Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Ե՛րբ ենք տիրոջ զգացողությամբ ապրելու – Կաշառակերությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց… Տեղից-տեղ գնացող քոչվորը չէր կարող թոնիր ու լավաշ ունենալ, այգի տնկել եւ գինի արարել ու հող մշակել՝ խաղողի թուփ ու տոլմա ստեղծել…

Օրերս CNN-ը հայկական տոլման իբրեւ հրաշալիք է ներկայացրել: Համարել է Հայաստանի հրաշալիքներից մեկը՝ նշելով, որ մասնագետները պնդում են, թե կա մոտ 100 տեսակի տոլմա: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերթական անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում աղավաղվեց հայկական հերթական մշակութային արժեքը: Գրանցվեց նաեւ տոլմայի պատրաստման ադրբեջանական եղանակը եւ այն մշակութային արժեք համարվեց…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը՝ նշելով, որ այս կազկակերպությունը դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց, որտեղ կարելի է կաշառելով գողանալ ազգային արժեքներ…

Անգամ առաջարկել էինք, որ Հայաստանը հայտարարությամբ դուրս գա այս կազմակերպությունից՝ նշելով բոլոր աղավաղումների մասին: Ինպես կարելի է չհասկանալ, որ ընդամենը մի քանի հարյուր տարի նստակյաց կյանքով ապրող (այն էլ այլ ազգերի բնատարածքները զավթելով) քոչվորը չէր կարող մի քանի հազարամյա մշակութային արժեքներ ստեղծել, որը կարող էր ստեղծել միայն նստակյաց ազգատեսակը… Հայաստանի հողերը բռնազավթած թուրքերն ու ադրբեջանցիները հազարամյակների հայոց արժեքները սեփականացնում են այս կառույցի միջոցով: Կամ՝ ինչպես կարող է մի ազգի մշակութային արժեքը լինել նաեւ մի քանի ազգերի մշակութային արժեք, ինչպես ասենք՝ հայկական լավաշը՝ ոչ միայն հայկական է համարվել, այլեւ՝ իրանական, թուրքական, ադրբեջանական, վրացական… Վերջիններս նաեւ ավելի քան 6 հազարամյա գինու պատմությունն են սեփականացրել, մեր տարածքներում հայտնաբերելով, իսկ 6 հազար տարի առաջ, այդ ժամանակաշրջանի քարտեզներում Վրաստանի անգամ «Վ» տառը չկար…  

Հասարակ տրամաբանություն է՝ քոչվորը երբեք թոնիր չի սարքել, նախ՝ քանի որ դա նրա ուղեղին հասու չէր, ապա եթե հասու էլ լիներ, մի քանի ամիսը մեկ իր տեղը փոխող քոչվորների համայնքին դա պետք չէր: Այս տեսակը նաեւ այգիներ չի տնկել երբեք, որովհետեւ մինչեւ բերքը ստանալը՝ տեղափոխվելու էր այլ վայր: Այսինքն՝ կան պարզ բաներ, որ պիտի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվի առներ: Լավաշը չէր կարող ալթայների տափաստաններում թափառողների ստեղծածը լիներ, նույնը՝ այգի չտնկած քոչվորը չէր կարող խաղողի բերք ստանալ, որից էլ գինի ստանար… Նաեւ չէր կարող խաղողի կամ կաղամբի տերեւներից տոլմա փաթաթեր… Վար ու ցանքը միայն նստակյացների մենաշնորհն է: Իսկ Հայկական լեռնաշխարհը միայն հայերի բնօրանն է եւ կապ չունի, թե այժմ այստեղ որ զավթարարն է բնակվում, այն ինչ հայկական հողի վրա է եւ ընդերքում՝ բացառապես հայկական է:

Առավել եւս, որ կա համաշխարհային պատմոթյուն, հազար տարի հետո այն կողմ նայելով համաշխարհային քարտեզների վրա հնարավոր չէ գտնել սույն քոչվորների անունները, առավել եւ, որ նրանք հայրենիք ու պետություն ունենան, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար այս ամենը փակ թեմա է: Պեղեցին հայոց հողը, բերեցին մշակութային արժեքը, կաշառքը տվեցին… վերջ, ամեն բան ճիշտ է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տոլման որպես ադրբեջանական ճաշատեսակ ճանաչելը ոչ մի ձեւով չի ապացուցվում ներկա ժամանակներում. ասել է ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, նույն կերպ բացատրոլով իրականությունը: Սա Ադրբեջանի իրացման քաղաքականության հետեւանքն է եւ շարունակությունը խավիարային քաղաքականության: «Ադրբեջանը եկել եւ բնակություն է հաստատել հայկական տարածքներում, ու այս տնտեսամշակութային գիծն ու կենսաապահովման մշակույթը, որը յուրահատուկ է նստակյաց ժողովուրդներին, այսինքն հայերին եւ Այսրկովկասի մյուս բնիկներին, բնորոշ չէ Ադրբեջանին: Եվ այս ժողովուրդներին հատուկ բոլոր գծերը իրենց ազգայինը դարձնելու քաղաքականությունը նրանք սկսել են վաղուց»,- ասել է ազգագրագետը եւ ավելացրել, որ տոլման էլ այդ քաղաքականության շարունակությունն է:

Խոսելով կերակրատեսակի հայկական ծագման մասին՝ նա նշել է, որ տոլման ընդհանրապես կապ չունի ադրբեջանական մշակույթի հետ: «Սա տումի ծառն է, որը հիշատակվում է դեռեւս Վանի թագավորության արձանագրություններում եւ նշանակում է «խաղողի տերեւ»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը կարծում է, որ պետք չէ լուրջ վերաբերել այս կազմկերպությանն ու նրա որոշումներին. «ՅՈՒՆԵՍԿՕ-ին ոչինչ առաջադրել չի կարելի: Եթե մենք մասնակցում ենք, ուրեմն պետք է գումարներ ունենանք ու հովանավորենք, ինչպես անում են Թուրքիան եւ Ադրբեջանը»: Միաժամանակ նա հաղորդել է, որ հաջորդ տարի պատրաստվում են տոլմայի փառատոնի անցկացման սահմաններն ընդլայնել ու այն իրականացնել նաեւ Հայաստանից դուրս:

Սննդաբան Դավիթ Պիպոյանն էլ գտնում է, որ չի կարելի ուրիշի հաջողությունը պատահականություն համարել եւ մեղավորությունը պետք է փնտրել ուրիշ տեղ. «Առանց պետական հոգածության, որեւէ գիտական խումբ չի կարող նման գիտական հետազոտություններ անցկացնել, որովհետեւ այս ամենը ֆինանսական ռեսուրսներ պահանջող գործառույթ է: Մենք, եթե մեզ չենք գնահատում, չենք կարող պահանջել, որ ուրիշը մեզ գնահատի: Չունենք որեւէ կենտրոն, որը զբաղվում է սննդային սովորույթների արժեքավորմամբ, օրինակ՝ գինեգործության, պանրագործության ոլորտում: Կա նաեւ փաստաթղթավորման խնդիր: Թվում է՝ սա հասարակ երեւույթ է, բայց պատահական չեն այդ որոշումները: Ի՞նչ ենք անում մենք այս ուղղությամբ: Չկա մի գերատեսչություն, որը կզբաղվի այս խնդրով: Ովքե՞ր են այն գիտնականները կամ փորձագետների խումբը, ովքեր պիտի կատարեին ուսումնասիրություններ, հետազոտություններ ու ներկայացնեին արդյունքները»,- նշել է սննդաբանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն քննարկման ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի» խմբապարը եւս ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, սակայն դա ցանկանում են անել նաեւ ադրբեջանցիները եւ այլք:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։