Այցելեք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի ազգային առաջնությունում 3 ամիս ընդմիջում՝ 16-րդ փուլի խաղերը՝ 2018թ. մարտի 2-3-ին… Դրանից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ էլ աստվածը ես եմ,- պատմել է Մխիթարյանը… Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Հենրիխը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործող ազգային ռմբարկու… Հենրիխը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Հենրիխ Մխիթարյանը մտահոգված է իր ապագայով… Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում… «Արարատ» հոկեյի ակումբը՝ Բելառուսի առաջնությունում… Լեւոն Արոնյանը մասնակցում է London Chess Classic-ին… Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ… Շախմատի, թաեքվոնդոյի, սամբոյի, լողի, դահուկավազքի ու լեռնադահուկային սպորտի, հրաձգության եւ այլ մարզական լուրեր… Արթուր Աբրահամը ժխտում է իր մասնակցությունը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին…

Աշխարհի մարզական հեւքից – 

«Փյունիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ իր անմիջական մրցակցին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի հերթական հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին եւ բավական գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով: Դաշտի տերերը Էրիկ Վարդանյանի եւ Պետրոս Ավետիսյանի խփած գոլերի հաշվին 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոյի դուբլի հաշվին հյուրերը կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Հանդիպման 90+3 րոպեին «Փյունիկ»-ի պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն անկյունայինի խաղարկումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 3:2:

«Փյունիկ»-ը վաստակեց 17 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին, որն ունի 19 միավոր: Վաղը տեղի կունենա փուլի վերջին հանդիպումը: Առաջնության ետնապահ «Արարատ»-ն իր հարկի տակ կընդունի 3-րդ տեղում ընթացող «Բանանց»-ին:

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջնության առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի առաջին խաղում Կապանի թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ին։

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա երկրորդում կապանցիները մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման 77-րդ րոպեին 11մ հարվածը վստահ իրացրեց Աշոտ Կարապետյանը։ Այս գոլի հաշվին էլ «Գանձասար-Կապան»-ը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: «Այս հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ դա մեզ թույլ տվեց կրճատել առաջատարից ունեցած միավորների տարբերությունը։ Հակառակ դեպքում առաջնությունը, կարելի էր ավարտված համարել»,– այսպես է մեկնաբանել հանդիպումը «Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

«Փյունիկ»-ը 4:0 հաշվով ջախջախեց «Արարատ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 8-րդ փուլից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Առաջին խաղակեսում տանտերերը 3 անպատասխան գոլ խփեցին հյուրերի դարպասը, իսկ երկրորդում՝ 1: Այդպիսով, «Փյունիկ»-ը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: Արարատցիները 9-րդ պարտությունը կրեցին 14-րդ խաղում եւ մնացին վերջին՝ 6-րդ տեղում:

«Բանանց»-ը կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ փուլի վերջին խաղում «Բանանց»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Արարատ»-ին: «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց: Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց արարատցի Գարեգին Կիրակոսյանը: Ապա «Բանանց»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը 2 գոլ խփեց հանապատասխանաբար 32-րդ եւ 70-րդ րոպեներին եւ առաջ մղեց հյուրերին: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին Գարեգին Կիրակոսյանը տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 2 րոպե անց «Բանանց»-ը 11մ հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Վալմերսոնը:  

Այդպիսով, «Բանանց»-ը 3:2 հաժվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր եւ ամրապնդվեց 3-րդ տեղում: Երեւանի «Արարատ»-ը 10-րդ պարտությունը կրեց 15 խաղում եւ վաստակած 9 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Այս հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Մրցաշարում հայտարարվեց 3 ամիս ընդմիջում: Հաջորդ՝ 16-րդ փուլի խաղերը, տեղի կունենան արդեն 2018թ. մարտի 2-3-ին:

Աբրահամ Խաշմանյան հեռացել է «Ալաշկերտ»-ից

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը չի երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի եւ մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը, որոնց ժամկետը լրացել է դեկտեմբերի 2-ին: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նշված մարզիչները իրենց կարիերան շարունակելու են Ղազախտանի առաջնության մասնակից Կարագանդայի «Շախտյոր»-ում:

Միաժամանակ թիմի մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը եւ Արմեն Կիրակոսյանը շարունակելու են աշխատել ակումբում: «Ալաշկերտ»-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:

- ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է ՀՀԿ ֆուտզալի գավաթի առաջնության եզրափակիչ խաղըՍերժ Սարգսյանն Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում դիտել է ՀՀԿ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված ֆուտզալի գավաթի 15-րդ առաջնության եզրափակիչ խաղը:

Խաղի ավարտին Հանրապետության նախագահը շնորհավորել եւ հաղթող թիմին հանձնել է առաջնության գավաթը: Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին ու լավագույն դարպասապահին:

Ռոստովից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ աստվածը ես եմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմում պատմել է նաեւ ակումբակից, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ իր հարաբերությունների մասին: «Զլատանը շատ ծանր բնավորություն ունի, բոլորին չի համապատասխանում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները եւ ինչի մասին է խոսում: Հնարավոր է՝ պարզապես չեն ցանկանում հասկանալ: Բայց ես առաջին օրվանից լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից դուրս նրա վերականգնման փուլում եւս կապ ունեինք, զրուցում էինք:

Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն աստված է համարում: Բայց երբ վայրէջք կատարեցինք Ռոստովում, ես նրան ասացի. «Տեսնո՞ւմ ես, ով է այստեղ աստվածը»: Կատակ եմ անում: Պարզապես շատ էին հայերը, բոլորը վանկարկում էին իմ անունը: Ռոստովից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ կա նաեւ ուրիշ աստված՝ ես»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ ծիծաղելով: Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ էր ներկայացրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը:

Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կպայքարեն ՈՒԵՖԱ-ի 2017թ. խորհրդանշական հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Մեր ֆուտբոլիստից բացի, կիսապաշտպանության գծի խաղացողների ցուցակում ընդգրկվել է եւս 13 հոգի: Նրանք են Էդեն Ազարը («Չելսի»), Դելե Ալին, Կրիստիան Էրիկսենը (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Մարկո Ասենսիոն, Կարլոս Կազեմիրոն, Տոնի Կրոոսը, Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգեսը («Աթլետիկո»), Միրալեմ Պյանիչը («Յուվենթուս»), Ֆաբիանոն  («Մոնակո»), Կեւին Դե Բրյույնեն («Մանչեսթեր Սիթի»):

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի 2017թ. խորհրդանշական հավաքականը կկազմվի ֆուտբոլասերների տված ձայների օգնությամբ:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործող ազգային ռմբարկու

Անգլիայում ֆուտբոլի հետ կապված ոչ մի մանրուք բաց չեն թողնում: Մասնավորապես, տեղի վիճակագիրները հոկտեմբերին հայտնաբերել են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայիս եւ նախկին 6 ֆուտբոլիստ համարվում է իր երկրի ազգային թիմի լավագույն ռմբարկու: Նախ խոսքը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին ու Զլատան Իբրահիմովիչին, որոնք այժմ հանդես են գալիս անգլիական այդ ակումբում: Վերջինս 62 գնդակով համարվում է Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, սակայն արդեն ավարտել է ելույթները ազգային թիմում:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 23 գոլի հեղինակ, որը նույնպես ռեկորդային է: Ավելին, ըստ անգլիացի վիճակագիրների, հայ ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում կատարել է բոլորից շատ արդյունավետ փոխանցում՝ 15:

Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին 4 ֆուտբոլիստներ նույնպես իրենց հավաքականների լավագույն ռմբարկուներ են: Նրանք են Ուեյն Ռունին (Անգլիա, 53 գոլ), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 79 գոլ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա, 28 գոլ) եւ Խավիեր Էրնանդեսը (Մեքսիկա, 49 գոլ):

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կրկին վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»: Այդ մասին հայտնում է 101 Great Goals կայքը՝ հղում անելով The Times օրաթերթին: Ինչպես նշում է աղբյուրը, անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա հայազգի ֆուտբոլիստին, որպեսզի փոխհատուցի 2016թ. նրա ձեռքբերման համար կատարված ծախսերը: Եթե մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջիկայում չփոխի իր դիրքորոշումը, ապա Դորտմունդի «Բորուսիա»-ն պատկանում է այն ակումբների թվին, որոնք հետաքրքված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրերս հրապարակայնորեն քննադատել է Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ ֆուտբոլիստի խաղամակարդակը բավականին իջել է վերջին շրջանում: Դա, ինքնին, պորտուգալացի մասնագետի անգլիական ակումբի ղեկավարությանն ուղղված կոչ է՝ ֆուտբոլիստին տրանսֆերի հանելու համար: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից 2016թ. ամռանը, 26,3 մլն ֆունտ սթեռլինգով:

