բրեստա-2»-ին՝ նոյեմբերի 14-ին և 15-ին:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը: Մեր առաջատար հեծանվորդը սկրեչ մրցաձեւում ցույց է տվել 2-րդ արդյունքը եւ դարձել է արծաթե մեդալակիր։ Նա ետ է մնացել միայն Բելգիայի ներկայացուցչից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էդգար Ստեփանյանը մասնակցել է Բեռլինում կայացած հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։ Նա 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Էդգարն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել

Թաեքվոնդոյիստներ Ռոման Հայրապետովը (59 կգ) եւ Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ) մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի երիտասարդների (Մ 17) առաջնությունում: Ռոմանը նվաճել է արծաթե, Անդրանիկը՝ բրոնզե մեդալ:

Մայրացամաքի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 2-5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է 6 մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը:

Ախալքալաքը պարծենում է աշխարհի չեմպիոնով

Որածակի ուշացումով տեղեկացնենք, որ Ախալքալաքի սպորտի վարչությունում նշեցել են կարատեի աշխարհի չեմպիոնի եւ մեդալակիրների պատվով վերադարձը: Տեղական իշխանության ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը եւ վարչութան սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի վարիչ Վալերի Ստելմաշովը շնորհավորելով պատանի մարզիկներին եւ նրանց մարզիչներին տարած հաղթանակի առիթով, վերջիններիս պարգևատրեցին պատվոգրերով ու հիշարժան նվերներով՝ ժամացույց, կշեռք ու թուր:

Դեռ մայիսին Թբիլիսիում ընթացավ կարատե WSKU-ի աշխարհի առաջնություն: Մրցումներին մասնակցում էին մոտ 1900 մարզիկներ, աշխարհի շուրջ 50 երկրներից: Մարզիկների խոսքերով մրցաշարն ընթացել է շատ լարված պայքարում, սկսվել է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվել գիշերվա ժամը 1-ին:

Աքսաննա Ավետյանը դարձել էր աշխարի չեմպիոն մինուս 44 կգ քաշային կարգում, 10-11 տարեկաների Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում դառնալով ոսկե մեդալակիր: Ինչպես նաեւ բրոնզե մեդալ վերցրել КАТА մրցաձևում: Գեւորգ Հակոբյանը 68 կգ քաշային կարգում, 16-17 տարեկանների պայքարում դարձավ Կումիտե W.K.F.-ի արծաթե մեդալակիր: Վերջինս արծաթ տարավ նաև Շոբու Իպոն մրցաձևում: 46-50 տարեկանների մրցապայքարում մարզիչ Ռաֆայել Դարբինյանը եւս դարձավ արծաթե մեդալակիր: Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին 14 հոգի, 12 մարզիկներ եւ 2 մարզիչ:

Արցախցի մարզիկը՝ Եվրոպայի չեմպիոն

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեդերին Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը գրավել է 1-ին տեղ՝ արժանացել ոսկե մեդալի եւ դարձել Եվրոպայի չեմպիոն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը: Նշենք, որ Արթուր Առուշանյանը 2015թ. դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:  

Ավստրիահայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն:

Գրաց քաղաքում կայացած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն 1-ին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:

Այս առաջնության արդյունքներով, 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017թ. առաջնությանը, որը կկայանա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք` 2015 եւ 2016 թթ. Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն:  

Նաիրի Հակոբյան. «Կ-1-ը երեխաներին դաստիարակում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»

Հոկտեմբերի 29-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Կ-1 մարզաձեւի Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցեց շուրջ 100 մարզիկ Երեւանից ու Հայաստանի մարզերից: Առաջնության ընթացքում տեղի ունեցավ նաեւ պրոֆեսիոնալ մենամարտ վարկանիշային գոտու համար: Կ-1-ը ամբողջ աշխարհում բավական մեծ տարածում ունի. Հայաստանում այն նոր է սկսում զարգանալ: «Անկախ»-ի (Անժելա Բեգլարյան) հետ զրույցում Կ-1 պրոֆեսիոնալ ֆեդերացիայի փոխնախագահ Նաիրի Հակոբյանը խոսում է մարզաձեւի յուրահատկությունների, այն մասսայականացնելու եւ պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ ֆեդերացիայի աշխատանքների մասին:

- Պարոն Հակոբյան, 2-րդ տարին անընդմեջ Ձեր ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվում էԿ-1-ի բաց առաջնություն: Մարզիկների պատրաստվածությունն այս տարի ինչպե՞ս կգնահատեք:

– Նմանատիպ առաջնություն կազմակերպում ենք տարին մեկ անգամ: Երեւանի բաց առաջնությանը մասնակցեցին կոնտակտային ֆեդերացիաների եւ գրանցված ակումբների լավագույն մարզիկները: Մրցաշարն ընթացավ լարված պայքարում: Մարզիկները բավական լավ էին պատրաստվել եւ ցուցաբերեցին բարձր արդյունքներ: Ականատես եղանք գեղեցիկ ու դիտարժան մենամարտերի

Վերջում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ մենամարտ, որը մղվեց վարկանիշային գոտու համար: Հաղթող մարզիկը` Մարտին Մանուկյանը, ստացավ Կ-1-ի գոտին, որը նրան հնարավորություն կընձեռի մասնակցելու միջազգային ասպարեզում անցկացվող պրոֆեսիոնալ մենամարտերին: Կայացած առաջնությունից հետո տարբեր մրցաշարերի մասնակցելու առաջարկներ ունենք: Այժմ պատրաստվում ենք մույ-թայի միջազգային մրցաշարին, որը տեղի է ունենալու Վրաստանում:

- Ի՞նչ է Կ-1-ը: Խոսենք մարզաձեւի յուրահատկությունների մասին:

– Կ-1-ը ստեղծվել է 1960թ. եւ կոչվել է ճապոնական քիք-բոքսինգ: 1993թ. ճապոնական քիք-բոքսը վերանվանվել է Կ-1: Մարզաձեւը կարատեից տարբերվում է բազմաթիվ հնարքներով, հարվածների տեխնիկայով: Մարզաձեւն առաջացել է մույ-թայ, թաեքվոնդո եւ կիոկուշին կարատեների համադրումից: Երկրպագուները ցանկանում էին հետեւել այնպիսի մենամարտի, որում մարզիկները կպայքարեն մինչեւ վերջ եւ հաղթող կճանաչվի ուժեղագույնը: Մույ-թայի մրցումների ժամանակ վնասվածքների պատճառով մենամարտը դադարեցվում է, իսկ հանդիսատեսը ցանկանում էր հետեւել պայքարին մինչեւ վերջ: Համաշխարհային սպորտի լեգենդ Օյաման` կիոկուշին կարատեի հիմնադիրը, ստեղծեց ճապոնական քիք-բոքսը, որը եւ հետագայում վերանվանվեց Կ-1:

