Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները – դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն… Կսրե՞ն նաեւ արցախյան իրավիճակը – Պիտի կասեցնել Մերձավորարեւելյան առկա ծավալումներին զուգահեռ սրացումները…

Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները

Իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ժողովում ունեցած ելույթի ընթացում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը: Նա սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչեւ Իսրայելի հետ կապերի խզումը: Նաեւ հայտարարել է, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը) մուսուլմանների «կարմիր գիծն» է:

«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր, հետեւողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ն նման քայլ անի, անմիջապես Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք: Դա կարող է այնպիսի հետեւանքների հանգեցնել, ինչպիսին կարող է լինել մեր դիվանագիտական հարաբերությունների խզումը Իսրայելի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Սա կարող է բացել այն հնարավորության դուռը, որը վաղուց փնտրում է Էրդողանը, ով ցանկանում է դառնալ բոլոր թուրքերի հայրը՝ Աթաթուրքի փոխարեն, եւ համաթուրանականությունը համադրել համաիսլամականության հետ…

Բայց սա էլ հղի է այլ վտանգներով, որը ծայրահեղության հասած Էրդողանը չի նկատում… Թուրքիան կդառնա ոչ միայն բռնապետական, այլեւ բացառապես թուրքական շահեր հետապնդող վտանգավոր երկիր նաեւ գերտերությունների համար:

Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն մոտ օրերս հայտարարելու էր Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ընդունել են դեռեւս 1995թ.։ Սակայն, խուսափելով քայլերից, որոնք կարող են տանել Մերձավոր Արեւելքում իրավիճակի էլ ավելի սրմանը, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քլինթոնը հետաձգել է օրենքի իրագործումը։ Նման քաղաքականություն են վարել նաեւ նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը եւ Բարաք Օբաման։  

Ներկայիս նախագահը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր այլեւս չհետաձգել դեսպանատան տեղափոխումը: Ընտրվելուց հետո մայիսին արդեն հետաձգելու որոշում կայացրած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս անգամ այլ որոշում կայացնեց՝ երեկ նա հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք՝ հաստատելով երկրի դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Ավելի քան 2 տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի ու Պաղեստինի միջեւ խաղաղության համաձայնագիր կնքելուն»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը:

Արաբական աշխարհն արձագանքել է այս որոշմանը՝ ինչը կարող է սրել ոչ միայն արաբա-ամերիկյան, այլեւ միջարաբական հարաբերությունները, որը կփորձի ծավալել Վաշինգտոնը ամերիկամետ արաբական երկրներով:

Թեհրանն ու Անկարան այս որոշումը «անօրինական եւ ապակայունացնող» են անվանել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկվել է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը:

«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում բոլոր իսլամական պետությունները պետք է միաձայն լուրջ քայլ անեն ԱՄՆ-ի այս անօրինական, սադրիչ ու բավականին վտանգավոր գործողության դեմ»,- նշել է Իրանի նախագահը թուրք պաշտոնակցի հետ զրույցում: Հայտնել է, որ Իրանը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովին, որը հրավիրել է Անկարան:

Հնարավոր ծավալումների ընթացքը պարզ կդառնա հենց այդ գագաթաժողովի որոշումից հետո, որին վստահաբար կարձագանքի ոչ միայն Վաշինգտոնը: Եվրոպական երկրները եւս ունեն ներքին իսլամական խնդիրներ:

Իմիջիայլոց, Վաշինգտոնը նախապես որոշակի քայլեր էր նախապատրաստել այս որոշմանն ընդառաջ: ԱՄՆ նախագահը կրկին արգելանք է դրել իսլամականների առջեւ ԱՄՆ մուտք գործելու առումով: Նման որոշում էլի էր կայացվել, բայց դատական որոշմամբ չեղարկվել էր, այժմ մի որոշ ժամանակ այս որոշումը կգործի, մինչեւ նոր դատական վճիռ լինի:

Դոնալդ Թրամփը մեկ այլ որոշում էլ է ընդունել՝ ԱՄՆ-ն լքում է ՄԱԿ-ի Միգրացիոն գլոբալ համաձայնագիրը: Անցած տարի ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ միաձայն ընդունել էին Փախստականների ու ներգաղթյալների մասին նյույորքյան հռչակագիրը: Ոչ պարտադիր իրագործելի քաղաքական այդ հռչակագրով երկրները խոստանում էին պաշտպանել փախստականների իրավունքները, օգնել նրանց վերաբնակեցմանը եւ ապահովել վերջիններիս աշխատանքով ու կրթության հնարավորությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ հռչակագրի դրույթները հակասում են ներգաղթյալների հարցում ամերիկյան քաղաքականությանը: ԱՄՆ-ն աջակցում է ներգաղթյալների հարցում միջազգային ջանքերին, սակայն յուրաքանչյուր ինքնիշխան պետություն պետք է վստահ լինի, որ ներգաղթը օրինական է եւ անվտանգ:

Այս հայտարարությունն արվել է ներգաղթյալների հարցով Մեքսիկայում սպասվող միջազգային համաժողովի մեկնարկից մի քանի ժամ առաջ: Համաժողովը նախատեսում է մշակել գլոբալ ռազմավարություն աշխարհում շուրջ 60 մլն. բռնի տեղահանվածների հարցով: ՄԱԿ-ն ափսոսանք է հայտնել այս առիթով՝ ընդգծելով, որ որեւէ երկիր միայնակ չի կարող զբաղվել այս խնդրով:

Իսկ ԱՄՆ-ն այդ հարցում մեծ օգնական էր…

Կսրե՞ն նաեւ արցախյան իրավիճակը

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ)։ Ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նախնական անդրադարձ է արվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսված հանդիպմանը։ Այնուհետեւ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Քննարկել են տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածությունները, համաձայնություններն ու բացթողումները:

Կարծում ենք, սա հերթական անպտուղ հանդիպումն էր: Հնարավոր նոր գագաթաժողովից առաջ Բաքուն կգնա նոր սադրանքների կամ կփորձի նախաձեռնել զինված ընդհարումներ Մերձավորարեւելյան առկա ծավալումներին զուգահեռ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru -ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։