Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… «Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ տեղը… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ Արցախում… Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում…  Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն… Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային.. Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Թաեքվոնդոյի, շախմատի, ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի լրատվություն…

«Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Թբիլիսիում ավարտվեց  փոքրիկների մեծ մրցույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը:  Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր  «Բումերանգ» երգը՝ վաստակելով 148 միավոր եւ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: 1-ին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը, 2-րդում հայտնվեց Վրաստանը, իսկ 3-րդում՝ Ավստրալիան:

Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից եւ Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից եւ 2-ական միավորներ Մակեդոնիայից ու Սերբիայից: Այս տարի  էլ քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքներով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություններ են անցկացվել

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անց են կացվել գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետեւել ու մասնակից եւ ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Մարտավարական զորավարժությունը թեմատիկ առումով ուներ հարձակողական բովանդակություն: Ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մխրճված հակառակորդի հարձակումը եւ, ջախջախելով վերջինիս, վերականգնել առաջնագիծը:

Զորավարժության ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է ճշգրիտ, մարտավարական առումով գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով:  

Հայաստանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 4 մարզիկով

Դեկտեմբերի 7-9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Այդ առաջնությունում Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ քաշային կարգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (2-ն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87): Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին: Նախատեսվում էր առաջնությունն անցկացնել հոկտեմբերի վերջին Մինսկում, բայց ավելի ուշ թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) մրցաշարը Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել: Կազմակերպության պաշտոնական կայքում որոշումը հիմնավորված է «չնախատեսված հանգամանքներով»:

– Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկներ) Եվրոպայի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակից չունի:

Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում

Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ 4-րդ փուլում, հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանը: Նա սեւերով հանդիպեց իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 43-րդ քայլին մրցակցին ստիպեց հաշտություն կնքել: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ Դմիտրի Յակովենկոյի հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Նրանք երկուսն էլ պարգեւատրվեցին ոսկե մեդալով: Սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Լեւոն Արոնյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստերը, իսկ 3-րդ՝ Հիկարու Նակամուրան:

Այդպիսով, հայտնի դարձան աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի եւս 2 մասնակիցներ: Այդ իրավունքը նվաճեցին ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկով գրավեցին առաջին 2 տեղերը: Լեւոն Արոնյանն այդ ցուցակում 173 վարկանիշային միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: Մեր գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, որը թույլ տվեց մեր շախմատիստին ճանաչվել մրցաշարի հաղթող:

Լեւոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին

Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ 5-րդ փուլն է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա): Առաջին փուլում միմյանց հետ կխաղան. Նեպոմնյաշչի – Արոնյան, Կարլսեն – Կարուանա, Ադամս – Կարյակին, Նակամուրա – Անանդ, Սո – Վաշյե-Լագրավ:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարըԼոնդոնում մեկնարկեց Grand Chess Tour-ի վերջին փուլի մրցաշարը, որի մասնակցում է  Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Առաջին խաղում նա սեւերով մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչու հետ եւ արդեն 28-րդ քայլին ավարտվեց հաշտությամբ: Մյուս 4 հանդիպումները նույնպես ոչ-ոքի ավարտվեցին: Վաղը տեղի կունենան 2-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը կրկին սեւերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հավելենք, որ Grand Chess Tour-ի նախորդ 4 փուլերից հետո 34 միավորով 1-ին տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագավը եւ Լեւոն Արոնյանը, ովքեր ունեն համապատասխանաբար 31 եւ 25 միավոր: Այս մրցումներում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը Կարուանային ստիպեց հաշտություն կնքել – Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարի 2-րդ փուլում ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ պաշտպանվեց եւ արդեն 28-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց կրկնել դիրքը ու հաշտություն կնքել: Լեւոն Արոնյանը 2-րդ ոչ-ոքին արեց մրցաշարում եւ վաստակեց 1 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի մրցամարտում նույնպես գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի: 3-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ:

Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակով սկսեցին Լոնդոնի մրցաշարը

London Chess Classic շախմատի գերհզոր մրցաշարի շրջանակում անցկացվում է նաեւ London Chess Classic FIDE OPEN մրցաշար: Այս տարի դրան մասնակցում են 48 երկրների 286 շախմատիստ, այդ թվում՝ 36 գրոսմայստեր: Վերջինների թվում են նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք իրենց վարկանիշով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ եւ 9-րդ տեղերը: Կայացած առաջին փուլում մեր շախմատիստները հաղթանակ տարան եւ վաստակեցին առաջին միավորը: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց հարավկորեացի Սեյուն Կվոնին, իսկ Հրանտ Մելքումյանը առավելության հասավ անգլիացի Թիմ Հեբսի նկատմամբ:

Հավելենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Պարգեւատրվում են առաջին 12 հորիզոնականները. 1-ին տեղ՝ 5000 ֆունտ սթեռլինգ, 2-րդ՝ 4000, 3-րդ՝ 3000, 4-րդ՝ 2000, 5-րդ՝ 1000, 6-12-րդ՝ 500-ական:

Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ

Իսպանիայում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» խաղարկությունից հետո հայտնի դարձան շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները: 2018թ. աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ շախմատային թագը վիճարկելու իրավունք ստանալու համար 8 հավակնորդները մարտի 10-28-ը Բեռլինում կպայքարեն հաղթողի կոչման համար:

Լեւոն Արոնյանից բացի, որը հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, հավակնորդների մրցաշարում հանդես կգան նաեւ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք երկու շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը:

Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի ֆավորիտ է համարվում Լեւոն Արոնյանը, ով ներկայումս 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում, բացի այդ իր առաջիկա մրցակիցների հետ անցկացրած դասական խաղերում բոլորից շատ միավոր է վաստակել՝ 86,0: Այս ցուցանիշով 2-րդ տեղում է Սերգեյ Կարյակինը՝ 65,5 միավոր, 3-րդ՝ Ֆաբիանո Կարուանան՝ 60,5: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած հանդիպումներում:

Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն

Նորաթուխ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտված շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Վերջին՝ 11-րդ փուլի խաղում, մեր 19-ամյա շախմատիստը սեւ խաղաքարերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեկսեենկոյին եւ վաստակեց 8,5 միավոր: Նա միայն լրացուցիչ գործակիցներով ետ մնաց նույնպիսի արդյունք ունեցող նորվեգացի գրոսմայստեր Արյան Տարիից, ով էլ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մեր մյուս 2 շախմատիստները համեմատաբար համեստ արդյունք ցույց տվեցին: Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը 7,5 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով ետ մնալով 8 մրցակիցներից: Միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ մրցաշարն ավարտեց 43-րդ հորիզոնականում:

Զուգահեռ ընթացող աղջիկների առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը զբաղեցրեց 41-րդ տեղը՝ վաստակելով 5,5 միավոր: Աշխարհի չեմպիոն դարձավ ղազախստանցի Ժանսայա Աբդումալիկը, որը 1 միավորով գերազանցեց 2-րդ տեղը գրաված ռուսաստանցի Անաստասյա Պարամզինային:

«Ծաղկաձոր օփեն». Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց եւ մոտեցավ առաջատարներին

Ծաղկաձորում ընթացող «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ փուլի հանդիպումները: Մրցաշարի առաջատարներ Վիտալի Բերնադսկին ու Մարին Բոսիոչիչը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Վլադիմիր Օնիշչուկի ու Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ իրենց վաստակած միավորների քանակը հասցրին 6,5-ի: Նրանց բոլորից շատ մոտեցավ միայն մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը սպիտակներով հաղթեց ղազախստանցի Ռինատ Ջումաբաեւին եւ վաստակեց 6 միավոր:

Հենց այս եռյակն էլ վաղը կայանալիք 9-րդ փուլում կվիճարկի մրցանակային տեղերը: Նրանց կարող են ձեռնոց նետել 5,5-ական միավոր ունեցող մրցակիցները, որոնց թվում են մեր շախմատիստներ Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Վրաստանն ու Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցներ Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Պարավյանը:

Հ.Գ. - «Ծաղկաձոր օփեն»-ում հաղթեց ուկրաինացի Վիտալի ԲերնադսկինԾաղկաձորում ավարտված շախմատի «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարում հաղթեց Վիտալի Բերնադսկին: Ուկրաինացի գրոսմայստերը վերջին՝ 9-րդ փուլում, ոչ-ոքի խաղաց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հետ, վաստակեց 7 միավոր եւ միայնակ զբաղեցրեց 1-ին տեղը: 5 շախմատիստներ՝ այդ թվում Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարից ետ մնացին կես միավորով: Լրացուցիչ գործակիցներով մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց խորվաթ գրոսմասյտեր Մարին Բոսիոչիչը, իսկ 3-րդ ճանաչվեց մեր շախմատիստը:

Հայկական շախմատի կենդանի լեգենդ, 66-ամյա Ռաֆայել Վահանյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 10-րդ պատվավոր հորիզոնականում: Աղջիկներից լավագույն արդյունք ցույց տվեց Աննա Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց 38-րդ տեղը:

Աբգար թագավորի հիշատակի շախմատի մրցաշարին կմասնակցեն նաեւ հոգեւորականներ

Դեկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում 5-րդ անգամ կանցկացվի շախմատի մրցաշար: «Այս տարի մրցաշարին կմասնակցեն տարբեր մարզերի թեմերի, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների՝ բանակի, ոստիկանության ակադեմիայի  ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլն։ Այն վերնագրել ենք  «Արքայի տոն՝ արքայական խաղով», քանի որ մրցաշարը նվիրված է Աբգար թագավորին, որը Հայոց առաջին թագավորն է և որը Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունել է նրան որպես Աստված եւ Աստծո որդի», – մամուլի ասուլիսում ասել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդության Սուրբ Սարգիս եկեղեցու եւ երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Մրցաշարը կանցկացվի 2 փուլով։ Նախ՝  60 մասնակիցները կբաժանվեն զույգերի եւ կմրցեն միմյանց հետ։ Դրանց հաղթողները հետո միաժամանակյա խաղ կանցկացնեն մեր 2 գրոսմայստերների՝ Հայաստանի ներկայիս չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի եւ մինչեւ 20 տարեկանների աշխարհի նախկին չեմպիոն Զավեն Անդրեասյանի հետ։ «Սա մեր առաջին միջոցառումն է, որն անցկացնում ենք «Երիտասարդության տարի» ծրագրի շրջանակում, որը 2018թ. համար հռչակել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։ Հետագայում նախատեսում ենք անցկացնել ֆուտբոլի մրցաշար, ինչպես նաեւ Նավասարդի ժամանակ կկազմակերպենք վազքի եւ հայկական կոխի մրցումներ»,- եզրափակեց հոգեւոր հովիվը։

Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը 2021թ Եվրոպայի առաջնության որակավորման նախնական փուլի 2-րդ խաղում սեփական դաշտում 71:78 հաշվով զիջեց Դանիայի հավաքականին: Համդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 69:69: Ավաղ, լրացուցիչ 5 րոպեներում մեր բասկետբոլիստները վաստակեցին ընդամենը 2 միավոր, իսկ դանիացիները՝ 9 միավոր:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարի 1-ին շրջանում տարավ 1 հաղթանակ եւ կրեց 1 պարտություն: 2-րդ շրջանը տեղի կունենա 2018թ.: Հաջորդ փուլ մտնելու համար մեր ընտրանին պետք է հաղթի մնացած 2 հանդիպումներում:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին Տիրանայում մրցել էր Ալբանիայի ազգային թիմի հետ: Առաջին 2 խաղափուլերն անցել էին լարված պայքարում, սակայն Հայաստանի հավաքականը մեծ ընդմիջման գնաց 3 միավորի առավելությամբ՝ 41:38: Հաջորդ 2 խաղափուլերն անցան արդեն մեր բասկետբոլիստների առավելությամբ, որոնք էլ ի վերջո հաղթանակ տարան 80:63 հաշվով:

«Փյունիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ իր անմիջական մրցակցին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի հերթական հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին եւ բավական գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով: Դաշտի տերերը Էրիկ Վարդանյանի եւ Պետրոս Ավետիսյանի խփած գոլերի հաշվին 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոյի դուբլի հաշվին հյուրերը կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Հանդիպման 90+3 րոպեին «Փյունիկ»-ի պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն անկյունայինի խաղարկումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 3:2:

«Փյունիկ»-ը վաստակեց 17 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին, որն ունի 19 միավոր: Վաղը տեղի կունենա փուլի վերջին հանդիպումը: Առաջնության ետնապահ «Արարատ»-ն իր հարկի տակ կընդունի 3-րդ տեղում ընթացող «Բանանց»-ին:

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջնության առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի առաջին խաղում Կապանի թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ին։

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա երկրորդում կապանցիները մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման 77-րդ րոպեին 11մ հարվածը վստահ իրացրեց Աշոտ Կարապետյանը։ Այս գոլի հաշվին էլ «Գանձասար-Կապան»-ը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: «Այս հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ դա մեզ թույլ տվեց կրճատել առաջատարից ունեցած միավորների տարբերությունը։ Հակառակ դեպքում առաջնությունը, կարելի էր ավարտված համարել»,– այսպես է մեկնաբանել հանդիպումը «Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