Մարզաձեւն այսօր միջազգային ճանաչում ունի եւ տարածված է ողջ աշխարհում: Կարատեների տարբեր մրցաձևերից մարզիկները նախընտրում են մասնակցել հատկապես Կ-1-ի մրցումներին, քանի որ լուրջ մրցաշարեր են տեղի ունենում:

- Հայաստանում գործում են կարատեների բազմաթիվ ֆեդերացիաներ: Սկսնակ մարզիկները մարզաձեւի ընտրության հարցում ինչպե՞ս կարող են ճիշտ կողմնորոշվել:

– Կ-1-ը մենամարտային մարզաձեւ է, այն ներառում է ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստություն եւ ոճին հատուկ փիլիսոփայություն ունի: Կ-1-ն ինքնապաշտպանության լավագույն միջոց է: Երեխաները կարող են զբաղվել մարզաձեւով 5 տարեկանից: Որպես մարզիչ` կարող եմ ասել, որ երեխան մեծանում է առողջ, ուժեղ, համարձակ, սովորում է պաշտպանվել: Ծնողները հնարավորություն ունեն դիտելու պարապմունքները, տեսնելու եւ հասկանալու, թե ինչով են զբաղվում երեխաները: Շատ կարեւոր է նաեւ մարզչի աշխատանքը: Մարզիչը պետք է լինի նաեւ հոգեբան: Եթե երեխան սիրում է մարզչին, սիրում ու նվիրվում է մարզաձեւին:

Կ-1-ը մարզիկներին դաստիարակում է նաեւ բարոյապես: Նրանք դառնում են համախմբված եւ գործում են միասնական: Ձեռք են բերում նոր ընկերներ, նոր շրջապատ: Սա վստահություն է հաղորդում կյանքի ընթացքում, օգնում ավելի հեշտ կայանալու տարբեր ոլորտներում: Մարզիկների գիտակցության մեջ արմատանում է այն միտքը, որ պետք է լինեն ազնիվ, օգնեն թույլերին:

Կ-1-ում գործում են ընդհանուր օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս մենամարտեր անցկացնելու բոլոր կոնտակտային մարզաձեւերի մարզիկներին, ինչը, սակայն, նրանք չեն կարող իրականացնել տվյալ ֆեդերացիայում կամ այլ կոնտակտային մարզաձեւերում:

- Համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մասնագետներ կա՞ն Հայաստանում:

– Կ-1-ի բազմաթիվ խմբեր են գործում Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Օր- օրի մարզաձեւով զբաղվողների թիվն ավելանում է: Ունենք բարձրակարգ մարզիչներ: Պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ, տեսական ու գործնական դասընթացներ թե՛ մարզիչների, թե՛ մարզիկներ համար: Մարզիչները մշտապես նորանոր գիտելիքներ են ձեռք բերում մարզաձևի մասին` ծանոթանալով հարվածային կոմբինացիաներին, տեխնիկաներին, բարձրացնելով վարպետությունը: Արտասահմանցի մեր գործընկերները նաեւ մարզումներ են անցկացնում: Սա օգնում է համահունչ լինելու մարզաձեւի զարգացման ժամանակակից պահանջներին:

- Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է հետեւողական լինել կարատեների ֆեդերացիաների ծավալած գործունեության նկատմամբ`դրանք միավորելով ու համախմբելով մեկ ֆեդերացիայի ներքո: Ի՞նչ տեսակետ ունեք այս կապակցությամբ:

– Գոյություն ունեն կարատեների բազմաթիվ մրցաոճեր: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր գործունեությունը ծավալի, քանի որ այդ մարզաձեւերն ունեն իրենց ուրույն պատմությունը, փիլիսոփայությունը, կանոնները: Կարծում եմ՝ դրանց միավորումը ճիշտ չի լինի: Մարզիկներն ընտրում են այն մարզաձեւը, որն իրենց առավելապես հարազատ է: Հակառակ պարագայում նրանք չեն ունենա այդ ընտրության հնարավորությունը: Մրցաոճերի համախմբմանը ես դեմ եմ: Մարզաձեւերը կարող են տարբեր լինել, սակայն մարզիկները կարող են մրցաշարերի ընթացքում հանդիպել ու պարզել ուժեղագույնին:

Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիան գործում է 2 տարի: Մեր նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել հանրապետությունում ամբողջ աշխարհում տարածված այս մարզաձեւը: Այժմ բոլոր ֆինանսական խնդիրները լուծում ենք սեփական միջոցներով. կազմակերպում ենք առաջնություններ, մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի` վերադառնալով մեդալներով: Այս տարի մեր մարզիկները Վրաստանում մասնակցեցին քիք-բոքսի առաջնության: Ղազարյան Արսենն (68 կգ) ու Սաֆարյան Ալենը (51 կգ) հաղթեցին իրենց քաշային կարգերում: Ղազարյան Արսենն իրեն լավագույն կերպով դրսևորեց նաեւ Կովկասի մուայ-թայի առաջնությունում` դառնալով հաղթող: Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիան այս կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ է ունեցել: Մեր կատարած աշխատանքը տեսանելի է: Հուսանք, որ մոտ ապագայում ֆեդերացիան կստանա պաշտոնական կարգավիճակ:

Լեւոն Արոնյանը ետեւում թողեց ադրբեջանցի շախմատիստին

Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց հավաքականը վաստակեց թիմային 10 միավոր, սակայն ընդհանուր հաշվարկով ի վերջո զբաղեցրեց 13-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանը, որը Ռուսաստանի հավաքականին գերազանցեց միավորների ընդհանուր քանակով:

Հայաստանի կանանց հավաքականը, որը մրցանակային 2-3-րդ տեղերի հավակնորդներից էր, չկարողացավ դիմադրել ժամանակից շուտ Եվրոպայի չեմպիոն հռչակված Ռուսաստանի ընտրանուն եւ 11 միավորով գրավեց 9-րդ տեղը:

Բայց տղամարդկանց մրցաշարում 1-ին խաղատախտակի վրա լավագույն արդյունք է ցույց տվել Լեւոն Արոնյանը, ով 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ միջին գործակցով (64,3) առաջ է անցել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովից: Նա պարգեւատրվել է ոսկե մեդալով: Մեր թիմի մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, արծաթե պարգեւի է արժանացել 3-րդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքի համար՝ 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր:

Հայաստանը մնաց ձեռնունայն․- Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության արդյունքները

