Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… – Հայ արիականները նշում են հայ ազգայնական եւ արիադավան կառույցի 24-ամյակը…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոներից մեկը Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնի նախօրեին հանդիպեցինք կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով տեղեկացրեց, որ կառույցի հերթական հոբելյանը՝ 24-ամյակը, կնշվի Աբովյան քաղաքում, որտեղ էլ հիմնադրվել է կառույցը:

Քրմական ծիսական արարողությունը կկայանա Էլար-Դարանիի պատմական տարածքում, որից հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կկազմակերպեն տոնախմբություն:

Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենք վաղուց են փոխել իրենց գործելաոճը եւ ոչ բոլոր հարցերում են հանդես գալիս ամբողջապես հրապարակայնորեն: Շատերն են հարցում անում, թե ինչով է զբաղված Հայ Արիական Միաբանությունը եւ ինչու առաջվա նման չի երեւում քաղաքական դաշտում:  

«Մենք արդեն ասել ենք, որ մեր կառույցն ունի շուրջ 30 կիսաինքնուրույն գործող միավորումներ, որոնց միջոցով իրականացնում ենք մեր գործունեությունը: Այն ոչ միայն քաղաքական ոլորտում է իրականացվում եւ ոչ միայն այնպիսի հարցերում, որոնցով են միայն պատկերացնում մեր գործը, ինչպես՝ մասոնության, աղանդավորության, համասեռականության եւ անբարո այլ երեւույթների, մարդկանց համարակալման եւ կենսաչափական տվյալների հավաքագրման բացահայտման հարցերում: Այո, այս խնդիրները մենք արծարծել ենք մեր ստեղծման օրվանից, բայց դա չէ մեր առաքելության բարձրակետը:

Քաղաքականությամբ զբաղվում է Հայաստանի Հայ Արիական կուսակցությունը, իսկ հանրային եւ հոգեւոր-մշակութային գործունեությամբ՝ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինքի տարանջատված միավորները: Հոգեւոր հանձնախումբը Քրմական դասի հետ ծիսական արարողություններն է իրականացնում եւ ուսունասիրություններ անում, իսկ ավելի քան երեք տասնյակ միավորումները զբաղվում են մարտարվեստների ուսուցումից մինչեւ թաքնագիտական ուսումնասիրությունները, պատմական ճշգրտումներից մինչեւ տիեզերագիտական բացահայտումները, պետության եւ ընդդիմադիր որոշ ուժերի հետ քաղաքական եւ զինվորական գործում համագործակցությունը, միջազգային ասպարեզում հայանպաստ քաղաքականության ամրագրումը եւ այսպես շարունակ…

Շարունակում ենք ներկազմակերպական ձեւավորումներն ու կարգավորումները, հայ արիական քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ մեր հոգեւոր դպրոցի ստեղծման փորձերը, ընդարձակել ենք մեր տոնացույցի տոների կատարման ծավալները եւ նշելու վայրերը, ավելի ենք խորացրել մեր կապերը Համահայկական ազգայնական ուժի ստեղծմանն ուղղված, առաջընթաց կա նաեւ Համաարիական միջազգային դաշինքի կառուցման աշխատանքներում: Քայլեր են արվել միջազգային ազգայնական ընդգծված ուժերի հետ հարաբերություններ հաստատելու համար, քանզի անգամ Եվրոպան վերադառնում է ազգայնական քաղաքականության ուղեգիծ, առավել եւս, որ դա կարող է կարեւոր դերակատարում ստանձնել աշխարհի հերթական վերաբաժանման փուլում: Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին կարեւորել ենք քաղաքականության մեջ ոչ միայն գաղափարով, այլեւ ազգային հավատով հանդես գալու անհրաժեշտությունը, հայապահպանությանն ու ազգային կեցակարգի պաշտպանությանն ուղղված բազմոլորտ նպատակներ ենք առաջադրվել, բանակին եւ ոստիկանությանը ազգային գաղափարների ներքին կիրառման կանոնակարգային առաջարկներ ենք արել, կառույցի արցախյան ազատամարտիկներով ՀՀ-ԼՂՀ միացյալ երկրի պաշտպանությանն ուղղված տարաբնույթ գործողությունների ենք մասնակցել, առաջարկել ենք ազգ-բանակի գաղափարը, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ արիադավան-հեթանոսության հետ հաշտեցման եզրեր ենք ներկայացրել ու էլի շատ բաներ: Սահմանադրական բարեփոխումների ժամանակ ամբողջական Ազգային Սահմանադրություն ենք ներկայացրել:

Պարզապես մի բան ենք ամրագրել վաղուց, որ մեր հստակ խոսքը եւ ազնիվ ու բաց գործունեությունը խոցելի էր դարձրել մեզ եւ արտաքին ու ներքին թշնամիները կարողանում էին միասնաբար կասեցնել մեր աշխատանքները, իրավապահ մարմինների հետ խառնվել մեր կյանքին ու գործին, ինչը ոչ միայն խոչընդոտում էր, այլեւ՝ նյարդայնացնում մեզ եւ երբեմն զայրույթի հասցնում: Այժմ մենք անում ենք այն՝ ինչ պիտի անենք, բայց հրապարակային ներկայացնում ենք այնքանով, որքանով դա կտեղեկացնի մեր քայլերի մասին եւ թշնամուն թույլ չի տա ավելին իմանալով գործել մեր դեմ՝ ակնհայտ տեսնելով մեր վերջնական ծրագրերն ու նպատակները…

Այս վերջին տարիներին Հայ Արիական Միաբանությունն ամենաազատ կարգավիճակն է ունեցել, քան երբեւէ եղել է այս 24 տարիների ընթացքում: Մեր գործունեությունն ընթանում է առանց պետական կամ այլ խոչընդոտումների, չկան այլեւս նախկին անհանգստությունները, որոնք մենք ունեցել ենք ամիսը մի քանի անգամ ու մի քանի ուժային կառույցների կողմից…

Մենք գործում ենք առանց նախկին արգելանքների, լրատվական ոլորտի հետ եւս խնդիրները պակասել են, սակայն, ինչպես նշեցի՝ մենք ենք որոշում լուսաբանման չափը: Հայտարարություններ ենք անում մեր քաղաքական ու այլ քայլերի կամ մտադրությունների, մեր տոնական ու արիադավան-հեթանոսական ծիսական արարողությունների մասին, նաեւ հանրային նշանակության որոշ գործերի մասին:

Այն գործերը, որոնք արդեն ավարտուն ենք համարում կամ կյանքի մտնելու պատրաստ, այդ ժամանակ էլ հրապարակում ենք ու խոսում այդ մասին լիարժեք: Ասացի, որ դա լավ ձեւ է, խառնակիչներից, մեր դեմ գործողներից հնարավորինս հեռու ենք մնում:

Հատկապես, որ պիտի լինենք եւ՛ ներազգային, եւ՛ միջազգային այն ծավալումների մեջ, որտեղ որոշվում են պետությունների եւ ազգերի ճակատագրերը, որ կարողանանք օգտակար լինել մեր ազգին ու երկրին: Սա պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի ուղեգիծը՝ իրենց միջազգային գաղափարակից քաղաքական կառույցների հետ:

Իսկ հետաքրքրությունը մեր նկատմամբ պահպանվում է, հայ արիների պաշտոնական կայք-www.hayary.org են հաճախում ավելի քան 150 երկրից:

Շատ գործեր դեռ հետո կարժեւորվեն…»,- եզրափակել է Արմեն Ավետիսյանը: – http://www.hayary.org/wph/?p=33 / 

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։