Ռազմականության վերականգնում հայոց հողում – Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն է… Բաքուն 2018-ի պետբյուջից բանակին խղճուկ հատկացում է արել – Հասարակությունը տեղյակ չէ, թե որտեղ են ծախսվում նավթից եկող միլիոնավոր դոլարները…

Ռազմականության վերականգնում հայոց հողում

Մեր երկիրը ամենառազմականացված 150 երկրների շարքում 3-րդ տեղն է զբաղեցրել:

Այս մասին նշված է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) կազմած ամենամյա «Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2017թ.» վարկանիշում:

Զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը։ Հայաստանին էլ հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը եւ Բրունեյը։ Փաստորեն, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում, 2-րդ տեղում Ռուսաստանն է, 3-րդ տեղում Կիպրոսը, 4-րդում Հունաստանը։ Զեկույցը կազմում են 100 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր / ՀՆԱ եւ ռազմական ծախսերր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա։ Ադրբեջանը վարկանիշում  նահանջել է 3 կետով՝ այս տարի զբաղեցնելով 11-րդ տեղը՝ նախորդ տարվա 8-րդ տեղի փոխարեն։

Հայաստանում պահպանում են նաեւ զինվորական գործի փառահեղ ավանդույթները, հիշում են մեծ զորականներին: Նաեւ հայկական արտադրության զինտեխնիկայի ծավալներն են ընդլայնվում: Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Արցախում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելեց «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ ներկայացրեցին հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը, հնարավորությունները եւ նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետեւել են դրանց կիրառման ընթացքին:  

Հայաստանի նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետեւ Արցախի արեւելյան ու կենտրոնական հատվածներում ներկա է գտնվել նոր զորանոցների եւ զինվորական ակումբի բացման արարողություններին: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը շրջայց են կատարել նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Խրախուսվել են զորամասի լավագույն սպաները, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողները:

Ստեփանակերտում երկու հանրապետությունների նախագահները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, այցելել են զորավարի հուշարձանին՝ ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Ռազմական գործի մեծ գիտակ մարշալի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում է եղել նաեւ Հայաստանում՝ դեկտեմբերի 5-ին:

Մեր երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառմանը: Մարշալի անունը կրող պողոտայում անցկացված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ գլխավոր դատախազը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։

Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում անդրադարձ է կատարվել Հովհաննես Բաղրամյան անհատի կերպարին, ականավոր զորահրամանատարի անցած փառահեղ մարտական ուղուն եւ կերտած հաղթանակներին: Առանձնահատուկ կարեւորվել են ԽՍՀՄ կրկնակի հերոսի հրամանատարությամբ մշակված եւ անթերի իրականացված գործողությունները, որոնք մեծագույն ներդրում են ունեցել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի կերտման գործում:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հայազգի զորահրամանատարը հաղթանակի խորհրդանիշ է, ով ներդաշնակել է համաշխարհային եւ ազգային արժեքները ու ստացած փայլուն ռազմական կրթությամբ եւ զինվորական հարուստ կենսափորձով հաջողության լավագույն օրինակ է յուրաքանչյուր կուրսանտի եւ սպայի համար։

Նախարարը տեղեկացրել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն անվանակոչվելու է Հովհաննես Բաղրամյանի անունով: Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների երթով: Ավելի ուշ տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոսին նվիրված հուշ երեկո, որի ընթացքում ներկայացվել են մարշալ Բաղրամյանի անցած ուղին եւ սխրանքները, ցուցադրվել է զորահրամանատարի մասին պատմող տեսաֆիլմ:

Վահագն Նանյան

Բաքուն բանակին խղճուկ հատկացում է արել

Ըստ «Ռոյթերս» լրատվական գործակալության, Ադրբեջանի խորհրդարանը իր լիագումար նիստում ընդունել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը, որը կազմվել է 1 բարել նավթի 45 դոլարի հիման վրա եւ համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 1,5%։ Այս նախագծի համաձայն՝ 2018թ. պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 20,127 միլիարդ մանաթ, ծախսերը՝ 21,047 միլիարդ մանաթի մակարդակով։

