Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…

Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ զեկուցել է Հայաստանի Հանրապետության մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Տարբեր կազմակերպչական հարցերն ու առաջարկությունները եւս քննարկվել էին:

Խոշոր միջոցառումների մասով արդեն հանդիպումներ են ընթանում ֆրանկոֆոնյան ուղղությամբ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։ Խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ամուր փոխգործակցության մասին՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում: Հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության տարաբնույթ հարցեր են քննարկվել, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային կարեւորության խնդիրներ: Ֆրանսիացի սենատորին ներկայացվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։  

Իհարկե, քննարկել էին նաեւ 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այդ նպատակով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին: Այստեղ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին հաստատվել են Երեւանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ու գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը եւ քննարկումմների հիմնական թեմաները։ Փաստորեն, Փարիզում հավանություն է տրվել Հայաստանի բոլոր առաջարկություններին: Որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երեւանի գագաթաժողովն անցկացնել 2018թ. հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետեւյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը որպես Երեւանյան գագաթաժողովի կարգախոս «Ապրել միասին»-ը հաստատեց։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երեւանյան պակտի հիմքում։ Երեւանյան Պակտը կարտացոլի համընդհանուր արժեքները՝ մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաեւ պայքարը այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը եւ ատելության սերմանումը։

Նախարարը տեղեկացրել է, որ որպես Գագաթաժողովի խորհրդանշան (լոգո)՝ ի շարունակություն Երեւանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի։ «Առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս Գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը։ Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը եւ խրախուսել երիտասարդների մասնկացությունը Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին։ Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգը, որը տեղի կունենա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին, պետական ճաշից առաջ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարական համաժողովի մասնակիցները, այդ թվում Ֆրանկոֆոնիայի ավելի քան հինգ տասնյակ երկրների արտգործնախարարները, դիտեցին նաեւ Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների եւ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։

Այս օրերին բացի ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է այդ կապերը ամրապնդվել են, հատկապես՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցից հետո:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երեւանում անցկացվող «Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում եւ դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից ու անդին» ԵԱՀԿ համաժողովին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, մասնավորապես հայերի, եւ այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի ջանքերին վերաբերող հարցերին։

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո վստահաբար ավելի ծավալուն կդառնան եվրոպական երկրների հետ կապերն ու համատեղ քայլերը, ինչը տեղի կունենա բոլոր ոլորտներում եւ կարող է նպաստել Հաաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանն ու հայկական խնդիրների միջազգայնացմանը: Պարզապես պաշտոնական Երեւանը պիտի ավելի լայնածավալ աշխատի եւ ընդգրկի նաեւ հայկական սփյուռքի բոլոր հատվածների հնարավորությունները, ոչ միայն եվրոպական:

Արտակ Հայոցյան

Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները

Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատված.

Հայաստանը պաշտպանել է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձեւերի եւ որոշումների նախագծերը: Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։

Հտեւողական գործունեություն է նաեւ նպատակաուղղված ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների առաջմղման համար։ Միջնորդական առաքելությունները, որոնք իրականացվում են ՖՄԿ տարածքի եւ միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներին ցուցաբերվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օժանդակությունն այնպիսի ոլորտներ են հանդիսանում, որտեղ մեր կազմակերպությունն ունի հեղինակավոր դերատարություն և փորձառություն։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի հանձնառության մասին, որը դրսեւորվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն բարձրաստիճան առաքելությանը մասնակցելու ընթացքում։

Այսօր մենք հարկադրված ենք առերեսվել ահաբեկչության մշտական սպառնալիքին։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ամենախիստ կերպով դատապարտել ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախ դարձան վերջին ժամանակաշրջանում նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները եւ վերստին մեր լիարժեք աջակցությունը հայտնել այս չարիքի դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։

Օրերս Եգիպտոսում եւ Մալիում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում եգիպտացի եւ մալիացի բարեկամ ժողովուրդներին։ Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում եւ Մալիում, վկայում են խաղաղությանն ու կայունությանը նպաստելու մեր վճռական հանձնառության մասին։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կցանկանայի եւս մեկ անգամ կարեւորել այն, ինչը նշված է Ֆրանկոֆոնիայի վերջին 3 գագաթաժողովներին ընդունված բանաձեւերում, որտեղ վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ է արվում անվերապահ հարգել 1994 եւ 1995թթ անժամկետ եռակողմ զինադադարի համաձայնագրերը, հավաստել հանձնառությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած անբաժան ամբողջություն հանդիսացող սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ որպես հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հիմք։

Արժեւորում ենք նաեւ այն նախաձեռնությունը, որի արդյունքում Բուխարեստում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի կանանց իրավունքներին նվիրված համաժողովը։ Լիակատար աջակցություն հայտնելով այս համաժողովի արդյունքում ընդունված Կոչին՝ կարծում ենք, որ Կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին Ֆրանկոֆոնիայի ռազմավարությունը կարող է ներառվել 2018թ. անցկացվելիք Երեւանի գագաթաժողովին ընդունման համար նախատեսված փաստաթղթերի շարքում։

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։