Ռուսական խեղումներ – Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը… Իսկ ինչու՞ է աշխարհի «ամենաժողովրդավարական» երկիր Ռուսաստանը իր դաշնակիցը համարել աշխարհի «ամենաֆաշիստական» երկիր Հայաստանին…

Նոյեմբերի 19-ին ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի ՊՆ կողմից, հեռարձակել է մի հաղորդում, որտեղ խոսվել է մոտ ժամանակներս Բրյուսելում ստորագրվելիք՝ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրից: Իհարկե, առաջին անգամը չէ, որ ռուսական կողմը նման առիթով ոչ բարեկամական, եթե չասենք՝ հակահայկական հիստերիա է բարձրացնում, ինչը, փաստորեն ցայսօր կանխել է հայ-եվրոպական նոր մերձեցումները, ավելի լայն համագործակցության հնարավորությունները:

Եվ ահա մի նոր, այսպես կոչված, կանխարգելիչ փորձ ձեռնարկվեց, սակայն ռուսական կողմն այս անգամ չափերն անցավ եւ որպես արգելակիչ գործոն ընտրեց հայության բոլոր ժամանակների սրբագույն հերոսներից մեկի՝ Գարեգին Նժդեհի եւ նրա հայրենանվեր գործի վարկաբեկումը… Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը:  

Հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, ՌԴ իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է, որի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը, ով ցայսօր Սերժ Սարգսյանին բացահայտ ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր էր համարում, հանկարծ թույլ է տալիս, որ իր կուսակիցը վարկաբեկի իր ընկերոջ (ով մեր տարածաշրջանում Ռուսաստասնի միակ դաշնակից երկրի նախագահն է) կուսակցության գաղափարախոսությունը՝ ի դեմս Գարեգին Նժդեհի եւ նրա ազգային ուսմունքի: Իսկ այդ ուսմունքը՝ ցեղակրոնությունը, պահպանողական-ազգայնական ՀՀԿ-ի գաղափարաբանական առանցքի հիմքն է… Անգամ եվրոպական պահպանողականները՝ ի դեմս համաեվրոպական ԵԺԿ-ի, նման բան թույլ չեն տվել իրենց եւ երբեք չեն շահարկել ՀՀ իշխող կուսակցության՝ նժդեհյան ցեղակրոնության հետեւորդ լինելու հանգամանքը:

Դառնալով հեռուստահաղորդմանը՝ նշենք, որ հաղորդավարուհին Գարեգին Նժդեհի արձանի գոյությունը Երեւանում մեծ վտանգ համարելով չի բավարարվում եւ անդրադառնում է նաեւ ՀՀԿ-ին, որի գաղափարախոսության հիմքում, ինչպես նշեցինք, դրված է նժդեհականությունը: Այս կերպ փորձ արվեց ցույց տալ, թե տեսե՛ք, Հայաստանում իշխող կուսակցությունը ինչպիսի կապ ունի ֆաշիզմի հետ: Սա մեղմ ասած ստորություն է: Նախ, որ իրականությանը չի համապատասխանում, ապա հարց է առաջ գալիս, իսկ ինչու՞ մինչեւ այսօր այդ մասին չի խոսվել, ինչու՞ է աշխարհի ամենաժողովրդավարական երկիր Ռուսաստանը իր դաշնակիցը համարել աշխարհի ամենաֆաշիստական երկիր Հայաստանին… Կամ՝ երբ ՀՀԿ-ի զինանշանը համեմատվում է ֆաշիստական Գերմանիայի զինանշանի հետ, դա հասկանալու համար ավելի քան 25 տարի պիտի պահանջվե՞ր… Եվ այսպե՞ս է բացատրվում Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդանշանի կապը Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության զինանշանի հետ:

Նժդեհյան ցեղակրոնությունը շատ են փորձել կապել ֆաշիզմի հետ, հիտլերականության հետ, սակայն ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշել, «Այս ամենը տգիտության հետեւանք է կամ միտումնավոր տխմարություն, որոնք մեծ հաշվով նույնն են՝ սինաբանություն: Նժդեհի ցեղակրոնությունը ոչ մի կապ չունի եւ արմատական առումով չի էլ կարող ունենալ Հիտլերի նացիզմի կամ Մուսոլինիի ֆաշիզմի հետ: Հայիզմը, նացիզմն ու ֆաշիզմը ոչ մի առնչություն չունեն բնական ու բանական տեսանկյուններից… Իսկ համեմատող տգետները անգամ չեն էլ հասկանում, որ Հիտլերի նացիզմը հենված է գերմանական ազգի՝ մնացյալ ազգերի նկատմամբ գերառավելության տեսության վրա, իսկ Մուսոլինիի ֆաշիզմը հենված է հզոր գերպետության՝ Իտալիայի ստեղծման եւ իշխող դերակատարման տեսության վրա: Առաջինում նացիա-ազգ հիմքն է, քանի որ Հիտլերը գերմանական ձեւավորված ազգ էր տեսնում, որի առաջնորդն էր, իսկ Մուսոլինին հասկանում էր, որ իտալական միասնական ազգ հասկացողություն չի ձեւավորվել (այդպես է նաեւ այսօր՝ ի դեմս անջատողական մի քանի տարածքների) եւ միայն միասնական հզոր պետությունը կարող է պահպանել իր առաջնորդությունը… Բոլորովին այլ բան է ասում Նժդեհի ցեղակրոնությունը: Ազգը՝ հոգին է, հայրենիքը՝ մարմինը, եւ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Իսկ պետությունը պիտի առաջնորդող միտքը ծառայի՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու համար… Եվ որտե՞ղ է այն նմանությունը, որ գտել են այն ասող փորձատգետները: Արիականություն ասելով՝ Նժդեհը հային դեպի իր արմատներն է տանում պարզապես եւ հավատի սլաքն ուղղում դեպի Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները, իսկ գերմանական կամ իտալական արիականության հիմքը գերադրական միտում ունի առավելապես՝ միակը՝ բոլորից լավն ու բարձրը… Ավելին ասենք՝ ցեղակրոնը իր ազգն ու հայրենիքը սիրելով՝ ատելության կամ ստորացման նպատակներ չի դնում մյուս ազգերի եւ երկրների նկատմամբ… Պարզապես նա իր մորն ավելի է սիրում, քան մյուս մայրերին, իր ազգն ու հայերնիքը ավելի՝ քան մյուսներինը, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ՝ բնական: Նժդեհին նաեւ փորձեցին կապել Նիցշեի հետ, ինչը եւս սխալ է: Նժդեհի ցեղամարդը երբեք նման չէ Նիցշեի գերմարդուն: Ցեղամարդը պատրաստ է ոչ միայն օգնել ցեղակցին (ազգակցին), այլ զոհվել նրա համար, իսկ գերմարդը ոչ միայն մերժում է այլոց օգնելու տեսությունը, այլ ավելի է հրում ընկածին եւ իր անձը հավասարեցնում է Աստծու հետ…»:

Այսքանը կարծում ենք բավարար է ստախոսներին եւս մեկ անգամ պատասխան տալու եւ բերանները փակելու համար:

Իսկ ռուսական հեռուստաալիքը մոռանում է նշել, թե 1930-ականների վերջերին, երբ Եվրոպայում արտաքին քաղաքական, գաղափարախոսական վիճակներ էին փոփոխվում, գերմանական եւ սովետական ֆաշիստները՝ Հիտլերն ու Ստալինը, պայմանավորվածություն են ձեռք բերում, որի հիման վրա ԽՍՀՄ-ը զավթում է Արեւելյան Ուկրաինան, Արեւմտյան Բելառուսիան, Բալթիկան, Բեսարաբիան եւ Հյուսիսային Բուքկովինան, ինչպես նաեւ հարձակում է գործում Ֆինլանդիայի վրա… Իհարկե, նացիստական Գերմանիան էլ իր զավթարարությունն է շարունակում…

Իսկ Նժդեհին ֆաշիստ անվանելը բացի 2-րդ աշխարհամարտի «ֆաշիստական» որոշ դրվագներից, ռուսական ավելի խորքային վրեժի հետեւանք է: 1920թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն, սակայն Լեռնահայաստանը Նժդեհի գլխավարությամբ պետություն հռչակվեց, մինչեւ 1921թ. հունիս-հուլիս ամիսները կռվեց խորհրդային զորքերի դեմ, ինչը թույլ տվեց Սյունիքը պահել Խորհրդային Հայաստանի կազմում, մինչդեռ Նախիջեւանն ու Արցախը բոլշեւիկները հանձնեցին Ադրբեջանին, իսկ Ջավախքը՝ Վրաստանին: Ռուսական կողմին կատաղեցնող այլ փաստագրություն եւս կա՝ Լեռնահայաստանի գոյության ընթացքում Նժդեհի զորքը տվել է 28 զոհ եւ դրանից մի քիչ ավելի վիրավորներ, իսկ  թուրքա-բոլշեվիկյան զորքերի կորուստները կազմել են 15 հազար սպանված եւ 7 հազար գերի…

Սա այն ցեղակրոն ոգին է, որ սերմանեց Նժդեհը հայ գյուղացու եւ շինականի հոգում՝ մահապարտ զինվոր դարձնելով նրանց, ինչը նաեւ մեր ժամանակներում է կիրառվում հայ զորականի սրտում, որից ծնվեցին արցախյան հաղթանակները եւ այսօր հայոց բանակում իշխող մարտական ոգին: Սա բավարարում էր Ռուսաստանին այնքանով, որ Հայաստանը միայն իր դաշնակիցն էր, բայց, եթե նաեւ Եվրոպայի հետ պիտի դաշնակցի, ուրեմն ցեղակրոնությունը ֆաշիզմ է…

Ինչ մնում է այն հարցին, թե ինչու է հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել պաշտոնական Երեւանին՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար, այսքանից հետո, երեւի թե պիտի հասկանալ զգուշացում Երեւանին:

Եվ ի՞նչ են զգուշացնում, երբ այդ ճանապարհը համեմատում են ուկրաինականի հետ: Այսինքն՝ Հայաստանը պիտի մասնատե՞ն, կարծում են ռուսական ռազմաբազան Գյումրիում դա կարո՞ղ է անել, թե՞ Արցախը կրկին Ադրբեջանին կնվիրեն…

Իսկ չե՞ն մտածում, որ դրանց փոխարեն՝ եւս մեկ հայ-ադրբեջանական պատերազմի ավարտը այս անգամ Բաքվում կլինի…

Իսկ Ռուսաստանի հետքը այսպես կոչված հարավային Կովկասից վերջնականապես ու հիմնովին կկտրվի՝ հերթը Հյուսիսային Կովկասին փոխանցելով…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։