Հայկական խոհանոց – Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից… Բացվեց Երեւանյան գրքի 1-ին փառատոնը, այլ մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները… Սամվել Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ (իսկ 1973-75թթ. ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատ»-ը Հայաստանում լուրջ աջակցության կարիք ունի)… Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում… Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Ֆուտբոլային, շախմատային, բռնցքամարտի եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» հայ ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից

Բաղադրությունը - Խաշած կտրտած միս – 0.5 կգ, նեխուր – 2 կապ, սխտոր – 2 գլուխ, սոխ – 3 գլուխ, կարմիր կծու չիլի – 1 հատ, կարմիր կծու ծիծակ – 2-3 հատ, բուսայուղ – 100 գ, համեմունքներ՝ անիսոն կամ քիմիոն, խաշած հատիկ լոբի – 3 բաժակ, եգիպտացորեն – 200 գ, աղացած լոլիկ – 5 հատ, աղ եւ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել, լցնել կտրտած ծիծակները, այնուհետեւ լցնել սխտորը, ապա հերթականությամբ լցնել միսը, լոբին, եգիպտացորենը, լոլիկը, չիլին, համեմունքները: Խառնել, լցնել 1 բաժակ արգանակ՝ լոբու կամ մսի:

Եփել 15 րոպե, նեխուրը կտրատել, լցնել վրան եւ եփել եւս 10 րոպե:

Բացվեց Երեւանյան գրքի առաջին փառատոնը

Նոյեմբերի 24-ին բացվեց Երեւանյան գրքի առաջին փառատոնը, որին ներկա էին հրատարակիչները, գրքամոլները, գրողներն ու թարգմանիչները։

«Ողջունելի է, ոչ միայն Երեւանյան գրքի այս փառատոնը, որը մշակույթի նախարարության առաջին նման նախաձեռնությունն է, այլ ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է գրքին եւ նպաստում է ընթերցանության զարգացմանը»,- ասաց «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Արամ Խաչատրյանի փառատոնում ելույթ է ունեցել Օտրի տրիոն

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոն։ Հայաստանի երիտասարդական նվագախմբի փոխանցմամբ՝ բացառիկ կազմով տրիոն՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արեւիկ Կոսյան (ալտ) կազմով, ունկնդրին ներկայացրել է բոլորովին նոր համերգային ծրագիր։ Հանդիսատեսը հայկական միջնադարյան եկեղեցիների որմնանկարների ներքո ունկնդրել է Յոզեֆ Հայդնի, Էմիլ Վալդտեյֆելի, Յան վան Գիլսի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից։
Աղբյուր նշում է, որ Օտրի տրիոյի աղջիկներն առաջիկայում եւս խոստանում են հետաքրքիր ծրագրեր. խոստովանում են, որ շատ են ցանկանում իրենց կազմով կատարել ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի գործերից, ներկայացնել սիմֆոջազի ճանաչված այս հեղինակի կողմից իմպրովիզացիոն ջազի եւ եվրոպական երաժշտության դասական տարրերի զուգորդումները։
Օտրի տրիոյի ստեղծագործական գործունեության մաս է կազմում նաեւ լուսավորչական-կրթական աշխատանքը։ Երաժիշտները Երեւանում եւ մարզերում ինտերակտիվ համերգներ են կազմակերպում երեխաների, դպրոցականների համար։ Հետաքրքիր դաս-համերգների ընթացքում նրանք պատանի հանդիսատեսին ծանոթացնում են երաժշտական գործիքների, կոմպոզիտորների, դասական արվեստի շատ նրբությունների հետ՝ այդպիսով երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելով դեպի բարձր արժեքները։
Այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Կարդալ նաեւ հարակից հրապարակումները`

Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը

Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին

Խաչատրյանի փառատոնի շրջանակներում հանդես է գալու կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Խիմիկ-2»-ի հետ, որից առաջինում հաղթել է խոշոր՝ 11:2 հաշվով, երկրորդում անակնկալ պարտություն է կրել՝ 4:5:  

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ քսաներկու խաղից հետո «Արարատ»-ը 39 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:

Հաջորդ հանդիպումներն մեր ակումբը կանցկացնի տանը Լիտվայի «Էներգիա»-ի (Էլեկտրենայ) հետ նոյեմբերի 23-ին եւ 24-ին:

Սամվել Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ

«Տաշիր» ընկերության հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի փոխնախագահի պաշտոնը ստանձնել է Երեւանի «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը: Թիմի սպորտային տնօրեն է նշանակվել Արտյոմ Խաչատուրյանը: Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Զվեզդինը: Թիմի ավագ մարզիչը կլինի Մաքսիմ Բուկատկինը: Նրանց կօգնեն մարզիչ-վերլուծաբան Դմիտրի Բեզնյակը եւ դարպասապահների մարզիչ Եվգենի Կոստենկոն:

Նշենք, որ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2017թ.գարնանը: Թիմը հաղթահարելով Ռուսաստանի սիրողական առաջնության արգելքը, ընդգրկվել է 2-րդ լիգայի «Կենտրոն» գոտում: Վերջինիս ընթացիկ առաջնությունում արդեն կայացած 17 փուլից հետո «Արարատ»-ը 45 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Հուսով եմ՝ Դանիային եւս կհաղթենք, որտեղ մեզ կօգնեն նաեւ երկրպագուները»…

Բասկետբոլի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Ալբերտ Թադևոսյանը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ հաղթական խաղից հետո հայ բասկետբոլիստը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել եւ հույս ունեմ, որ հետագա խաղերում ևս հաղթելու ենք:

Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, չնայած ընդամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել: Սակայն, հավաքականների դեպքում դա նորմալ է:

Այս հանդիպումից ընդամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին եւ պետք է կարողանանք հաղթանակ տոնել  նաեւ այդ խաղում: Կարծում եմ՝ Երեւանում տեղի ունեցող Դանիայի դեմ խաղում, կօգնեն նաև մեր երկրպագուները, որոնք մեզ կաջակցեն մարզադահլիճում»,- ասել է Ալբերտ Թադևոսյանը:

Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին, ժամը 19:00ին, ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (Միկա):

Ստացել է 4-րդ «Ոսկե խաղակոշիկ»-ը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նվաճել է «Ոսկե-խաղակոշիկ-2017»-ը։ Sports.ru-ն գրում է, որ fուտբոլիստն այն վաստակել է 2016/17 մրցաշրջանում հավաքած 74 միավորի համար։ «Ոսկե-խաղակոշիկ»-ը Լիոնել Մեսսիի արդեն 4-րդ անգամն է ստանում։ Նույնքան անգամ պատվավոր մրցանակին արժանացել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

Մրցանակը շնորհվում է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուին:

Նշենք, որ Աննա Մուզիչուկն այս տարի Իրանում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ եզրափակիչում միայն թայ-բրեյքում պարտվելով չինուհի Տան Չժունին:

Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կպայքարեն ՈՒԵՖԱ-ի 2017թ. խորհրդանշական հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Մեր ֆուտբոլիստից բացի, կիսապաշտպանության գծի խաղացողների ցուցակում ընդգրկվել է եւս 13 հոգի: Նրանք են Էդեն Ազարը («Չելսի»), Դելե Ալին, Կրիստիան Էրիկսենը (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Մարկո Ասենսիոն, Կարլոս Կազեմիրոն, Տոնի Կրոոսը, Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգեսը («Աթլետիկո»), Միրալեմ Պյանիչը («Յուվենթուս»), Ֆաբիանոն  («Մոնակո»), Կեւին Դե Բրյույնեն («Մանչեսթեր Սիթի»):

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի 2017թ. խորհրդանշական հավաքականը կկազմվի ֆուտբոլասերների տված ձայների օգնությամբ:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործող ազգային ռմբարկու

Անգլիայում ֆուտբոլի հետ կապված ոչ մի մանրուք բաց չեն թողնում: Մասնավորապես, տեղի վիճակագիրները հոկտեմբերին հայտնաբերել են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայիս եւ նախկին 6 ֆուտբոլիստ համարվում է իր երկրի ազգային թիմի լավագույն ռմբարկու:

Նախ խոսքը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին ու Զլատան Իբրահիմովիչին, որոնք այժմ հանդես են գալիս անգլիական այդ ակումբում: Վերջինս 62 գնդակով համարվում է Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, սակայն արդեն ավարտել է ելույթները ազգային թիմում:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 23 գոլի հեղինակ, որը նույնպես ռեկորդային է: Ավելին, ըստ անգլիացի վիճակագիրների, հայ ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում կատարել է բոլորից շատ արդյունավետ փոխանցում՝ 15:

Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին 4 ֆուտբոլիստներ նույնպես իրենց հավաքականների լավագույն ռմբարկուներ են: Նրանք են Ուեյն Ռունին (Անգլիա, 53 գոլ), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 79 գոլ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա, 28 գոլ) եւ Խավիեր Էրնանդեսը (Մեքսիկա, 49 գոլ):

Հենրիխ Մխիթարյանին նոր փորձություն է սպասվում «Մանչեսթեր Յունայթեդո»-ում

Անգլիական լրատվամիջոցները շարունակում են քննարկել այն հարցը, թե Հենրիխ Մխիթարյանը ինչո՞ւ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում «Նյուքասլ»-ի հետ տնային խաղում:

Մանչեսթրցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այդ կապակցությամբ ասել է, որ ինքը «տակտիկական նկատառումներով» է թիմի կազմից դուրս թողել հայազգի ֆուտբոլիստին: Սակայն ակումբին մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ դա հիմնականում կապված է Հենրիխ Մխիթարյանի ներկայիս մարզավիճակի հետ:

«Մխիթարյանի մոտ դեռեւս խնդիրներ կան: Նա ամեն ինչ անում է իր կարիերան Մանչեսթերում փրկելու համար: Սակայն, վերջին ժամանակներին նրա մոտ գերհոգնածություն է նկատվում: Հնարավոր է, որ նրան սիստեմատիկ հանգիստ տրվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Բացի այդ, ուժեղացել է մրցակցություն թիմի ներսում, քանի որ շարք են վերադարձել վնասվածք ստացած Պոլ Պոգբան ու Մարուան Ֆելաինին», – The Sun թերթով հայտնել է ակումբի ներկայացուցիչներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Լրատվամիջոցը վերջում հիշեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ: Հուսանք, որ մեր ֆուտբոլիստը կհաղթահարի անծանոթի կողմից հիշատակված խնդիրները ու կավելացնի եւ խաղերի, եւ գոլերի քանակը Պրեմիեր լիգայում:

Հայ ֆուտբոլասերները չեն վստահում Ժոզե Մոուրինյոյին.- ամփոփում

«Ա1+»-ի կողմից անցկացված հարցման արդյունքներով հայ ֆուտբոլասերները Հենրիխ Մխիթարյանի վերջին ժամանակներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չընդգրկվելու փաստը բացատրում են մարզչի գործոնով: Այդպիսի կարծիք են հայտնել քվեարկողների 21%-ը: Նրանք համոզված են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այժմ այնքան էլ չի վստահում Հենրիխ Մխիթարյանին:

Հավասար քանակությամբ ֆուտբոլասերներ համարում են, որ մեր ֆուտբոլիստը հիմնական կազմից դուրս է մնում վատ մարզավիճակի պատճառով, որն անհանգստանալու տեղիք է տալիս, կամ էլ չի դիմանում ներքին թիմային մրցակցությանը, որը վերջերս բավականին սրվել է, քանի որ վնասվածքից հետո շարք են վերադարձել կիսապաշտպաններ Պոլ Պոգբան, Մարուան Ֆելաինին եւ Խուան Մատան:

Ձեզ ենք ներկայացնում հարցման ամբողջական արդյունքները.

Հարցում. Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չի խաղում Հենրիխ Մխիթարյանը.

Պատասխաններ.

  1. Մարզչի անվստահություն՝ 21%

2-3. Վատ մարզավիճակ, պետք է անհանգստանալ՝ 18%

2-3. Թիմային ներքին մրցակցություն՝ 18%

4-5. Հոգեբանական գործոն՝ 12%

4-5. Խաղաոճի անհամապատասխանություն (Մխիթարյանի ոճը չի համապատասխանում իր թիմի խաղաոճին)՝ 12%

  1. Վատ մարզավիճակ, անհանգստանալ պետք չէ՝ 9%
  2. Այլ պատճառներ՝ 8%
  3. Նախկին վնասվածքներ (նա պետք է շատ աշխատի, որ վերականգնի իր տեղը թիմի մեկնարկային կազմում)՝ 2

Նշենք, որ  հնչել եւ հնչում են մեկնաբանություններ, որ անգլիական ակումբը ցանկանում է նոր խաղացող հրավիրել Հենրիխ Մխիթարյանի դիրքում: Սակայն պետք է նշենք, որ մեր ֆուտբոլիստը 2016թ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Դա նշանակում է, որ անգլիական ակումբը կամ պետք է հարմար գնով վաճառի հայազգի ֆուտբոլիստին, կամ էլ ֆինանսական մեծ վնասներ կրի պայմանագիրը չեղարկելու համար:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 2 խաղերը, այսօր մասնակցեց Անգլիայի առաջնության 13-րդ փուլի հանդիպմանը: Մանչեսթրցիները սեփական դաշտում ընդունեցին Պրեմիեր լիգայի նորեկ «Բրայթոն»-ին, որը առայժմ վատ չի հանդես գալիս ուժեղագույնների մեջ եւ 16 միավորով զբաղեցնում է պատվավոր 9-րդ տեղը: Լարված պայքարում ընթացած խաղն ի վերջո ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նվազագույն հաղթանակով՝ 1:0, ընդ որում 66-րդ րոպեին հյուրերի պաշտպան Լյուիս Դանկը գրավեց սեփական դարպասը:

Հներիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին, իսկ խաղի 71-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը փոխարինեց Մարսյալին:

 «Ալաշկերտ»-ը թերի կազմով հաղթեց «Փյունիկ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլի մեկնարկային խաղում Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Փյունիկ»-ին: Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց հարձակվող Միհրան Մանասյանը: Տատնտերերը խաղն ավարտեցին 10 հոգով, քանի որ 61-րդ րոպեին դաշտից հեռացվեց կիսապաշտպան Խորեն Վերանյանը:

«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ էլ ավելի ամրապնվեց առաջին հորիզոնականում: Այժմ ալաշկերտցիները 10 միավորով են գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ին, որը նոյեմբերի 26-ին կհյուրընկալվի «Բանանց»-ին:

«Արարատը»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլի հերթական խաղում Երեւանի «Արարատ-ը» Գյումրիում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակ»-ին: Միակ գոլը խաղավերջում մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին հեռահար հարվածով խփեց արարատցի Անդրանիկ Քոչարյանը:

Այդպիսով, «Արարատ»-ը 11 անհաջող հանդիպումներից հետո վերջապես կարողացավ առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ: Թիմը տարավ 2-րդ հաղթանակը առաջնությունում: Չնայած դրան, արարատցիները 9 միավորով շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով ետ մնալով «Փյունիկ»-ից: «Շիրակ»-ը կրեց իր 5-րդ պարտությունը ընթացիկ մրցաշարում եւ առանց հաղթանակների խաղերի շարքը հասցրեց 9-ի: Շիրակցիները 19 միավորով մնացին 3-րդ հորիզոնականում:

Այս փուլը կավարտվի վաղը կայանալիք «Բանանց»-«Գանձասար-Կապան» հանդիպումով: Երեւանցիներն այժմ 18 միավորով ընթանում են 4-րդ հորիզոնականում, իսկ կապանցիները 20-ով զբաղեցնում են 2-րդ տեղը:

«Բանանց»-ը եւ «Գանձասար-Կապան»-ը ոչ-ոքի խաղացին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլի վերջին խաղում Երեւանի «Բանանց»-ն իր հարկի տակ ընդունեց կապանցիներին: Խաղի հաշիվը առաջին խաղակեսում բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը: Ընդմիջումից հետո, 66-րդ րոպեին, տանտերերի սերբ հարձակվող Նենադ Ինյացը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:

«Գանձասար-Կապան»-ը վաստակեց 21 միավոր եւ պահպանեց իր դիրքը 2-րդ հորիզոնականում: «Բանանց»-ը վաստակած միավորներով (19) հավասարվեց «Շիրակ»-ին եւ լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 3-րդ տեղ: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ալաշկերտ»-ը, որն ունի 30 միավոր:

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց 8-րդ փուլում

Լեւոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշեւսկու հետ: Մնացած ութ հանդիպումները շարունակվում են: Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ պահպանեց 1-ին տեղը: Վաղը կկայանան վերջին՝ 9-րդ փուլի խաղերը:

Շախմատի Մ 20 ԱԱ. Մանուէլ Պետրոսյանը հավակնում է մեդալի

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչեւ 20  տարեկանների աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ Մանուէլ Պետրոսյանը 7.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը (7-րդը՝ լրացուցիչ ցուցանիշներով):

Հայկ Մարտիրոսյանը 6,5 միավորով 19-րդ հորիզոնականում է, Տիգրան  Հարությունյանը՝ 62-րդ (5,5): Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 4,5 միավորով 52-րդն է: Այսօր կխաղացվեն վերջին՝ 11-րդ փուլի խաղերը:

Սկանդալ կանանց շախմատում

Կանանց արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Աննա Մուզիչուկը հայտարարել է, որ չի մասնակցելու աշխարհի հերթական առաջնություններին:

«Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ արագ եւ կայծակնային շապմատի առաջնությունները կայանալու են տարվա վերջում, Սաուդյան Արաբիայում: Սկզբից Իրան, այժմ էլ ՝ Սաուդյան Արաբիա: Չնայած ռեկորդային դրամական հիմնադրամին, ես չեն պատրաստվում հանդես գալ Էլ Ռիադում, թեեւ կորցնում եմ երկու տիտղոսներս: Ի՞նչ է, նորից վտանգի ենթարկեմ կյանքս ու գլխաշոր կրեմ: Ամեն ինչ սահման ունի, Իրանում ես արդեն շատ եմ գլխաշոր կրել: բավական է»,- սոցցանցի իր անձնական էջում գրել է ուկրաինացի շախմատիստուհին:

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Նոյեմբերի 24-ին,իսպանական Վալենսիա քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկո, որին մասնակցել են նաeu հայ բռնցքամարտիկները: Գոռ Երիցյանն ու Արամ Ավագյանն իրենց մենամարտերն ավարտել են ժամանակից շուտ,իսկ Նարեկ Աբգարյանը բոլոր 8 ռաունդներում առավելություն ունենալով` հաղթել է  մրցավարների միաձայն որոշմամբ: Վալենսիայում հայ բռնցքամարտիկների մարտավկան էր բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, իսկ մարզիկներին Իսպանիա էր ուղեկցել ՀԲՖ նախագահ Արթուր Գeuորգյանը։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։