Պետք է նշել, որ Ադրբեջանի 2017թ. պետական բյուջեի եկամուտները հաստատվել են 16,766 միլիարդ մանաթ, ծախսերը՝ 17,941 միլիարդ մանաթ։ Եվ ըստ Kavkazuzel-ի կայքի՝ ադրբեջանցի անկախ տնտեսագետները քննադատել են ընդունված պետբյուջեն։ Ըստ կայքի հոդվածի՝ «2018թ բյուջեի պարամետրերը վերստին ապացուցում են, որ երկրի տնտեսությունը կախված է նավթային ոլորտից։ Ինչպես նախորդ տարիներին, պետական բյուջեի եկամուտների զգալի մասը գեներացվել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (ՀՆԱ) փոխանցումների միջոցով: 2018թ. այս աղբյուրը կապահովի պետբյուջեի եկամուտների 45%-ը: Հաշվի առնելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության  հարկերը, այն կծածկի բյուջեի եկամուտների 1/3-ը։ Այսինքն՝ իշխանությունների կողմից հռչակված՝ ոչ նավթային ոլորտների զարգացման վերաբերյալ բարեփոխումները որակական փոփոխություններ չեն հանգեցրել»,- նշել է Հանրային պալատի տնտեսական հանձնաժողովի նախագահ Գուբադ Իբադօղլուն:

Նա նաեւ խոսել է բյուջեի ծախսերի ոչ թափանցիկ բաշխման մասին. «Պետբյուջեի գրեթե 40%-ը փակ է հասարակության համար»։ «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ նախագծերի իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը պետք է հրապարակվի ֆինանսների նախարարության կայքում, սակայն դա տեղի չի ունենում։ «Հասարակությունը տեղյակ չէ, թե որտեղ են ծախսվում նավթից եկող միլիոնավոր դոլարները»,-նշել է նա։

2018թ. բյուջեում նվազագույն ապրուստամիջոցը  բարձրացվել է 11%՝ աշխատունակ բնակչության համար՝ 173 մանաթ (102 դոլար), թոշակառուների համար՝ 144 մանաթ (84,78 դոլար) եւ երեխաների համար՝ 154 մանաթ: Ըստ Նաթիգ Ջաֆարլիի, նվազագույն ապրուստամիջոցը կազմելիս «հաշվի չի առնվել ինֆլյացիայի աճը, որը ընթացիկ տարում կազմել է 14%։ Ավելին, նշվում է, որ կառավարությունը փորձում է բյուջեն լցնել  մաքսատուրքերի եւ ակցիզների ավելացման հաշվին, որը հանգեցնում է գների աճին ու կրկին հարվածում բնակչության գրպանին…

Իսկ Eadaily.com-ում քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովի անդրադարձն է 2018թ Ադրբեջանի ռազմական բյուջեին, որը նա «խղճուկ» բյուջե է անվանել։

«Այսպիսով 2018թ. Ադրբեջանը պաշտպանության, նաեւ անվտանգության վրա կծախսի 1,6 մլրդ դոլար։ Բայց Բաքվի համար կա խնդիր, այն է՝ հիմա պետք է արդեն իսկ կնքված պայմանագրերի վերաբերյալ անհրաժեշտ վճարումներ կատարի, բայց շատ հաճախ էլ Բաքուն անմտածված ծախսեր է անում, օրինակ ձեռք  է բերում ռումբեր ու հրթիռներ՝ ՄԻԳ-29 եւ ՍՈՒ-25, որոնք դժվար թե  կարող են հաղթահարել Հայաստանի ու Արցախի օդային պաշտպանությունը»,- գրել է քաղաքական մեկնաբանը:

Հատկապես, որ այլ մեկնաբաններ էլ հայտնել են, թե այսքան մեծ ծախսերից հետո անգամ Հայաստանը մնում է ավելի շատ ռազմականացված երկիր՝ իր ավելի քիչ հնարավորություններով հանդերձ, ինչը չի բավարարում ո՛չ ադրբաջանական բանակին, ո՛չ էլ՝ ժողովրդին:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru – ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։