«Փյունիկ»-ը 4:0 հաշվով ջախջախեց «Արարատ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 8-րդ փուլից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Առաջին խաղակեսում տանտերերը 3 անպատասխան գոլ խփեցին հյուրերի դարպասը, իսկ երկրորդում՝ 1: Այդպիսով, «Փյունիկ»-ը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: Արարատցիները 9-րդ պարտությունը կրեցին 14-րդ խաղում եւ մնացին վերջին՝ 6-րդ տեղում:

«Բանանց»-ը կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ փուլի վերջին խաղում «Բանանց»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Արարատ»-ին: «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց: Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց արարատցի Գարեգին Կիրակոսյանը: Ապա «Բանանց»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը 2 գոլ խփեց հանապատասխանաբար 32-րդ եւ 70-րդ րոպեներին եւ առաջ մղեց հյուրերին: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին Գարեգին Կիրակոսյանը տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 2 րոպե անց «Բանանց»-ը 11մ հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Վալմերսոնը:

Այդպիսով, «Բանանց»-ը 3:2 հաժվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր եւ ամրապնդվեց 3-րդ տեղում: Երեւանի «Արարատ»-ը 10-րդ պարտությունը կրեց 15 խաղում եւ վաստակած 9 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Այս հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Մրցաշարում հայտարարվեց 3 ամիս ընդմիջում: Հաջորդ՝ 16-րդ տուրի խաղերը, տեղի կունենան արդեն 2018թ. մարտի 2-3-ին:

ՀՖՖ-ն տուգանել է «Արարատ»-ին ու «Շիրակ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ուշագրավ որոշումներ է կայացրել։ Մասնավորապես՝ Երեւանի «Արարատ»-ը տուգանվել է 50 հազար դրամով՝ Հայաստանի բարձրագույն խմբի «Փյունիկ»-«Արարատ» խաղին տեսուչի զգուշացումից հետո որակազրկված պաշտոնյայի պահվածքի համար։ Իսկ թե որ պաշտոնյայի եւ ինչ պահվածքի համար է ակումբը տուգանվել, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը չի տեղեկացնում։ Գյումրիի «Շիրակ» ակումբը նունպես տուգանվել է 50 հազար դրամով, սակայն 2 խախտումների համար։ Հայաստանի 1-ին խմբի առաջնության «Էրեբունի»-«Շիրակ-2» հանդիպմանւ հյուրերը ներկայացել են մեկ մարզահագուստով, բացի այդ թիմի ներկայացուցիչը չի մասնակցել նախախաղային խորհրդակցությանը։

Կոմետեի ընդունած մյուս որոշումներն արդեն կարգապահական են՝ ֆուտբոլիստների հեռացումների համար։

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կրկին վերադառնա Գերմանիա, Դորտմունդի «Բորուսիա»: Այդ մասին հայտնում է 101 Great Goals կայքը՝ հղում անելով The Times օրաթերթին: Ինչպես նշում է աղբյուրը, անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա հայազգի ֆուտբոլիստին, որպեսզի փոխհատուցի 2016թ. նրա ձեռքբերման համար կատարված ծախսերը: Եթե մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջիկայում չփոխի իր դիրքորոշումը, ապա «Բորուսիա»-ն պատկանում է այն ակումբների թվին, որոնք հետաքրքված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ հրապարակայնորեն քննադատել է Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ ֆուտբոլիստի խաղամակարդակը բավականին իջել է վերջին շրջանում: Դա, ինքնին, պորտուգալացի մասնագետի անգլիական ակումբի ղեկավարությանն ուղղված կոչ է՝ ֆուտբոլիստին տրանսֆերի հանելու համար: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից 2016թ. ամռանը, 26,3 մլն ֆունտ սթեռլինգով:

Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում

Ադրբեջանական «Կեշլյա» ակումբի ղեկավարությունը թիմի 2 ֆուտբոլիստներին մեղադրել է պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ, կոչ անելով իրավապահ մարմիններին՝ հետաքննություն կատարել այդ ուղղությամբ: Ֆուտբոլիստները հեռացվել են ակումբից:

Ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովը, նրանք վերջին մի քանի խաղերում հանդես են եկել իրենց հնարավորություններից ցածր որակով, որը կասկած է հարուցել:  «Հույս ունեմ, որ երկուսն էլ շուտով կվերադառնան իրենց ընտանիքները: Կարծում եմ, որ նրանք կարդարացվեն: Այս հարցում գլխավորն այն է, որ չտուժի ողջ ադրբեջանական ֆուտբոլը»,- ասել է մարզիչը: Նշենք, որ կասկածի տակ են հայտնվել «Կեշլյա»-ի անկացրած վերջին 6 հանդիպումները, որոնցում թիմը պարտություն է կրել:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։