Քաղաքականությունը ոչ թե վարել, գծագրել է պետք – Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում… Ադրբեջանը կցանկանա՞ մտնել ԵԱՏՄ, թե՞ ոչ… Հայաստանում հակառուսական ու հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվերներ են…

Հայաստանի խորհրդարանը չընդունեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած նախագիծը: Այն մերժվեց ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստում, որի ժամանակ քվեարկության դրվեց «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագծին դեմ քվերակեց 76 պատգամավոր, կողմ՝ 6 պատգամավոր։

Հետաքրքիր է, որ այս գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում: Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորները ԵՄ-ի դերն էին կարեւորում եւ նշում, թե Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը, ինչպես նշել էր ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիմնական զեկուցող «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ պետք է արձանագրվի, որ ԵԱՏՄ-ին անդամակցության 3 տարում հետընթաց է եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է: «ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների վտարումը ՌԴ-ից սովորական երեւույթ է դարձել, դա իրականացվում է առանց դատական իրավունքների ու մարդկանց՝ լսված լինելու։ Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նոր մաքսատուրքերը, որի հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է»: Նրա գնահատմամբ՝ կարագի թանկացումն էլ է կապված ԵԱՏՄ-ի հետ, ավելին, ըստ նրա՝ թռչնամիսը կթանկանա, արտասահմանյան մեքենաների մաքսատուրքը եւս կբարձրանա» եւն: Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի լավ պայմանով էր գործում իր մաքսային պարտավորություններով մինչեւ ԵԱՏՄ-ին միանալը:

Զեկուցողին տրամաբանական հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, թե ինչու «Ելք»-ը հարց չի դնում նաեւ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, եւ ՀՀ իշխանություններին Ասոցացման բոլորովին նոր ու ավելի շահավետ համաձայնագրի համար վերստին բանակցություններ սկսելու։  

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ երբ կունենանք մեր պետական եւ ազգային անվտանգությունն ապահովող այլընտրանք եւ ՀԱՊԿ-ը մեզ կխանգարի դրանում, այդ ժամանակ այդ հարցը կքննարկվի: Իսկ ԱՊՀ հետ կապված իրենք որեւէ խնդիր չենք տեսնում, քանի դեռ ԱՊՀ-ում Հայաստանի ազգային շահերը նույնպես չեն ոտնահարվել, ինչպես ԵԱՏՄ-ում:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ում շարունակվում են ներկազմակերպական բազմակողմանի միջոցառումները եւ վերջերս հենց Հայաստանում՝ ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի, անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈւ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը եւ ղեկավար կազմի մեթոդական հավաքը: Մասնակցեցին ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության եւ ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈւ ներկայացուցիչներ:

Ինչեւէ, «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, հայտնել է. «Խորհրդարանն ըստ էության ռուսամետ է ձեւավորվել՝ ամբողջությամբ։ Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետեւ իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»։ Ըստ խորհրդարանից դուրս մնացած այս քաղաքական ուժի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է. «Օգտավետ է հատկապես Սերժ Սարգսյան նախագահից Սերժ Սարգսյան վարչապետ իշխանագահափոխանցության շրջանակում։ Իր գինը բարձրացնելու համար, որ առանց ինձ այստեղ շատ դժվար կլինի, տեսեք, այսպիսի խնդիրներ կան. սա իշխանությանը ձեռք է տալիս»……

Իհարկե, չի կարելի բացառել նաեւ քաղաքական խաղերը, քաղաքականությունն էլ հենց դրա համար է, սակայն իշխանության պատասխանը առանց հնչելու էլ հստակ է, այն տարիներ շարունակ ի ցույց է դրվում եւ կոչվում է փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Հենց այդ քաղաքականության շնորհիվ է, որ այսօր ԵԱՏՄ անդամ Հայաստանը դարձել է այն եզակի երկիրը, որի հետ ԵՄ-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել՝ հետագայում այն ավելի ընդարձակ պայմանագրի վերածելու նպատակով:

Չնայած որոշ հարցումների արդյունքներով ԵԱՏՄ անդամակցումն անխուսափելի չի համարվել, բայց դա պարզ մարդկային պատասխան է, ոչ՝ քաղաքական, որ հաշվի է առնում նաեւ միջազգային իրավիճակը: Այդպիսի մի հարցման ժամանակ 66,18%-ը կարծիք է հայտնել, թե ԵԱՏՄ-ին անդամակցելը անխուսափելի չէր, հնարավոր էր չանդամակցել։ Հարցին դժվարացել է պատասխանել 7,35%-ը, իսկ 26,47%-ը կարծում է, որ իշխանությունն այլընտրանք չուներ, եւ անդամակցումն անխուսափելի էր։ Մեր կարծիքով՝ ժողովրդական դիվանագիտությունը հաճախ չի համընկնում պետական քաղաքականության հետ մի շարք պատճառներով, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ (առարկայական), այնպես էլ սուբյեկտիվ (ենթակայական) պատճառներ:

Կա տեսակետ նաեւ, որ Հայաստանում հակառուսական ու հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվերներ են: Նշվում է, որ ԵԱՏՄ մուտք գործելուց հետո որոշ հայկական տեղեկատվական ԶԼՄ-ներ, որոնք ֆինանսավորվում են արեւմուտքից, սկսեցին տարածել նյութեր հակառուսական ուղղությամբ: Շատ արեւմտամետ հասարակա-քաղաքական գործիչներ էլ սկսեցին ԵԱՏՄ-ի դեմ հարցազրույցներով ու մեկնաբանություններով հանդես գալ: Նույնը կատարվեց հակառակ ուղղության կողմից՝ ընդդեմ եվրոպական համագործակցության: Մի խոսքով՝ մեր երկրում միմյանց սեւացնում են համաշխարհային երկու բեւեռների հպատակները, իսկ «Լուսանցք»-ը ինչպես նախկինում, այսօր էլ ողջունում է մեր պետության փոխլրացնող քաղաքականությունը, որը արտաքին հարաբերություններում Հայաստանին տանում է ոչ թե հակադրման, այլ՝ համադրության եւ նպաստում է հասնել միջնորդ երկրի կարգավիճակի՝ երկու բեւեռների հետ հարաբերություներում:

«ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի մերժումը կապում են նաեւ այն հնարավոր վտանգի հետ, որ եթե Հայաստանը դուրս գա, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Երբ ԱՊՀ-ին (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ տաջիկստան) հակադիր ստեղծվեց ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, նախնական փաստաթղթում նաեւ Ուզբեկստանը կար, որ հեռացավ), շատերը բարձրաձայնեցին, թե այդ դաշինքը չի կարող հակադրվել ԱՊՀ-ին, որտեղ Ռուսաստանն է: Բայց ՎՈւԱՄ-ը հակադրվեց ու նաեւ հակահայկական շատ քայլերի դիմեց միջազգային ամենատարբեր կառույցներում, անգամ ՄԱԿ-ում:

Ուստի կարծել, թե Հայաստանի դուրս գալով ԵԱՏՄ-ից եւ Ադրբեջանի անդամագրվելով ոչ մի բան չի փոխվի, կրկին կսխալվենք: Այսօր ԵԱՏՄ-ական Հայաստանն անգամ մի կերպ է դիմակայում ոչ ԵԱՏՄ-ական Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայ քաղաքական ներխուժումներին: Ինչը հավաստում է, որ Հայաստանի հավասարակշռող քաղաքական ուղին այսօր միակ նպաստավոր ճանապարհն է: Իսկ երբ պահը գա, որ Հայաստանն իր խոսքով համաշխարհային ծանրակշիռ նշանակությամբ հանդես կգա, իհարկե այս կամ այն միավորումների մասին մտածելը երկրորդական քայլ կլինի:

Բայց այսօր կա խնդիր՝ «կամ, կամ»-ի, թե «եւ, եւ»-ի միջեւ ընտրելու: Մենք վաղուց ենք զգացել «կամ, կամ»-ի դժվարությունները եւ կրել այն հարվածները, որ տեղում են կամ մյուս բեւեռից, կամ՝ այս բեւեռի մեր դաշնակցի կողմից: Ուստի՝ կարեւորվելով երկու բեւեռների համար, պիտի կարողանանք օգտվել երկուսից էլ, իհարկե, միաժամանակ պահպանելով մեր խոսքը՝ տրված երկու բեւեռներին էլ: Դժվարին գործ է, բայց հաստատ օգտակար գործողության գործակիծը ամենաշատն է այստեղ:

Կա տեսակետ էլ, որ Ադրբեջանը չի ցանկանում մտնել ԵԱՏՄ, թեեւ դա հնարավոր է նաեւ այսօր:

Իրականում Արդբեջանը երբեք չի հայտարարել ԵԱՏՄ-ին միանալու ցանկության մասին։ 2013թ. Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնելը նպատակահարմար չի համարում։ Իսկ 2016թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Այսպես ասեմ, իրականում մենք այսօր մեզ բավականաչափ վստահ ենք զգում այն կարգավիճակում, որում ենք… Ուստի մեզ պետք է դեռեւս տեսնել, թե ինչպիսի միտումներ կլինեն հետագայում։ Իհարկե, եթե Միությունը գրավիչ դառնա, շատերը կձգվեն դեպի այն։ Ուստի ոչինչ բացառել չի կարելի, բայց այսօր այդպես չէ»։

Ադրբեջանի նման մոտեցումը իր բացատրությունն ունի՝ ԵԱՏՄ անդամակցությունը բերում է տնտեսական զարգացման ոչ տեսանելի հեռանկարներ, բայց ավելացնում է Մոսկվայի միանձնյա քաղաքական, տնտեսական եւ այլ վերահսկողությունը անդամ-երկրների վրա, ինչը համաթուրքական դաշինքի եւ «Մեծ Ադրբեջան» երազախաբության ջատագով Բաքվի համար անցանկալի է:…

Ադրբեջանը չի կարող դառնալ նույնիսկ ԵԱՏՄ դիտորդ, քանի որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն, եթե որեւէ երկիր անդամ երկրներից մեկի հանդեպ թշնամական վերաբերմունք ունի, ապա չի կարող անգամ ԵԱՏՄ դիտորդ լինել, ուր մնաց թե, անդամ։ Նշանակում է՝ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ այսօր չի կարող դառնալ, սակայն Հայաստանի հեռանալուց հետո կարող է բախտը փորձել:

Չնայած թուրքական եւ սլավոնական եղբայրությունը կարող է նաեւ աչք փակել…ԵԱՏՄ կանոնադրության առաջ ինչպես շատ հարցերում: Կանոնադրական վերոնշյալ իրողությունը չխանգարեց, որպեսզի 2017թ. նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անի հետեւյալ հայտարարությունը. «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում»։ Ի պատասխան այս հայտարարության՝ նոյեմբերի 23-ին Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը կողջունի Արդբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, եթե Բաքուն դադարեցնի Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը, թշնամական գործողությունները եւ վերջ տա հայատյացությանը։ Պարզապես հնարավոր չէ հավատալ, որ մեր ԱԳՆ-ն հավատում է նշված հայտարարության բովանդակությանը:…

Բայց եթե Հայաստանը հանկարծ համաձայնի, ապա տխուր կլինի ոչ միայն հայատյացության տեսանկյունից, այլեւ Արցախի խնդրի: Ինչպես գիտենք, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է առանց Արցախի։ Մնացյալը պարզ է: Փաստորեն, հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ-ից ինքնաբերաբար կտեղափոխվի ԵԱՏՄ: Ինչն էլ Բաքվի եւ Անկարայի սրտով է:

Նշանակում է՝ «կամ կամ»-ի ու «եւ եւ»-ի միջեւ ընտրելու հարցում ընտրելու բան չկա. արդեն ամրագրում ենք «եւ եւ»-ի՝ հավասարակշռող տարբերակը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։