Նշենք, որ 2011թ. Հունաստանում անցկացված մայրցամաքի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել էր նույն՝ 4-րդ հորիզոնականը, իսկ ահա կանայք առաջադիմել են 2 տեղով՝ նախորդ առաջնության 7-րդ հորիզոնականի համեմատ։

Ստորև ներկայացնում ենք կանանց եւ տղամարդկանց մրցաշարային աղյուսակների լավագույն հնգյակը։

Տղամարդիկ․- 1. Ադրբեջան 14 միավոր, 2. Ֆրանսիա 13, 3. Ռուսաստան 13, 4. Հայաստան 13, 5. Հունգարիա 12:

Կանայք․- 1. Ուկրաինա 15 միավոր, 2. Ռուսաստան 14, 3. Լեհաստան 14, 4․ Վրաստան 12, 5. Հայաստան 12:

Գերմանիայի հայերը շախմատային հաջողություններ են գրանցել

Լեեր քաղաքում կայացավ SCHACH OPEN LEER շախմատի բաց առաջնություն, որին մասնակցեց նաեւ Գերմանիայում բնակվող խոստումնալից 7 հայ շախմատիստ: Գերմանիայում բնակվող ազգային փոքրամասնություններից միայն հայերն էին, որ մասնակցեցին այդ մրցաշարին՝ գրանցելով հաջողություններ: Այդ առաջնությունում Լաուենբուրգ քաղաքից շախմատիստ Ֆերդինանտ Հակոբյանը B խմբում զբաղեցրեց 4-րդ, իսկ Բրեմեն քաղաքից Սպարտակ Գեւորգյանը՝ A խմբում 5-րդ հորիզոնականը: Մնացած մյուս հայ մարզիկները թեեւ չզբաղեցրին մրցանակային տեղեր, սակայն արժանացան խրախուսական մրցանակների:

Լեերի միակ հայ Թովմասյանների ընտանիքը եկել էր աջակցելու հայ շախմատիստներին: Ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը հպարտությամբ նշեց. «Ինձ համար ոգեւորիչ է, որ թեեւ Լեերում իմ ընտանիքը միակ հայ ընտանիքն է, սակայն միահամուռ ուժերով մենք բոլորս կարողացել ենք Լեերի այս մրցաշարում ներկայացնել հայ շախմատիստներին, որոնք հաջողություններ են գրանցել»:

Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիա

21 հունիսի 2017թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստում որոշում է կայացվել հիմնել Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիա: Որոշում է կայացվել 2017-ին համացանցում անցկացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի բաց առաջնություն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու է նշանակվել Վահան Բաբախանյանը: Մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը հաստատման է ներկայացվելու ֆեդերացիայի տարբերանշանը եւ դրոշը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիան միանում է ՖԻԴԵ-ի «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» կարգախոսին եւ համագործակցության համար բաց է շախմատի բոլոր ֆեդերացիաների համար, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի եւ նրա կառույցների: Ֆեդերացիային կարող են անդամագրվել բոլոր շախմատիստները (վարպետ, թե սիրողական) – Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ եւ անձինք՝ ում արմատները Արեւմտյան Հայաստանից են:

Բաց առաջնություներում կարող են մասնակցել տարբեր երկրների քաղաքացիները:

Անդամագրությունը իրականացվում է ինչպես գրավոր դիմումի համաձայն, այնպես էլ էլ-նամակների միջոցով, ֆեդերացիայի վեբ-կայքում, Facebook-ում ՝ հետեւյալ հասցեով՝ https://www.facebook.com/groups/Chess.Fed.WesternArmenia/

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Լրատվական ծառայություն

Հայաստանի 4 շախմատիստներ կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար

Նոյեմբեր 12-ին Իտալական Տարվիզիո քաղաքում տեղի կունենա շախմատի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնության բացման արարողությունը: Տղաների մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 152 շախմատիստ, որոնցից 27-ը գրոսմայստեր են: Հայաստանից հանդես կգան 3 հոգի՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:

Աղջիկների առաջնությանը կմասնակցեն 90 շախմատիստուհի, այդ թվում 8 գրոսմայստեր: Այդ մրցաշարում Հայաստանը կներկայացնի միայն կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը:

Երկու առաջնությունները կանցկացվեն 11 փուլով, շվեյցարական մրցակարգով: Եվ տղաների, եւ աղջիկների մրցաշարերի հաղթողները եւ մրցանակակրիները մեդալներից բացի կստանան նաեւ դրամական պարգեւներ՝ համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 եվրո:

«Փյունիկ»-ը եւ «Գանձասար-Կապան»-ը չկարողացան գոլ խփել

Մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց Կապանի «Գանձասար-Կապան»-ին: Թիմերի ֆուտբոլիստների ներդրած բոլոր ջանքերը չհասան նպատակին եւ դարպասները մնացին անառիկ՝ 0:0: Փյունիկցիները 8 միավորով շարունակում են զբաղեցնել նախավերջին 5-րդ տեղը, իսկ կապանցիները վաստակեցին 19 միավոր եւ մաքուր դուրս եկան 2-րդ հորիզոնական:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ ամրապնդեց դիրքերը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ փուլիի երկրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին առաջնության 2 առաջատարները՝ Երեւանի «Ալաշկերտ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը: Գյումրիում կայացած խաղն ավարտվեց ալաշկերտցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց հյուրերի հարձակվող Լեսթեր Պելտիերը:

«Շիրակ»-ը 0:1 հաշվով զիջեց «Բանանց»-ին

Գյումրեցիները ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլի վերջին խաղում իրենց հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Բանանցին»: Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Վալմերսոնը:

«Շիրակ»-ը 4-րդ պարտությունը կրեց վերջին 7 խաղերի ընթացքում եւ 18 միավորով մնաց նույն 3-րդ տեղում: «Բանանց»-ն 4 անհաջող խաղերից հետո վերջապես հաղթանակ տարավ եւ ընդհուպ մոտեցավ հենց շիրակցիներին՝ ետ մնալով ընդամենը 1 միավորով:

«Ալաշկերտ»-ը վստահ հաղթեց «Արարատ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլի մեկնարկային խաղում «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում ընդունեց «Արարատ»-ին:

Տանտերերի հարձակվող Միհրան Մանասյանը հանդիպման 45+1 րոպեին բացեց հաշիվը, իսկ 71-ին կրկնապատկեց այն: «Ալաշկերտ»-ը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերն 1-ին տեղում՝ վաստակելով 26 միավոր: Առաջնության ետնապահ «Արարատ»-ը 7-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 6 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Գյումրիում ծեծի են ենթարկել «Ալաշկերտ»-ի մարզիչներին

