Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ մայրաքաղաքի փողոցների անվանափոխության համար պետք է հանրային հստակ կարծիք լինի: Նա չի բացառում, որ կա անհրաժեշտություն այս հարցը քննարկելու, սակայն շտապելը երբեք չի կարող օգտակար լինել: Չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն է նման առաջարակ արել: Իշխող կուսակցությունը հիմնականում դեմ չէ, քանի որ ՀՀԿ-ն եւս միացել է «Ելք»-ի՝ մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծին:

Իսկ քաղաքապետը պարզաբանել է, որ խմբակցության առաջարկներում որոշակի խնդիրներ են նկատել. «Պետք է հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք, մասնագետների հիմնավորում լինի: Դրանցից հետո ՀՀԿ խմբակցությունն իր կարծիքը կհայտնի»:

Տարոն Մարգարյանը նաեւ նշել է, որ պետք չէ պատմությունից հրաժարվել: «Ելք»-ի առաջարկած հերոսներին կողմ է, բայց պետք է ուսումնասիրել, թե որ փողոցները ինչպես պետք է անվանակոչել: «Սանկտ Պետերբուրգի հետ մենք համագործակցում ենք, քույր քաղաքներ ենք եւ չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցի անունը փոխել: Բացի այդ մենք ունենք այդ փողոցում ապրող մարդկանց կարծիքը»,- ասել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանի հետ համաձայն ենք. որ հանրության հստակ կարծիք պետք է, ճիշտ է, որ պետք է այնպիսի քայլ անենք, որ հետո դա էլ չուղղենք, սա էլ է ճիշտ: Բայց համամիտ լինելով եղբայր կամ քույր քաղաքների հետ բարեկամական կապերը պահպանելուն եւ փոխադարձաբար քաղաքների անուններով փողոցներ ունենալու ավանդական սովորույթը շարունակելուն, պարզապես պիտի հստակեցում մտցնել եւ Սանկտ Պետերբուրգի բարեկամներին ասել, որ Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Սանկտ Պետերբուրգի փողոցի: Անգամ Ռուսաստանում չպահպանեցին Լենինի անվամբ գլխավոր քաղաքի անունը (վստահ ենք՝ Լենինգրադյան մարզ անհասկանալի պահպանված անունը եւս կփոխվի): Մենք՝ հայերս, առավել եւս իրավունք չունենք պահպանելու Աթաթուրքի հետ հայերի դեմ դաշնակցած Լենինի անվամբ փողոցը…  

Բայց սա ասելու համար բնավ պարտադիր չէ, որ «Ելք»-ը ավագանու նիստերին  ագրեսիվ ցուցադրականությամբ հարցը այլ հարթություն տեղափոխի…

Իսկ առաջարկված՝ հայրենանվեր Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցը արդեն այլ տեղ կանվանակոչեն:

Երեւանի փողոցներն անվանափոխելու առաջարկներից են՝ Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով։ Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։ Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։ Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։ Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով եւ այլն:

Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ եւ ոչ է ասում «Ելք» դաշիքնի անվանափոխությունների առաջարկին: Նրա խոսքով՝ չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը:

Ճարտարապետը երեւի կողմ կլինի նաեւ ռուսաստանյան այն վայնասունին, որ բարձրացրեցին Գարեգին Նժդեհի արձանի դեմ ու պահանջում էին, որ «ֆաշիստ եւ նացիստ Նժդեհի» արձանը հանվի Երեւանից… Իսկ եթե կողմ չէ ռուսների հետ այս հարցում, ապա ինչպե՞ս հասկանալ փողոցների հարցում նրա սարսափած մտայնությունը… Թե՞ սովոր է, որ դեռ ռուսները պիտի ասեն մեզ, թե ինչ անենք եւ ինչպես անենք…

