Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակներ տոնեց… Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը՝ 20 հազար դոլար… «Միկի՝ Հայաստանի հերոս» ֆիլմը հասանելի է ֆուտբոլասերներին… Ֆուտբոլի ազգային առաջնություն… Հատուկ եւ ներառական կրթություն ապահովող դպրոցների ֆուտբոլի մրցաշար… Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում… Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում… Լեւոն Արոնյանը հաղթեց ու միացավ առաջատարներին… 5 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում… Լուրեր Ջավախքի մարզական կյանքից… Ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, բազկամարտի, սուսերամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Հայաստանի հավաքականը հաղթանակներ տոնեց

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Մեր հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Կիպրոսի ընտրանուն: Սակայն դա գրանցվեց գրեթե դատարկ «Հանրապետական» մարզադաշտում: Սա առավելապես բողոքի ցույց էր, անվստահություն՝ հայկական ֆուտբոլի ներկայի հանդեպ: Հայաստանի հավաքականի անվստահ եւ անվճռական խաղերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար՝ առաջացրել է մեծ դժգոհություն հայ հանդիսատեսի մոտ:

Բայց, կարծում ենք, զայրույթը պիտի մի կողմ դնել եւ աջակցելով օգնել մեր ազգային հավաքականի վերելքին: Հենց այդպես են անում զարգացած ֆուտբոլային երկրներում երկրպագուները՝ միաժամանակ քննադատելով վատ խաղերի համար:

Մի քանի օր առաջ մեր թիմը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Բելառուսի հավաքականին, որի ժամանակ եւս հայ ֆուտբոլասերները քիչ տեղեր էին զբաղեցրել մարզադաշտում:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2-րդ անգամ ընդունեց Կիպրոսի ազգային թիմին

Սա 2 երկրների ուժեղագույն ֆուտբոլիստների 2-րդ հանդիպումն էր: Առաջին անգամ Կիպրոսի հավաքականը Երեւանում հյուրընկալվել էր 23 տարի առաջ, 1994-ի հոկտեմբերի 8-ին, Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակում: Այդ խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: 4 անգամ թիմերը հանդիպել են նաեւ Միջերկրական ծովի ափին: Բոլոր այդ խաղերում միանշանակ հաղթել են կիպրոսցի ֆուտբոլիստները: Այնպես որ, Կիպրոսի ընտրանին այն թիմերից է, որին Հայաստանի հավաքականը դեռեւս չէր կարողացել հաղթել:

Նշենք, որ կիպրոսցի ֆուտբոլիստները 3 օր առաջ ընկերական խաղ էին անցկացրել Վրաստանի հավաքականի հետ եւ պարտվել էին 0:1 հաշվով:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը անմրցունակ է սեփական դաշտում

Մեր երիտասարդական հավաքականն անհաջող եզրափակեց մրցաշրջան-2017-ը՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը՝ Եվրոպայի 2019թ առաջնության ընտրական  փուլում: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց խմբի ընդգծված առաջատար Սերբիայի հավաքականին: Խաղն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, որոնք չնայած բազմաթիվ գոլային պահեր ստեղեծեցին, սակայն միայն 1 անգամ աչքի ընկան: Խաղի 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լուտովացը, որը օգտվելով մեր պաշտպանների դանդաղկոտությունից, թույլ հարվածով գրավեց դարպասի ստորին անկյունը: 0:1

Հարկ է նշել, որ այսօր իր հուսալի եւ անձնուրաց խաղով առանձնացավ մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը, որը մի քանի դրվագներում ետ մղեց սերբերի կատարած վտանգավոր հարվածները, իսկ մի դեպքում նրան օգնության ձեռք մեկնեց դարպասաձողը: Ինչ վերաբերում է մեր մյուս խաղացողներին, ապա նրանք հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով եւ շատ հազվադեպ էին դիմում հակագրոհների: Սակայն դրանցից մեկը քիչ էր մնում ավարտվեր դարպասի գրավումով, երբ 86-րդ րոպեին Ռոբերտ Մինասյանը ձախ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ գնդակը փոխանցեց նպաստավոր դիրքում գտնվող Պետրոս Ավետիսյանին: Սակայն մեր թիմի ավագի կատարած ուժգին  հարվածը սերբ դարպասապահը ետ մղեց եւ պահպանեց նվազագույն առավելությունը՝ 0:1:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում, ինչը վկայում է այն մասին, որ մեր թիմն անմրցունակ է Եվրոպայի ընթացիկ երիտասարդական առաջնությունում: Հայաստանի ընտրանին վաստակած 7 միավորով նահանջեց արդեն 4-րդ հորիզոնական, քանի որ հաջորդող Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց մակեդոնացիներին ու միավորների քանակն հասցրեց 9-ի: Սերբիայի երիտասարդական հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ լիովին ամրապնդվեց 1-ին հորիզոնականում:

Հայաստանի այս տարիքային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի եկող տարվա սեպտեմբերի 7-ին, երբ արտագնա խաղում կմրցի Ավստրիայի հետ: Այնուհետեւ մերոնք կհյուընկալվեն մակեդոնացիներին ու սերբերին:  

Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար դոլարով

530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։

Միջոցառումը նվիրված է եղել Կանադայի 150 եւ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։ Խոսքով հանդես են եկել նաեւ Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը, ով կարեւորել է Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում։

«Միկի՝ Հայաստանի հերոս» ֆիլմն արդեն հասանելի է ֆուտբոլասերներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է թիմի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմը: Այն կոչվում է «Միկի՝ Հասայստանի հերոս»:

Ֆիլմի տեւողությունը 44 րոպե է: Այն նկարահանել է անգլիական ակումբի հեռուստաընկերությունը: Ֆիլմում օգտագործվել են մեծ թվով արխիվային լուսանկարներ եւ տեսագրություններ, որոնք առաջին անգամ են ներկայացվում ֆուտբոլասերներին:

«Բանանց»-ի 17-ամյա հարձակվողն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ փուլի մեկնարկային «Բանանց»-«Ալաշկերտ» խաղը բավական դիտարժան ստացվեց: Նախ առաջին խաղակեսի 27-րդ րոպեին ալաշկերտցիների կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը բացեց հաշիվը: Ինը րոպե անց «Բանանցի» սերբ հարձակվող Նենադ Ինյացը վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից 13 րոպե անց նույն Արտակ Եդիգարյանը 2-րդ անգամ գրավեց տանտերերի դարպասը, սակայն «Բանանց»-ն այս անգամ էլ ուժ գտավ եւ հավասարեցրեց հաշիվը: Խաղի նախավերջին 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ 17-ամյա հարձակվող Մարտին Գիգորյանը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Բանանց»-ը չնայած չկարողացավ շարունակել նախորդ խաղում Գյումրիում ձեռք բերած հաջողությունը, սակայն, միաժամանակ, առաջնության ընդգծված առաջատարին թույլ չտվեց տանել 3-րդ անընդմեջ հաղթանակը:

Այս խաղից հետո ալաշկերտցիները 27 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանց»-ը վաստակած միավորներով (18) հավասարվեց «Շիրակ»-ին եւ լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 3-րդ հորիզոնական:

«Գանձասար-Կապան»-ը չկարողացավ հաղթել «Շիրակ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ փուլում Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակ»-ի հետ:

Հանդիպումը վստահ սկսեցին կապանցի ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղակի միջնամասում եւ երկրորդի առաջին րոպեին 2 գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան մրցակցի նկատմամբ: Տանտերերի կազմում աչքի ընկան միայն լեգիոնականները՝ Դմիտրի Յաշինն ու Մուսոնդան: Շիրակցիներն այդ գոլերից հետո սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել՝ խաղը փրկելու համար: Ի վերջո դա նրանց հաջողվեց, երբ 90-րդ րոպեին Մուհամեդ Կաբան հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Մինչ այդ, 69-րդ րոպեին, առաջին պատասխան գնդակը հեղինակել էր Արամ Մուրսդյանը:

Այդպիսով, «Գանձասար-Կապան»-ը վաստակեց 20 միավոր եւ պահպանեց 2-րդ տեղը: «Շիրակ»-ն այժմ ունի 19 միավոր եւ արդեն մաքուր բարձրացել է 3-րդ հորիզոնական: Նրանից 1 միավոր քիչ ունի «Բանանց»-ը:

Իսկ «Փյունիկ»-ը հաղթեց «Արարատ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ փուլի վերջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 1:0 նվազագույն հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահ «Արարատ»-ին: Միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին խփեց հյուրերի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը: Հարկ է նշել, որ այդ պահին «Փյունիկ»-ը մնացել էր 10 հոգով, քանի որ պաշտպան Արմեն Մանուչարյանը 2 րոպե առաջ կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել էր խաղադաշտից:

Այդպիսով, փյունիկցիները 2-րդ հաղթանակը տարան առաջնությունում եւ վաստակելով 11 միավոր, ամրապնդվեցին նախավերջին 5-րդ տեղում: Իսկ ահա Երեւանի մեկ այլ ակումբ՝ «Արարատ»-ը, կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը եւ շարունակում է 6 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Վաղարշապատի թիմը հաղթել է ֆուտբոլի հատուկ մրցաշարում

Ավարտվել են պետական աջակցության շրջանակում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կազմակերպած ֆուտբոլի հանրապետական մրցումները: Հատուկ եւ ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների հաղթող է ճանաչվել Վաղարշապատի թիվ 33 ներառական դպրոցի թիմը: 2-րդ տեղը գրավել է Երեւանի թիվ 12 հատուկ դպրոցի թիմը, իսկ 3-րդ՝ Վաղարշապատի թիվ 150 ներառական դպրոցի թիմը:

Մրցաշարին մասնակցել են Երեւանի եւ մարզերի հատուկ եւ ներառական կրթություն ապահովող 8 դպրոցների մտավոր հաշմանդամություն ունեցող եւ առանց հաշմանդամության 12-15 տարեկան աշակերտներ:

Բասկետբոլի Ա լիգա. ՖԻՄԱ-ն շարունակում է հաղթարշավը

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում կայացան 4-րդ փուլի հանդիպումները։ ՖԻՄԱ-ն լարված պայքարում 95։87 հաշվով առավելության է հասել «Արթիկ»-ի նկատմամբ։ «Ուրարտու»-ն խնդիր չի ունեցել «Ինժեներ»-ի հետ խաղում՝ 73։52: Իսկ «Գրանդ սպորտ»-ը պարտվել է «Արցախ»-ին՝ 63։89։

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ՖԻՄԱ-ն, որը տոնել են 4 հաղթանակ: «Արցախ»-ն ունի 3 հաղթանակ:

Հ.Գ. – «Գրանդ սպորտ»-ը պարտվեց, բայց շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը – Կայացել են բասկետբոլի պատանիների Հայաստանի առաջնության 7-րդփուլի հանդիպումները: «Գյումրի»-ն սեփական հարկի տակ 45:55 հաշվով պարտվել է «Աջափնյակ»-ին: «Արթիկ»-ը հյուրընկալվելիս թեժ պայքարում 1 միավորի առավելությամբ հաղթել է «Արաբկիր խաղեր»-ին՝ 49-48: «Վանաձոր»-ը 39-42 հաշվով պարտվել է ԽՄՕՄՄ-ին, «Գրանդ սպորտ»-ը` «Շենգավիթ»-ին՝ 53:59: Կկայանա նաեւ «Արաբկիր» -«Պոլիտեխնիկ» հանդիպումը:

Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Էռնեստո Ինարկիեւին

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Պալմա դե Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության 4-րդ փուլի մրցաշարում: 2-րդ խաղում մեր առաջատար շախմատիստը սպիտակներով հանդիպեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի հետ, որն առաջին փուլում պարտության էր մատնել չինացի Լի Չաոյին: Ինչպես նշում է chessbase կայքը, կողմերը խաղարկել են Թագուհու գամբիտներից մեկը: Լեւոն Արոնյանը միջնամասում որակ է շահել եւ նյութական առավելություն է ստացել, որը հաղթանակի է վերածել 34-րդ քայլին:

Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 1,5 միավոր եւ միացավ մրցաշարի մյուս 2 առաջատարներին՝ հոլանդացի Անիշ-Գիրիին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավին, ովքեր հաշտություն կնքեցին իրար հետ:

Հ.Գ. – 1 – Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ – Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ անչափ լարված պայքարում ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, նա վաստակեց 2 միավոր եւ շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին եւ Թեյմուր Ռաջաբովը:

Հ.Գ. – 2 - Լեւոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին եւ դարձավ միանձնյա առաջատար – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ Իսպանիայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» 4-րդ փուլում: Մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ՝ բավական վստահ անցկացրեց խաղը եւ 27-րդ քայլում անցողիկ զինվորի սպառնալիքի տակ սեւերին ստիպեց անձնատուր լինել:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Հաջորդ՝ 5-ր փուլը տեղի կունենա վաղը, նոյեմբերի 21-ին: Լեւոն Արոնյանի հավանական մրցակիցը կարող է դառնալ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը կամ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Հայաստանից 4 շախմատիստներ են պայքարում

Իտալական Տարվիզիո քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 152 շախմատիստ, որոնցից 27-ը գրոսմայստեր են: Հայաստանից 3 շախմատիստ են մասնակցում՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Աղջիկների առաջնությանը մասնակցում են 90 շախմատիստուհի, այդ թվում 8 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում է կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը:

Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը հաղթանակներով սկսեցին առաջնությունը՝ նրանք սեւ խաղաքարերով պարտության մատնեցին մրցակիցներին: Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը առաջին փուլում հաղթել է հակառակորդին:

Հ.Գ. – Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հետապնդում է 2 առաջատարներինԻտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում կայացան 4-րդ փուլի խաղերը: Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաղթեց իրանցի Արյան Ղոլամիին, վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի 2 առաջատարներին՝ ռուսաստանցիներ Կիրիլ Ալեկսեենկոյին եւ Ալեքսեյ Սորոկինին, որոնք առայժմ 100 տոկոսանոց արդյունք ունեն: 5-րդ փուլում մեր պատանի շախմատիստը սեւերով կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Դանիլ Յուֆայի հետ:

Մեր մյուս 2 շախմատիստներն առայժմ անկայուն են հանդես գալիս: Մանուէլ Պետրոսյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Տիգրան Հարությունյանը պարտվեց: Նրանք վաստակել են համապատասխանաբար 2,5 ու 1,5 միավոր եւ առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:

Աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 4-րդ փուլի խաղում ոչ-ոքի արեց չիլիացի Բելեն Գոմեսի հետ: Նա վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 29-րդ տեղը: Այժմ Սիրանուշ Ղուկասյանը սեւերով կփորձի հաղթահարել Թուրքիայի ներկայացուցիչ Իրմակ Արդա Չակիլի արգելքը:

Կմասնակցեն Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը

- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Հայաստանը կներկայացնի 4 ազատոճային: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին եւ Հրայր Ալիխանյանին (74 կգ):

«Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

- Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր թիմի կազմում ընդգրկված է 5 ըմբիշ՝ Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:

5 մեդալ՝ աշխարհի առաջնությունում

Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ: Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանն (52 կգ) էր դարձել աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ)՝ նվաճեցին բրոնզե մեդալ:

Ռուս սամբիստների հետ մրցելիս պայքարում ենք նաեւ մրցավարի հետ…

Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ 5 մեդալով՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լեւոն Հայրապետյանը հիանալի է համարում հայ սամբիստների արդյունքը: Նա նշում է, որ աշխարհի առաջնությունում 2 չեմպիոն մեր երկիրն ունեցել էր 2010թ.:

«Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90æ-ով: Կածում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը եւս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաեւ մրցավարի հետ:

Տիգրան Կիրակոսյանն այս տարի իր մասնակցած բոլոր մրցումներում նվաճել է չեմպիոնի կոչումը: Շատ գոհ եմ նրանից, հիանալի արդյունք է: ԱԱ-ում չեմպիոն դարձած Գրիգոր Մխիթարյանը նույնպես իրեն շատ լավ է դրսեւորել ընթացիկ տարում: Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել: Սոչիում նա ավելի մեծ կամք դրսեւորեց»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Լեւոն Հայրապետյանը:

Հայկական ձյուդոյի առաջին քայլերը

Օրեր առաջ, իմ կողմից շատ հարգված՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը  նվիրեց «Ձյուդո. ուսումնական ձեռնարկ» վերնագրով գիրքը: Ընդհանուր առմամբ գիրքը հավանեցի, գրված է հետաքրքրիր ու մատչելի, սակայն մի քանի դիտարկում ցանկանում եմ կատարել ձյուդոն որպես սպորտաձեւ ԽՍՀՄ-ում եւ Հայաստանում ճանաչվելու կապակցությամբ:

1973թ. ձյուդոյի ճանաչումից հետո ԽՍՀՄ սպորտկոմիտեն ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներին հանձնարարեց ստեղծել ձյուդոյի ֆեդերացիաներ՝ համապատասխան մարզչական կադրերի կառույցով եւ անցակացնել մարզական միջոցառումներ: 1973թ. ինձ որպես հանրապետության սամբոյի պատանիների եւ երիտասարդների ավագ մարզիչ հրավիրեցին Հայաստանի սպորտկոմիտե ու հայտարարեցին, որ ես նշանակվել եմ ձյուդոյի ավագ մարզիչ եւ խնդրեցին ներկայացնել բոլոր առկա սամբիստների ցուցակը ըստ քաշային կարգերի, ովքեր կարող են պատրաստվել եւ մասնակցել ձյուդոյի մրցումներին:

Բացի մարզիկներից, պետք է  ներկայացնեի նաեւ այն մարզիչներին, որոնց հետ պետք է կազմավորեինք ձյուդոյի Հայաստանի հավաքական թիմը: Մարզչական կազմ, բացի ինձանից, մտան նաև Թելման Քոչարյանը եւ Ռոման Սարկիսովը: Ձյուդոյի հավաքական թիմում ըդգրկվեցին Գագիկ Աղամալյանը, Գագիկ Դաբաղյանը, Վարդան Մինասյանը, Վիգեն Հովհաննիսյանը, Սպարտակ Խառացիդիսը, Հովհաննես Սարգսյանը, Սմբատ Կոստանյանը, Արմեն եւ Ցոլակ Արտեմյանները, Ռաֆիկ Երանոսյանը, Հարություն Հարությունյանը, Սերգեյ Օհանյանը,Արթուր Գրիգորյանը, Արամ Գրիգորյանը եւ ուրիշներ:

Ձյուդոյի ֆեդերացիան մտավ  սամբոյի եւ կոխի ֆեդերացիայի կազմի մեջ, որի նախագահն էր ՀՊՖԿԻ ըմբշամարտի եւ բոքսի ամբիոնի վարիչ Կառլեն Աթոյանը: Ծաղկաձորում ու Երեւանում ուսումնամարզական հավաքներից հետո ձյուդոյի Հայաստանի հավաքական թիմը  Թբիլիսիում մասնակցեց «Անդրկովկասյան» խաղերին, որտեղ կիսաեզրափակչում 7-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին, իսկ եզրափակչում 6-2 հաշվով պարտություն կրեց Վրաստանի թիմից: Մրցումները թիմային էին՝ «Պատը պատին»:

Չնայած Հայաստանի սպորտկոմիտեի ղեկավարությունը համոզում էր, որ ես չհրաժարվեմ ձյուդոյի  ավագ մարզչի պաշտոնից, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձյուդոն իմ ոճը չէ եւ ձյուդոյի հավաքականում հիմնականում ընգրկված են Թելման Քոչարյանի  և Ռոբերտ Հովհաննիսյանի սաները, հրաժարվեցի ձյուդոյից եւ առաջարկեցի Հայաստանի ձյուդոյի ավագ մարզիչ նշանակել Թելման Քոչարյանին, ով էլ ի վերջո  ընդունվեց:

Սրանք են հայկական ձյուդոյի առաջին քայլերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Դավիթ Խիթարյանին՝ գրքի լույսընծայման կապակցությամբ, համոզված, որ իմ լավ բարեկամը, ում հետ ավելի քան 18 տարի աշխատում ենք Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, չի վիրավորվի այս  փոքր լրացումն անելու համար: Վստահ եմ, ձեռնարկը կխթանի Հայաստանում ձյուդո մարզաձեւի հանրահռչակման ու զարգացման գործին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյան

Ուսանողական առաջնությունը նպաստում է բազկամարտի զարգացմանն ու մասսայականացմանը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում անցկացվել է բազկամարտի հանրապետության ուսանողական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի, Հայաստանի մարզերի, Արցախի եւ Ջավախքի 360 ուսանող: «Ամեն տարի, ավանդույթի համաձայն անցկացնում ենք այս առաջնությունը ուսանողի միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին: Ուսանողական առաջնությունն անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Այս տարի առաջին անգամ առաջնությունում հանդես են գալիս նաեւ աղջիկներ»,- հայտնել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբիելյանը:

Նոյեմբերի 20-ին կկայանա բազկամարտի Հայաստանի հերթական առաջնությունը, նվիրված ազգային ֆեդերացիայի առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին: Առաջնությանը կմասնակցեն նաեւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձիք: Արսեն Գաբրիելյանի խոսքով ուսանողական առաջնությունը նպաստում է Հայաստանում բազկամատի զարգացմանն ու մասսայականացմանը.