Գյումրիում կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Խաղից հետո տեղի երկրպագուները եւ ակումբի աշխատակիցները հարձակվել են թիմի մարզչական շտաբի վրա եւ փորձել հաշվեհարդար տեսնել:

«Խաղի ընթացքում տեղի որոշ ֆուտբոլասերներ անընդհատ հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտ» -ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին, քարեր նետում թիմի պահեստային նստարանների կողմը: Իսկ երբ մեր ֆուտբոլիստը նախավերջին րոպեին գոլ խփեց եւ թիմը հաղթանակ տարավ, այդ երկրպագուներն ավելի բորբոքվեցին, խաղից հետո մտան խաղադաշտ ու բռունցքներով նետվեցինթիմի մարզչական շտաբի վրա: Զարմանալին այն է, որ այդ ծեծկռտուքին մասնակցեցին նաեւ «Շիրակ» ակումբի որոշ աշխատակիցներ: Ոստիկաններից մեծ ջանքեր պահանջվեց կողմերին բաժանելու համար: Բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան»,– տեղեկացրել է »Ալաշկերտ»-ի մամուլի քարտուղարը:

«Շիրակ»-«Ալաշկերտ» խաղին ծեծկռտուք չի եղել

«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը, խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի եւ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյբուքյան էջում:

Գյումրեցիները, ինչպես ալաշկերտցիները, նույնպես տեսանյութ էին ներկայացրել. «Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը»…

«ՀՖՖ-ն անարդար, կողմնակալ որոշում է կայացրել».- Աբրահամ Խաշմանյան

Երեւանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անարդար եւ կողմնակալ է համարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կայացրած որոշում՝ կապված «Շիրակ»-ի հետ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպը: «Ես այժմ ամեն ինչի սպասում եմ: Եթե իմ տեղը մեկ ուրիշ մարզիչ լիներ, ապա այն սադրանքները, որ իմ դեմ արեցին մրցակցի երկրպագուներն ու թիմի մի քանի անդամներ, ապա այլ որոշում կկայացվեր. ցմահ կորակազրկեին մարզչին հարվածողին, ստադիոնը կորակազրկեին երկար ժամանակով եւ այլն: Այնպես որ, այդ միջադեպի համար կուժնուկուլան հիմնականում ջարդեցին իմ եւ «Ալաշկերտ»-ի վրա»:

Աբրահամ Խաշմանյանը դրանում միտում է տեսնում, քանի որ ինքը մշտապես որակազրկվում է երկար ժամանակով եւ չի կարողանում անմիջականորեն ղեկավարել թիմին: «Ալաշկերտ»-ն արդեն 3 տարի է պայքարում է չեմպիոնության համար, որոշակի հաջողությունների է հասել եվրոգավաթներում: Իմ կարծիքով, սա որոշ մարդկանց դուր չի գալիս, եւ հիմնականում նրա համար, որ ես ազնվորեն ծառայում եմ ֆուտբոլին եւ ինքնուրույն եմ կայացնում իմ բոլոր որոշումները»,- նշել է նա:

Հավելենք, որ փորձառու մասնագետն հուսահատված չէ եւ պատրաստ է կրել իր պատիժը: Ավելին, նա համարում է, որ դրանք իրեն ավելի են կոփում եւ ուժեղացնում:

Ի դեպ, Աբրահամ Խաշմանյանը տեղեկացրեց, որ առաջիկա դեկտեմբերին պատրաստվում է երկարաձգել «Ալաշկերտ»-ի հետ կնքած պայմանագիրը եւ ցանկանում է թիմը գլխավորել այնքան ժամանակ, քանի դեռ նորմալ առաջարկ չի ստանա արտասահմանյան որեւէ ակումբից:

Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ,  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական կինոնկարը կցուցադրվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական հեռուստաալիքով նոյեմբերի 16-ին:

manutd.com-ի հաղորդմամբ, «Միկի. Հայ հերոս» 60 րոպե տեւողությամբ ֆիլմը կպատմի Հենրիխ Մխիթարյանի անցած ճանապարհի մասին՝ բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներ:

Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոսը կմիանան հավաքականին

Նոյեմբերի 9-ին եւ 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի եւ Կիպրոսի հավաքականներին:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին, Հայաստանի ազգային հավաքականն նոյեմբերի 6-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին թեթեւ մարզմանը մասնակցեցին հետեւյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ», Գոռ Մանուկյան «Փյունիկ», Արման Մելիքսեթյան «Արարատ»:  Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան), Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ», Հայկ Իշխանյան «Գանձասար-Կապան», Արտյոմ Միքայելյան «Շիրակ», Կիսապաշտպաններ՝ Արաս Օզբիլիս «Բեշիքթաշ» (Թուրքիա), Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա), Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ», Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ», Էրիկ Վարդանյան «Փյունիկ», Ռումյան Հովսեփյան «Բանանց»:

Հենրիխ Մխիթարյանը կմիանա հավաքականին երեկոյան, իսկ Ռուսլան Կորյանը, Գեղամ Ղադիմյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Մարկոս Պիզզելին՝ հաւորդ օրը՝ նոյեմբերի 7-ին: «Շիրակ»-ի պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով:

Հայաստան-Բելառուս՝ 4:1. Հաղթանակ, որ մտահոգության տեղիք տվեց

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո անցկացրած առաջին ընկերական խաղում 4:1 խոշոր հաշվով սեփական դաշտում հաղթեց Բելառուսի ազգային թիմին: Փաստը, ինքնին, ուրախացնող է, քանի որ ընտրական վերջին 2 տնային խաղերում մեր ֆուտբոլիստները ջախջախիչ պարտություններ էին կրել Դանիայի եւ Լեհաստանի հավաքակններից: Սակայն այս խաղը նաեւ մտահոգվելու տեղիք տվեց: «Հանրապետական» մարզադաշտը պարզապես դատարկ էր: Երկրպագուները փոքր խմբերով տեղ էին զբաղեցրել դարպասների ետեւում, մի քանի տասնյակը՝ Արեւելյան տրիբունայում: Միայն Արեւմտյանն էր քիչ թե շատ լցված ֆուտբոլասերներով, բայց նրանք էլ հազիվ 500-700 հոգի լինեին:

Երկրպագուների նման անտարբերությունը, ինքնին, հասկանալի է: Նախ՝ հանդիպումը ընկերական էր, ապա՝ մրցակիցը բարձրակարգ չէր, հետո էլ՝ երկրպագուների հիասթափությունը մեր հավաքականի թույլ ելույթներից:

Իսկ մտահոգիչն այն է, որ եկող տարի Հայաստանի հավաքականը հանդես է գալու նորաստեղծ մրցաշարում՝ Եվրոպայի Ազգերի լիգայում, որտեղ մեր ընտրանու մրցակիցները լինելու են կամ Բելառուսի, կամ էլ ավելի ցածր մակարդակի թիմեր: Դա նշանակում է, որ այդ հանդիպումներին լուրջ խնդիր է լինելու երկրպագուներին մարզադաշտ բերելու հարցը: Միակ խթանիչը մեր թիմի հաղթանակներն են: Եթե դրանք չլինեն Ազգերի լիգայում, ապա «Հանրապետականի» տրիբունաները այդպես էլ կմնան դատարկ:

Նշենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ:

Արթուր Պետրոսյան. «Այսպիսի խաղերը շատ օգտակար են»

«Մեր համար ամենակարևորն այս խաղում փորձարկումներն էին, որ կարողանայինք նոր հրավիրված խաղացողներին տեսնել խաղադաշտում: Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր նրանց տեսնել միջազգային մակարդակի խաղում: Իմ կարծիքով՝ վատ չստացվեց»,- նախօրեին Հայաստան-Բելառուս հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս կգնահատեք խաղը։

-Ձեր ապագան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում որոշվա՞ծ է, թե՞ դեռ անորոշ վիճակ է։

-Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում:

-Խոսում էինք նոր ֆուտբոլիստներից, բայց այսօր ունեինք ընդամենը երկու նորեկ, մնացածները եղել էին հավաքականում: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայկական ֆուտբոլում չունենք հերթափոխ:
-Եթե նկատի ունեք 40-50 ֆուտբոլիստների ցուցակ՝ ապա ոչ, չունենք: Ռումյան Հովսեփյանը երեք տարի է՝ չէր հրավիրվել հավաքական: Առաջին անգամ 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի առաջնությունից: Մեր ներկայացրած հայտացուցակում նշված ֆուտբոլիստներին ենք հարմար գտել հրավիրել հավաքական, բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցրել ենք այդ ուղղությամբ աշխատանքները կամ չենք փնտրում: Ամեն ինչ անելու ենք, որ նոր խաղացողների գտնենք և հրավիրենք հավաքական:

-Ի՞նչ խնդիր է դրված ձեր առջև նոր մրցաշրջանում:
-Հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ մեր գլխավոր նպատակը Ազգերի Լիգայում լավ հանդես գալն է: 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին խմբային հանդիպումներ են տեղի ունենալու, և մեր առաջին խնդիրը այդ խմբից դուրս գալն է:

-Խնդրում եմ նշել այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում և կարող են կանչվել ազգային հավաքական:
-Այս պահին չեմ ուզում անուններ նշել, բայց կան երկու ֆուտբոլիստներ, որոնց խաղին ցանկանում եմ անձամբ հետևել, ու եթե հնարավորություն լինի, նաև խոսել նրանց հետ հավաքականում հանդես գալու մասին:

-Ինչպե՞ս կբնութագրեք երկու նորեկներին՝ Էրիկ Վարդանյանին և Հայկ Իշխանյանին: Նրանք արդարացրի՞ն սպասելիքները։
-Այս պահին արդարացրին, բայց մի խաղը ոչինչ չի նշանակում, և պետք է խաղից խաղ արդեն Հայաստանի առաջնությունում ավելացնել: Եթե մի խաղ լավ ես խաղում, բայց հետո հինգ անընդմեջ խաղ ձախողում ես, ուրեմն դա ոչ իրենց, ոչ մեզ ոչինչ չի տալու: Այս խաղից գոհ եմ, բայց ուզում եմ նրանք ավելացնեն, քանի որ մեծ պոտենցիալ ունեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

ՀՖՖ պարզաբանումը Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն անդրադարձել է «Federbet» միջազգային կազմակերպության տարածած լուրերին: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր հայկական տարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Federbet միջազգային կազմակերպությանը, լուրեր տարածեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը ստիպված է հերթական անգամ պարզաբանել որոշ շահագրգիռ, պատվիրված, անձնական շահն ամեն ինչից գերադասող եւ ծախու գրչակների զրպարտանքն ու պրովոկացիան:

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը մասնագիտական պարզաբանման նպատակով նախ դիմեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանին, ով միեւնույն ժամանակ ՈւԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի եւ կասկածելի խաղադրույքների» Հայաստանի պատասխանատու համակարգողներից մեկն է.

«Նախ նշեմ, որ պայմանավորված խաղերը եւ կասկածելի խաղադրույքներն իսկապես լուրջ մարտահրավեր են ինչպես ֆուտբոլի, այնպես էլ գրեթե բոլոր այլ մարզաձեւերի համար: Այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, միջազգային եւ ազգային գրեթե բոլոր իրավապահ մարմինները համագործակցաբար ամենախիստ մեթոդներով պայքար են մղում պայմանավորված խաղերի եւ կասկածելի խաղադրույքների կազմակերպիչների եւ մասնակիցների դեմ: Կարևոր է նշել նաեւ այս համագործակցության կարևոր մասնակիցների, բուքմեյքերական ընկերությունների դերը, ովքեր շահագրգիռ են նշված ապօրինի գործունեության արդյունքում խոշոր դրամական կորուստներից ապահովագրվելու համար:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է ՈՒԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի եւ կասկածելի խաղադրույքների» վարչության եւ կասկածելի կամ պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Sportradar միջազգային կազմակերպության հետ: ՈւԵՖԱ-ի վերոնշյալ վարչությունը, բուքմեյքերական ընկերությունների հետ համատեղ, մոնիտորինգ է իրականացնում Եվրոպայի տարածքում ֆուտբոլային բոլոր հանդիպումների (հատկապես, եթե սահմանվել են խաղադրույքներ) նկատմամբ եւ համադրում բուքմեյքերական շուկայից ստացված ողջ տեղեկատվությունը: Կասկածելի դեպքերում կազմվում է մասնագիտական-վերլուծական ծավալուն զեկույց, որը հետագայում ներկայացվում է ազգային (անհրաժեշտության դեպքում՝ միջազգային) իրավապահ մարմինների ուշադրությանը: Հատկանշական է, որ նշված համագործակցության արդյունքում Հայաստանում արդեն իսկ կան բացահայտումներ, որոնք գտնվում են դատավարական գործընթացում:

Պետք է նշել, որ ՀՖՖ-ն խնդրո առարկա խաղի վերաբերյալ չի ստացել որեւէ զեկույց ոչ ՈՒԵՖԱ-ի, եւ ոչ էլ Sportradar-ի կողմից, և այդ պատճառով կարող ենք վստահաբար հայտարարել, որ խաղի կասկածելի կամ պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են՝ քան զզվելի եւ խայտառակ զրպարտանք։

Ինչ վերաբերում է Federbet ընկերությանը, ապա այն կատարել է ընդամենը հարցական նշանով ֆեյսբուքյան գրառում, որը շահագրգիռ եւ ակնհայտ պատվեր կատարող որոշ լրատվամիջոցներ փորձել են մատուցել որպես ցանկալի իրականություն: Ավելացնենք նաեւ, որ Federbet-ը բավականին երիտասարդ հասարակական կազմակերպություն է, ակնհայտորեն չունի բավարար ռեսուրսներ ծավալուն վերլուծության համար (համոզվել ենք նախկինում արված պաշտոնական հարցման արդյունքում) եւ, որ նրանց կողմից «որակված» բազմաթիվ խաղեր մանրակրկիտ ստուգվել եւ հերքվել են ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմնի կողմից»:

Վերադառնալով ՀՖՖ-ին, հայկական ֆուտբոլը և ազգային հավաքականին միգուցե բարձր գումարի դիմաց, սակայն էժանագին պատվերով վարկաբեկելու, զրպարտելու և սադրելու փորձերին՝ նշենք, որ հայտնի լրատվամիջոցն այն կատարում է ծիծաղելու աստիճան անորակ եւ տգիտության բացահայտ դրսևորմամբ, ինչի որի վառ ապացույցն են վերջին գրեթե 1 տարվա «ֆուտբոլային» բոլոր հրապարակումները: Զրոյական գիտելիքներ քննադատվող ոլորտի մասին, տարրական տրամաբանությունից զուրկ եզրահանգումներ, փաստերի ակնհայտ խեղաթյուրում և այլն:

Անթույլատրելի ենք համարում անձնական, նեղ շահադիտական նկրտումներով մի ողջ ոլորտի եւ նրա հավաքական կերպարի էժանագին զրպարտումը, որի զարգացման եւ լավագույն արդյունքների համար քրտնաջան մարզվում եւ աշխատում են հազարավոր ազնիվ մարդիկ: Հայտարարում ենք, որ նման վարքագծի շարունակության պարագայում ստիպված կլինենք օրենքով սահմանված կարգով դիմել համապատասխան միջոցների»,- գրված է հայտարարությունում:

Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո հանդիպեց երկրպագուների հետ 

 «Լավ խաղ, լավ թիմային կատարում եւ հաճելի երեկո խփած գնդակով»: – Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսպիսի գրառում է կատարել իր անձնական սոցէջում այսօր Բելառուսի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումից հետո: Ինչպես նշել ենք, մեր թիմը Երեւանում 4:1 խոշոր հաշվով հաղթանակ է տոնել: Գրանցված գոլերից մեկը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Վիուլեն Հովսեփյանը երրորդ գնդակը խփել էր նրա փոխանցումից հետո:

Ի  դեպ, խաղից հետո Հենրիխ Մխիթարյանն անմիջապես չհեռացավ հանդերձարան եւ մոտիկից շփվեց հայ երկրպագուների հետ՝ բաժանելով ինքնագրեր եւ նկարվելով նրանց հետ: Նրա հետ սելֆի անելու առիթը ձեռքից բաց չթողեցին նաեւ Բելառուսի 18 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի անդամները, որոնք Հայաստանի այդ տարիքային թիմի հետ խաղալուց հետո եկել էին մարզադաշտ եւ աջակցում էին իրենց ավագ խաղընկերներին:

Հենրիխ Մխիթարյանը մեկ-մեկ լուսանկարվեց բելառուսցի պատանի ֆուտբոլիստների հետ, որից հետո նոր ուղեւորվեց դեպի հանդերձարան:

Ի դեպ, այդ պահին Հենրիխ Մխիթարյանին համբերատար սպասում էր նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, ով ներկա էր հանդիպմանը: Մոնիկան նաեւ հեռախոսով նկարում էր այս տեսանյութը, որը այնուհետեւ տեղակայեց իր էջում՝ Հենրիխը:))

Հայաստան Մ-18-Բելառուս Մ-18՝ 0:1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի եւ Բելառուսի Մ-18 հավաքականների ընկերական երկրորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, խաղը 1:0 հաշվով հաղթեցին Բելառուսի պատանի ֆուտբոլիստները: Միակ գոլը 64-րդ րոպեին խփել է Եվգենի Սակուտան։ Թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր Բելառուսի Մ-18 թիմի առավելությամբ՝ 2։1։

Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով՝ 1. Էրիկ Մելիքսեթյան 4.Ալեն Ստեփանյան 5. Կարեն Հովհաննիսյան 6. Ռաֆայել Միսակյան 7. Մարտին Գրիգորյան 8. Արսեն Եղիազարյան 9. Դիրան Բեբեքյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գերման Կուրբաշյան 15. Լեւոն Ղազարյան 23. Դավիթ Փարեմուզյան:

Պահեստայիններ՝ Նարեկ Հովհաննիսյան, 12. Հարություն Մելքոնյան 2. Պերճ Պողիկյան 3. Դավիթ Գրիգորյան 4. Սուրեն Հարությունյան 13. Լեւոն Մրյան 14. Արսեն Սարգսյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18. Էդիկ Մանուկյան 20. Գեւորգ Հովհաննիսյան / Գլխավոչ մարզիչ՝ Սամվել Սարգսյան:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ եւս մեկ ընկերական հանդիպում այս երկու թիմերի միջև կկայանա նոյեմբերի 9-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականն առաջին միավորը վաստակեց Լյուքսեմբուրգում ընթացող Եվրոպայի 2019թ. պատանեկան առաջնության որակավորման փուլի մրցաշարում: Այսօր մեր 19 տարեկան ֆուտբոլիստներն ուժերը չափեցին Շոտլանդիայի այդ տարիքային հավաքականի հետ, որն առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել էր տանտերերի՝ Լյուքսեմբուրգի պատանիներին:

Մեր հավաքականը Վահան Բիչախչանի խփած 2 գոլերի հաշվին հանդիպման ընթացքում 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հետագայում ոչ միայն չկարողացավ պահպանել այն, այլեւ 69-րդ րոպեին հայտնվեց պարտվողի դերում: Բարեբախտաբար, խաղի 78-րդ րոպեին Կարեն Մելքոնյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3 արդյունք: Հայաստանի պատանեկան հավաքականը վաստակեց առաջին միավորը, ինչը, թեեւ քիչ, սակայն հաջորդ փուլ մտնելու հնարավորություն տվեց մերոնց: Մեր ընտրանին 3-րդ փուլում կհանդիպի Լյուքսեմբուրգի պատանեկանի հետ: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ռուսաստանին

