Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…

Բանակը երկրի եւ բնակչության անվտանգության ամենավստահելի երաշխիքն է, միջազգային առկա իրավիճակում՝ թերեւս միակ երաշխիքը, եւ բանակի հզորությունն ու կայունությունը օդ ու ջրի նման անհրաժեշտություն է: Բանակաշինության նորարարությունները եւ բանակի ներքին կյանքի առողջացմանն ու առաջխաղացմանն ուղղված քայլերը վստահաբար մեր արտաքին ու ներքին հակառակորդներին դուր չէին գալու: Իսկ ազգ-բանակի կամ համաժողովրդական բանակի գաղափարները, որոնք երկար տարիներ առաջարկում էր Հայ Արիական Միաբանությունը (անգամ ներքին գաղափարաբանությամբ եւ նպատակային տեսլականներով), եւ որը ստանձնեց մեր երկրի պաշտպանության նախարարությունը, իհարկե որոշակիորեն այլ իրականացմամբ, ավելի է կատաղեցրել մեր դրսի ու ներսի չկամներին…

Հիմա պարզ է, թե ինչ կլինի, եթե Հայաստանի ոստիկանությունը եւս որդեգրի այն առաջարկները, գոնե դրանց մի մասը, որը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ուղարկել է նաեւ ոստիկանական համակարգի ազգայնացմանն ու ներքին կառուցվածքային ու մարդկային զորացմանն ուղղված: Ոստիկանությունը եւսն պիտի դրվի գաղափարական հենքի վրա, որպեսզի առավել պատվով ու սիրով ծառայի երկրին ու երկրի քաղաքացուն եւ ավելի խիստ ու անհանդուրժող լինի ազգի ու պետության, ազգային ու մարդկային իրավունքների դեմ գործողների եւ օտար միջամտողների ու օտարին ծառայողների նկատմամբ…  

Իհարկե, այս ուղղությամբ՝ ազգայինի գերակայությամբ պիտի շարժվի նաեւ ազգային անվտանգության համակարգը, առհասարակ դատա-իրավական եւ ուժային այլ համակարգերը եւս, որպեսզի հայն իր երկրում գոնե իրեն պաշտպանված զգա: Սակայն, այս ամենի մասին՝ հետո:

* * *

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ստանձնելով նախարարական պաշտոնը, առաջին իսկ օրվանից անցավ բանակի ինքնամաքրման, ապաեւ՝ բարեփոխման ու զորացման գործունեությանը: Նրան սկսեցին մեղադրել դրա համար, սակայն տարօրինակն այն է, որ այդ ամենը չանելու համար էլ մեղադրում էին նախորդ նախարարներին…

Հետո սկսեցին մեղադրել ոչ արհեստավարժ զինվորական լինելու մեջ, եւ կրկին մեղադրում էին հատկապես նրանք, ովքեր ողջունում են դրսում այլ երկրների պաշտպանության զինվորական նախարարներին քաղաքացիական անձերով փոխարինելու քաղաքականությունը, հատկապես կին նախարարներով…

Ապա հայտարարություններ եղան, թե Վիգեն Սարգսյանի ծառայության մասին փաստաթղթերը ոչնչացվել են: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի ծառայության վերաբերյալ հարցում է արել եւ իբր ստացել է այնպիսի փաստաթղթեր, որոնց հիման վրա «1993թ. զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել»։

«Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են»,- ասել է պատգամավորը, ապա հիշեցրել, որ հարցումն ուղարկել էր այն բանից հետո, երբ «հրապարակային կասկածներ էին հնչել, թե 1993թ. Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»։

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավարի հարցմանը.- ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Պատգամավորին տրամադրվել են Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը: Նշվել է, որ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը (նախարարը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության), այլեւ կից փաստաթղթեր, որոնք «ցույց են տալիս, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել Վիգեն Սարգսյանը: Միաժամանակ պատգամավորին ուղղված պատասխանում ներկայացվել է, որ «Զինապարտության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ տարկետման լրանալուց հետո Վիգեն Սարգսյանը զորակոչվել է մինչեւ 3 տարի ժամկետով իսկական ծառայության»:

Իսկ թե ի՞նչը եւ ինչո՞ւ չի բավարարել Նիկոլ Փաշինյանին, դա էլ նրա իրավունքն է, ինչպես սիրում են նշել մեզանում առկա «իրավունքի ինքնուս մասնագետները»…

Իհարկե, այս հարցը երկար արծարծել չէին կարող, ինչպես վերը նշվեց, այն մի քանի փուլեր է անցել արդեն, ուստի ինչ-որ տեղում որոշեցին, որ ազգ-բանակ գաղափարի դեմ պիտի ոչ թե պատգամավորական կամ կուսակցական հակընդդեմ քայլերի դիմել (մեծ հաշվով դիմելուց օգուտ էլ չեղավ, քանի որ մեծամասնություն չհավաքվեց), այլ պետք է գնալ հանրային աղմուկ ապահովելու ճանապարհով: Ինչը թույլ կտա դրսի ուժերին՝ արդեն օրինական ձեւով խառնվել հայկական բանակի հետագա հզորացումը կանխարգելող գործընթացին…