«Շատ ուսանողներ հետագայում որոշում են գալ մեզ մոտ եւ պրոֆեսիոնալ մարզվել: Շատ հնարավոր է, որ այսօրվա մասնակիցներից ոմանք ցանկություն հայտնեն հանդես գալ հանրապետության առաջնությունում: Ուսանողական առաջնությունում չի թույլատվում մասնակցել պրոֆեսիոնալ մարզիկներին»,- ասել է ՀԲՖ-ի նախագահը: Ընթացիկ տարին հաջող էր հայկական բազկամարտի համար: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճվել է 9 մեդալ, որից 2-ը՝ ոսկե:

Հայ եւ վրացի սուսերամարտիկները մրցում են Հայաստանի բաց առաջնությունում

Այսօր մեկնարկել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում են շուրջ 90 մարզիկներ Երեւանից, Հայաստանի մարզերից ու Վրաստանից: Սուսերամարտիկները մրցում են 2 զենքաձեւում՝ խոցասուսեր եւ ճկասուսեր:

«Այս առաջնությունը լավ հնարավորություն է մեր մարզիկների համար՝ պատրաստվելու հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:

Ջավախքի մարզական կյանքից

Ջավախքցի մարզիկը Եվրոպայի երկակի չեմպիոն

Ջավախքից Նաիր Մելիքյանը 2-րդ անգամ նվաճեց Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո: Լեհաստանում անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությունում, Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էր Նաիր Մելիքյանը: Նոյեմբերի 11-ին Մելիքյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի Շինկիոկուշին կարատեի չեմպիոն: Նա Ջավախքից է, եւ սովորում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

Մինչ բաղձալի հաղթանակը Մելիքյանը 4 մենամարտ է անցկացրել: Մենամարտել է լեհաստանցի, իսպանացի, ուկրաինացի եւ ռումինացի մարզիկների հետ: Հաղթանակը նվիրում է հայ ազգին: «Աստծո կամքով հաղթեցի եւ երկրորդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ինձ համար մեծ պատիվ է, հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Ջավախքիս ու մեր հայ ազգին»,- ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նաիր Մելիքյանը: Միաժամանակ շնորհակալություն է հայտնեում իր մարզիչին ու Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահին: Նաիր Մելիքյանի անձնական մարզիչը Ատոմ Էլիզբարյանն է, իսկ Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ Արմեն Քսպոյանը:

Ախալքալաքցի մարզիկները նվաճել են 4 ոսկե մեդալ

Շինիկոկուշինկայի Հայաստանյան բաց առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկները նվաճեցին 4 ոսկե մեդալ: Հոկտեմբերի 28-ից 29-ը Երեւանում կայացավ Շինիկոկուշինկայի Հայաստանյան բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի մարզահամալիրի 13-17 տարեկան մարզիկները իրենց մարզիչ` Պողոս Չիվչյանի ղեկավարությամբ: Մարզիկները վերադարձան` 4 ոսկե, 4 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով: Մարզիչը շատ գոհ է արդյունքներից:

«Մեր մարզիկները լավ պատրաստված էին, մրցումները դժվար էին: Մեր մարզիկները առաջին անգամ չէ, որ մասնակցում են նման մրցումների, այդ մրցումները ոչ միայն օգնում են մասնագիտական զարգացմանը, այլեւ կոփում են մարզիկների ոգին եւ կամքը»- ասում է մարզիչ Պողոս Չիվչյանը:

Ախալքալաքի մարզիկները ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի կազմ

