Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – Արցախի խնդրում՝ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին… Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնությունների կանխարգելման ուղղությամբ… Հերթական ազգային վտանգը.- Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել…

Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն

Հայաստանի տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է:

Թեեւ արդարադատության նախարարության իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը, սակայն այս ընկերության կայքը նման խնդիր չի դնում եւ բացում է ընկերության բաժնետերերի ցանկը: Այսպիսով՝ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերն էլ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ նավթի եւ գազի պաշարների ուսաումնասիրությունը Սամվել եւ Կարեն Կարապետյանների ձեռքում է, ինչը հավաստում է, որ նրանք ընդլայնում են իրենց բիզնեսի սահմանները նաեւ Հայաստանում: Բաժնետոմսերն առավելապես Սամվել Կարապետյանի եւ նրա զավակների սեփականությունն են:

Սամվել Կարապետյանը նոր չէ, որ ընդլայնում է իր բիզնեսը Հայաստանում.: Բանն այն է, որ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016թ. հոկտեմբերից ձեռք է բերել նաեւ հայտնի «Ձորագետ հէկ»-ը

շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաեւ այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Ընկերությունը նաեւ 90% մասնաբաժին ունի 530 մլն. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում: Իսկ այս ընկերությունն էլ էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում:

Հետաքրքիր է, որ այս ընկերությունում 5% բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սեւակ Լալայանի (ով մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից) կինը՝ Նարինե Սուվարյանը:

Հուսանք, որ ի վերջո կհաջողվի Հայաստանում գտնել եւ օգտագործել նավթի եւ գազի պաշարները, որոնք ժամանակին Հայաստան են բերել նաեւ միջազգային կազմակերպությունների: Բայց այդ ուսումնասիրությունները նոր չէ, որ արվում են: Տարիներ առաջ էլ է արվել, եւ նշվում էր, որ գոնե նավթի պաշարներ մեր երկրում կան, բայց դրանք արդյունաբերական ծավալների չեն հասնում:

Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները

Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատված.

Հայաստանը պաշտպանել է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձեւերի եւ որոշումների նախագծերը: Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։  

Հետեւողական գործունեություն է նաեւ նպատակաուղղված ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների առաջմղման համար։ Միջնորդական առաքելությունները, որոնք իրականացվում են ՖՄԿ տարածքի եւ միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներին ցուցաբերվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օժանդակությունն այնպիսի ոլորտներ են հանդիսանում, որտեղ մեր կազմակերպությունն ունի հեղինակավոր դերատարություն և փորձառություն։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի հանձնառության մասին, որը դրսեւորվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն բարձրաստիճան առաքելությանը մասնակցելու ընթացքում։

Այսօր մենք հարկադրված ենք առերեսվել ահաբեկչության մշտական սպառնալիքին։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ամենախիստ կերպով դատապարտել ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախ դարձան վերջին ժամանակաշրջանում նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները եւ վերստին մեր լիարժեք աջակցությունը հայտնել այս չարիքի դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։

Օրերս Եգիպտոսում եւ Մալիում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում եգիպտացի եւ մալիացի բարեկամ ժողովուրդներին։ Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում եւ Մալիում, վկայում են խաղաղությանն ու կայունությանը նպաստելու մեր վճռական հանձնառության մասին։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կցանկանայի եւս մեկ անգամ կարեւորել այն, ինչը նշված է Ֆրանկոֆոնիայի վերջին 3 գագաթաժողովներին ընդունված բանաձեւերում, որտեղ վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ է արվում անվերապահ հարգել 1994 եւ 1995թթ անժամկետ եռակողմ զինադադարի համաձայնագրերը, հավաստել հանձնառությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած անբաժան ամբողջություն հանդիսացող սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ որպես հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հիմք։

Արժեւորում ենք նաեւ այն նախաձեռնությունը, որի արդյունքում Բուխարեստում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի կանանց իրավունքներին նվիրված համաժողովը։ Լիակատար աջակցություն հայտնելով այս համաժողովի արդյունքում ընդունված Կոչին՝ կարծում ենք, որ Կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին Ֆրանկոֆոնիայի ռազմավարությունը կարող է ներառվել 2018թ. անցկացվելիք Երեւանի գագաթաժողովին ընդունման համար նախատեսված փաստաթղթերի շարքում։

Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը

«Հայաստանը մշտապես կարեւորել է երկխոսության եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Կանայք, անվտանգությունը եւ խաղաղությունը» խորագրով քննարկմանը ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման գործընթացի համապատկերում: Ապա նշել է. «Բայց երկխոսությունը խրախուսելուն ուղղված ջանքերը դժբախտաբար խաթարվում են հարեւան երկրի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ շարունակաբար տարվող ատելության, ազգային պատկանելության հիման վրա անհանդուրժողականության քաղաքականության խրախուսմամբ, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝ կանանց նկատմամբ բռնությունների ու բանտարկություների պատճառով»։

