Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր – Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե… Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի… Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ՊՆ-ում ինքնամաքրումը շարունակվում է.- առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից…

Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր

Հայաստանը կարող է բարձր տեխնոլոգիաներով ստեղծված միջոցների արտահանող երկիր դառնալ. այս մասին պարզորոշ խոսեց երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման մեկ տարին:

Ըստ նախարարի, ազգ-բանակի ստեղծման գաղափարը հետզհետե պետք է միս ու արյուն ստանա:

Հիմա՝ ինչու՞ ենք հետահայց անդրադառնում ՊՆ Վիգեն Սարգսյանի ասուլիսին: Պատասխանը հակիրճ է՝ դասադուլների համապատկերում այն արդիական է՝ եւս մեկ անգամ ցույց տալու, որ եթե ազգ-բանակի խնդիր ենք դնում, ապա այս հարցում որեւէ զիջում ու չեզոքություն չի կարող լինել: Մանավանդ, երբ մենք պատերազմող երկիր ենք, մեր տարածաշրջանն էլ աշխարհի վայրիվերումների կիզակետում է: Մնացյալ յուրաքանչյուր հարցադրում՝ ասենք՝ իշխանավորների երեխաների ծառայության մասով, ածանցյալ է եւ լուծելիք հարց: Ուզու՞մ ենք ամեն ինչ անել, որ այդ խավն էլ ծառայի, անենք՝ պայքարելով օրենսդրական սողանցքների ու խարդախությունների դեմ: Բայց չգնալ բանակ, որովհետեւ այդ խավը չի ծառայում, համոզիչ փաստարկ չէ: Համոզիչ փաստարկ չէ նաեւ գիտությունը զինվորական գործին հակադրելը:

Միով բանիվ, կեցակարգային որեւէ անձնական կամ խմբային խնդիր չի՛ կարող գերագնահատվել ազգի գոյատեւման եւ ապագայի խնդրականի հետ:  

Գանք բուն թեմային. սպառազինությունը, բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը, արդյունավետության ավելացումը բանակի համար մշտապես կարեւորագույն հարցեր են: Սպառազինությունը փակ ոլորտ է, եւ հասկանալի է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի կարող դրա մասին մանրամասն խոսել: Սակայն, միանշանակ կարող է պնդել, որ տարին մեզ համար հաջողված է եղել սպառազինության հագեցման տեսանկյունից. «Սա փակ ոլորտ է, եւ մանրամասներ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ տարին բավական հաջող էր Զինված ուժերի սպառազինությամբ հագեցման առումով, առաջիկա ամիսներին ակտիվ շարունակելու ենք այդ աշխատանքը եւ՛ Ռուսաստանից ստացված վարկային ծրագրի շրջանակներում, եւ՛ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում»,- ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ շեշտել էր Վիգեն Սարգսյանը: Նա հավելել էր, որ 200 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարեվերջ: Ժամկետը պայմանագրով է նախատեսված: Ընթացքը բնականոն է: Այժմ, նախարարի խոսքերով, «ամենաակտիվ փուլում ենք»: Մեր երկրի ռազմաքաղաքական վիճակից ելնելով՝ սպառազինությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն ունի, հարց է ծագում. ըստ պետական բյուջեի 2018թ. նախագծի՝ Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացվելու են 27 մլրդ դրամով ընդամենը, քիչ չէ՞ արդյոք եւ ու՞ր է ուղղվելու այդ գումարը: Ի պատախան Վիգեն Սարգսյանը համառոտել է, որ ավելացումը հիմնականում ուղղվելու է զենք, զինամթերքի գնումներին։

Հաշվետու ժամանակահատվածը ինտենսիվ է եղել նաեւ ՊՆ համար ռազմադիվանագիտական կապերի ակտիվացման տեսանկյունից: Նախարարը նշել էր, որ տարվա ընթացքում կատարել է պաշտոնական այց ՌԴ, որը պաշտպանության նախարարության գծով վերջին տարիների ընթացքում առաջին այցելությունն էր, պաշտոնական այցերով եղել է Վրաստանում, Իրանում, որտեղ շատ կարեւոր խնդիրներ ունեն լուծելու կապված ԶՈՒ մատակարարման, տարանցման, փոխգործակցության հետ, ունեցել է նաեւ պաշտոնական այցեր Չինաստան, Հունաստան, Կիպրոս: Այցերի ընթացքում ստորագրվել են մի շարք առանցքային պայմանագրեր, երկկողմ փոխգործակցության ծրագրեր, որոնք Հայաստանի ռազմադիվանագիտական կապերի պարբերականությունն ապահովող կարեւորագույն գործիքներից են: «Մենք ակտիվ ենք եղել նաեւ բազմազգ ու բազմակողմ շփումների մեջ, ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ ՆԱՏՕ հետ փոխգործակցության ֆորմատում: Ունեցել ենք մասնակցություն միջազգային բանակային խաղերին»,- հայտնել էր Վիգեն Սարգսյանը:

Լրագրողներին հետաքրքրել էր, թե մասնավորապես ինչ արդյունք է տվել Չինաստան այցը՝ ասենք՝ զենքի գնման հետ կապված: «Մենք Չինաստանում չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին, բայց ունեցել ենք շատ կարեւոր հանդիպումներ ու քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության եւ փոխգործակցության ծրագրերի մասին: Հայաստանի Զինված ուժերը երկար տարիներ ունեն նաեւ Չինաստանից ներկրված որոշ զինատեսակներ, որոնք ցուցադրվել են մեր զորահանդեսների ժամանակ: Բազմիցս ասել եմ՝ մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»: Համապատկերում նախարարը հավելել էր, թե նախընտրում է զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: «Իսկ դրա առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից կամ այնտեղից ձեռք բերելու մասին խոսակցություններն անօգուտ են, անիմաստ, առաջին հերթին, որովհետեւ դա դժվարացնում է բոլոր նման գործընթացները, երկրորդ՝ դա քո հեռանկարային ծրագրի բացահայտումն է, որը նաեւ հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել»:

Տարին հագեցած էր ոչ միայն միջոցառումներով, այցերով, այլեւ՝ նոր ծրագրերի մշակմամբ եւ Զինված ուժերում դրանց ներդրմամբ: Նախարարը այս առումով հատկապես կարեւորել էր «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք երիտասարդների համար ավելի գրավիչ կդարձնեն ԶՈՒ-ում ծառայելը, ինչպես նաեւ «Ազգ-բանակ» հայեցակարգի ներդրումը:

Կարող ենք արձանագրել, որ մեր երկիրը լուրջ հաջողությունների է հասել ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու ուղղությամբ: Տեղեկացնենք, որ մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով եւ, ինչպես հավաստել է բանախոսը, շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ: Ի դեպ, պաշտպանության նախարարը իրատեսական է համարել այն գաղափարի կյանքի կոչումը, որ ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դարձնել երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը շատ հավակնոտ է: Որոշ ժամանակ առաջ կայացել էր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման խորհրդի նիստ ՀՀ վարչապետի նախագահությամբ: Հավակնոտ այդ ծրագիրը միայն որոշակի

ֆինանսավորման կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ աշխատանք կատարել: «Այն ուղղությունները, որոնցով այսօր մեր հետազոտական թիմերն աշխատում են, իրոք, առաջնային են, մեծ կարեւորություն ունեն Զինված ուժերի համար: Վստահ եմ, որ գործնական իրագործում են ունենալու առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում, որովհետեւ ունենք դրա նախադեպերը: Իրոք, ունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ, վստահ եմ, որ առաջիկայում դրանք շատանալու են»,- ասել էր նախարարը: Նա միաժամանակ ընդգծել էր, թե կան բաներ, որոնք այնքան առաջադեմ են, նորարարական, որ մեծ հետաքրքրություն են առաջացնելու միջազգային շուկաներում:

Ի դեպ, այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք Հայաստանում մշակված եւ արտադրված միջոցներ: Դրանք չափազանց կարեւոր են մարտական արդյունավետ հերթապահության տեսանկյունից: Դրանք այնպիսի միջոցներ են, որոնք ոչ միայն գնային առումով առավելություն են տալիս այստեղ արտադրված լինելու տեսակետից, այլ նաեւ շուկայում չունեն իրենց անալոգները: Նախարարը պարզաբանել է, որ «դա նաեւ առաջին քայլն է դեպի մեր հիմնական նպատակ՝ ռազմական արդյունաբերությունը մեր տնտեսության կարեւորագույն շարժիչներից մեկի վերածելու գաղափարը՝ արտահանում կոնցեպտի վրա ուշադրության դարձնելով»: Ու երկրորդելով կարծիք էր հայտնել, որ այդ տիպի մշակումներով շատ արագ հնարավորություն կունենանք միջազգային շուկաներում հետաքրքիր դառնալու որպես ոչ միայն զենք, զինամթերք ներկրող երկիր, այլ նաեւ բարձր տեխնոլոգիաներով մշակված ու ստեղծված միջոցների արտահանող երկիր: Իսկ սա, հասկանալի է, որ կարեւոր է թե՛ գիտական ներուժի լիարժեք օգտագործման, թե՛ ռազմարդյունաբերության զարգացման համար առհասարակ:

Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե…

Ինչքան կարեւոր է բանակը մեր երկրի համար, նույնքան էլ կարեւոր են բանակը կազմավորող բոլոր կառույցներն ու օղակները, անգամ՝ բանակի հետ ինչ-որ կապով աշխատող անձինք կամ կազմակերպությունները: Եվ այս շղթայում որեւէ սայթաքում՝ մանավանդ դիտավորյալ, չպետք է ներվի:

«Բանակին մատակարարող գործարարը պետք է վստահ լինի, որ ինքը  արդար եւ հավասար դաշտում է գործում, մենք պետք է վստահ լինենք, որ իր մատակարարած ապրանքը լիարժեքորեն համապատասխանում է հայտարարագրված չափորոշիչներին: Այն փաստաթղթերը, որոնք ներկայացնում են մատակարարվող ապրանքի հետ, պետք է լինեն գերճշգրիտ, այսինքն որեւէ կեղծիք այդտեղ չի ներվելու, հետեւողական ենք լինելու այդ հարցում: Մեզ մատակարարվող ապրանքը պետք է լինի շուկայականից  ցածր գնով, որովհետեւ մենք մեծ գնորդ ենք եւ ունենք այդ իրավունքը: Մենք միաժամանակ պետք է վստահ լինենք, որ որակ-գին հարաբերակցության մեջ մեր Զինված ուժերը, զինվորը չի տուժում, ստանում է որակյալ, լավ ապրանք եւ ստանում է ժամանակին»,-ասուլիսում նկատել էր պաշտպանության նախարարը:

Ի դեպ, ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկել էր, որ հայտարարված ազգ-բանակ հայեցակարգի շրջանակներում պետք է գնումներ կատարվեն հայկական արտադրողներից: Առաջարկվում էր «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ն իրականացվեն ՀՀ-ում գործող արտադրողներից: ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշվեց նաեւ, որ յուրաքանչյուր տարի այդ գնումների ծավալները պիտի ավելանան, ինչին պետք է հետեւի նաեւ խորհրդարանը: «Ելքի» առաջարկը քվեարկությամբ մերժվեց:

Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նման ամրագրումն օրենքում նպատակահարմար չէ, սակայն ԶՈՒ-ն գերազանցապես գնում է կատարում տեղական արտադրողից՝ բացի սպառազինությունից: Ըստ նրա՝ սպառազինության դեպքում, որը ՊՆ-ի գնումների գերակշիռ մասն է, առաջնորդվում են գին-որակ հարաբերակցության սկզբունքով, սակայն դա չի նշանակում, որ հետաքրքրված չեն տեղական ռազմական արդյունաբերության զարգացմամբ: Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենց գնումները տեղական արտադրողներից անգամներով աճելու են, բայց օրենքով սահմանափակում նշանակելը ճիշտ չէ. «Մենք հայ արտադրողների հետ աշխատում ենք՝ որպես գործընկերներ»: Նախարարը նկատեց, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները թույլ են տալիս ՊՆ-ին պարբերաբար հարցում անել, թե ինչ զարգացում կա տեղական արտադրողից ձեռք բերելու դինամիկայում եւ վստահեցրեց, որ այդ դինամիկան շատ լավն է:

Նախարարը նաեւ հավաստել է, որ այս տարվա ընթացքում կտրուկ նվազեցվել է բանակին թերմատակարարումների արատավոր երեւույթը, երբ ընկերությունը, շահելով մրցույթը, ամիսներ շարունակ  ուշացնում էր ապրանքի մատակարարումը: Վիգեն Սարգսյանը չի հերքել, որ որոշ դեպքերում ուշացումները օբյեկտիվ են լինում: «Այդ պարագայում փորձում ենք ընդառաջել՝ հասկանալով, որ կարող է լինել ճանապարհի խնդիր,- ասել է նա,- իսկ  սուբյեկտիվ դեպքերում միանշանակ գնում ենք այդ դեպքերի հետեւից, խզում ենք պայմանագրերը, որոնք ծանր հետեւանքներ են ունենում մատակարարի համար թե տույժ, տուգանքների, թե հետագայում  պետական գնումներին մասնակցության տեսակետից: Շարունակելու ենք այս քաղաքականությունը, հասնելու ենք նրան, որ բանակի հետ պայմանագիր կնքող գործարարը զգալու է եւ պատասախանատվություն, եւ պատիվ Զինված ուժերի մատակարար լինելու այդ կարեւոր կարգավիճակին»:

Համակարգում մեկ այլ փոփոխություն էլ է արվել. գրեթե զրոյի են հասցվել կանխավճարները բոլոր այն ոլորտներում, որտեղ կանխավճարը հիմնավոր չէ, որոշ բացառություններով՝ զենքի զինամթերքի վերանորոգման, որոշ տեսակի սպառազինությունների մատակարարման, երբ կանխավճարը պարտադիր պայման է: «Բայց հաստատ է,- վստահեցրել է նախարարը,- հասնելու ենք նրան, որ կանխավճարների դաշտը  բոլորի համար լինելու է հստակ, եթե որեւէ ապրանքատեսակ նախատեսում է կանխավճար, ապա այդ կանխավճարը ներառված է լինելու գնման հայտարարության մեջ,  ոչ թե տրվելու է հաղթած ընկերությանը զարտուղի ճանապարհով: Իսկ սա կարեւոր սկզբունք է թափանցիկության ապահովման տեսակետից»:

Մյուս փոփոխությունն այն է, որ պաշտպանության նախարարը պատրաստվում է առաջ տանել այն միտքը, որ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցնել ցանկացող ամեն մարդ իր հայտարարագրում պետք է ներկայացնի եւ՛ իր եւ՛ իր հետ փոխկապակցված անձանց զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվություն: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ինքն այդ քայլին գնալու է, որովհետեւ դա մեր հանրության համար գերզգայուն թեմա է եւ սոցիալական արդարության, հավասարության ու ԶՈՒ-ի նկատմամբ վստահության կարեւոր ցուցիչ է: Նախարարը կարծում է, որ առաջին փուլում դա բավարար է լինելու հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ այս խնդրի վրա սեւեռելու համար, ինչը կնպաստի գաղափարի կենսունակությանն ու արդյունավետությանը: «Հայտարարագրումն անմիջական գործընթաց չէ, այն հենց հաջորդ օրը արդյունք չի տալիս, սակայն տարիների ընթացքում ձեւավորվում է որոշակի վարվելակերպ: Ես համոզված եմ, որ սա կարեւոր ծրագիր է եւ ներդրման դեպքում ունենալու է դրական ազդեցություն»,- հայտնել է Վիգեն Սարգսյանը:

Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի

Ընդհանրապես սոցիալական պաշտպանվածության խնդիրը կարեւոր է Զինված ուժերի մարտունակությունը բարձրամակարդակ պահելու համար: ՊՆ-ի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ սոցիալական խնդիրների փաթեթը:

«Պաշտպանության նախարարության յուրահատկությունն այն է, որ մենք ունենք ինչպես այսօր ծառայության մեջ գտնվող սպաներ, ում սոցիալական պաշտպանվածության խնդիրը գերկարեւոր է Զինված ուժերի մարտունակությունը բարձր մակարդակում պահպանելու համար, այնպես էլ ունենք զոհված զինծառայողների ընտանիքներ, հաշմանդամություն ստացած  զինծառայողներ, որոնց հիմնահարցերը չեն կարող դուրս մնալ մեր ուշադրության կենտրոնից»,-ասել է պաշտպանության նախարարը:

Համապատկերում նախարարը մի քանի կարեւոր ձեռքբերում է առանձնացրել՝ նախ խոսելով  զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների աջակցության հիմնադրամի («1000 դրամներ» անունը ստացած) ստեղծումից. «Կարծում եմ՝ այս տարվա ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը, այն սկզբունքները, որոնք դնում էինք օրենքի հիմքում, լիարժեք հնարավոր է կյանքի կոչել: Խոսքս վերաբերում է թափանցիկությանը, հաշվետվողականությանը»: Ապա, իբրեւ հաջորդ կարեւոր քայլ, առանձնացրել է զինծառայողների անօթեւան ընտանիքների, առաջին կարգի զինհաշմանդամների, բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: «Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ կուտակել ենք  մարդկանց ցուցակ, որոնց վերաբերյալ պարտավոր ենք նման որոշումներ կայացել, բայց չենք հատկացրել համապատասխան միջոցներ: Այս տարի ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի: Կարծում եմ՝ վաղը կամ մյուս օրը Երեւանի զոհված զինծառայողների անօթան ընտանիքների ներկայացուցիչները կստանան այն վկայականները, որոնցով մոտակա մեկ-մեկուկես տարվա ընթացքում նոր կառուցվող շենքերում կստանան բնակարաններ: Մարզերում ծրագիրն իրականացնելու ենք բնակարանային հավաստագրերի միջոցով»,- նշել է նախարարը:

Կարեւոր քայլ է եղել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը  գերժամանակակից վերականգնողական կենտրոնի կառուցման վերաբերյալ:

Նախարարն անկեղծ խոսել է նաեւ տարկետման իրավունքի տրամադրման նոր հայեցակարգից: Նա նշել է, որ այժմ զորակոչում են 18 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր սովորում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում, եթե, իհարկե, չունեն տարկետման իրավունք, եւ որ տարեկան բուհ է ընդունվում 5-6 հազար արական սեռի ուսանող, որոնցից տարկետման իրավունք է ստանում  մոտ 700-800-ը: Իսկ տարկետման հիմնավորումն այն է, որ անընդհատ կրթությունն ավելի լավն է, քան ընդհատվածը, ընդհատվածն անորակ է: «Ստացվում է,- ասել է Վիգեն Սարգսյանը,- որ մենք ավելի ցածր նիշով ընդունված մարդուն կրկնակի ավելի բարդ վիճակի մեջ ենք դնում, որովհետեւ զորակոչում ենք՝ ընդհատելով իր կրթական ցիկլը: Պետք է վատ թիվ հնչեցնեմ՝ 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում մոտ 16-17%-ը: Դա նշանակում է, որ առաջին ակադեմիական տարկետումը հիմք է հետագա բոլոր  տարկետումների համար եւ արդյունքում՝ բանակում չծառայելու համար»: Ինչեւէ, նախարարը քննադատել է ծառայությունից տարկետում ստանալը։ Նրա խոսքով՝ միշտ չէ, որ դրանք հիմնավորված են, եւ անհրաժեշտ է խստորեն պատժել նման խախտումների համար։ Իսկ նոր հայեցակարգը կգա շատ բան փոխելու:

Նկատենք, որ 2 օր առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ փակ հանդիպումից հետո հացադուլ հայտարարած ուսանողները դադարեցրին հացադուլը:

Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  պատասխանել էր իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ հարցին:

Փակագծերում հիշեցնենք, որ ամերիկյան Foreign Policy պարբերականն անդրադարձել էր իսրայելական մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց Իսրայելի պաշտպանական գերատեսչությունն արգելափակել է Orbitier անօդաչու սարքերի ենթադրյալ մատակարարումը Ադրբեջան։ Foreign Policy-ն հիշատակել է օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» թերթում հրապարակված այն տեղեկությանը, որ Թել Ավիվում գտնվող Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցները մեկնել են Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, որի ժամանակ նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ: Անօդաչու թռչող սարքի 2 իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին։

«Արտահանման վերահսկողությունը ցանկացած երկրի կարեւորագույն պարտավորություններից է,- հարցին ի պատասխան նկատել է Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով,- իմանալով Իսրայել պետության հետեւողականությունը նման հարցերում, ուզում եմ հույս հայտնել, որ այդ քննությունը լիարժեք ավարտին կհասցվի, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»:

Նկատենք, որ գուցե հենց այս՝ քննության լիարժեք ավարտն էլ շատ բան կանխորոշի. այն է՝ հայ-իսրայելական գործընկերային իրական վստահություն, հարաբերությունների իրական առաջխաղացում…

Արմենուհի Մելքոնյան

* * *

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։ Մասնավորապես՝ զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով նրանց օգտին որոշում կայացնելու, գործընթացն արագ կազմակերպելու համար կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել մի շարք անձանց եւ ՊՆ իրավասու պաշտոնատար անձի միջեւ։

Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ եւ հատկացված գումարները նրանց կողմից լիազորված անձանց անվամբ բանկերում բացված հաշվեհամարներին փոխանցելուց հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին։

Նախաքննությամբ բացահայտվել է նման 5 գործարք, պարզվել կաշառքի փոխանցման եղանակը, որոնք եղել են տարբեր. մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 1-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական անփութության համար։

Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, հանցավոր հնարավոր այլ դրսեւորումները բացահայտելու, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։