Նոյեմբերի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2019թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։

0-1` Զելիմխան Բակաև, 25 / 0-2` Ալեքսանդր Զուև, 48 / 1-2` Էմիլ Եղիազարյան, 69:

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Հենրի Ավագյան, 2. Հակոբ Համբարձումյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան (18. Ալիկ Առաքելյան, 66), 6. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան (ա), 8. Արամ Քոչարյան, 10. Էրիկ Վարդանյան (16. Գրիգոր Աղեկյան, 51) , 14. Էմիլ Եղիազարյան (11. Ժիրայր Մարգարյան, 76) , 21. Հայկ Սարգսյան:

Պահեստայիններ` 12. Մարկ Գրիգորյան, 4. Գագիկ Մաղաքյան, 13. Ռուդիկ Մկրտչյան, 22. Դավիթ Տերտերյան / Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան:

«Ֆուտբոլում պետք է վերջ տանք ներքին տարաձայնություններին»…

«Երբ խոսք է գնում «Արարատ-73-»-ի փառահեղ հաղթանակների մասին, ես առաջին հերթին հիշում են այն ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին: Ինքը նախկինում ֆուտբոլ էր խաղացել «Պոլիտեխնիկ» թիմից, դրա համար շատ նվիրված էր մարզաձեւին: Հենց նրա անմիջական աջակցությամբ կառուցվեց Ձորաղբյուրի մարզաբազան, որտեղ «Արարատ»-ի համար ստեղծվել էին բոլոր պայմանները մարզվելու եւ վերականգնվելու համար: Կարեն Դեմիրճյանը միշտ հետաքրքրվում էր թիմի գործերով, ուգեւորում էր ֆուտբոլիստներին՝ ասելով. «Աշխատեք, անընդհատ աշխատեք, ինչ ունենք չունեք ներդրեք հաջողության հասնելու համար: Տղաներն էլ այդպես էին անում՝ ջանադրաբար մարզվում էին, իսկ խաղադաշտում մինչեւ վերջ պայքարում էին: Արդյունքների մասին բոլորս էլ գիտենք», – ասել է նախկին ֆուտբոլիստ Հովհաննես «Օնիկ» Աբրահամյանը, ով եղել է «Արարատ-73» լեգենդար թիմի պետը:

Դեկտեմբերի 6-ին լրանալու է անվանի վետերանի 85-ամյակը: Նա այժմ ցավով է խոսում հայկական ֆուտբոլի մասին: «Նախ, առանց պետական աջակցության, կարծում եմ, հնարավոր չէ զարգացնել ֆուտբոլը: Երկրորդ, մեր ֆուտբոլային ղեկավարները պետք է պահանջկոտ լինեն: Միայն մարզիչ կանչելով կամ նշանակելով չէ: Ղեկավարը պետք է միշտ հսկողության տակ պահի նրանց, արդյունք պահանջի: Այսօր այնպիսի տպավորություն եմ ստանում, որ դա բացակայում է մեր ֆուտբոլում: Բացի այդ, ներկայումս մեր մարզիչներն ու ֆուտբոլիստները լրջորեն չեն մոտենում իրենց աշխատանքին: Օրինակ, ֆուտբոլում ամենահասարակ տարրը գնդակը եզրից նետելն է: Սակայն մեր ֆուտբոլիստների մեծ մասը դեռեւս չգիտեն, թե ինչպես կարելի է ճիշտ նետել գնդակը խաղընկերոջը: Թվում է, որ կամ ֆուտբոլիստները չեն լսում մարզիչներին, կամ էլ  վերջիններն են անտարբեր: Իսկ ֆուտբոլում հաջողության հասնելու համար պետք է հաշվի առնել բոլոր մանրուքները»:

Հովհաննես Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ֆուտբոլի զարգացման համար, սակայն դրա համար հարկավոր է ցանկություն, համախմբում եւ ճիշտ աշխատանք: «Վերջերս տեղեկացա, որ Արկադի Անդրեասյանին 2 տարով որակազրկել են, ինչ է նա վիճաբանել է մրցավարի հետ կամ մի փոքր հրել: Բայց ֆուտբոլում նման բաներ հաճախ են պատահում, քանի որ այն տաքարյուն սպորտաձեւ է եւ շատ հաճախ մասնակիցները չեն կարողանում զսպել կրքերը: Ղեկավարները պետք է հասկական, որ մենք կորցնում ենք Արկադի Անդրեասյանին, որը խաղացող ժամանակ միայնակ պարզապես հեղափոխություն էր կատարում խաղադաշտում: բացի այդ նա այն մասնագետներից է, ով լավ հասկանում է ֆուտբոլը, գիտի բոլոր գաղտնիքները: Պետք է վերջ տանք ներքին տարաձայնություններին եւ բոլորս համախմբված, միասին մտածենք հայկական ֆուտբոլի զարգացման մասին»,- եզրակացրել է անվանի վետերանը:

Սամբոյի աշխարհի առաջնություն-2017թ.

Նոյեմբերի 9-13-ը Սոչիի «Այսբերգ» արենայում կանցկացվի սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը, որին այս անգամ կմասնակցի ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ կմտնեն նաեւ Չինաստանի, Եգիպտոսի, Կոտդիվուարի, Ենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգալադեշի սամբիստները:

Նոյեմբերի 8-ին մրցավայր մեկնեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.

Աղջիկներ՝ Ասյա Լալազարյան-48 կգ, Սոսե Բալասանյան-52 կգ:

Տղամարդիկ /մարզական սամբո/ – Տիգրան Կիրակոսյան-52 կգ, Մաքսիմ Մանուկյան-57 կգ, Արթուր Սահակյան-62 կգ, Ռաֆիկ Մանուկյան-68 կգ, Արսեն Ղազարյան-74 կգ, Մհեր Կարապետյան-82 կգ, Էդիկ Պետրոսյան-90 կգ, Արսեն Խանջյան-100 կգ,

Տղամարդիկ /մարտական սամբո/ – Գրիգոր Մխիթարյան-52 կգ, Էռնեստ Հայրապետյան-62 կգ, Վաչիկ Վարդանյան-68 կգ, Մավրիկ Նասիբյան-74 կգ, Ավետիք Պողոսյան-82 կգ:

Սոչի են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Աղասի Գալստյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հ.Գ. – 1 – Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն – Սոչիում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 1-ին մեդալը: Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում մեր սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ: Այստեղ նա մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մարալերդեն Շիմեդորժի հետ: Տիգրան Կիրակոսյանը վստահ անցկացրեց եզրափակիչ մրցամարտը եւ հաղթեց 5:1 հաշվով: Նա հռչակվեց աշխարհի չեմպիոն եւ արժանացավ ոսկե մեդալի:

Հ.Գ. – 2 – Արսեն Խանջյանը՝ սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր – Մրցումային 2-րդ օրը Հայաստանից հաջող հանդես եկավ միայն Արսեն Խանջյանը: Սպորտային սամբոյի մրցումներում մեր 100 կգ քաշային սամբիստը զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ ահա այսօր մրցասպարեզ մտած մեր մյուս մարզիկները՝ Սոսե Բալասանյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), մարտական սամբիստներ Էռնեստ Հայրապետյանը (62 կգ) եւ Ավետիք Պողոսյանը (82 կգ) չկարողացան հաղթահարել նախնական փուլերը եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Վաղը՝ նոյեմբերի 13—ին, տեղի կունենա մրցումային վերջին՝ 3-րդ օրը: Հայաստանից հանդես կգան 4 հոգի. սամբիստներ Արթուր Սահակյանը (62 կգ) եւ Մհեր Կարապետյանը (82 կգ), մարտական սամբիստներ՝ Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) եւ Վաչիկ Վարդանյանը (68 կգ): – Գրիգոր Մխիթարյանը հռչակվեց մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն – Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների վերջին օրը եւս 2 մեդալ նվաճեց: Մարտական սամբոյի մրցումներում մեր 52 կգ քաշային մարզիչ Գրիգոր Մխիթարյանը հաղելով բոլոր մրցակիցներին եզրափակիչում ցավեցնող հնարքով պարտության մատնեց ղրղըզսատնցի սամբիստին, զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն: 68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը նույնպես հասավ մինչեւ եզրափակիչ փուլ, սակայն վճռորոշ մրցամարտում 0:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին: Այդպիսով, սամբոյի Հայաստանի հավաքականը Սոչիից կվերադառնա 5 մեդալներով՝ 2 ոսկի, 1՝ արծաթ, 2՝ բրոնզ:

Հայ մարզիկի հետագա բուժումը կշարունակվի Երեւանում

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հավաքականի անդամ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը, ով այս տարվա մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այնուհետև կտրուկ վատանալով տեղափոխվել հիվանդանոց եւ շուրջ 6 ամիս բուժում ստացել Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, վերջապես տեղափոխվել է Երեւան: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր անձանց, կազմակերպություններին, պետական գերատեսչություններին, ովքեր այս ողջ ժամանակահատվածում իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր մարզիկի կյանքը փրկելու, թանկարժեք բուժման խնդիրները հոգալու, հարազատներին հոգեբանորեն սատար կանգնելու համար, մասնավորաբար՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ ոստիկանությանը /Կոլյան կրտսեր օպեր լիազոր է/, ՀՀ առողջապահության նախարարությանը, Բելոռուսում ՀՀ դեսպանատանը, հայ համայնքին, Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցին, Բելոռուսի սպորտի եւ տուրիզմի նախարարությանը:

Ներկայումս Կոլյա Կարապետյանը գտնվում է «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրում: Հաշվի առնելով մեր բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, հուսով ենք, որ Կոլյան կկարողանա հաղթահարել հիվանդությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, նաեւ համոզված, որ այսուհետեւ նույնպես մարզիկն ու նրա ընտանիքը կլինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:

Մարզչական նոր նշանակումներ հայկական բռնցքամարտում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեդերացիայի 10-րդ համաժողովի ժամանակ չնայած լավ եւ բավարար է գնահատել մեր ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների ելույթները 2017թ., սակայն մարզչական մի քանի փոփոխություններ է կատարել այդ թիմերում:

Մասնավորապես՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել մեր ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նրան օգնելու է 2016թ Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը, որը նոր է սկսել մարզչական գործունեությունը: Ավագ պատանիների հավաքականի մարզիչ է նշանակվել Արտյոմ Սիմոնյանը, իսկ նրան օգնելու է Ռոբերտ Պետրոսյանը:

Ազգային հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը, իսկ կրտսեր պատանիներինը՝ Աշոտ Ավետիսյանը: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Խաչիկ Խաչատրյանը:

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրականում Հայաստանի կազմը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին ևեւ26-ին կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Բասկետբոլի Եվրոպայի առաջնության 2021թ. նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում կմրցի Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին՝ Երեւանում կհյուրընկալի Դանիայի հավաքականին:

Ըստ բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի հրապարակած (ընդլայնված) կազմի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով` Ամիրան Ամիրխանով, Լուկաս Ֆիշեր, Անդրանիկ Չրաբաշ, Ռայան Բոաթրայթ, Ալլին Հեսս, Քրիս Յանկու Օսկիյան, Անդրեյ Կոնստանտինով, Վարդան Բիդրոսյան, Արարատ Քոչինյան, Ալբերտ Թադևոսյան, Էդգար Բաբայան, Գեորգի Պոդկոլզին, Կոնստանտին Միրզոյանց, Մարսել Հովսեփյան, Դավիթ Խաչատրյան, Արագատ Աբրահամիան, Սերգեյ Պոլուխին, Թովմաս Հորդանյան, Տերի Սմիթ:

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական խաղերին կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 20-ից, Դավթաշենի Օլիմպավանում:

Մեկնարկեց վոլեյբոլի Հայաստանի 2017թ առաջնության 2-րդ փուլը

Այս տարվա բարձրագույն խմբի առաջնության 2-րդ փուլը մելնարկել է: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 5-ական թիմեր, որոնք 2 փուլով որոշում են հանրապետության չեմպիոնին ու մրցանակակիրներին:

Կանանց առաջնության առաջին փուլից հետո 1-ին տեղը 11 միավորով զբաղեցնում է  ԽՄՕՄՄ թիմը: Ապա հաջորդում են Նժդեհը՝ 10 միավոր, Արցախը՝ 6, Սյունիքը՝ 3, ՀՊԼՀ՝ 0:

Տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 1-ին փուլից հետո մրցաշարային աղյուսական այսպիսի տեսք ունի. Արցախ՝ 11 միավոր, ՖԻՄԱ՝ 10, ՀԱՊՀ՝ 5, ՃՇՀԱՀ՝ 3, «Գյումրի»՝ 1:

Առաջնության 2-րդ փուլի բոլոր հանդիպումները կկայանան ՀՊՏՀ-ի մարզադահլիճում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։