Ազգ-բանակի դեմ հանդես եկողները միանգամից ազգադավի կերպարում տեղավորվեցին, ինչը ստիպեց փոխել մարտավարությունը եւ որպես թիրախ ընտրվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Սա հարմար էր, քանի որ բանակային ծառայությունիւց խուսափողներ հաստատ կգտնվեին… (Ի դեպ, երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց օրենքը):

Եվ ոմանք լծվեցին ուսանողությանը ոտքի հանելու գործին՝ բանակի դեմ գիտության ջատագովներին խաղացնելով: Իրականում կան ուսանողներ, որ իրոք ցանկանում են գիտությամբ զբաղվել, ինչը միայն գովելի է, բայց նրանք, որ ապագա գիտնականներ են, պիտի հասկանային, որ ոմանք փորձում են թացը չորի հետ խառնել… Ինչը մերժելի է: Նրանք պիտի սեփական տեսակետների պատասխանները բանակցային սեղանների շուրջ ստանային, ոչ թե սեփական բանակի դեմ քայլեր ու ցույցեր նախաձեռնեին:

Առավել եւս, որ նախագծի կողմնակից պաշտպանության նախարարը միանշանակ չի դիտարկում համայն ուսանողության եւ բանակում ծառայության անցնելու խնդիրը: Առաջարկվում էին տարբերակներ, որոնք քննարկվելիք թեմաներ են եւ օրենքում կարող են տեղ գտնել, եթե ընկալելի բացատրություն լինի այդ ուղղությամբ:

Օրեր շարունակ Երեւանի ուսանողները դուրս էին գալիս փողոց՝ ընդվզելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Անգամ հացադուլի անցնողներ եղան: Բուռն քննարկումների առիթ դարձած օրենքի մասին դրական կամ բացասական խոսում էին նաեւ քաղաքագետները, զինվորականներն ու կամավորականները, պաշտոնյաներն ու ուսանողները:

Վերջերս «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, դասախոս Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դասադուլ անող ուսանողներին փողոց է բերել վախը, նրանք ուղղակի վախենում են ծառայել։ Հայաստանում կա շերտ, որի համար երկրի պաշտպանությունն իր գործը չէ։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը տարիներ շարունակ կարողացել է անարդարության տարբեր գործիքներ կիրառելով՝ իրենց երեխաների համար տեղեր ապահովել մագիստրոսական, ասպիրանտական ծրագրերում՝ հենց այդկերպ օգնելով նրանց խուսափել ծառայությունից»,- նշում է Լարիսա Ալավերդյանը՝ կարեւորելով, որ այս ամենին պետք է վերջ տրվի հենց օրենքի շրջանակներում:

Քաղաքագետ Արա Պապյանը մտահոգություն ունի, որ այն խնդիրները, որոնք իր առաջ դրել է մեր երկրի իշխանությունը այս օրենքի կիրառման արդյունքում, չի կարողանալու հասնել։ Օրենքով նախատեսված արդարության վերականգնման համար կատարվող քայլերը ստեղծելու են նոր զարտուղի ճանապարհներ՝ ծառայությունից խուսափելու համար։

«Սկսված գործընթացն արդեն իսկ խթանում է արտագաղթին, որը մտահոգվելու լուրջ առիթ է։ Պատանիների ծնողները, վախենալով իրենց երեխաների ապագայի համար,արդեն նրանց տանում են երկրից»,- նշում է քաղաքագետը՝ հասկացնելով, թե բանակի հզորացումը կապվում է գլխաքանակի հետ… Այսինքն՝ բանակի հզորացումը չի կապվում նոր տեխնոլոգիաների ներմուծման հետ, այլ գլխաքանակի ավելացման, որն ինքն իրենով վտանգ է ներկայացնում:

Այսինքն, ըստ քաղաքագետի, որպեսզի բանակից փախչողները մնան Հայաստանում, նրանց չի կարելի զորակոչել… Իսկ քաղաքագետը վստա՞հ է, որ երկրի համար ծառայությունից խուսափողը, որպես գիտնական՝ հետագայում ծառայելու է իր ազգին… թե՞ իր ուզած գումարը չստանալու դեպքում նորից խոսելու է արտագաղթից… Մեր բոլորի հաշվին կրթություն ստանալով՝ պարզապես հեռանալու է իր «գիտական» շահի համար… 

