Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

Սկիզբը՝ թիվ 41-ում

http://www.hayary.org/wph/?p=6639Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Նախորդիվ խոսելով մեր բնակֆոնդի վիճակից՝ ասել էինք, որ դրա գերակշիռ մասի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա: Ու որ դա միանշանակ պետք է արվի, հաստատ է, քանզի, աստված մի արասցե, աղետի դեպքում, հետեւանքների վերացումն ավելի թանկ է արժենալու, քան եթե հիմա կանխարգելենք: Բացի այդ՝ կա գերագույն արժեք՝ մարդը, որ ամենաթանկ կապիտալն է:

Այնուամենայնիվ, հասկանանք, թե ինչ ձեւով ենք բարձրացնելու մեր բնակֆոնդի սեյսմակայունությունը, ինչ միջոցներ ենք ընտրելու՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում: Կներկայացնենք նաեւ միջազգային փորձի որոշ օրինակներ: Բայց որպեսզի այս ամենն, այսպես ասենք, ավելի մատուցելի լինի, նախ որոշ փաստեր կներկայացնենք:  

Փորձագիտական գնահատականների համաձայն, մեր երկրում կան տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր եւ շինություններ, այդ թվում՝ 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք եւ 98 հազար տարբեր նշանակության շենքեր ու շինություններ (այդ թվում՝ պատմամշակութային հուշարձաններ): Սրանց գերակշիռ մասը կառուցվել է մինչեւ 1988թ.-ն:

Ու դրանց նախագծային սեյսմակայունությունը, համաձայն տարբեր ժամանակաշրջաններում սեյսմակայուն շինարարության ընդունված նորմերի պահանջների, նախատեսված է եղել 7 եւ 8 բալ (ըստ ուժգնության գնահատման MSK-64 սանդղակի): Սակայն, մեր երկրի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման եւ սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլեւս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Չնայած շենքերի տեխնիկական վիճակի հետազննության ընթացակարգերը սահմանված են ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, սակայն վերջին 25 տարիների ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ խոցելիության գնահատման համակարգված հետազննություններ չեն իրականացվել, գործընթացը կրել է իրավիճակային բնույթ:

Ընդ որում, անհրաժեշտ ծավալով չեն արվել նաեւ հետազոտությունների արդյունքում եզրակացությունների համաձայն սեյսմակայունության բարձրացման կարիք ունեցող շենքերի համար առաջարկված միջոցառումների կիրառման աշխատանքները: Սա հիմնականում պատճառաբանվում է պայմանագրային հիմունքներով մասնագիտացված կազմակերպությունների կողմից շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունների կատարման, ինչպես նաեւ շենքերի անվտանգ շահագործման ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սահմանափակությամբ:

Նկատի ունենաք, սակայն, որ միջազգային փորձի ուսումասիրությունը ցույց է տալիս, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի սեյսմակայունության բարձացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար նախապես կատարված ծախսերը տնտեսական եւ ֆինանսական տեսանկյունից 7-10 անգամ ավելի արդյունավետ են, քան հետեւանքների վերացման համար պահանջվող ծախսերը:

Ինչեւէ, փաստն այն է, որ մեր շենքերի տեխնիկական վիճակի համակարգված հետազոտություններ եւ եզրակացություններին համապատասխան անհրաժեշտ միջոցառումները չանելու կամ թերի անելու հետեւանքով շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում եւ «սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չլինելու պատճառով չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը»:

Սա քաղշինպետկոմի գնահատականն է:

Դարձյալ ըստ փորձագիտական գնահատականների, ներկայումս գոյություն ունեցող շենքերի 70%-ը խոցելի են եւ կարող են վտանգ ներկայացնել ընդունված նորմատիվային ուժգնության երկրաշարժերի դեպքում: Իրավիճակն անհապաղ շտկել է պետք, քանզի բնակչության անվտանգությունն ապահովելը կարեւոր է ազգային անվտանգության պահովման տեսակետից:

Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն: Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները՝ դրանց աստիճանական եւ նպատակային լուծման մոտեցման կիրառմամբ:

Սեյսմակայունության բարձրացման ծրագիրը 3 փուլով կարվի:

Առաջին փուլը, որ նախապատրաստական է, կներառի 2018-2020թթ.:

Այս ընթացքում կգույքագրվեն շենքերը, շենքերի սեյսմակայունության բարձրացման նոր տեխնոլոգիաներ կմշակվեն: Նախապատվություն կտրվի այն տեխնոլոգիաներին, որոնք, ըստ քաղշինպետկոմի, թույլ կտան աշխատանքներն իրականացնել առանց դրանց նպատակային շահագործումը դադարեցնելու: Այս տարիներին նաեւ շենքերի փաստացի տեխնիկական վիճակը կհետազոտվի եւ կանձնագրավորվի: Այնուհետեւ կորոշվեն առաջնահերթությունները:

Երկրորդ փուլը կընդգրկի 2020-2022թթ.: Հենց այս ժամանակահատվածում էլ կորոշվեն սեյսմակայունության բարձրացման տեխնիկատնտեսապես արդյունավետ լուծումները:

Երրորդ փուլի սկիզբը  նախատեսվում է 2023 թվականից: Արդեն կսկսվի փորձնական ծրագրերի իրագործումը:

Իսկ 2025-2030թթ. կդիտարկվի ծրագրի համալիր իրականացման հիմնական ժամանակաշրջան:

Հարց է ծագում, իսկ ի՞նչ կլինի այն շենքերի հետ, որոնք այնքան ռիսկային կլինեն, որ դրանց վերականգնումը արդարացված չի լինի:

Այլ կերպ՝ եթե սեյսմակայունության բարձրացման աշխատանքների իրականացումը տեխնիկական վիճակի հետազննությունների արդյունքում մասնագիտացված կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների համաձայն գնահատվել է տնտեսապես աննպատակահարմար:

Ինչպես պարզաբանում է քաղշինպետկոմը, այդ պարագայում կդիտարկվեն դրանց փոխարեն նոր սեյսմակայուն շենքերի կառուցման հնարավորությունները:

Այդ հնարավորության սահմանները եւ, ըստ այդմ, ձեւերն ու տեխնոլոգիաները հասկանալու համար հաջորդիվ կխոսենք այն մասին, թե ինչ կարժենա շենք-շինությունների սեյսմակայունության բարձրացումը՝ զուգահեռ ներկայացնելով միջազգային փորձը:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ հեղինակի

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։