Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

Հայաստանը պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից

Ի՞նչ է անում տրանսգեն սերմեր ու դրանց մշակման համար նախատեսված թույներ արտադրող «Մոնսանտո» միջազգային հսկա ընկերությունը հայկական փոքր շուկայում:

Այս ընկերությունը, որը, ինչպես The Guardian-ն էր գրել, Եվրոպական խորհրդարանում իր շահերն առաջ մղելու համար տարեկան 300-400 հազար եվրո է ծախսում, ի՞նչ է կորցրել մեր, կրկնում եմ, փոքրիկ շուկայում:

Այս հսկա ընկերությունը, որ ինքն է խոստովանում տարբեր երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք տալու փաստերը՝ իր տրանսգեն արտադրանքի իրացման նոր շուկաներ գտնելու համար, մեր փոքր շուկայում ի՞նչ թվերի հետ է գործ ունենալու:

Եվ վերջապես՝ այս ընկերությունը, որ արդեն Ռուսաստանում գտել է իր լոբբինգով զբաղվող պետական պաշտոնյաների ու մշտապես միլիարդների հետ է գործ ունենում, մեզանից ի՞նչ է ուզում:

Այս հարցերի պատասխանները կան: Բայց դրանք ցույց տալու եւ «դավադրության տեսություն» առաջ քաշելու մեջ չմեղադրվելու համար՝ սկսեմ մի փոքր սկզբից:

* * *

Նշանավոր ծագումնաբան ու բուսաբույծ Ն. Վավիլովը գրել է, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել։ Մերձավոր Արեւելքի հնագիտական տվյալների համաձայն, գինու, օղու, գարեջրի եւ քացախի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում։ Խորհրդային տարիներին, երբ Վայոց ձորի տարածքում ուսումնասիրություններ էին արել, բուսաբույծների արշավախումբը հատնաբերել էր վայրի ցորեն: Սա նշանակում է, որ մեր հայրենիքը ֆենոմեն ունի. մենք եղել ու շարունակում ենք մնալ բնական մթերքի բնօրրան: Ու սա չտեսնված մի առավելություն է արդի աշխարհում, երբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով (ԳՁՕ) սնունդը օրեցօր ավելի ու ավելի է մտնում բոլորիս սննդակարգ:  

Տարիներ շարունակ ուսումնասիրել եմ ԳՁՕ-ների թեման, խոսել տարբեր մասնագետների, այդ թվում՝ արտերկրի, հետ: Մի բան միանշանակ է. Հայաստանը կարող է մնալ մաքուր մթերք արտադրող, ԳՁՕ-ից զերծ երկիր:

Մի փոքր խոսենք այն մասին, թե ինչ է ընդհանրապես ԳՁՕ-ն, դրա հետ կապված ինչ միտումներ կան այսօր աշխարհում եւ, ըստ այդմ, ինչպես կարող ենք զերծ մնալ այդ ամենից:

Մասնագիտական գրականությունից տեղեկանում ենք, որ բանջարեղենի, մրգերի ու հատապտուղների գեները փոխում են ավելի բարձր բերքատվություն, խոշոր չափեր ու դիմացկունություն ստանալու համար: Գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն, ավելին՝ երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից: Բնության գործերին խառնվել ու կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից: Օրինակ, ցորենի մեջ կարիճի գեն են դնում, որ դիմանա երաշտներին, կարտոֆիլի մեջ՝ կոլորադյան բզեզի գեն, որ հենց այդ բզեզը չուտի այն, պոմիդորի, վարունգի մեջ՝ ձկան գեն, որ ցրտադիմացկուն լինի: Ու գնալով գենետիկական ձեւափոխման ենթարկվող օրգանիզմների ցանկն աճում է. բացի ցորենից, կարտոֆիլից ու լոլիկից, այսօր նմանատիպ տեխնոլոգիաներ կիրառում են նաեւ սոյայի, եգիպտացորենի, բազուկի, ելակի, ծխախոտի եւ այլ բույսերի աճեցման համար: Ֆրանսիայի շատ ագարակատերեր, ովքեր այսօր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, վստահ են, որ վտանգավոր է սննդի գենը փոխել, հետագայում մարդու գենն էլ դրա պատճառով կփոխվի:

ԳՁՕ-ների մասին գրավոր տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության  ստույգ ապացույցներ դեռ չկան: Գիտնականները խուսափում են կտրուկ եզարակացություններ անել, բայց տեսակետներ արտահայտում են՝ փաստարկված: Օրինակ՝ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով  մեկը մյուսից սարսափելի ալերգիաներ են առաջանում: ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70%-ը տառապում է ալերգիաներից, իսկ Շվեդիայում գենային ձեւափոխման ենթարկված նյութեր պարունակող սննդամթերքն արգելված է, ու բնակչության միայն 7%-ն է ալերգիկ: Այլ տեսակետների համաձայն էլ՝ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով հնարավոր է նաեւ անտիբիոտիկների նկատմամբ կայունության առաջացում, իմունիտետի անկում եւ նույնիսկ՝ քաղցկեղ: Տեսակետներ կան նաեւ, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ազդում են կենսաբազմազանության վրա, այսինքն՝ եթե սոյայից մի 100 մետր այն կողմ աճում է  փոփոխվածը, ապա այդ փոփոխվածն իր գենի ինֆորմացիան փոխանցում է մյուսներին, եւ մենք հետզհետե կորցնում ենք ավանդական տեսակները: Օրինակ, Կալիֆորնիայում աճող եգիպտացորենի ձեւափոխված գենը գտել էին կիլոմետրերով հեռու Մեքսիկայում աճող եգիպտացորենի մեջ: Նշանակում է՝ կարող է գալ ժամանակ, երբ սովորական ու բնական տեսակներ այլեւս չլինեն:

Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ: Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին: Սպառողների իրավունքները պաշտպանող օրենք Հայաստանում էլ կա: Օրենքը պահանջում է ապրանքի վրա նշել գենոմոդիֆիկացված նյութերի պարունակության մասին: Եվրոպայում ու ԱՊՀ որոշ երկրներում, օրինակ, սննդի մեջ նման օրգանիզմների կիրառումը չպիտի գերազանցի 0,9%-ը, Ճապոնիայում՝ 5, իսկ ԱՄՆ-ում, կարծես, դեմ չեն գենային փոփոխության ենթարկվելու, այստեղ թույլատրելի սահմանը 10%-ն է: ԱՄՆ-ում կարող ենք գտնել մինչեւ անգամ 200 գ կշռող ելակներ: Ի դեպ, դրանք արդեն ՀՀ-ում էլ կան եւ բացատրությունը մեկն է՝ «անանասի սորտն է»: Իսկ Եվրոպայում, որտեղ ԳՁՕ-ացված սննդի կիրառումը սահմանափակվում է, խորհուրդ են տալիս սպառողներին օգտվել «բնական չափեր ունեցող մթերքից»: Այն է՝ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հուշում են, որ ասենք, 100-200 գրամանոց ելակները ելակ չեն: Բնական ելակները փոքր, համեղ ու ելակաբույր են լինում: Իսկ այդ 100 գրամանոց ելակը եթե աչքերդ փակ ուտես, չես էլ զգա՝ ինչ ես ուտում: Մեր հողագործները, որ բնությունից կտրված չեն, խորհուրդ են տալիս հատկապես երեխաներին տալ այն մրգից, որ որդնած է, որովհետեւ որդը բնական «տարր» է եւ արհեստական տարր՝ ԳՁՕ չի ուտում:

Կրկին հեռվից գանք: Մասնագիտական հարթությունում փնտրտուքս ինձ համար պարզաբանեց, որ աշխարհում 70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանիների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ: Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ստեղծել նոր՝ ԳՁՕ-ներ, որոնք օժտված կլինեն նախօրոք տրված օգտակար հատկանիշներով: Գենային ինժեներիայի աշխատանքները ընթանում են մի քանի փուլով: Մոլեկուլյար գենետիկայի մեթոդների հիման վրա առաջացած տեխնոլոգիաները օգտագործվում են ամենատարբեր բնագավառներում՝ նախօրոք տրված հատկություններով գենետիկորեն ձեւափոխված բույսերի եւ կենդանիների ստացում, միկրոօրգանիզմների ստացում, առանձին օրգանների, ամբողջական օրգանիզմների եւ բջիջների կլոնավորում, մարդու եւ կենդանիների ժառանգական հիվանդությունների ախտորոշում: Մի կողմից, ըստ մասնագետների, գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին հաղթահարել բազմաթիվ խնդիրներ արդյունաբերության եւ բժշկության բնագավառներում, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները առաջացնում են նաեւ լուրջ մտավախություններ: Որպես հետեւանք, ի վերջո կարող են առաջանալ պաթոգեն մանրէների եւ վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն բոլոր ներկայումս օգտագործվող անտիբիոտիկների նկատմամբ:

Մասնագետների մեկ այլ խմբի կարծիքով՝ երկրի բնակչությունը մոտ ապագայում կարող է հասնել 10 միլիարդի: Ինչպես կերակրել այդքան մարդկանց, եթե 5 միլիարդի դեպքում, որոշ տարածաշրջաններում բնակչությունն արդեն իսկ սովամահ է լինում: Այստեղից էլ հետեւություն է արվում, որ եթե երկիրը չօգտագործի ԳՁՕ-ներից ստացված մթերք, ապա մարդկությունը կմատնվի սովամահության: Հենց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել համաշխարհային շուկայում ԳՁ մթերքի ի հայտ գալուն: Գենային ինժեներիան հնարավորություն է տալիս հաղթահարել միջտեսակային պատնեշները եւ խառնել բացարձակորեն իրար հետ չկապված տեսակների ժառանգական հաղորդագիրը, օրինակ՝ լոլիկի բջջում բնակեցնել ձկան հյուսվածքների սառեցումն արգելակող սպիտակուցի կոդավորող գենը, իսկ կարտոֆիլի բույսի բջջում, վնասատու միջատի համար մահացու թույն կոդավորող բակտերիայի գենը: Արհեստական ձեւափոխված առաջին մթերքը 80-ական թթ. եղել է լոլիկը, որի հատկությունը չհասունացած վիճակում 12 ց-ում պահպանվելն է, իսկ այնուհետեւ, տաք պայմաններում, մի քանի ժամվա ընթացքում հասունանալը: 1984թ. հանդես եկավ ԳՁ կարտոֆիլը, որը պաշտպանված էր կոլորադյան բզեզից: Այնուհետեւ խանութներում երեւացին այլ ԳՁՄ-ներ՝ կաթ, պանիր, միս, միրգ եւ այլն: Տրանսգեն բույսերի ցանքատարածություններն ամբողջ աշխարհում կազմում է մոտ 60 մլն հեկտար, որից 60%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որտեղ եգիպտացորենի՝ 25, սոյայի՝ 38 եւ հլածուկի՝ 10%-ը մշակվում է տրանսգեն ձեւերով: ԱՄՆ-ում մթերքի 60%-ը, այդ թվում եւ մանկական սնունդը, պարունակում է տրանսգեն բույսերից ստացված թեկուզ մեկ բաղադրիչ: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում մոտ 70 ներկրվող տրանսգեն բույսեր գրանցված են օգտագործման, բայց ոչ մշակման համար թույլատրելի: Ռուս գիտնականները հարց են բարձրացնում, արդյո՞ք Ռուսաստանին պետք է տրանսգենային տեխնոլոգիա: Հարցը համարյա հռետորական է եւ չունի միանշանակ պատասխան: Այդ երկիրը դաշտերի մոլախոտվածության եւ վնասատուների պատճառով ամեն տարի կորցնում է հացահատիկի՝ 34.6, շաքարի ճակնդեղի՝ 42, արեւածաղկի՝ 37, կարտոֆիլի՝ 46.2%-ը: ՌԴ-ում գործում են հատուկ հավաստագրված պահպանվող տարածքներ, որտեղ փորձարկվում են տրանսգեն բույսերը:

Բանն այն է, որ աշխարհում այսօր գիտնականները ԳՁՕ-ների լայն ներդրմանն իրենց կողմ կամ դեմ լինելը ընդգծված չեն արտահայտում: Նրանք միայն պահանջում են խստացնել ԳՁՄ փորձաքննության նորմերը՝ գտնելով, որ գրանցված, ստուգված եւ հավաստագրված տրանսգեն մթերքը առողջության համար վտանգավոր չէ: Գիտնականները պետք է մշտապես հետեւեն, որպեսզի տրանսգեն սորտերը չկորցնեն դիմացկունությունը հերբիցիդների նկատմամբ, իսկ մոլախոտերը այն ձեռք չբերեն: Անկեղծ ասած, հիմա չեմ հիշում, որ գիտնականի խոսքն եմ կարդացել այն մասին, որ ԳՁ մթերքի առավելություններն ավելի քան ակնհայտ են: Միայն լրիվ պարզ չեն վերջինիս արտադրությունում ներդնելու եւ օգտագործելու հետեւանքները: Ուստի, շատ երկրների գիտնականներ չեն շտապում գենային ինժեներիային մթերքի արտադրությունը ճանաչել որպես բարօրություն եւ զգուշացնում են, որ դրա տարածումը ամբողջ մարդկության համար կարող է ունենալ վնասակար հետեւանքներ: Մոսկվայում դեռ 2003թ. կենսատեխնոլոգիային նվիրված միջազգային գիտաժողովում գիտնականներն արձանագրել են, որ ներկայի գիտելիքների մակարդակի չափանիշներով, գենային ինժեներիայի մեթոդներով ստացված մթերքն անվնաս է օգտագործման համար: Բայց գիտնականների խումբ էլ կա, որ գենային ինժեներիայի վտանգավորության 10 գիտական հիմնավորումներ են բերում:

Դատելով գիտնականների տարակարծիք մոտեցումներից՝ հարց է ծագում՝ իսկ արդյո՞ք գիտելիքների ներկայիս հենքը բավարար է ԳՁ մթերքի անվտանգության մասին որոշում կայացնելիս: Գուցե գիտնականները կամ գերագնահատում են գենային ինժեներիայից ստացված արդյունքը կամ թերագնահատում այն: Այս կագի հարցադրում ուղարկեցի արտերկրի մասնագիտական շատ կայքէջերի: Հստակ պատասխան դարձյալ չկա. ԳՁՕ-ին կողմ մասը ոչ մի վտանգ չի տեսնում՝ ԳՁՕ-ն ընդամենը համարելով ընտրասերման մեթոդ, իսկ վտանգ տեսնող կողմը ԳՁՕ-ն համարում է օրգանիզմի գենոտիպը փոխող մեթոդ:

Արտաքինից կարելի՞ է տարբերել ԳՁՕ-ացված մթերքը: Բանջարեղենն, օրինակ, կարող է չտարբերվել արտաքին տեսքով: Ասենք՝ ձկան համ ունեցող վարունգը ԳՁՕ-ացվա՞ծ է, թե՞ ոչ: Պարզ չէ, բայց մի բան հաստատ է, ուրեմն վարունգը որակյալ չէ, եթե գենը փոխված էլ չէ, ապա բնական աճած էլ չէ, այլ՝ պարարտանյութերի մի ամբողջ հավաքածու է:

Տարիներ առաջ  ֆրանսիացի գիտնականների հայտնագործությունը ցնցեց եվրոպական հանրությանը: Թերթերը գրեցին՝ «Սկանդալ, որ ամենեւին էլ նորություն չէ», «Գիտական աշխարհի բացահայտումը դուր չի գա սննդամթերքի ոլորտի բիզնեսմեններին», «Փաստորեն, ոչինչ վերահսկել հնարավոր չէ» եւն: Ֆրանսիացի գիտնականները հրապարակել էին իրենց հետազոտությունների արդյունքները, ինչը սկանդալի էր վերածվել: Իսկ հետազոտությունը վերաբերում էին գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով (ԳՁՕ) հարուստ սննդամթերքին, մասնավորապես՝ եգիպտացորեն գործածելու հետեւանքներին:

Երբ ՀՀ-ում մշակվել էր «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծ եւ ուղարկվել ԱԺ, որոշ ժամանակ անց կառավարությունը հետ էր կանչել օրինագիծը՝ այն լրացուցիչ վերամշակելու համար: Վարչապետը (այդ ժամանակ՝ Տիգրան Սարգսյանը,-Ա.Մ.) դա պայմանավորել էր այն անհրաժեշտությամբ, որ օրենքը պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշերին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են մեր երկիր ներմուծել ԳՁՕ-ներ: Բանն այն է, որ ձեւափոխված օրգանիզմները բացասական ազդեցություն են ունենում նաեւ շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա:

Գանք ֆրանսիացի գիտնականների բացահայտումներին: Գիտնականները փորձ էին արել կրծողների վրա՝ գործածելով ԳՁՕ-ացված եգիպտացորենը: Արդյունքը ցնցել էր նրանց, այն է՝ ձեւափոխված եգիպտացորենը քաղցկեղ է առաջացնում՝ փոխելով նաեւ մարդու գենետիկան: «Ֆրանսիացի գիտնականները չհավատալով չիչնովնիկներին ու նրանց հավաստիացումներին, ընդունված 3 ամսվա փոխարեն 2 տարի առնետներին կերակրեցին ԱՄՆ-ից բերված ԳՁՕ-ացված եգիպտացորենով: Հետեւանքը լավ երեւում է լուսանկարներում, որտեղ կրծողները թենիսի գնդակի չափ ուռուցքներ են «վաստակել»»,-գրել էին տեղի զլմ-ները՝ մեջբերելով հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ժիլ-Էրիկ Սերալինի խոսքերը. «Առաջին արուն քաղցկեղից մահացավ մեկ տարի, առաջին էգը՝ 8 ամիս հետո: Մեր փորձարկած կրծողներից 83 տոկոսի մոտ հայտնաբերվեցին քաղցկեղներ՝ մաշկի, երիկամի, ինչից էլ նրանք մահանում էին: Եվ ինչքան ավելացնում էինք նրանց եգիպտացորենի կերաբաժինը, այնքան հիվանդությունն արագ էր զարգանում»:

Գիտնականների համապատասխան հայտարարությունից հետո Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան Լեֆոլը կոչ արեց ավելի խստորեն հավաստագրել ձեւափոխված ուտելիքները: Իսկ խորհրդարանում շատ պատգամավորներ կոչ արեցին ընդհանրապես արգելել դրանց մուտքը երկիր:

Ի դեպ, եղան նաեւ գիտնականներ, ովքեր ասացին, որ այդ հայտարարությունն ընդամենը «էժանագին սենսացիա» է: Օրինակ, Ռուսաստանից Միխայիլ Կուդրյավցեւը (ընդհանուր գենետիկայի ինստիտուտ) նկատել էր, թե հարցադրումը սխալ է արվում, նույն ձեւով կարելի է հարցնել՝ վտանգավո՞ր է բժշկական երշիկը. «Կասեմ՝ վտանգավոր է, եթե խախտվում է արտադրության տեխնոլոգիական գործընթացը: Բայց դա չի ենթադրում, թե ընդհանրապես երշիկը քաղցկեղ է առաջացնում»:

Գիտնականները հակադարձում են. սովորաբար այս կարգի գենետիկական փորձարկումներն արվում են 3 ամիս ժամկետով, մինչդեռ սկսած 4-րդ ամսից կրծողների մոտ շատ արագ կաթնագեղձի ուռուցք է զարգանում: Դոկտոր Սպիրուն, ով նույն հետազոտության համահեղինակներից է, պատմում է. «Այն, ինչ ենք ենք տեսել, սարսափեցնող է, որը փաստում է, որ 3-ամսյա փորձարկումներն անարդյունավետ են: Ժամկետը երկարացնել է պետք»:

Բնապահպանները եւ ԳՁՕ-ներին դեմ կանգնողները՝ մի կողմից եւ ագրոպարենային ոլորտում զբաղվածներն ու եվրոպական իշխանությունները՝ մյուս կողմից, առաջին տարին չէ, որ հակամարտում են: 2010թ. այդ պայքարից հոգնած՝ եվրահանձնաժողովը փոխզիջում առաջարկեց. թույլատրեց ԳՁՕ-ի արտադրությունն ու ներմուծումը, բայց յուրաքանչյուր պետության թույլ տվեց օգտվել դա արգելելու իրավունքից: Այսօր 27 երկրներից միայն 8-ն են ԳՁՕ-ով արտադրանք տալիս: Ի դեպ, այսպես ասած եվրոպական ԳՁՕ-ի 90 տոկոսը բաժին է ընկնում Իսպանիային եւ Պորտուգալիային: Ու դա հիմնականում տրանսգեն եգիպտացորենն է ու կարտոֆիլը: Իսկ ֆրանսիացի գիտնականների հետազոտությունը ստիպեց, որ սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը զբաղվի այդ խնդրով: Ֆրանսիայի կառավարությունը նույնպես չանտեսեց գիտնականների հայտարարությունը՝ հանձնարարելով արտադրական անվտանգության ազգային գործակալությանը մանրամասն ուսումնասիրել խնդիրը:

Տեղեկացանենք, որ սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը դեռ 3 տարի առաջ ծանուցեց, թե գենափոխված եգիպտացորեն NK 603-ը անվտանգ է այնպես, ինչպես սովորական եգիպտացորենը: Նոր հետազոտությունը,  ղեկավար, պրոֆեսոր Ժիլ-Էրիկ Սերալինի խոսքերով, որոշվեց անել՝ պարզելու համար դրա ազդեցությունը առողջության վրա երկարաժամկետ կտրվածքով: Ու փորձարկվեց նաեւ հենց այդ «անվտանգ NK 603-ը»: Ու եղավ այն, ինչի մասին ասացինք արդեն: Սերալինը խոստովանել է, որ հետազոտության արդյունքն իրենց էլ է ապշեցրել, որովհետեւ նախկինում իրենք համոզված են եղել, որ գոնե մաշկի քաղցկեղի մասին խոսք լինել չի կարող:

Հիմա Եվրոպայում եւ ՌԴ-ում ԳՁՕ-ների նկատմամբ պահանջները խստացված են: Դեռ 2001թ. Եվրոպական հանձնաժողովը ընդունեց ԳՁՕ-ների շրջանառության նոր կանոններ, որոնք հիմնված են Կարթագենյան արձանագրության (կենսաանվտանգության) եւ կենսաբազմազանության կոնվենցիայի վրա: ՌԴ-ն ստիպված 2002թ. որոշում ընդունեց ԳՁՕ-ներից ստացված կերերի գրանցման վերաբերյալ (կամ պետք է ՌԴ-ում օգտագործվող կերերում խթանիչները գրանցվեին, կամ ընդհանրապես արգելվեր դրանց գործածումը):

Այսօր միայն մի բան է հստակ. տարբեր մասնագետների ու գիտնականների պես հանրություններն էլ բաժանված են երկու մասի՝ ԳՁՕ-ներին կողմ եւ դեմ: Նրանք, ովքեր կողմ են, ասում են, թե ԳՁՕ-ով կարտոֆիլը վտանգավոր չէ մարդու առողջությանը, դիմացկուն է, մարդկությանը կփրկի սովից: Այն խումբը, որ դեմ է, ճիշտ հակառակն է պնդում. բացի այդ, ըստ բնապահպանների, արդեն մուտանտ բզեզներ կան, որոնք հենց ԳՁՕ-ով հարուստ կարտոֆիլով են սնվում: Ասել է թե՝ միջատների բնական տեսակներն էլ են ոչնչանում: Տրանսգեն մթերքին կողմ խումբը վստահ է, որ գենային ինժեներիան կհարստացնի կարտոֆիլը սպիտակուցով, դեմ խմբի կարծիքով այդ կարտոֆիլը եթե այս սերնդի վրա չազդի, ապա հայտնի չէ, թե ինչ է անելու ապագա սերնդի հետ: Կողմ խումբը փաստարկ է բերում, թե Հնդկաստանում ամարանտի գենը կարտոֆիլի բույսում ներդնելու շնորհիվ ստացել են սպիտակուցի բարձր պարունակությամբ ԳՁ կարտոֆիլ: Դեմ խումբը հակադարձում է՝ ԳՁՕ-ով հարուստ կարտոֆիլը խախտում է հողային բակտերիաների կենսագործունեությունը եւ ընդհանրապես տվյալ միջավայրը՝ հեռանկարում: Կողմ խումբը մատնանշում է, որ Շոտլանդիայի գիտնականները ձեռնամուխ են եղել ստեղծել գենետիկորեն ձեւափոխված հավեր, որոնց ձվի սպիտակուցները կարող են ախտահարել մարդու քաղցկեղածին բջիջները: Սրան ի պատասխան, դեմ խումբն էլ հիշեցնում է, որ Ֆրանսիայի ֆերմերները բողոքում են գենոինժեներիային բույսերի հայտնվելու դեմ եւ նույնիսկ հրապարակավ ոչնչացնում ԱՄՆ-ից ներմուծված տրանսգեն եգիպտացորենի սերմերը:

Ելնելով նշված փաստերից, անհրաժեշտ է նշել, որ մեր հանրապետություն կենդանի ձեւափոխված օրգանիզմների ներմուծմանը պետք է մոտենալ խիստ վերապահումներով: Նախ՝ հանրապետության տարածքում պահպանվել է մի շարք մշակաբույսերի վայրի ցեղակիցների գենոֆոնդը, որը արժեքավոր ելանյութ է սելեկցիոն ծրագրերի, այդ թվում՝ գենոինժեներիայի աշխատանքների համար: Բացահայտվել է նաեւ, որ ԳՁ բույսերի հատկանիշները կարող են փոխանցվել նաեւ ցեղակից մոլախոտերին: Այսինքն՝ վնասատուների եւ հիվանդությունների նկատմամբ դիմացկունությունը կարող է անցնել մոլախոտերին: Ելնելով դրանից, էկոլոգիական տարբեր պայմաններում տրանսգենային բույսերի եւ մշակովի ու վայրի տեսակների փոխազդեցության խորը ուսումնասիրությունների կատարումն անհրաժեշտություն է դառնում:

Հասկանալի է, որ այս աշխարհում բնական մթերքի բնօրրան Հայաստանը նույնպես զերծ չմնաց ԳՁՕ-ով մթերքների ներմուծումից: Այդ իսկ պատճառով դեռ տարիներ առաջ մշակվեց գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին օրենքի նախագիծը, որ պիտի կարգավորեր  Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, կապազերծման, ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ԳՁՕ-ի կամ ԳՁՕ-ներից ստացված արտադրանքի շուկայահանման, արտահանման, ներմուծման կամ տարանցիկ փոխադրման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցություններից մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության անվտանգությանն առնչվող հարաբերությունները: Արդեն ասացինք, որ օրինագիծը մի անգամ ԱԺ-ից հետ կանչվեց կառավարությունը, հետո նորից գնաց ԱԺ: Քայլեր ձեռնարկվում հնարավորինս խստացնելու ԳՁՕ-ին ու այդ թեմային առնչվող հարաբերությունները:

Հենց այդ նույն ժամանակ էր, որ նշված խստացմանը զուգահեռ մեր երկրում հանրային սննդի ծառայությունը հանվեց պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։ Բայց արդյո՞ք այս խստությանը հակառակ չէր արտոնագրումը վերացնելը: Հարցիս ի պատասխան այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, թե դա արվել է ելնելով այն քաղաքականությունից, որը միտված է Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար Եվրամիության գործող հանձնարարականներին մոտարկելուն: Իսկ սա նշանակում է, որ նաեւ հանրային սննդի ծառայությունը պետք է հանվի պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից, ինչը եւ արվեց։ Նախարարը համոզված էր, որ դա էական բարելավում էր լինելու արտահանողների եւ ներմուծողների համար, որովհետեւ բազում արհեստական գործառույթներ միշտ դժվարացրել են գործարարների աշխատանքը: «Հանրային սննդի ոլորտում մենք չենք հետեւում հենց նույն եվրոպական փորձին, եւ անընդհատ խստացումների փոխարեն անընդհատ հեշտացնում ենք ինչ-որ բաներ, որ գործարարների համար դյուրին է դառնում, բայց սպառողների գործն է դժվարանում»: Հաջորդ հարցիս ի պատասխան էկոնոմիկայի նախարարը համոզմունք հայտնեց, թե՝ եթե  խստացումներն իրավիճակը չեն բարելավում, ապա դրանք ինքնանպատակ են: Լավ հիշում եմ՝ այդ օրերին գրեցի, թե էկոնոմիկայի նախարարին փորձեց փրկել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով, առանց դես ու դեն ընկնելու, ասաց, թե մտահոգությանս համամիտ է եւ ընդգծում է, որ  սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն ուժեղացվում է: Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրն էր գործադրվում այդ ընթացքում: Ինչը հնարավորություն կընձեռեր սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունը կատարելագործել եւ արդյունավետությունը բարձրացնել, վտանգավոր սննդամթերքը հայտնաբերել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրվող սննդամթերքի որակը բարձրացնել: Սա էլ, իր հերթին, նախարարի համոզմամբ, թույլ կտար ապահովել երկրի ազգաբնակչությանը անվտանգ եւ որակյալ սննդամթերքով…

Անժխտելի է, որ այսօր շուկայում ակնհայտ են մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող սննդամթերքի առկայության փաստերը: Իրավիճակը շտկելու անելիքներ դեռ կան:

Անելիքները կշատանան հաստատ, որովհետեւ պարզվում է, որ նշածս ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունը արդեն 20 տարի գործում է Հայաստանում: Ու՞մ է սերմ տվել, սերմ վերցնողը իմացե՞լ է՝ ի՞նչ է վերցնում, ի՞նչ տարածք է փչացել… Գյուղնախարարությունը ուսումնասիրությունից հետո հայտարարություն կանի: Մեզ համար էլ, ըստ այդմ, շատ բան պարզ կդառնա:

Լավ է, որ գյուղնախարարությունը օրգանական գյուղատնտեսության կողմնակից է: Օրգանական գյուղատնտեսությանն անցումը ենթադրում է նաեւ, որ այլեւս պետք է կիրառվեն օրգանական պարարտանյութեր՝ գոմաղբ, կենսահումուս, տորֆ, բուսական մոխիր, որոնք պարունակում են բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, նպաստում են բերրիության բարձրացմանը եւ հողի վիճակի բարելավմանը (այսինքն՝ հողից ոչ միայն վերցնում են, այլեւ տալիս են այդ հողին): Բացի այս՝ օրգանական գյուղատնտեսության անցումը ենթադրում է, որ հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտվածության դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե թունանյութերի, բուժանյութերի եւ հերբիցիդների միջոցով, այլ կենսաբանական պայքարի մեթոդների, բուսական թուրմերի միջոցով, ինչու ոչ՝  հողի մշակությունը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելով: Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսությունը կարգելափակի ԳՁՕ-ներով հարուստ սննդամթերք  գործածելը: Այո, ըստ մասնագետների, մենք միանգամից օրգանական  գյուղատնտեսության անցնել չենք կարող, բայց կարող ենք դարձյալ մաքուր գյուղատնտեսական մթերք ստանալ՝ թունանյութերը ճիշտ ու սահմանված քանակով գործածելով:

Այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ ուղտը չոքել է մեր դռանը, եւ անտեսել չենք կարող «Մոնսանտո»-ի նպատակները: Ի՞նչ է ուզում: Սա հասկանալու համար նախ ընթերցողին կասենք, թե իրականում ի՞նչ ընկերություն է դա: Բայց այս մասին՝ հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Առաջին նկարում Ֆրանսիայում փորձարկված առնետներն են, երկրորդում՝ լոլիկանման մթերք, որ գնել եմ երեւանյան սուպերմարկետներից մեկից, կտրել, լուսանկարել եւ թափել: Ի դեպ, համը չփորձեցի, բույրն էլ գաջահոտ էր:

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։