Բայց մի բանում համաձայն ենք, եթե վախկոտ ուսանողին չկարողանան համարձակ զինվոր դարձնել, ապա այսօրինակ քանակը «ինքն իրենով վտանգ է ներկայացնում»՝ որպես դիրքերը լքող ուժ… Բայց վստահ ենք, որ այդ ուսանողները կդառնան համարձակ զինվորներ, եթե ոմանք չդառնան էլ, ապա այլ բնույթի ծառայության կանցնեն:

Իսկ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ օրենքը մարտահրավեր չի՛ նետում զարգացող գիտությանը, որովհետեւ ուղեղներ չի գողանում, այսպես թե այնպես փայլուն երիտասարդ գիտնականներ չկան մեր բուհերում։ Եթե ուսանողն ուզում է սովորել, անպայման կսովորի, նույնիսկ բանակում ծառայելուց հետո:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը փորձում է ոլորտում առկա խնդիրները լուծել եւ պաշտպանության ոլորտին վերաբերող օրենքների ընդունումն այդ ուղղությամբ տարվող քայլերից է: Եվ պետությունն ի դեմս պաշտպանության նախարարության, հանդես է գալիս ոչ թե պարտադրանքով, այլ առաջարկում է այլընտրանքային տարբերակներ: Ըստ ռազմական փորձագետի, սխալ շահարկվում է, որ տարկետման իրավունքը վերացվում է: Իսկ իրականում ոչինչ չի վերացվել՝ տարկետման իրավունքի ձեւն է փոխվել: «Բոլորը պետք է ծառայեն, եւ տարբերակներ են առաջարկվում»,- նշել է նա եւ հավելել, որ այնպես չէ, որ պետությունը չի մտածում կրթության ու գիտության ոլորտի զարգացման մասին, ավելին՝ պետությունը շահագրգռված է կիրթ, ուսյալ սերունդ, այդ թվում՝ զինվոր ունենալու հարցում:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը շատ խորքեր է ընկալում իր մեջ, սակայն մենք սեւեռվել ենք ուսանողների տարկետման իրավունքի վրա. զարմանում է ռազմական փորձագետը՝ նշելով, որ այս թեման ընդամենը մեկ պարբերություն է: «Բայց եթե նայում ենք, այդ օրենքը առողջացնում է պաշտպանական համակարգը, 3 օրենք միավորեցին 1 օրենքի մեջ՝ հաշվի առնելով նաեւ տասնամյակներից մնացած խնդիրները»,- ասել է Արթուր Եղիազարյանը՝ ընդգծելով, որ հավատում է արդյունքին: Ըստ նրա, հիմա պարզապես անխուսափելի է բանակի նորացումը, այն պարտադրված է ապրիլյան պատերազմից հետո, հենց որի դասն է, եւ ինչպես ասել է երկրի նախագահը՝ նաեւ բանակի նորացման 7-ամյա ծրագրի մեջ է մտնում: Իսկ այս նորացումն ուղղված է նաեւ սպասվող մարտահրավերիներին:

Այդ մարտահրավերների, միջազգային ասպարեզում փոփոխությունների, աշխարհի հնարավոր նոր վերաձեւումների մասին գրել ու գրելու է «Լուսանցք»-ը: Եվ մենք չենք կարող կողքից դիտորդ լինել, կամ, ինչպես ընդունված է, լավամարդ երեւալ հնարավորինս բոլոր կողմերի համար…

Ազգ-բանակը ծնվելու է, քանզի միայն դրանից հետո են վերածնվելու հայրենատիրության եւ ազգահավաքի բոլոր քայլերն ու հաղթանակները, հզոր պետություն, համախմբված ազգ եւ ազատ ու իմաստուն հայ մարդ վերակերտելու հեռանկարները…

Արման Դավթյան

Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…

«Ազգ-բանակ» պաշտպանական համակարգի  իրականություն չդառնալը վտանգավոր կլինի»,- ասել է հրապարակախոս Վրեժ  Առաքելյանը՝ հավելելով. «Հայեցակարգն ուշացած է 27 տարով։ Ազգ- բանակը ըստ էության պիտի 1990 օգոստոսի 24-ին հնչեր եւ սկսվեր, այս պահից պիտի սկսեր ազգ բանակ կառուցումը»,- ասել է նա։

ՊՆ-ն  այս  նախաձեռնությամբ հանդես եկավ՝ պաշտպանական, անվտանգային եւ մի շարք այլ մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ «Մենք ազգային ինքնության կորստի առաջ ենք կանգնած եւ ազգ-բանակը այդ խնդիրը պիտի լուծի՝ նաեւ արտագաղթը կանխելով»։

Ինչպես ցանկացած գաղափարի, այս դեպքում էլ, ըստ հրապարակախոսի, պիտի լուծել հանրությանը մտահոգող խնդիրները, ինչը տրամաբանական է եւ լուծելի…

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։