«Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան աճում է մեր լեռներում» – Այս հայ խոհարարի գործն արժեւորել են տարբեր երկրների նախագահներն ու մեծանուն հայտնի մարդիկ… Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը կրկին ներկայացնելու է Հայաստանը՝ Մոնտե-Կառլոյում…

Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը արդեն երկրորդ անգամ է ներկայացնելու Հայաստանը‘Մոնտե-Կառլոյում «Chefs World Summit 2017» շեֆ-խոհարարների, գաստրո ոլորտի մասնագետների ամենամյա գագաթնաժողովում՝ նոյեմբերի 24-ին:

Խոհարարն ամբողջ աշխարհում հայտնի է իր ֆրանսիական եւ իտալական նրբահամ կերակուրներով: Կարեն Պողոսյանը ծնվել է 1985թ. Երեւանում եւ արդեն 16 տարեկանից սկսել է մասնագիտանալ գաստրոնոմիայի ոլորտում:

2011թ. ստանձնում է Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլի անձնական շեֆ-խոհարարի պաշտոնը, այնուհետեւ վերադառնում Երեւան եւ 2013-ին անցնում է աշխատանքի «Provence» ռեստորանում՝ որպես շեֆ-խոհարար: 2015թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքում ստեղծում է երիտասարդների համար աշխատարան, «Շեֆ-խոհարար» եւ «Հենց ինքը՝ շեֆ-խոհարարը Ձեր խոհանոցում» ծրագրերը:

Խոհանոցի մեծ վարպետի կերակուրները համտեսել եւ արժեւորել են Ֆրանսիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահները, ինչպես նաեւ այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քանիե Վեսթը, Քիմ Քարդաշյանը, Պլաչիդո Դոմինգոն եւ այլք:  

- Պարոն Պողոսյան, Հայաստան վերադառնալու նպատակ չունե՞ք:

– Արդեն 2 տարի է այստեղ եմ: Մենք այստեղ տեսնում ենք, որ հայկական համայնքը գնալով մեծանում է, ու, ցավոք, դա տեղի է ունենում Հայաստանից արտագաղթող մարդկանց հաշվին: Ես չէի ուզի, որ Հայաստանը դատարկվի: Ինչպես նշել էի իմ նախորդ հարզացրույցներից մեկում, իհարկե վերադառնալու եմ եւ շատ ծրագրեր ունեմ, որոնցից մեկը Խոհարարական ակադեմիայի բացումն է:

- Դուք արդեն երկրորդ անգամն է մասնակցում եք Մոնակոյում‘«Chefs World Summit» միջազգային գագաթնաժողովին, ո՞րն է Ձեր դերը:

– Արդեն երկրորդ տարին է‘Հայաստանը ներկայացնում եմ միջազգային կոմիտեի ցանկում: Ինչպես կազմակերպիչներն են սիրում ասել՝ դարձել եմ հայ խոհարարների դեսպանը Մոնակոյում: Այս տարին, որպես այդպիսին, կարեւորում եմ այնքանով, որ բացի կոմիտեի ցանկում լինելուց, ինձ վստահվել է բացման արարողության ճաշկերույթի պատրաստումը մի քանի այլ շեֆ-խոհարարների հետ:

- Գիտենք, որ գյուղական մթերքի մեծ սիրահար եք, որպես խոհարա՞ր եք դա գնահատում, թե՞ ավելի շատ քիմքին է հաճո:

– Ես տերմինը չեմ փորձի փոխել՝ «terroir cuisine», մի շատ պարզ պատճառով, որ գյուղական խոհանոցներում օգտագործում են այն մթերքները, որոնք աճեցնում են իրենք՝ սեփական այգիներում, եւ խոհանոցային ճշմարտացիությունը հենց դրանում է: Գյուղացիները շատ մոտ են կանգնած իրենց հողին եւ այգիներին: Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան, օրինակ, աճում է մեր լեռներում ու սարերում:

- Շա՞տ մեծ է Հայաստանի եւ Ֆրանսիայի մթերքի որակական տարբերությունը:

– Տարբերություններն ավելի շատ ոչ թե որակի, այլ տեսականու բազմազանության մեջ են: Ֆրանսիայում շատ ավելի ճկուն են այս կամ այն բաղադրիչը խոհանոցում համադրելու տեսակետից: Թեեւ ես չէի ցանկանա, որ Դուք մտածեիք, թե կարելի է համեմատություններ անցկացնել Հայաստանի եւ Ֆրանսիայի, կամ, առհասարակ, Հայաստանի կամ այլ երկրների խոհանոցների միջեւ, քանզի յուրաքանչյուր խոհանոց ուրույն է:

- Ինչո՞վ է պայմանավորված խոհարարական արվեստում նմանօրինակ հաջողության Ձեր գաղտնիքը:

– Տաղանդով, աշխատասիրւթյամբ եւ կրքով միայն: Թեեւ շատ դժվար է, երբ մարդ այսքանն ասում է իր մասին:

Լիանա Դավթյան

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։