Հենրիխ Մխիթարյանը մտահոգված է իր ապագայով

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի հետ քննարկել իր ապագայի հարցը: Այդ մասին նշում է Metro թերթը, հղում անելով dailystar.co.uk կայքին: Ըստ աղբյուրի ունեցած տեղեկության, հայազգի ֆուտբոլիստը բավական մտահոգված է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» սկզբունքային խաղում չի ընդգրվել թիմի հայտացուցակում: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալը ցանկանում են առաջիկայում հանդիպել պորտուգալացի մասնագետի հետ եւ պարզել, թե ինչպիսին են ֆուտբոլիստի հեռանկարները թիմում:

Ի  դեպ, հայ ֆուտբոլիստի համակիրները սոցցանցում բողոքի մեծ ալիք են բարձրացրել եւ նույնպես բացատրություն են պահանջում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչից: Նրանց զայրացրել է այն փաստը, որ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին դուրս է թողել «Բազել»-ի հետ արտագնա հանդիպման հայտացուցակից, այն դեպքում, երբ Շվեյցարիա էին մեկնել ընդամենը 19 ֆուտբոլիստ եւ նրանցից միայն մեկը պետք է դուրս մնար խաղի ցանկից: Ինչեւէ, Metro թերթը հարցում է անցկացնում, պարզելու՝ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի հայազգի ֆուտբոլիստին: Մասնակիցների 54%-ը դրական պատասխան են տվել:

Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում

Ադրբեջանական «Կեշլյա» ակումբի ղեկավարությունը թիմի 2 ֆուտբոլիստներին մեղադրել է պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ, կոչ անելով իրավապահ մարմիններին՝ հետաքննություն կատարել այդ ուղղությամբ:

Ֆուտբոլիստները հեռացվել են ակումբից: Ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովը, նրանք վերջին մի քանի խաղերում հանդես են եկել իրենց հնարավորություններից ցածր որակով, որը կասկած է հարուցել: «Հույս ունեմ, որ 2-ն էլ շուտով կվերադառնան իրենց ընտանիքները: Կարծում եմ, որ նրանք կարդարացվեն: Այս հարցում գլխավորն այն է, որ չտուժի ողջ ադրբեջանական ֆուտբոլը»,- ասել է մարզիչը: Նշենք, որ կասկածի տակ են հայտնվել «Կեշլյա»-ի անկացրած վերջին 6 հանդիպումները, որոնցում թիմը պարտություն է կրել:

«Արարատ» հոկեյի ակումբը հաղթել եւ պարտվել է Բելառուսի առաջնությունում

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բաց առաջնության շրջանակում երկու խաղ անցկացրեց այդ երկրի մինչև 18 տարեկանների թիմի հետ: Արտագնա խաղում հայկական ակումբը պարտվել է 4:5 հաշվով, իսկ արդեն պատասխան խաղում հաղթել է 3:0 հաշվով: «Արարատ»-ն ունի 43 միավոր և 7-րդ տեղում է:

Հ.Գ. – «Արարատ»-ը հաղթեց «Խիմիկ-2»-ին – «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի Բարձրագույն լիգայի առաջնության շրջանակներում 6-3 հաշվով հաղթեց «Խիմիկ-2»-ին: «Արարատ»-ի կազմում դուբլ ձևակերպեց Եվգենի Դյոմինը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Օհանյանը, Իլյա Շյոտկինը, Երվանդ Բուլգարյանը և Գրիգորի Խոշբեկյանը: «Արարատ»-ը 46 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը: Թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը:

https://www.vivaronews.am/samvel-zaxaryan-hajord-tari-taphoghakov-hokeyi-hayastani-havakhakann-anpayman-masnakcelu-e-ashxarhi-arajnuthyaneh/ - Սամվել Զախարյան. «Հաջորդ տարչի տափողակով հակեյի Հայաստանի հավաքականն անպայման մասնակցելու է աշխարհի առաջնությանը»

Լեւոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին

Դեկտեմբերի 1-11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա): Առաջին փուլում միմյանց հետ կխաղան. Նեպոմնյաշչի – Արոնյան, Կարլսեն – Կարուանա, Ադամս – Կարյակին, Նակամուրա – Անանդ, Սո – Վաշյե-Լագրավ:

Հ.Գ – Վիշվանաթան Անանդը չկարողացավ կոտրել Լեւոն Արոնյանի պաշտպանական գիծը – Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր կայացան 4-րդ փոլի խաղերը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Սպիտակներով հանդես եկող հնդիկ գրոսմայստերը հենց սկզբից փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն մեր շախմատիստը շատ վստահ պաշտպանվեց, իսկ 31-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը 4-րդ անընմեջ ոչ-ոքի խաղաց մրցաշարում եւ վաստակեց 2 միավոր: Նա, ինչպես նաեւ Վիշվանաթան Անանդը, այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հ.Գ – Լոնդոնում «առաջին արյունը թափվեց»  – Classic շախմատի գերմրցաշարի 4-րդ փուլում կայացավ առաջին արդյունավետ խաղը: ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին: 4-րդ փուլի արդյունքները. Սերգեյ Կարյակին – Ֆաբիանո Կարուանա՝ 0:1, Վիշվանաթան Անանդ – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո – Մայքլ Ադամս՝ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 2.5 միավոր, 2-9. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2-ական, 10. Կարյակին՝ 1.5:

Հ.Գ – Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարի 6-րդ փուլում մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի: Երկու գրոսմայստերներն էլ վաստակեցին 3-ական միավոր: Միանձնյա առաջատարն է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որն այս տուրում հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնում ընթացող London Chess Classic գերմրցաշարի 7-րդ փուլումՄեր հայրենակիցը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լեւոն Արոնյանը խաղի ընթացքում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի եւ 45-րդ քայլին հաշտություն կնքեց: Մեր գրոսմայստերը վաստակեց 3,5 միավոր եւ այս պահին բաժանում է 3-6-րդ տեղերը: 8-րդ փուլում Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը շատ արագ փոխանակեց խոշոր ֆիգուրները եւ արդեն 27-րդ քայլին հաշտություն կնքեց: Նա վաստակեց 4 միավոր հավասարվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, ով սակայն այժմ սպիտակներով փորձում է կոտրել ռուսաստանից Յան Նեպոմյաշչու դիմադրությունը: Վաղը կայանալիք վերջին՝ 9-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով հանդիպելու է հենց նորվեգացի գրոսմայստերի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կկայանա Լոնդոնում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կկայանա Լոնդոնում: Մրցախաղը կկայանա 2018թ. նոյեմբերի 9-28-ը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ: Վերջինիս բոլոր մասնակիցները հայտնի են: Նրանք են Լեւոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018թ. մարտի 10-28-ը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ

Իսպանիայում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» խաղարկությունից հետո հայտնի դարձան շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները: 2018թ. աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ շախմատային թագը վիճարկելու իրավունք ստանալու համար 8 հավակնորդները մարտի 10-28-ը Բեռլինում կպայքարեն հաղթողի կոչման համար:

Հիշեցնենք – Լեւոն Արոնյանից բացի, որը հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, հավակնորդների մրցաշարում հանդես կգան նաեւ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք 2 շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը:

Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի ֆավորիտ է համարվում Լեւոն Արոնյանը, որը ներկայումս 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում, բացի այդ իր առաջիկա մրցակիցների հետ անցկացրած դասական խաղերում բոլորից շատ միավոր է վաստակել՝ 86,0: Այս ցուցանիշով 2-րդ տեղում է Սերգեյ Կարյակինը՝ 65,5 միավոր, 3-րդ՝ Ֆաբիանո Կարուանան՝ 60,5: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած պարտիաներում:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գլխավորեց Լոնդոնի մրցաշարը

Շախմատի London Chess Classic FIDE OPEN միջազգային մրցաշարում հանդես եկող մեր 2 շախմատիստներից առավել հաջող է մեկնարկել գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: 2-3-րդ փուլերում նա հերթականությամբ պարտության մատնեց նորվեգացի Օլավ Ռիստինգին ու անգլիացի Մարկ Հեբդենին, եւ վաստակած 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 4-րդ փուլում Հրանտ Մելքումյանը սեւերով կխաղա իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ շվեդ գրոսմայստեր Ջոնի Հեկտորի հետ:

Մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, 2-րդ փուլում հաղթեց հնդիկ Շահ Ֆենիլին, սակայն 3-րդում ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ջոն Բարտոլոմյուի հետ: Նրա հաջորդ մրցակիցը իսպանացի միջազգային վարպետ Պաոլո Պինտո Լադրոն Դե Գուեւարան է, ով իր վարկանիշով 43-րդն է մրցաշարում:

Հ.Գ. – Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի միանձնյա առաջատար – Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN-ի7 փուլից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստը կես միավորով գերազանցում է Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիին: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով բաժանում է 3-20-րդ տեղերը (4-րդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով): Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հ.Գ. – Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել Լոնդոնի մրցաշարը – Մրցաշարային աղյուսակը 8 փուլից հետո շարունակում է միանձնյա գլխավորել մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որն այս փուլում ոչ-ոքի խաղաց իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի: Նրան հաջորդում են 7 շախմատիստ, որոնք ունեն 6,5-ական միավոր: Դրանց թվում է նաեւ մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ով ընթացիկ տուրում հաղթեց գերմանացի գրոսմայստեր Ֆլորիան Հանդկեին: Այդպիսով, վերջին փուլում սկզբունքային նշանակություն ունեն 4 խաղեր: Դա առաջին հերթին Հրանտ Մելքումյան – Ալեքսանդր Մոտիլյով հայ-ռուսական հակամարտությունն է: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսի հետ: Հրանտ Մելքումյանին հետապնդող մյուս շախմատիստները կազմել են հետեւյալ զույգերը. Ալեքսանդր Դոնչենկո – Տամիր Նաբաթի, Ֆան Վո Թի Կիմ – Սեբաստիեն Մազե: Հենց այս հանդիպումներում կորոշվեն մրցաշարի մրցանակակիրները:

Լոնդոնում ընթացող London Chess Classic FIDE OPEN մրցաշարում կկայանա վերջին 9-րդ փուլը – Մրցաշարի միանձնյա առաջատար Հրանտ Մելքումյանը սպիտակներով շատ արագ ոչ-ոքի խաղաց իր գլխավոր մրցակցի՝ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Նա վաստակեց 7,5 միավոր եւ վերջնականապես ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: Գործնականում դարձավ մրցաշարի հաղթող, քանի որ իրեն հետապնդող շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանն ունի բարձր վարկանիշ (այս մրցումներում հավասար միավորի դեպքում տեղերը բաշխում են ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի), որն այժմ պայքարում է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսի հետ: Եթե մեր շախմատիստը հաղթի, ապա Հրանտ Մելքումյանն ու նա կկիսեն 1-2-րդ տեղերը:

Լոնդոնում ավարտված Chess Classic FIDE OPEN շախմատային մրցաշարում հաղթեց Գաբրիել Սարգսյանը – Վերջին 9-րդ փուլում մեր գրոսմայստերը հաղթելով անգլիացի Ջոնաթան Հոուկինսին, վաստակած 7,5 միավորով հավասարվեց իր հայրենակից Հրանտ Մելքումյանին, ով մինչ այդ գրոսմայստերական ոչ-ոքի էր խաղացել Ալեքսանդր Մոտիլեւի հետ: Մրցաշարի կանոնակարգով հաղթող ճանաչվեց ՖԻԴե-ի վարկանիշային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնող շախմատիստը: Դա Գաբրիել Սարգսյանն էր, որը իր վարկանիշով 2-րդն էր այս մրցաշարում, իսկ ահա Հրանտ Մելքումյանը՝ 9-րդը:

3-րդ տեղը նույնպիսի արդյունքով զբաղեցրեց ֆրանսիացի Սեբաստիան Մազեն: Մրցանակակիր շախմատիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար 5000, 4000 եւ 3000 ֆունտ սթեռլինգով:

Շախմատ. Կարեն Գրիգորյանը 2-րդն է «Պենանգ օփեն»-ում

Մալայզիայում ավարտվել է «Պենանգ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 134 շախմատիստ։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 փուլի արդյունքում վաստակելով 8 միավոր, զբաղեցրել է 2-րդ տեղը։ Նա լրացուցիչ ցուցանիշներով զիջել է Հնդկաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Կ․ Ռատնակարանին։ Լավագույն եռյակը եզրափակել է Պրիասմորոն՝ 7 միավորով։

Հայաստանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 4 մարզիկով

Դեկտեմբերի 7-9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Այդ առաջնությունում Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ քաշային կարգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87):

Նախատեսվում էր առաջնությունն անցկացնել հոկտեմբերի վերջին Մինսկում, բայց ավելի ուշ թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) մրցաշարը Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել: Կազմակերպության պաշտոնական կայքում որոշումը հիմնավորված է «չնախատեսված հանգամանքներով»: Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկներ) Եվրոպայի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակից չունի:

Պատանի սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սամբոյի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մեր թիմի կազմում հանդես է եկել 6 սամբիստ, որոնցից 4-ը դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ)  եւ Սարգիս Սարգսյանը (66 կգ)։