Այս ճարտարապետի կարծիքով՝ սա ռուս ժողովրդի դեմ է ուղղված (բայց մեկ էլ ասում է, թե կարելի է անվանափոխել, բայց «չպետք է այնպես անել, որ թաց ու չորն իրար խառնվեն»)՝ «թող մնա, պատմությունն ինքը կմաքրի»: Արդեն հասկանալի է դառնում, որ Ֆերդինանդ Առաքելյանը շարունակում է ապրել ԽՍՀՄ-ում եւ նրան չեն տեղեկացրել, որ Հայաստանն անկախացել է ու Խորհրդային կայսրությունն էլ չկա այլեւս… Եվ պատմությունը արդեն մաքրում է այն, ինչը դարեր կամ տասնամյակներ շարունակ կեղեքել է մեր ժողովրդին ու երկիրը: Իսկ պատմության ինքնամաքրումը ինքն իրեն չի լինում, մարդիկ են դա մաքրում:

Իսկ գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ անկախ Խորհրդային, թե անկախ Հայաստանի գործիչներ լինելուց, պետք է փողոցները կրեն այն մարդկանց անուննեը, ովքեր ազգի համար կարեւոր գործ են կատարել: «Օրինակ՝ Տոլբուխինի անվան փողոց ունենք, դրա տեղն ով գիտի, կամ նրա մասին ով գիտի: Ճիշտ է՝ նա ԽՍՀՄ մարշալ է եղել, լավ մարդ է եղել, բայց ի՞նչ է արել նա Հայաստանի համար:

Պետք է փողոցներն անվանակոչել ազգային գործունեության չափանիշներով: Քանի որ պատահական անունները շատ են, դրանք պիտի մաքրվեն: Կամ Մաշտոցի պողոտայի դեպքում, ժամանակը շատ լավ բերեց եւ ամեն ինչ իր ճիշտ տեղը գցեց»,- ասել է գրականագետը:

Նրա խոսքով՝ թե փողոցների, թե դպրոցների կամ այլ օջախների անունների հարցը պետք է շատ լուրջ ձեւով քննի տեղանունների հանձնաժողովը. «Պիտի ազգայնացնել, մաքրել, բայց ծայրահեղությունների մեջ չընկնել: Սովետական բոլոր այն դեմքերը, որոնք ազգին ծառայել են, անպայման պետք է պահպանվեն»:

Գրականագետը անդրադարձել է նաեւ Էջմիածնի փողոցներին՝ նշելով, որ շատ լավ կլիեր այդ քաղաքի փողոցներն անվանվեին հայ կաթողիկոսների անուններով:

«Պետք է մտածել, ինչպես  անել, որ մեր ազգի համար ճիշտ ու լավ լինի: Ժամանակը միշտ ջրի երես է հանում այն ամենը, ինչն անարդար փառաբանվել է: Դրանից ելնելով պետք է որոշել՝ ո՛ր անունը թողնել, որը հանել»,- ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա օրինակ է բերել հենց Լենինգրադյան փողոցը՝ նշելով, որ դա պետք է վաղուց արվեր:

Հուշարձանագետն ընդգծել է նաեւ, որ արժանիները պետք է շարունակեն ազգի հիշողության մեջ տեղ ունենալ՝ անկախ այն հանգամանքից, թե որ ժամանակաշրջանում են ապրել:

Ինչեւէ, Երեւանի ավագանու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն եւ երկու նախագիծն էլ ընդունվել է միաձայն: Քաղաքապետարանը նաեւ նախագիծ էր ներկայացրել Վերին Անտառային փողոցի մի հատվածն Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվակոչելու մասին եւ այլն:

Հուսանք, որ շատ անարժան կամ ոչինչ չասող մարդկանց կամ պատմական անունները շուտով կվերանան ոչ միայն մեր մայրաքաղաքից, եւ մենք կքայլենք մեր՝ արժանի անձանց եւ պատմական իրադարձությունների անուններով հնչող փողոցներով: Եվ մեր երեխաներն էլ կհաճախեն նույնքան արժանի անուններով մանկապարտեզներ, դպրոցներ եւ մշակութային ու այլ օջախներ:

Անի Մարության

Հ.Գ. – Ի դեպ, «Ելք»-ի՝ փողոցները հայրենանվեր մարդկանց անուններով անվանակոչելու  անկեղծ հայրենասիրությանը հավատալուց առաջ ուզում եմ հարցնել՝ մարիխուանայի գործն ի՜նչ եղավ:

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։