Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1 – Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար… Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–2 – Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ… Այնպիսի տպավորություն է, թե ամեն ոք, ով թեկուզ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն հանցագործ է, իսկ տեղական ԶԼՄ-ները փոխանցում են թշնամու կերպարը… Հիշեցնում է հրեաների եւ սլավոնների նկատմամբ Հիտլերի ռասայական տեսությունը…

Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1

Ըստ ադրբեջանական Femida.az լրատվական կայքի տեղեկատվության՝ Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար: Այս մասին լրատվակայքին ասել է կենտրոնի ներկայացուցիչը, ով նշել է, թե «սա հիմնականում վերաբերում է պահակային շներին, որպեսզի նրանք նախազգուշացնեն զինվորներին, երբ հայերեն խոսք լսեն»…

Կարծում ենք, Բաքվում ավելի շատ վախենում են ոչ թե սահմանում, այլ՝ հենց Բաքվում կամ ադրբեջանական այլ բնակավայրերում հայերեն խոսք լսելուց…

Չէ՞ որ ցայսօր, անգամ Ադրբեջանի իշխանության վերնախավում ծպտյալ հայերի են փնտրում՝ միմյանց հայ լինելու մեջ մեղադրելով: Թուրքիայից փոխանցված եւ փոխառած վարակ է, սակայն մեծ հաշվով իրականությանն առնչվող արմատներ ունի, ինչից էլ «շան պես» վախենում են ադրբեջանցիները, ուստի՝ շների օգնությանն են դիմել…

Ըստ այդ տեղեկատվության՝ շների վարժեցումը՝ արձագանքելու հայերեն խոսքին, խիստ անհրաժեշտություն է, քանի որ հայերը վտանգ են ներկայացնում ադրբեջանական պետության համար: Արդեն պարզ է, որ այդ վտանգն էլ իր հերթին պայմանավորված է տարածաշրջանում աճող անկայունությամբ, ինչի մեղավորն ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ կրկին հայերն են, ովքեր խախտում են հրադադարը եւ սադրանքների գնում սահմանային հատվածներում:  

«Լուսանցք»-ի նախորդ թողարկման խմբագրականը վերնագրել էինք «Իլհամ Ալիեւը՝ քաղաքական պոռնիկի դերում», քանի որ Ադրբեջանի նախագահը հայ-ադրբեջանական սահմանամերձ հատվածներում օրեր շարունակ իրենց կողմից իրականացվող գնդակոծումներին վերջ չտվեց անգամ Շվեայցարիայում նախատեսված Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ, հետո, երբ հանդիպումը կայացավ, դեռ երկու երկրների նախագահներն իրենց երկրներ չէին վերադարձել, վերսկսվեց հայկական դիրքերի գնդակոծումը… Եվ սա այն բանից հետո, երբ ինչպես երկու երկրների նախագահների առանձնազրույցի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի եւ հակամարտ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումների ժամանակ որոշում էր կայացվել՝ դադարեցնել սահմանային փոխհրաձգությունը…

Հիմա՝ նկատելով հայատյացության այս է՛լ ավելի ակնհայտ դրսեւորումը, հասկանալի է, որ թե՛ քաղաքական, թե՛ մարմնական եւ թե՛ այլ տիպի պոռնկությունը՝ այդ երկրի անարժեք խոսքի տեր նախագահից մինչեւ շարքային զինվոր ու քաղաքացի է հասել…

Սրտակ Հայոցյան

Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–2 – Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի ոդիսականը հայտնի է: Նա դարձավ բելառուսական բատկա Լուկաշենկոյի եւ ադրբեջանական սուլթան Ալիեւի կաշառատվություն-կաշառակերության թիրախը եւ ձերբակալվելով Մինսկում՝ հայտնվեց Բաքվում, դատապարտվեց ու բանտարկվեց միայն այն բանի համար, որ այցելել էր Արցախ:

Այդ արտահանձնման խայտառակ պատմությունը հայերիս համար գրեթե հավասար նժարների վրա դրեց Բաքվի ու Մինսկի կարգավիճակը: Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւը նոււյն հարթության գործիչներ դարձան մեզ համար, մինչդեռ Բելառուսի նախագահը ԱՊՀ անդամ երկրի ղեկավար է, այսինքն՝ Հայաստանի դաշնակից երկրի նախագահ, իսկ Ադրբեջանի նախագահը ՎՈւԱՄ-ի անդամ երկրի ղեկավար է, իսկ այդ դաշինքը ստեղծվել է հստակ ԱՊՀ-ի դեմ գործելու համար…

Այս ամենն այլեւս չի զարմացնում, քանի որ ոչ միայն ԱՊՀ-ն, այլեւ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն ավելի շատ դաշնակից Հայաստանի դեմ են գործում, քան՝ ի նպաստ: Միեւնույն ժամանակ՝ ավելի շատ նպաստավոր քայլերի են գնում հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի:

