Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)…  Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը եւ համտեսման առաջատարը… Գերմանիայի հայերը շախմատային հաջողություններ են գրանցել… «Կին» փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ – Հայաստան են բերում 8 տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր… Մշակույթի եւ արվեստի, բժշկական լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Հավը՝ մածունով

Բաղադրությունը – Հավ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, սոխ – 4 գլուխ, բուսայուղ – 100 գ, մածուն – 1 լիտր, լոլիկի մածուկ – 3 ճաշի գդալ, համեմ – 1 կապ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Հավը լվանալ, կտրատել: Տաքդեղը 2 գլուխ սոխի հետ աղալ: Ավելացնել աղ ու սպիտակ պղպեղ եւ հավի համեմունք: Վրան էլ լցնել բուսայուղը եւ մածունը, լոլիկի մածուկը:

Այս ամենը խառնել եւ լցնել հավի վրա, թողնել 2,5-4 ժամ: Դրանից հետո դնել մարմանդ կրակին: Զուգահեռ 2 գլուխ սոխով սոխառած անել եւ լցնել մեջը:

Մատուցել կտրտած համեմը վրան լցրած եւ խավարտով:

Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը

Օրերս գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում տեղի ունեցավ այդ եվրոպական երկրում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Հույների, հոլանդացիների, ռուսների, ուկրաինացիների, լեհերի, սերբերի, թուրքերի, քրդերի, աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը:

Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը, այս մասին գրել է news.am-ը: Օտարերկացիների դատին հանձվեց քաղաքի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով եւ սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաեւ Աննա Իշխանյանի ձեռքերով պատրաստված ղափաման եւ հայկական տարազի նախշերով զարդարված տորթը: Իհարկե հայկական տաղավարում առկա էր նաեւ անուշաբույր լավաշը, նաեւ ավանդական գաթան, ավելուկը եւ հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի ձեռքով պատրաստած հայկական ավանդական խորովածը:  

Գերմանական Լեեր քաղաքի կենտրոնական այգում հայկական պուրակ հիմնադրած Թովմասյանների ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը, ով փառատոնի պատվավոր հյուրն էր, հետաքրքիր մանրամասներ է պատմել այդ միջոցառումից (տեղեկատվությունը լցված էր համացանցով մեկ): «Երբ հայտարարվեց, որ մասնակից թիմերը կարող են իրենց ավանդական ուտեստները հյուրասիրել ներկաներին, մենք սկսեցինք պատրաստել հայկական ավանդական խորոված: Խորովածի հոտն արագ տարածվեց, կարճ ժամանակ անց մեր տաղավարի մոտ արդեն հերթեր էին գոյացել: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային այդ փառատոնը»:

Տեսնելով այդ ամենը՝ միջոցառման կազմակերպիչները խնդրել էին հայերին՝ ժամանակավորապես կանգնեցնել խորովածի պատրաստումը: Պարզվում է՝ մյուս տաղավարներից դժգոհություն էին հայտնել, որ բոլոր հյուրերը կուտակվել են միայն հայկական տաղավարի շուրջ. հավելել է Ալբերտ Թովմասյանը՝ նշելով, որ անգամ այդ խնդրանքին ընդառաջ գնալուց հետո, կարճ ժամանակ անց խորովածի հոտը կրկին իրենց տաղավար էր բերել հյուրերին:

Պետք է նշել, որ հայկական տաղավարի ներկայացումը իրականացվել էր 3 հայ ընտանիքների կողմից, որոնք մտադիր են ամեն տարի մասնակցել ու պատվով ներկայացնել Հայաստանը, հայ մշակույթն ու խոհանոցը՝ դառնալով Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ կապող օղակ: Միջոցառման վերջում հայկական թիմի տարազ հագած փոքրիկները Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետարանին նվիրեցին Սերգեյ Եղիազարյանի ձեռքով պատրաստված ժամացույցը՝ զարդարված քաղաքի լոգոտիպով:

Քաղաքի շախմատի տանը հայկական տաղավարի կողմից ընծայվեց նաեւ աշխարհահռչակ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանի ստորագրությամբ շախմատային տախտակ: Այդ անակնալը հնարավոր եղավ իրականացնել հայր եւ որդի Ֆերդինանտ եւ Արմեն Հակոբյանների աջակցությամբ: Փոքրիկներն այս բոլոր նվերների հետ միասին նվիրեցին նաեւ հայկական խորհրդանիշ համարվող նուռ, որը հատուկ այդ առիթով բերվել էր Հայաստանից: Հայկական տաղավարը ներկայացնող փոքրիկներից Վալերի Թովմասյանը «Շնորհակալություն, Գերմանիա» բանաստեղծությամբ ավարտեց հայկական տաղավարի ելույթը՝ կարեւորելով հայ-գերմանական բարեկամությունը:

Գերմանիայի հայերը շախմատային հաջողություններ են գրանցել

Լեեր քաղաքում կայացավ SCHACH OPEN LEER շախմատի բաց առաջնություն, որին մասնակցեց նաեւ Գերմանիայում բնակվող խոստումնալից 7 հայ շախմատիստ: Գերմանիայում բնակվող ազգային փոքրամասնություններից միայն հայերն էին, որ մասնակցեցին այդ մրցաշարին՝ գրանցելով հաջողություններ: Այդ առաջնությունում Լաուենբուրգ քաղաքից շախմատիստ Ֆերդինանտ Հակոբյանը B խմբում զբաղեցրեց 4-րդ, իսկ Բրեմեն քաղաքից Սպարտակ Գեւորգյանը՝ A խմբում 5-րդ հորիզոնականը: Մնացած մյուս հայ մարզիկները թեեւ չզբաղեցրին մրցանակային տեղեր, սակայն արժանացան խրախուսական մրցանակների:

Լեերի միակ հայ Թովմասյանների ընտանիքը եկել էր աջակցելու հայ շախմատիստներին: Ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը հպարտությամբ նշեց. «Ինձ համար ոգեւորիչ է, որ թեեւ Լեերում իմ ընտանիքը միակ հայ ընտանիքն է, սակայն միահամուռ ուժերով մենք բոլորս կարողացել ենք Լեերի այս մրցաշարում ներկայացնել հայ շախմատիստներին, որոնք հաջողություններ են գրանցել»:

«Կին» փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո, որը դարձել է տարածաշրջանի լավագույն միջազգային կինոփառատոնը, հայ կինոհանդիսատեսը կըմբոշխնի «Կին» միջազգային կինոփառատոնը, որն արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ «Կին» փառատոնը Հայաստան է բերում 8 տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր: Ըստ կազմակերպիչների, տարաբնույթ կարծիքների եւ տեսակետների արտահայտման հարթակ լինելով՝ «Կին» կինոփառատոնը հավատարիմ է մնում հասարակության մեջ կնոջ եւ մասնավորապես կին ստեղծագործողի տեղն ու դերը վերաիմաստավորելու եւ տարբեր մշակույթների փոխընկալմանը նպաստելու իր նպատակին։

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 60-ը (20 երկրներից) ընդգրկվել են փառատոնի ծրագրում:

Փառատոնի ծրագրերն են՝

- Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը

- Հյուրերի ծրագիրը

- Հետահայաց ցուցադրություն՝ նվիրված իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին

- ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիմերի հավաքածուն

- Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը:

Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր։ Դրանք են՝ «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժ.՝ Ջեյն Մագնուսսոն եւ Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժ. Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա-Հայաստան), «Քամին փչում է» (ռեժ.՝ Արմինե Անդա, Հայաստան), «Բարի լույս» (ռեժ.՝ Աննա Արեւշատյան, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժ.՝ ԼեսլիԱնն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժ.՝ Անաստասիա Ռազլոգովա, Ռուսաստան):

Փառատոնի հետահայաց ցուցադրությունը նվիրված կլինի իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին: Կցուցադրվի ստեղծագործական ուղու մասին պատմող վավերագրական ֆիլմ: Հետահայաց ֆիլմի ցուցադրություն կլինի նաեւ՝ նվիրված Արշալույս Մարտիկանյանին:

Փառատոնի ավարտին կշնորհվեն հետեւյալ մրցանակները՝‘

- Լավագույն ֆիլմ

- Հատուկ մրցանակ

- Դիպլոմներ

- «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակը՝ տրվում է Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից:

Փառատոնի ժյուրիի անդամներն են՝‘

Սիլկե Ռաբիգեռ (Դորտմունդ/Կյոլն կանանց փառատոնի տնօրեն, Գերմանիա), Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Ելենա Կորժաեւա (Սինե-պրոմո դիստրիբյուտորական կոմպանիայի տնօրեն, Ռուսաստան), Տատյանա Դանիլյանց (ռեժիսոր, Ռուսաստան), Արմինե Անդա (պրոդյուսեր, Հայաստան)։

Կարեն Բալյան

Արցախցի դաշնակահարուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է «Գրան-պրի»-ի

Ստեփանակերտցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Կանարյան կղզիներում կայացած իսպանական ամենամյա միջազգային  «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին եւ արժանացել «Գրան-պրի» մրցանակի: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նյու-Յորքի «Լոնգ այլենդ» (Long Island) կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանող Անահիտ Առուշանյանն ասել է, որ փառատոնին մասնակցում էին 26 երկրների ներկայացուցիչներ:

«Հանդես եմ եկել Ռախմանինովի« Շոպենի« Բիզեի« Բրամսի ստեղծագործություններով եւ շատ ուրախ եմ, որ իմ կատարումները նման բարձր գնահատականի են արժանացել»,- ասել է Ա. Առուշանյանը եւ հավելել, որ բացի «Գրան-պրի» մրցանակից, ստացել է նաեւ 2 այլ մրցույթ-փառատոնների մասնակցության հրավեր: Մեր զրուցակցի խոսքով՝ առաջինը տեղի կունենա հունվարի 3-7-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ կկայանա հանրահայտ ռուս դաշնակահար Սավշինսկու անվան միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ երկրորդը՝ ապրիլին, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում:

Ավստրիայում անցկացվել են հայկական երաժշտության օրեր

Վիեննայում նոյեմբերի 8-12-ը տեղի են ունեցել  հայկական երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի եւ Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել համերգաշարը` հայ, ռուս եւ ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:

ԱԳՆ մամուլի eu տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համերգաշարը բացվել է նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի եւ գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ:
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն է մաղթել հայ, ռուս եւ ավստրիացի տաղանդաշատ պատանիներին իր երախտագիտությունն է հայտնել  ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար: Այնուհետ երեխաները գալա-համերգով հանդես են եկել Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում, որին մասնակցել են մեծ թվով քաղաքական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ եւ ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Համերգների ընթացքում  երեխաները կատարել են  հայ, ռուս եւ եվրոպացի կոպմոզիտորների, հայկական եւ ռուսական ժողովրդական ու հոգեւոր երաժշտություն: Երեկ արդեն Վիեննայի հանրահռչակ դահլիճում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը: Հայ Առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքի եւ Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպած երաժշտական այս միջոցառմանը մասնակցել են  մեծ թվով հայ եւ օտարերկրյա հանդիսատեսներ՝ Ավստրիայի քաղաքական ու հասարակական շրջանակի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Համերգին հնչել են Կոմիտասի, Է․Միրզոյանի, Բորոդինի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

«Երգում եմ եւ ստորագրում». տաղանդավոր ջավախքցի Ռուսլան Էլյազյանի մենահամերգը Երգի պետական թատրոնում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ տաղանդաշատ երգիչ, ծնունդով Ախալքալաքի Բավրա գյուղից Ռուսլան Էլյազյանի մենահամերգը՝ «Երգում եմ եւ ստորագրում» խորագրով: Տաղանդաշատ երգչին ունկնդրելու եւ նրա երգերը վայելելու էին եկել հայտնի և սիրված երգիչներ, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, հայկական երգարվեստը գնահատողներ: Համերգին ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչությունը:

Ողջ համերգային երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես էստրադային եւ պարային, այնպես էլ ժողովրդական, աշուղական եւ ազգային կենդանի կատարումներ, որոնք դրական լիցք և բարձր տրամադրություն հաղորդեցին հանդիսատեսին, եւ, միևնույն ժամանակ, հուզեցին շատերին: Ներկաները վայելեցին նաեւ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հետ զուգերգերը, ով բազմաթիվ երգերի, թեմատիկ եւ էստրադային համերգների, մրցանակաբաշխությունների, հեռուստահաղորդումների հեղինակ է: Եվ Ռուսլանն այն եզակի երգիչներից է, ում համար հայտնի կոմպոզիտորը գրել է 4 անհատական երգ:

 

«Արան ուզում էր, որ իր գործերն ապրեն».- բացվեց Արա Շիրազի ցուցահանդեսը

Հայ քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Արա Շիրազի աշխատանքների Հետահայաց  ցուցահանդեսն այսօր բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին`շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից). «Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ»:
Արա Շիրազի սերնդակից, մտերիմ ընկեր Ռոբերտ Էլիբեկյանն ասաց. «Շիրազի գործերն իր արվեստանոցում գրեթե բանտարկված էին, իսկ Արա  ուզում էր, որ իր գործերն ապրեն: Շնորհակալ եմ պատկերասրահին՝ այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ այս ցուցահանդեսով կամփոփվի պատկերասրահի այս տարվա ցուցահանդեսների շարքը:

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 11-ին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացմանը, որը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ցուցահանդես-մրցույթն իրականացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով՝ Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների առթիվ: Ներկայացված են տարբեր բուհերի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա:

Շնորհավորելով երիտասարդ ստեղծագործողներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ցուցահանդես-մրցույթի կազմակերպումը: Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ այսօր երիտասարդները հնարավորություն ունեն գործնականում օգտագործել ու զարգացնել իրենց ստեղծագործ երեւակայությունը, գիտելիքն ու կարողությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արվեստում ու մշակույթում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մեզ անհրաժեշտ են կրթված, նախաձեռնող ու պատասխանատու մարդիկ, ովքեր ստեղծագործ մտածողության տեր են, կարող են համարձակ որոշումներ կայացնել:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկրում երիտասարդությանը կարևոր ու առանձնահատուկ դեր է հատկացված, օրենսդիր ու գործադիր, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ թվով երիտասարդներ են ներգրավված:

«Ձեր առջեւ բացված են լայն հնարավորություններ ու մեծ հեռանկարներ: Բայց դուք ինքներդ պետք է ընդառաջ գնաք այդ ամենին, ձեր ապագային, որը նաեւ մեր հայրենիքի ապագան է: Ձեր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությունից, ձեր մտահղացումներից, ձեռնարկներից է կախված հայրենիքի, բնակավայրի, օջախի ճակատագիրը: Յուրաքանչյուրիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր տունը դառնան ավելի ապահով, զարգացած, ավելի բարեկեցիկ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, կարեւորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը, նշել են, որ այն բացառիկ հնարավորություն է երիտասարդ ստեղծագործողներին իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար: Նրանց գնահատմամբ՝ ցանկացած արվեստագետի համար մեծ պատիվ է Նկարիչների միությունում ներկայացված լինելը: Արա Բաբլոյանը շրջել է ցուցասրահում եւ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, շփվել երիտասարդ ստեղծագործողների հետ:

Ցուցահանդես-փառատոնը բաց կլինի եւս 6 օր, իսկ ավարտին մասնագիտական հանձնաժողովների կողմից կորոշվեն հաղթողները:

Հայաստանի մոդեռնիստական գլուխգործոցը. «The Calvert Journal»

Հեղինակավոր «The Calvert Journal» ամսագիրը, որը մասնագիտացած է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի ու Միջին Ասիայի մշակութային եւ պատմական ժառանգության նմուշների լուսաբանման մեջ, իր հերթական հոդվածում անդրադարձել է Սեւանի գրողների միության տանը, շենքի պատմությանը, ներկայիս վիճակին ու ճակատագրին։

Հեղինակ Օուեն Հաթերլեյը նախ վկայակոչում է մեծանուեւ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի և նրա տինկնոջ հուշերը շինության եւ դրա շուրջ ներդաշնակ բնության գեղեցկության մասին։ Հիշատակվում է Վասիլի Գրոսմանի ու ֆրանսիացի գրող Սիմոնա դը Բովուարի ավելի ուշ արված նոթերն ու տպավորությունները։
Նշվում է, թե վայրը, որտեղ ներկայումս գտնվում է գրողների հանգստյան տունը, ժամանակին եղել է կղզի` շրջապատված Սեւանա լճի ջրերով, այնուհետ ջրային զանգվածի սակավության պատճառով, վերածվել է թերակղզու։  Թերակղզու բլրի վրա է տեղակայված 19-րդ դարի վանք` կառուցված նույն ժայռաքարերից, որոնցով շրջապատված է տարածքը։ Չնայած բարդ տեղանքին, 1932 թ-ին ճարտարապետներ Գեւորգ Քոչարն ու Միքայել Մազմանյանը որոշում են նախագծել գրողների հանգստի տունը, տեղանքին համահունչ լուծումներ հաղորդելով շինությանը։

