Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

Տարիներ շարունակ «Լուսանցք»-ն անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Թեմայի արծարծումը մեկ նպատակ ունի, որ մի օր հայն ամուր կանգնի իր տիեզերածին բնարմատին եւ իր հարատեւման տեսլականներում հետեւի սեփական զուլալ ակունքի հոսքին… Քանզի այն Երկնի ու Երկրի միջանկյալ մի Արահետ է, որը հենց ինքը՝ Արարչի Հետքն է…

Անհասկանալի եւ միաժամանակ անհանդուրժելի է, երբ հայի անկախ երկրում, որ դարերի դեգերումներից հետո է կյանքի կոչվել, թեկուզեւ՝ հայի բնօրրանի մի հատվածում ապրելով, երբ հայը հեռու է մնում իր էությունից, ինքնությունից եւ մնացյալ ազգածին բաղադրիչներից, ինչը հային հետ է պահում նաեւ իր առաքելությունից: Իսկ առանց առաքելության գիտակցման հայը կշարունակի մնալ իր առաքինություններից զուրկ եւ խարխափող այս իրականության մեջ, երբ ամեն մի հակահայ երեւույթ, ամեն մի դավ ու սադրանք՝ դրսի եւ ներսի օտարի կողմից ներկայացվում է հանում ինչ-որ անդեմ ու անհասցե մարդկության բարօրության համար… Այսպես կշարունակի մնալ ու լինել այդ օտարների կենցաղի ու բարքերի կրողը, ավանդույթի, հավատի, գաղափարախոսության, մշակույթի ու պատմության քարոզիչը:

Մեր կյանքի շատ ոլորտներ են մնացել արտաքին ու ներքին օտարների թելադրանքի տակ, եւ հակազգայնությունն աճել է՝ ազգայինին մղելով ժողովրդական կամ հանրային մակարդակներ…

Այս համապատկերում «Լուսանցք»-ը խոսել է նաեւ ազգային տոնացույցի մասին: Մեզանում այն առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ ոչ ազգային, քանզի կրոնն ինքը ապազգային երեւույթ է՝ վերազգային, որ գերակա է ազգի հավատալիքների հանդեպ: Այս մասին շատ ենք գրել ու այստեղ չենք անդրադառնա ազգային հավատի եւ միջազգային կրոնի հակասություններին: Պարզապես հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը 2008թ. հնարավորինս վերականգնեց հայոց հավատի տարեկան տոնացույցը բոլոր ամիսներին հատուկ տոնակատարությունների եւ ծեսերի ներառմամբ: Հայ Արիական Տոնացույցը ներկայացրել ենք մեր ընթերցողներին:  

Ազգային տոնացույցից հրաժարումն է նաեւ պատճառը, որ առանց մտածելու «չինացի են դարձել» տարվա տանուտերի հետեւորդները… Տարեփոխությունը եւս կատարում ենք այլերի հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան: Այսպես, մեր մեջ շարունակում ենք սերմանել չինական կամ այլ ազգերի (հրեական, հնդկական, պարսկական եւ այլն) բնապաշտական ու տիեզերաիմացական հավատի տարրերը, ինչը շարունակում է նիրհի մեջ պահել հայի գնեը… Քանզի այլի Աստծուն փառաբանելով՝ հզորացնում ենք նրա Աստծուն եւ ժողովրդին, այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը: Մենք թուլանում ենք ինչպես հոգե-մտավոր, այնպես էլ նյութական կյանքում, ինչն էլ ազդում է մեր կենցաղի եւ կացութաձեւի, մեր ամենօրյա հոգսերի վրա:

«Լուսանցք»-ը նաեւ միշտ նշել է, որ տարին բնակարգով իրականում փոխվում է գարնանը եւ բնական տարեփոխությունը մարտին է, ինչը հայտնի է բոլոր բնածին ազգերի բնականոն կյանքի հետեւորդներին: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակվում է, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Նոր Տարին՝ Ամանորը, երբ ձմռանը բնական կյանքը հարաբերական մահվան տիրույթում է…

Սակայն, հայ արիներն ու այլ հեթանոսներ հունվարի 1-ին մեծ շուքով նշում են ազգային նվիրյալի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա տոնը: Իմիջիայլոց, 2018-ին կլրանա  Հայ Աստվածամարդու 132-ամյակը:

Նշենք, որ բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է մարդկության եւ հայության բնապաշտ հատվածի տոնը: Մեր երկրում հայ արիները, բոլոր արիադավան-հեթանոսները մարտի 21-ին (Արեգ ամսվա Արեգ օրը) տոնում են Հայոց Ամանորը, որը համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Վերածննդին: Ծնունդ-կյանք-մահ-ծնունդ… հավերժության մեջ բնությունը ձմռան հարաբերական մահից անցնում է վերածննդի ու կյանքի փուլին:

Այդ օրը փառաբանվում է նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, ում Երկրային վերամարմնավորում-վերածնունդը՝ Երկնի ու Երկրի երկունքից, նույնպես տոնվում է մարտի 21-ին: Հայ Աստվածը հաղթում է Չարի Վիշապին՝ բնությունը նոր կյանք է ստանում՝ նոր տարի է բացվում… Եվ վերոնշյալ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա գալը:

Վերստին պիտի նշենք, որ ինչպես եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոսական-արիադավան տաճարների փլատակների վրա, այնպես էլ քրիստոնեական բազմաթիվ տոներ ու ծեսեր ստեղծվեցին հայոց հավատատեսության, տոնացույցի ու ծիսակարգի վրա: Ներմուծված տոները պարզապես չէին ընկալվում:

Մինչ մեր օրերը փորձում են հերքել դա, հարյուրամյակներ շարունակ մերժելով բուն ավանդականն ու ազգայինը, բայց հայը այդպես էլ Վարդավառին ջրոցի է խաղում եւ Աստղիկ Աստվածուհուն հիշում որպես սիրո խորհրդանիշ, Զատիկին տոնական ձվերը գույնզգույն է ներկում եւ ձվախաղի ժամանակ Մայր Անահիտին է հիշում, որպես բնության պտղաբերումի ու գունագեղության խորհրդանիշ, Տրնդեզին Տիրոջն ընդառաջ տոնին հոգու խորքում Տիեզերքի Տիրոջն է հիշում, Արարչին, ապա կրակի վրայով թռչելով՝ արեւապաշտության հուշերն է արթնացնում… եւ այսպես շարունակ:

Բազում հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա տարենշմամբ՝ 2017-ի խոհրդանիշը այժմ էլ չինական Շունն է, որ փոխարինելու է նույն չինական Աքաղաղին: Եվ մեր ազգակիցները հիմա էլ պատրաստվում են 2017-ին ոչինչ չխնայել չինական Շան համար… Կենդանական խորհրդանշանի ազդեցությամբ էլ պիտի ամբողջ տարին կրեն շան հոգեբանությունը՝ խորհրդապաշտական բոլոր ազդակները չինական աստվածային համակարգին հղելով ու այն հզորացնելով… Այստեղից էլ հետո վերադառնում է երկիր՝ չինացիների (եւ միլիոնավոր այլ կրոնակից շեղաչյաների) փառքին եւ զորացմանը ծառայելու: Ո՛չ մի օտար Աստված օտար ազգի որեւէ մեկին չի զորացնի, այլապես ինքն իրեն կթուլացնի…

Այն ինչ Երկնքում է, նույնը՝ Երկրում է, եւ հակառակը…

Հիշեցնենք դարձյալ, որ ի տարբերություն չինականի՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվել են բնական ու ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 Աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ:

Մեր նախնիք եւս արձանագրել են, որ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Հայկական ավանդույթի համաձայն՝ տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից հանում են 4 եւ բաժանում 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է… Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական Կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք՝ վերեւում 12 Աստղատներով:

2018թ. Հայկական Կենդանաշրջանով տարվա տանուտերը Այծեղջյուրն է, այլ ոչ թե Շունը (2018-4=2014 / 2014:12=167 եւ մնացորդ՝ 10:

«Լուսանցք»-ը ամեն տարի հիշեցնում է, որ տարբերություններ կան նաեւ բնության տարրերի պատկերացումներում: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա նաեւ, որ ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Ազգային ամեն մի վերականգնումի հետ հիշեցնում ենք, որ պետք է վերականգնել նաեւ հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում: Պիտի առաջնորդվել 2018-ը՝ Այծեղջյուրի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ Հայկական Կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները Տիեզերքում իրենց տեղը գտնեն եւ այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների իրական ու ազդեցիկ պատասխաններն ու ազդակները, որ այդ ազդակները դրական լիցքերով լինեն:

Ինչպես Կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպ կոչվածի կազմումը պիտի ունենան ոչ միայն տրամաբանական, այլեւ՝ բնազդական, բնազգացական ու բնախոսական շաղկապվածություն: Այն պիտի զերծ մնա հատկապես կրոնազեղումներից եւ օտար հոգեբանական ազդեցություններից: Հատկապես որ գործ ունենք տիեզերական հաշվարկների հետ, երբ Արեգակնային Համակարգում ամեն ամիսը տեւում է 2160 երկրային տարի, ամեն եղանակ (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)՝ 6480 երկրային տարի, ամեն տարի՝ 25.920 երկրային տարի: Մենք դուրս ենք գալիս ոչ միայն երկրային, այլեւ երկնային «խոր քնից» եւ մեզ 3X6480 երկրային տարի ուղեկից են լինելու տիեզերական գարուն, ամառ, աշունը…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։