Հայաստանի պատանի լողորդուհիները մեդալներ են նվաճում Իրանում

Թավրիզում (Իրան) ընթացող լողի պատանեկան միջազգային մրցաշարում լողուղյակները տրամադրվել են 11-12 եւ 13-14 տարեկան աղջիկներին: Մրցաշարին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատանի մարզուհիները: Մեկնարկային օրն ավագ տարիքային խմբում Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր ազատ ոճում նվաճել է ոսկե, իսկ 100 մետր բատերֆլայում՝ բրոնզե մեդալ: Կրտսերների մրցապայքարում Հայաստանի աղջնակները երեք արծաթե մեդալ են նվաճել. Եվա Կարապետյանը՝ 50 մետր ազատ ոճում, Լուսինե Վասիլյանը՝ 200 մետր համալիր լողում, իսկ մեր աղջիկների քառյակը՝ 4×50 մետր ազատ ոճում:

Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար

Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում նշեց, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա եւ Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում. «Մեր դահուկորդների մոտ բավականին առաջընթաց կա: Նախորդ տարի Ռուկայում Միքայել Միքայելյանը վաստակել էր մոտ 120 միավոր, իսկ այս տարի՝ 84-85: Մրցումից մրցում նա մեծ աճ է գրանցում: Նույնը կարող եմ ասել Թադեւոս Պողոսյանի մասին: Շատ ուրախալի է նաեւ Կատյա Գալստյանի արդյունքը: Նա իրեն լավ է դրսեւորում, մեկ մեկնարկ ունեցել է 135 միավորով: Մարիամ Միքայելյանը չի մասնակցել մրցաշարերին՝ հարբուխի պատճառով: Այս դահուկորդները եւս մեկ մեկնարկ կունենան դեկտեմբերի 10-ին»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հայ լեռնադահուկորդները նույնպես պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար: Հարություն Հարությունյանն ու Վազգեն Առաքելյանը վարկանիշային մրցաշարերի են Ավստրիայում եւ Իտալիայում:

Օլիմպիական ուղեգրին մոտ է մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Ուղեգիր նվաճելու համար նա պետք է լինի դասակարգման աղյուսակի 300 լավագույնների շարքում: Այդ դեպքում, մեր երկիրը օլիմպիական խաղերում կկարողանա ունենալ եւս մեկ դահուկավազորդ, որի միավորները կլինեն 100-ից ցածր:

Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու շանսեր ունենք

Դեկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի լավագույն հրաձիգ  է ճանաչվել  վազող թիրախ մրցաձևի հաղթող Հովհաննես Մարգարյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ամփոփել է հրաձիգների մրցելույթները. «Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության արդյունքները բավարար եմ համարում, թեեւ ունեինք մարզիկներ, որոնք կարող էին ավելի հաջող հանդես գալ: Մրցաշարից հետո ձեւավորեցինք Հայաստանի տարիքային հավաքականները:

Հունվարին կմասնակցենք Մյունխենի միջազգային մրցաշարին: Ընդհանուր առմամբ թիմի անդամները պատրաստ են, չնայած դեռ բավականին ժամանակ ունենք: Հրաչ Բաբայանի արդյունքը կայունացել է, աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում: Փետրվարին մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Այդտեղ պատանիները կփորձեն 2018թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել: Կարծում եմ՝ մեր շանսերն իրատեսական են»,- ասել է Սեյրան Նիկողսյանը: Պատանեկան օլիմպիական ուղեգրերի համար Հայաստանի հավաքականի կազմում կպայքարեն Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը եւ Ալլա Պողոսյանը 3- էլ՝ հրացան):

Արթուր Աբրահամը ժխտում է իր մասնակցությունը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին

«Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին ներկա չի եղել եւ այդ ամենի հետ որեւէ առնչություն չունի»,- այս մասին հայտնել է Արթուր Աբրահամը՝ իր մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով։

Հիշեցնենք, որ MDR Thuringen ու Thuringer Allgemeine գերմանական պարբերականները գրում են, թե տեղի իրավապահ մարմիններն ստուգումներ են անցկացնում՝ արդյոք հայազգի բռնցքամատկիներ Արթուր Աբրահամն ու Կարո Մուրատը կապ ունե՞ն մաֆիայի հետ։ Կասկածներ կան, որ բռնցաքմարտիկները մասնակցել են Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությանը։ Հարցին, թե որեւէ կերպ բռնցքամարտիկը կամ իր փաստաբանն արձագանքելու՞ են գերմանական մամուլի տարածած տեղեկություններին, նա փոխանցեց. «Սա համարեք արձագանք»։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։