Շենքը կառուցված է խորհրդային մոդեռնիզմի ոճով եւ ժամանակին արժանացել  է խորհրդային ավանգարդ ճարտարապետական դպրոցի ներկայացուցիչների դիմադրությանը, ովքեր հեղինակներին մեղադրում են ընդունված ճարտարապետական նորմերն աղավաղելու մեջ։
1937թ-ին, երբ գրողների հանգստյան տունն արդեն ընդունում էր իր առաջին հյուրերին, Քոչարն ու Մազմանյանը ձերբակալվում ու աքսորվում են Նորիլսկ, որտեղից վերադառնում են միայն 15 տարի անց, Ստալինի մահից հետո։
Հեղինակը շարունակում է, թե գրողների շինության պատմության հաջորդ շրջափուլը սկսվում է 60-ականներին, երբ Քոչարը աքսորից վերադառնալուն պես սկսում է շենքի նոր մասնաշենքի նախագծումը։ Ուշ ավանգարդի լեզվամտածողությամբ նախագծված այս հատվածը համալրում է շենքը ևս մեկ տեռասայով` ճաշարանային շինությամբ, որի շրջանաձև հատվածը կառուցվում է մեկ սյան վրա, ներդաշնակորեն փոխկապակցվելով թե՛ հին շինությանը, թե միջավայրի հետ։ Բազմելով ափի ժայռաբեկորներին ու կախվելով լճի վրա, մասնաշենքը հիանալի տեսարան է բացում դեպի Սեւանա լիճ։
60-ականներից սկսած, շինությունը դառնում է Խրյուշովյան դարաշրջանի մոդեռնիզիմի խորհրդանիշ, լուսանկարները տիրաժավորվում են ողջ միության կազմով, ընդգծելու հատկապես այն հանգամանքը, որ դրա հեղինակները ստալինյան ռեպրեսիաների զոհեր են եղել, ովքեր աքսորից վերադառնալուց հետո ավարտին են հասցրել շինությունը։
Նշվում է, թե շինությունը մինչ օրս պատկանում է գրողների միությանը, սակայն գտնվում է ոչ բարվոք վիճակում, խամրած է, հատկապես, մերձակայքում նորակառույց հանգստյան տների ֆոնին։ Այնուհանդերձ, այն շարունակում է մինչեւ օրս գերել զբոսաշրջիներին։
«Այն մնում է սովետական հաջողված ուտոպիստական նախագծերից մեկը, շքեղ չէ, սակայն իր ճարտարապետական լուծումներով, շրջակա միջավայրին ներդաշնակությամբ եւ դրանից բացվող տեսարանով դրախտային տեսք է ստանում»,- գրում է հոդվածագիրը։
Պարբերականը վերջում անդրադառնում է «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շինության վերաբերյալ մեթոդական եւ գիտական վերլուծության իրականցնելու նախաձեռնությանը, որը ղեկավարվելու է արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արեւշատյանի կողմից։
Պարբերականի հետ զրույցում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշել է, թե շինության արդիականացումը պետք է արդարացված լինի ու միտված լինի երկարաժամկետ շահագործմանը, որպեսզի հետագայում այն կրկին մոռացության չմատնվի։ Շինության կենտրոնում նախատեսված է կոնֆերանս դահլիճ եւ ռեստորան։
«Մինչ այս ծրագիրը կիրագործվի, այցելեք Սևան, կտեսնեք յուրօինակ մի երևույթ`էժան հյուրատուն, բազմած բլրին ու Սեւանա լճին նայող, ներսում` ժամանակակից պատկերասրահ, սովետական ողբերգության ու ձեռքբերումների մի գործող թանգարան»,- եզրափակում է հեղինակը։

Սեւանի գրողների միության տունը «Գեթթիի» ուշադրության կենտրոնում է

Սեւանի գրողների միության տունը, որը Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից նախագծվել էր 1932-ին, հնարավոր է վերականգնվի եւ նոր, թարմ տեսք ստանա: Հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հիմնադրամը ընտրել է Սեւանի գրողների միության տունը, որպես խորհրդային մոդեռնիզմի ժառանգություն եւ կաջակցի շինության վերաբերյալ մեթոդական եւ գիտական վերլուծությանը: Դրա համար Հիմնադրամը հատկացրել է 130 հազար ԱՄն դոլար:

«Արդյունքում պահմանման կառավարման պլանը կսահմանվի նախադեպ՝ արժեւորելով մոդեռնիստական ժառանգությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հետխորհրդային մյուս երկրների»,- նշված է հիմնադրամի կայքէջում:
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արեւշատյանը, որը Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավարն է նաև, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում հայտնվելը, ինքը բազմաթիվ գիտական հոդվածներ է գրել Սեւանի գրողների միության տան շենքի վերաբերյալ՝ համարելով այն յուրահատուկ կառույց:
«Հիմնադրամը ծանոթացել էր իմ հոդվածներին, ինչպես նաև խորհրդային մոդեռնիզմի հետազոտությանն էին ծանոթ, որն արել էի ես եւ իմ ավստրիացի գործընկերը: Մենք տարիներ շարունակ իրականացրել ենք բազմաթիվ ցուցադրություններ, այսինքն՝ խորհրդային մոդեռնիզմի թեման վերջին տարիներին ճարտարապետության ոլորտում դարձել էր բավականին ակտուալ թեմա: Հիմնադրամից կապվեցին ու արդյունքում սա»,- փոխանցեց պարոն Արեւշատյանը:
Սևանի գրողների միության տան վերականգնման շրջանակներում ներկայացնելով անելիքը, արվեստաբանը ներկայացրեց.
«Հանգստյան տան համալիրի գիտական վերականգնումը ենթադրում է նրա տեսական, պատմական հետազոտությունը, ինչպես նաեւ կառուցվածքային հետազոտությունը, որի հիման վրա պետք է ձեւավորվի պահպանության կառավարման պլանը եւ նոր միայն, հիմնվելով դրանց վրա, պետք է էսքիզային մակարդակով վերականգնման նախագիծ մշակվի: Այս փուլը ամփոփվելու է գիտաժողովով, որտեղ պետք է մասնակցեն թե խորհրդային մոդեռնիզմը ուսումնասիրող հայտնի միջազգային մասնագետներ, թե տեսաբաններ, թե «Գեթթի» հիմնադրամի շրջանակներում վերականգման նախագծեր իրականացրած հայտնի մասնագետներ»:

Նախագծի ճարտարապետական նախագծման ղեկավարն է Սարհատ Պետրոսյանը:
Հանգստյան տան վերականգնման նախագիծը իր հետագա փուլերով, կտևի 3-4 տարի, բայց ֆինանսավորումն արվելու է միայն 1-ին փուլի համար՝ գիտական հետազոտության եւ պահպանման պլանի մշակման:

«Կախված առաջին փուլի արդյունքներից, արդեն կլինի շարունակությունը եւ հասկանալի կլինի, թե ինչպես պետք է զարգանա նախագծի իրագործումը»,- հավելեց Արեւշատյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է առաջին փուլն ավարտվի եւ որեւէ հետաքրքրություն չառաջանա նախագծի նկատմամբ, եւ այն մնա թղթի վրա, Արեւշատյանը պատասխանեց. «Հետագա փուլերի հետ կապված դրանք կարող են թե «Գեթթի» հիմնադրամի շրջանակներում տեղի ունենալ, թե հիմնադրամի շրջանակներից դուրս: Այստեղ էական հանգամանքն այն է, որ շենքը արժանացել է «Գեթթի» հիմնադրամի հովանավորությանը, որովհետեւ Գեթթիի հովանու ներքո շատ դժվար է ընդհանրապես հայտնվել»:

Հին Երեւան, թե «Հին Երեւան»…

««Հին Երեւան» անվան տակ նախատեսվող նորակառույց համալիրի նախագիծը, ըստ իս, չափազանց լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում զուտ միայն իր մոտեցմամբ։ Արդեն բազմիցս է խոսվել նրա մասին,  որ հուշարձանը չի կարող դիտարկվել իր միջավայրից կտրված։ Լինում են, իհարկե, դեպքեր, որ այն ստիպված կտրվում է իր միջավայրից ինչ-ինչ պատճառներով․ դա կարող է լինել բնածին պատճառ, պատերազմի կամ գաղութացման հետևանքով՝ թանգարանային միջավայր տեղափոխվելու հետ կապված պատճառ, ինչն արդեն ենթադրում է թե՛ համատեքստի, եւ թե՛ բուն միջավայրի հետ կապված կտրուկ փոփոխություն, որի դեպքում պետք է արդեն կիրառվի խիստ գիտական, ինչպես նաեւ ստեղծագործական մոտեցում՝ ուղղված վերստեղծելու եւ ընդգծելու կառույցի պատմական նախնական համատեքստը:
Սակայն, նույնիսկ եթե շենքը պահպանվում է իր հարազատ միջավայրում, բայց այդ շենքի հետ կապված որոշակի փոփոխություններ՝ ռեստավրացիա, մասնակի վերակառուցում է արվում, դա պետք է նույնպես արվի շատ զգույշ եւ նրբանկատորեն՝ անդրադառնալով հուշարձանի յուրաքանչյուր մանրուքին,  որպեսզի զերծ մնալ կառույցի ընդհանուր կերպարային և պատմական աղավաղումից:
«Հին Երեւանի» դեպքում նկատելի է արդեն նախագծային մակարդակի վրա շատ վայրագ մոտեցման միտում, քանի որ հուշարձանների տեղահանումը ենթարկվում է ոչ թե գիտական, պատմական  այլ զուտ բիզնես տրամաբանությանը։ Այսինքն, օգտագործելով հին շենքերի քարերը, երբեմնի հուշարձանների չափագրությունները,  փորձ է արվելու «վերստեղծել» պատմության՝ կոպիտ ասած «ֆասադ», որի ետեւը  զարգանալու է լիովին այլ իրավիճակ՝ նախնական միջավայրի կամ համատեքստի հետ առնչություն չունեցող։ Կարելի էր լինել ավելի ուղիղ ձևակերպման առումով, որ կառուցվում է ՆՈՐ բազմաֆունցիոնալ հասարակական, ինչպես նաեւ բիզնես համալիր, որտեղ կիրառվելու են «անցյալից մեր վրա բեռ մնացած» հին շենքերի քարերը։ Իսկ «Հին Երեւանը» գործածվելու է այդ համալիրի համար պարզապես որպես բռենդային մի անուն։
Ռեստավրացիայի վերաբերյալ այդտեղ խոսք լինել չի կարող, ռեկոնստրուկցիայի տեսանկյունից վերակառուցումը գտնում եմ իրապես անիմաստ, քանզի այն ենթադրում է զուտ  բուտաֆոր երեւույթ:
Որպես օրինակ հիշեցնեմ, երբ 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին պատմական Թբիլիսիի վերակառուցումը տեղի ունեցավ, այն ժամանակ մեծ աղմուկ հանելով, արժանանալով ԽՍՀՄ պետական մրցանակի, միևնույն ժամանակ առաջացրել էր Խորհրդային Միության մասնագիտական շրջանակներում, այդ թվում նաեւ հենց Վրաստանում լուրջ քննադատություն՝ վերակառուցման թատերական բնույթի հետ կապված: Այդ քննադատության խորքում ընկած էր ռեվերակառուցման հետկուլիսային պատմությունը, թե ինչպես Հին Թիֆլիսի նոր մեկնաբանությամբ՝ ֆասադային վերակառուցման համար զոհ գնացին Քուռի կողմից այդ ճակատները «փակող» 2-3 շարքով ձգվող թիֆլիսյան քաղաքային հին կառուցապատման բնօրինակ շենքերը։ Սակայն Հին Թիֆլիսի վերկառուցումը միայն ճակատային չէր, եւ առավել ևս շենքերը գտնվում էին իրենց տեղերում։ Այն անդրադառնում էր նաև ներքին տարածությունների վերականգնմանը, ինչը արվում էր թե գիտական, սակայն ավելի շատ անցյալի մասին 1970-80-ականների դիրքից վրացի ճարտարապետների եւ նկարիչների պատկերացումների հիման վրա։  Անցավ ժամանակ։ Վերակառուցումից հետո թարմ ներկված շենքերի պատերի գույները խամրեցին եւ թվում էր, թե այդ շենքերը պետք է արդեն ձուլվեին քաղաքային ընդհանուր միջավայրի մեջ։ Սակայն որքան էլ դա տարօրինակ չթվա, այդ շենքերն առ այսօր շարունակում են պահպանել իրենց բուտաֆոր տեսքը, որտեղ շենքերի արտաքին, իսկ ավելի շատ ներքին էլեմենտների միջեւ խզված է ժամանակային սինքրոնացումը։ Պատերը, լուսամուտները, հատակը, աթոռները, դռների բռնակներն ապրում են տարբեր ժամանակային ռեժիմների մեջ (չնայած որ ենթադրվում էր, որ նրանք լուծված են ընդհանուր ոճային եւ նույնիսկ պատմագրական առումով՝ ընդհանրական տրամաբանության մեջ)՝ նույնացվելով ավելի շատ ուշ խորհրդային՝ 1980-ականների կամաց-կամաց ձեւավորվող հետարդիական կիտչի հետ իր սառը, անհաղորդ միջավայրով, որը որևէ կերպ չի առնչվում Թիֆլիսի իրական, հին, ինչպես նաեւ նոր՝ 20-րդ դարի քաղաքային միջավայրերը ձևավորող և ապրեցնող՝ առկա ֆորմալ եւ ոչ ֆորմալ հորիզոնական հարաբերությունների հետ։
«Հին Երեւան» նախագիծը կարծես ի սկզբանե ավելի է ընդգծում այդ միջավայրի արհեստական, թատերական բնույթը: Պարզապես հանրությանը նախագիծը ներկայացվում է որպես միջավայրի վերականգնում: Դա ձեւավորելու է միջավայրի, քաղաքի, պատմության նկատմամբ նույն տեսակի արհեստական վերաբերմունք քաղաքացիների կողմից: Հետեւանքները շատ ավելի խորն են լինելու իրենց լրջությամբ: Հանրային գիտակցության մեջ ձեւավորվելու է նույն քաղաքի, սեփական պատմության վերաբերյալ այնպիսի վերաբերմունք, որ այդ պատմությունը կարող է լինել շատ հեշտ սինթեզված, սարքված, հորինված: Հեգնական մոտեցում, որն ընդհանրապես հանրային գիտակցության մեջ վտանգավոր մի բան է: Քաղաքային միջավայրի հարցը չափազանց նուրբ եւ փխրուն ոլորտ է իրենից ներկայացնում եւ այն նախ եւ առաջ պայմանավորված է այդ միջավայրը ձեւավորող բազմաթիվ գործոնների միջեւ բարդ կապերի օրգանականության առկայությամբ, ինչի բացակայությունը կարող է տալ Դիսնեյլենդ հիշեցնող՝ միգուցե բիզնես տեսանկյունից շատ հաջող նախագիծ, սակայն ոչ քաղաքի պատմության հետ առնչություն ունեցող միջավայր»։

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված եւ Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երեւան» նախագծի հեղինակն ու ճարտարապետը Լեւոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն կսկսվեն լայնածավալ աշխատանքներ

Հարակից հրապարակումներ – փնտրել եւ կարդալու համար…

Հին Երեւան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան

Հին Երևան, թե «Հին Երեւան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան

Արամի 30-ը «նորից կտաշեն»

Մենք որեւէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երեւան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան

«Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երեւան» նախագծի հեղինակ

Ստորագրվել է «Հին Երեւան» ծրագրի համաձայնագիրը

Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երեւան» նախագծի մասին (Տեսանյութ)