Հանդիպումը նվիրված էր խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց ներգրավվածությանը, ինչպես նաեւ գենդերային ու սեռական բռնությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի օրակարգին։ Դեսպանը կարեւորել է խաղաղության եւ կայուն զարգացման գործընթացներում կանանց դերակատարության ամրապնդումը՝ միջազգային, տարածաշրջանային եւ ազգային հարթություններում։

Անդրադառնալով ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումներին՝ դեսպանը հիշատակել է կանանց հավասարության եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության ընդունած մի շարք ծրագրեր եւ օրենսդրական նախաձեռնություններ։ Մեր երկրի դեսպանը ՄԱԿ-ում նշել է նաեւ, որ Մարդու իրավունքների խրախուսման եւ պաշտպանության ազգային ռազմավարությունում եւ գործողությունների ծրագրում զգալիորեն արտացոլված են կանանց հավասարության ու նրանց դերի բարձրացմանն ուղղված դրույթներ:

Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության բարելավման ուղղությամբ, ինչպեսեւ մշակում է Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի (խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանաց դերակատարության վերաբերյալ) իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիր՝ 2018թ. ընդունելու նպատակով։

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ պաշտոնական Երեւանը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության՝ մասնավորապես կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների դերակատարությունը՝ հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման համար բարենպաստ մթնոլորտի ապահովման եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդման գործում։ Անվտանգության խորհրդի քննարկմանը մասնակցել են նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մի շարք երկրների արտաքին գործերի ու կանանց հարցերով պատասխանատու նախարարներ։

Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը

«ՍԴ որոշմամբ լուծվել է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց (հանրային իշխանության մարմինների) կողմից մարդու իրավունքները խախտելու դեպքում բարոյական վնասի հատուցման եւ դրա չափի հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ որոշմանը, իրավական հիմնահարցի լուծմանը, որ կայացվել է 07.11.2017թ, ձգտել եմ 2004թ-ից, ծրագրել եմ 2006թ-ին, սկսել եմ 2011թ-ին. … կարող է երկար թվալ, սակայն, երբ ծրագրավորումդ տասնյակ այդպիսի հիմնահարցեր են ու տարիներ առաջ դրանց իրագործումը սկսել ես՝ պարբերաբար ստացվող արդյունքները տարիների վրա բաշխելու դեպքում՝ նոսր չի ստացվում:

Այս գրառմամբ Արտակ Զեյնալյանը ցանկացել է բոլորին փոխանցել այդ բանաձեւը, համբերատարությունն ու նպատակին հասնելու կամքը, նպատակասլացությունը:

«Մենք կարող ենք մեր առջեւ անհավանական, ֆանտաստիկ նպատակներ դնել ու իրագործել, հասնել դրանց: Այս որոշման արդյունքը բոլորինս է, վերցրեք բանաձեւը եւ ստեղծեք արդյունք՝ ձեր եւ մեր բոլորի համար»,- գրել է պատգամավորը:

Հերթական ազգային վտանգը

Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել: Մարդկանց անհատական եւ  կենսաչափական տվյալներից՝ մատնահետքերից  (հերթը աչքի ծիածանափայլ թաղանթին էլ է գալու) հետո մեր իսկ ձեռքերով անցանք ԴՆԹ տվյալների փոխանցմանը օտարին… (Մնում է մեր գենի կոդն էլ հայտնենք ու… բայց լավ է, որ չգիտենք՝ արարչադիր է…):

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ դրա համար փոփոխություն եւ լրացում է մշակվել «Ոստիկանության մասին» օրենքում: Որ այս փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:

ԴՆԹ քարտադարանների ստեղծումը փոխոստիկանապետը կարեւորեց, քանի որ շատ հաճախ հանցագործը գործում է ձեռնոցով եւ հնարավոր չի լինում դեպքի վայրից մատնահետքեր վերցնել, մինչդեռ ԴՆԹ նմուշով հնարավոր է անձի նույնականացում կատարել:

«Այս առումով անհուսալի ուշացել ենք, պիտի ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ դաշտը կարգավորելու համար»,- ասել է նա՝ նկատելով, որ Ինտերպոլն արդեն անհատույց տրամադրել է անհրաժեշտ փաթեթը (իհարկե կտրամադրի…,- խմբ.): Նշել է, որ աշխարհում ձեւավորվել են ԴՆԹ պահոցներ, եզակի երկրներ դա չունեն:

Շարունակում ենք ազգի տվյալների ինքնակամ արտահանումը (կուլ տալով անհատույց խայծերը), իսկ թե դա ինչպես կգործածեն մեր դեմ, շուտով կտեսնենք նոր վտանգների ձեւով:

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/  կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։