Հոկտեմբերի 23-28-ը Երեւանում անցկացված Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանն Ախալքալաքից մասնակցել են 3 մարզիկներ, ինչի արդյունքում ընդգրկվել են Հայաստանի հավաքականի կազմ: Արմեն Գրիգորյանը՝ 60 կգ քաշային կարգում միայն եզրափակիչ փուլում զիջել է Վանաձորի մարզիկին եւ գրավել առաջնության 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Արշակ Էլիզբարյանը 1/4 եզրափակչում վնասվածքի պատճառով դուրս է մնացել խաղից: Աղասի Էլիզբարյանը նույնպես կիսաեզրափակիչ փուլ հասնելուց հետո կրկին վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից եւ արժանացել է բրոնզե մեդալի։

Մարզիկների համար կարեւոր եւ ոգեւորեցնող էր այն փաստը, որ ցույց տված արդյունքների շնորհիվ նրանք ընդգրկվել են Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմ։ «Մեր ելույթը բավարար եմ գնահատում: Ցավոք Արշակն ու Աղասին վնասվածքների պատճառով չկարողացան շարունակել պայքարը, հակառակ դեպքում նրանք հաղթելու մեծ շանսեր ունեին։ Այս տարի կիսաեզրափակչում հաղթեցի Հայաստանի եռակի չեմպիոնին, ինչը չէր հաջողվել անցած տարի, ցավում եմ որ եզրափակչում մինիմալ տարբերությամբ պարտվեցի, սակայն դա մեզ համար մեծ փորձ էր։ Շնորհակալ եմ մեր մարզիչին՝ Ատոմ Էլիզբարյանին»,- մեզ հետ զրույցում ասաց մարզիկ Արմեն Գրիգորյանը։

Մաջադիա գյուղի մարզիկները «Open Tbilisi 7» մրցաշարում

Մաջադիա գյուղի կարատեի մարզիկները «Open Tbilisi» միջազգային մրցաշարից վերադարձել են 3 մեդալով: Հոկտեմբերի 15-ին Թբիլիսիի «Արենա» մարզահամալիրում տեղի ունեցավ «OPEN TBILISI» Կարատեի 7-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Մաջադիա գյուղի մարզիկները, Ախալքալաքի Սպորտ դպրոցի մարզիչ` Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ: 10 մարզիկներից 3-ը նվաճել են մրցանակային հորիզոնականներ:

Պարոնյան Մարկոս (8-9 տարեկան) -23 կգ քաշային կարգում` բրոնզ, Ալեքյան Հենրիկ (6-7 տարեկան) +23 քաշային կարգում` բրոնզ, Էվաջյան Վոլոդյա (16-17 տարեկան) +61 կգ քաշային կարգում` արծաթե մեդալ: Մաջադիա գյուղի կարատեի սեկցիան գործում է արդեն 8 տարի: Այս գյուղի մարզիկների շրջանում արդեն կան աշխարհի չեմպիոններ:

Ախալքալաքի թիմը գլխավոր մրցանակակիր

Սեպտեմբերի 23-ին ու 24-ին Տավուշի մարզում, Իջևանի մոտակայքում կայացավ Մուլտի ֆորս 2017 խորագիրը կրող միջազգային ջիփ տրոֆի սպրինտ մրցույթը, որտեղ Ախալքալաքի թիմը 1-ին պատվավոր հորիզոնականն է զբաղացրել։ «Մեր մոտից ներկայացել ենք մեկ էկիպաժով, ես եւ Արսեն Կարապետյանը, ով ղեկին էր։ Մենք մասնակցել ենք Jeep wrangler ավտոմեքենայով։ Արդեն 3-րդ տարին է ինչ մենք մասնակցում ենք, անցյալ տարի 2-րդ տեղ էինք գրավել»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի մասնակիցներից Միշա Քթոյանը։

Մուլտի ֆորս 2017 մրցույթի առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները կստանան դրամային պարգևներ, իսկ մրցարշավի ամենամեծ մրցանակը Ջիպ Վրանգլերն է։ Հայաստան 4×4 Off-Road ակումբի կազմակերպած Մուլտի Ֆորս 2017 Թրոֆի Սփրինթն այս տարի անցկացվում էր 6-րդ անգամ, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելոռուսիայի, Իրանի ու Թուրքիայի մասնակիցները։

Չնայած հաղթողներին արդեն հայտարարել են, սակայն մրցանակաբաշխությունը դեռ չի կայացել, բայց ինչպես մեզ տեղեկացրեց Միշա Քթոյանը մոտ օրերս կկայանա նաեւ մրցանակաբաշխությունը։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։