Ահա այս խառնիխուռն «բարեկամության» եւ «զինակցության» պայմաններում էլ ի հայտ եկավ Ալեքսանդր Լապշինի գործը… Նա դատապարտվեց Ադրբեջանի դատական մարմնի կողմից եւ բանտարկվեց: Պարզապես չկարողանալով բլոգերի գործը կապել Արցախի հարցի հետ, առավելապես Արցախ այցելելը օտարազգիների համար վտանգավոր ներկայացնելու առումով (նաեւ հույս ունենալով, թե հայկական կողմը եւս կմիջնորդի հրեա լրագրողին՝ Իսրայել կամ Ռուսաստան արտահանձնելու համար եւ դա կշահարկվի), Ադրբեջանի նախագահի որոշմամբ ներում շնորհեցին ու ազատ արձակեցին…

Իսրայել մեկնած բլոգերը հայտնել էր, որ իրեն փորձել են հակահայկական խնդիրների մեջ ներքաշել, բայց չի ստացվել եւ նրան չեն կարողացել ընդդեմ հայերի գործածել: Վերջերս հրեա լրագրողը ավելի լուրջ բացահայտում է արել եւ հայտնել, որ մոտ մեկ-մեկուկես ամսից ՄԻԵԴ բողոք կուղարկի: Այդ մասին նա գրել է իր puerrtto.livejournal. com բլոգում:

Ալեքսանդր Լապշինը նշել է, որ չնայած չի ցանկանում կրկին անդրադառնալ Ադրբեջանի իշխանություններին, բայց Բաքվից իր ընկերները հոդված են ուղարկել իրեն, որը հնարավոր չէ անուշադրության մատնել: Վրդովվելով այն բանից, որ Ռուսաստանը պաշտպանել է բլոգերի իրավունքները Բաքվի բանտում գտնվելու ժամանակ, Ադրբեջանի իշխանություններն ադրբեջանալեզու ԶԼՄ-ների միջոցով սկսել են վարկաբեկել Ռուսաստանի ղեկավարությանը: Նրանք նախ վիրավորում էին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովային, այնուհետեւ անցան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ վերջինիս անվանելով «Ռուսաստանի հայ արտգործնախարար» (նախարարը հայ է մայրական կողմից-խմբ.): Այդ մասին մասնավորապես գրել է Turan News-ը:

«Հոդվածում հատուկ ընդգծվում է Սերգեյ Լավրովի ազգությունը, քանի որ Ադրբեջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը վաղուց հայտնի է: Այնպիսի տպավորություն է, թե ամեն ոք, ով թեկուզ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն հանցագործ է: Եվ դա քաղաքացիների գլուխն են լցնում տեղական ԶԼՄ-ները՝ այդկերպ փոխանցելով թշնամու կերպարը:

Շատ է հիշեցնում հրեաների եւ սլավոնների նկատմամբ Հիտլերի ռասայական տեսությունը, չէ՞: Նացիստները նույնպես սիրում էին հաշվել արիացիների մոտ «փչացած արյան» տոկոսը, իսկ պետության բոլոր խնդիրների համար՝ մեղադրել հրեաներին»,- գրել է բլոգերը:

Նա նշել է, որ Մարիա Զախարովան ի պաշտոնե վերջերս մեկնաբանել էր իր հասցեին հնչած ադրբեջանցի լրագրողների «կեղտոտ» խոսքերը:

Ըստ հրեա լրագրողի, «ադրբեջանցի Էրքյուլ Պուարոն»՝ իր գործը վարող քննչական խմբի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Վուգար Նասիբովը պնդում էր, որ ինքը հայ է: Սկզբից թվացել է, թե դա կատակ է, հետո, սակայն, երբ ադրբեջանցի քննիչներն սկսել են պնդել այն վարկածը, թե ինքը, հնարավոր է, մի անգամ իր կողմից հիշատակված «իր մոր երիտասարդ տարիների հայ ընկերոջ գաղտնի արտամուսնական որդին է եւ արդյոք նրանք չեն հանդիպել Հայաստան 2011 եւ 2012 թթ. այցելությունների ընթացքում, պարզ է դարձել, որ նրանք խելագար են ու բոլորովին լուրջ են այդ մասին խոսում»:

Լրագրողը հավելել է, որ որքան հիանալի են իր ադրբեջանցի ընկերները, նույնքան էլ տհաճ է այդ պետությունը՝ նշելով, որ նորից կանդրադառնա Ադրբեջանին, երբ իր բողոքը շուտով ուղարկի ՄԻԵԴ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին բլոգերը լքել էր Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318,2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:

Հիշեցնենք նաեւ, որ Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016թ. դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, եւ արտահանձնվել Բաքվին 2017թ. փետրվարի 7-ին՝ 2011թ. ապրիլին, 2012թ. հոկտեմբերին եւ 2016թ. հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։