Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք – Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով… Միջազգային կարխիք.- Հայաստանն աջակցում է Մերձավորարեւելյան հալածված քրիստոնյաներին – Սակայն պաշտոնական Երեւանը սատարում է նաեւ իսլամական քրդերին, արաբներին եւ արեւապաշտ եզդիներին…

Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք

Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում՝ Միքայել Մինասյանը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի եւ Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ, Հայաստանի եւ Մալթայի Ուխտի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանը պարգեւատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նույն օրը պարգեւատրվել են  նաեւ Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:

Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Միքայել Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգեւատրված ներկայացուցիչների անունից հանդես է  եկել  ելույթով:  

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը պարգեւատրվել էր նաեւ Հռոմի Պապի կողմից՝ վերջինիս Հայաստան այցի ընթացքում:

Հայաստանն աջակցում է հալածված քրիստոնյաներին

Վատիկանում մեր երկրի դեսպանությունը միացել է #StandTogether արշավին:

Այս մասին հայտնում է allstandtogether.com կայքը՝ հավելելով. «Այսպիսով, սա վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին Հայաստանի հաստատուն հանձնառության մասին»:

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ մեր երկրի դեսպանությունը երկար ժամանակ աջակցություն է ցուցաբերել այն նախաձեռնություններին, որոնք բարձրաձայնում են Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների տառապանքների մասին, ինչպես նաեւ օժանդակություն ցուցաբերում տվյալ համայնքների համար նախատեսված հստակ քայլերին:

Արշավի հիմնադիրներից Ռոբերտո Ֆոնտոլոնի խոսքով՝ #StandTogether-ն ուղղված է ներկայացնելու հազարավոր մարդկանց կրոնական ազատությունը սահմանափակելու դեպքերը: «Նպատակն է՝ կիսվել նրանց վկայություններով, ովքեր զրկանքներ են կրել հանուն հավատքի պաշտպանության:

#StandTogether-ի միջոցով առաջարկում ենք հույսի, հաշտության եւ քաջության պատմություններ»,- ասել է Ռոբերտո Ֆոնտոլոնը:

Palazzo Colonna-ում տեղի ունեցած երեկոյին մասնակցել են նաեւ Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության գործում ներառվել է դեռ այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներխուժելով Իրաքի եւ Սիրիայի տարածք՝ սկսեց հալածանքների ենթարկել, հայերին, հույներին, ասորիներին, ալեւիներին եւ քրիստոնեական այլ համայնքների:

Սակայն պաշտոնական Երեւանը սատարում է նաեւ իսլամական քրդերին, արաբներին եւ արեւապաշտ եզդիներին:

Իսկ հազարավոր սիրիահայերի պատսպարելու, ապաստան տալու համար Հայաստանը հատուկ ուշադրության է արժանացել եվրոպական համագործակցության կողմից, քանի որ մեր երկիրը Մերձավորարեւելյան հակամարտության գոտուց ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից մեկն էր, եթե ոչ առաջինը:

Այսօր էլ հարյուրավոր սիրիահայ ընտանիքներ, նաեւ իրաքահայ, ապաստանում են Հայաստանում, ինչը թեթեւացնում է փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի ու ԵՄ տարբեր կազմակերպությունների հոգսերը:

Իսկ Վատիկանն արդեն քանիցս շեշտում է Հայաստանի՝ քրիստոնեական արժեքներին նվիրվածության մասին:

Սեփական լրատվություն

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։