«Հին Երեւան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով

Մինասյան. «Հին Երեւան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը

Երեւանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երեւան» նախագծի մասին

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1

«Զամասկած» Հին Երեւան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է

Երեւան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ

Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երեւանը կդառնա… «բուխանկա»

Եզակի վիրահատություն Երեւանում…

Հարգելի գործընկերներ,- Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության  կանխարգելման գերազանցության կենտրոնում օրերս տեղի ունեցավ երկու փոքրիկի ակնային վիրահատություն՝ եզակի ծավալով եւ բարդությամբ: Հատկանշական է, որ առաջին անգամ այս կարգի գործողությունն իրականացրեց հայ վիրաբույժը, իսկ հանրաճանաչ մասնագետն ԱՄՆ-ից հեռաբժշկության համակարգով հետեւեց ընթացքին:

Կից ներկայացված է պատմությունը եւ երկու լուսանկար: Տեսանյութը հասանելի է հետեւյալ հղումով՝ https://we.tl/1OUfNG6eAM  -Ուրախ կլինենք, եթե անդրադառնաք իրադարձությանը: Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով, Թամար Մինասյան – Հանրային կապերի տնօրեն

Փոքրիկների ակնային եզակի վիրահատություն Երեւանում

Բարդ գործողությունն իրականացնում էր ճանաչված վիտրեոռետինալ վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանը, իսկ աշխատանքին հետեւում էր հանրաճանաչ վիրաբույժ Թոմաս Լին

Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում երկու փոքրիկ տղաների վիրահատություն էր՝ եզակի ծավալով եւ բարդությամբ. անհրաժեշտ էր հեռացնել նրանց կատարակտը եւ ակնային սպին, որ խանգարում էր աչքի բնականոն աճին:

«Ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարում է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին, – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանը: – Մենք փորձում ենք ուղղել այդ խնդիրը, որպեսզի արդյունքում նրանք առողջ տեսողություն ունենքն»: Երկու երեխաների առողջական վիճակը մի քանի շաբաթ է՝ քննարկվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի միջազգային մենթորների՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի եւ Միացյալ Թագավորության Մուրֆիլդսի աչքի հիվանդանոցի եւ Royal Free London հիվանդանոցի մանկական ռետինայի վիրաբույժ Սուի Չեն Ուոնգի հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ չնայած վիրահատությունները բարդ եւ եզակի են, հայ բժիշկներն իրենց ուժերով լրիվ պատրաստ են այն իրականացնել, իսկ մենթորները նրանց կհետեւեն հեռաբժշկության համակարգով:

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին, որ վիրահատության ընթացքին հետեւում էր հեռաբժշկության համակարգով, վիրահատությունից հետո ասաց.  «Վիրահատությունը շատ լավ անցավ: Բժիշկները կարողացան ոչ միայն մաքրել երեխայի կատարակտը, այլ նաեւ դրա հետեւի արտերիայի մնացորդները: Վիրահատության ընթացքը գերացանց էր, ոչ մի բարդություն չեմ տեսնում եւ կարծում եմ, որ այս երեխան հրաշալի տեսողության պոտենցյալ ունի»:

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի ծրագրերից մեկն է՝ ուղղված Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Այն իր աշխատանքներն իրականացնում է միջազգային հանրաճանաչ մասնագետների հետ գործակցությամբ: Նման բարդ վիրահատություններին պատրաստվելու համար անգամ ամենավարժ վիրաբույժները վերապատրաստման անհրաժեշտություն ունեն, ինչն ապահովել է ՀԱՆ-ը: Արտասահմանյան լուրջ վերապատրաստում անցած հայ մասնագետներով եւ գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում վերջին տարիներին արդեն բուժում են ստանում փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ տարածաշրջանի մի քանի երկրից:

Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ստուգման եւ բուժման ազգային ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է 2010թ.-ին, իսկ 2014թ.-ին հիմնել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը: 2010թ.-ից մինչեւ 2017թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում 6.300-ից ավելի թիրախային խմբի երեխա ենթարկվել է ակնային առաջնային եւ ընթացիկ ստուգումների, 15.500-ից ավելի անհասության ռետինոպաթիայի ստուգում է իրականացվել, շուրջ 120 երեխա լազերային բուժում, իսկ 85-ը՝ ներակնային սրսկում է ստացել, 44 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատություն է իրականացվել՝ այս ամենը՝ փոքրիկներին կուրությունից փրկելու նպատակով:

«Ես շատ տպավորված եմ Հայաստանի բժիշկների հմտությունների զարգացման արդյունքներով, ովքեր վերապատրաստվել են՝ իրականացնելու այսպիսի բարդ վիրահատություն: Հրաշալի աշխատանք է՝ տպավորիչ արդյունքով», ասաց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին:

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։