Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համապատկերում: Սա պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող «եւ-եւ»-ի քաղաքականության կարեւոր ձեռքբերում է, ինչը փաստացի հաստատում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ մեր երկրի՝ «կամ-կամ»-ի քաղաքականությունից հրաժարումը արդարացված է:

Նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Սա բոլորիս համատեղ հաջողությունն է ու կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,- ավելի վաղ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշել էր, որ 2017թ.-ն իրավամբ կարելի է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ «Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները»:  

Նախագահի խոսքով՝ այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը «մենք դավանում ենք, իսկ համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական ու հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը»։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից.- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ամենավառ  իրադարձությունը կլինի Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը»,-  գրել էր «Deutshce Welle» պարբերականը։ Նման տեսակետներ են հայտնել նաեւ եվրոպական շատ լրատվամիջոցներ: Ըստ ԶԼՄ-ների, Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության, եւ «ԵՄ-ն այս համաձայնագիրն անվանում է հավակնոտ»։ «Մենք շատ բանի ենք գնացել, որպեսզի համաձայնագիրը համատեղելի լինի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել էր «Deutshce Welle»-ի ԵՄ աղբյուրը։

Որոշ վերլուծաբաններ նշել են, որ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ քաղաքական վառ հայտարարություններ այլեւս չէին կարող լինել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, քանզի այդպիսիան վառ իրադարձություն տեղի է ունեցել նաեւ 2015թ. մայիսին Ռիգայում, երբ ուժի մեջ են մտել 3 պետությունների հետ ասոցացման համաձայնագրերը՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա։ Ադրբեջանի հարցը առաջ չի շարժվում, քանի որ այդ երկրում մարդու իրավունքերի, եւ առհասարակ արդարադատության տեսանկյունից լուրջ խնդիրներ կան:

«ՀՀ-ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համընդգրկուն եւ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում երկու կողմերի հարաբերություններում»,- հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:

Նա նշել է, որ համաձայնագիրը կուռ իրավական հիմք է քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առեւտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, եւ շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։ «Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացքող բարեփոխումների համար։ Կարեւոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը աջակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։

Երեւանը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել ու ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ հիմնվելով այս համաձայնագրի վրա։ Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը եւ, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի»,- ասել է նախարարը:

Այս համաձայնագիրը Ռուսաստանի հանրությանը մատուցվում է շատ վատ, իբր անգամ բարեկամ Հայաստանը գնաց այդ ուղղությամբ, ուստի պետք է դիմել կտրուկ քայլերի, քանի որ Ռուսաստանը մենակ է իր պայքարի մեջ: Իհարկե, Հայաստանի նկատմամբ դարեդար ռուսական դավաճանությունների եւ դավադրությունների մասին խոսք չկա, ինչը հիմնականում ճիշտ պատկեր չի տալիս Հայաստանի «եւ,՛ եւ՛»-ի քաղաքականության մասին: Եվ սխալ մեկնաբանությունները միտումնավոր են արվում, որպեսզի շարունակեն որոշակի խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: Ավելի քան 2 մլն. հայ կա Ռուսաստանում, որոնց վրա եւս կանդրադառնան այս տրամադրությունները, ինչը նաեւ մեր երկրի վրա ազդելու լծակ կդարձնեն:

Բայց Ռուսաստանը կարող է օգտվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումից, ինչպես Չինաստանը կամ Իրանն են փորձում օգտվել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքից:

Սա լուրջ եւ քննարկելիք խնդիր է, եւ եթե ռուսական կողմը միայն հակահայ քաղաքականություն տանի, ապա, վստահաբար, չի կարող հույս ունենալ, թե Երեւանը ԵՄ-ում կաջակցի իր ռազմավարական գործընկերոջը… Նույնը նաեւ ԵԱՏՄ ուղղությամբ կկատարվի, ինչը հաստատ ձեռնտու չի լինի Մոսկվայի արտաքին քաղաքականության առաջխաղացման համար:

Ի վերջո Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից, չի շահարկել ռուսաստանյան շահերը հօգուտ Հայաստանի:

Ինչպես ասում են՝ գնդակը ռուսական կողմի խաղադաշտում է…

Իսկ Հայաստանը պիտի կարողանա օգտվել այս նոր առիթից եւ կարգավորել հարաբերությունները Եվրոպական Արեւելյան գործընկերության շրջանակներում գործող Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ, քանի որ այս երկրները դեռ որոշակիորեն ադրբեջանամետ են մնացել…

Արման Դավթյան

Հ.Գ. – Երեկ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ Մինսկ մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Կմասնակցեն նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։