Հասկացեք, նոր գործածեք, կրեա-ծ-իվներ ջան – Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ այս տարի էլ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ փոփոխություններ չեն սպասվում, համացանցը ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով… Սոցցանցում կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ…  բայց քանի որ թերթում  եմ գրում՝ ասեմ, բա որ ձեր «կրեատիվ» խելքն այդքանին ձգում է, չի՞ փորձում գոնե մեկ անգամ տոնածառների գներին նայել…

Երեւանի քաղաքապետարանը Գրիգորյան տոմարով ընդունված Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ շարունակում է մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ:

Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր տոնածառին, ապա այս տարի այն 150 շարք լույսեր ու շուրջ 400 խաղալիք կկրի: Գլխավոր տոնածառի լույսերն ու մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը:

Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ կապված՝ փոփոխություններ այս տարի եւս չեն սպասվում, համացանցը միանգամից ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով ու թե՝ տեսեք, տեսեք, մերն անճաշակ է: Սոցցանցում պատասխանեի՝ կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ:  

Բայց քանի որ թերթում եմ գրում, կհարցնեմ, բա որ ձեր «կրեատիվ» խելքն այդքանին ձգում է, չի՞ փորձում գոնե մեկ անգամ տոնածառների գներին նայել՝ տեսնել՝ որ երկրում ինչքան է արժեցել: Ու համոզված եմ, եթե հանկարծ քաղաքապետարանը տոնածառը փոխի, հիմա էլ սոցցանցը կողողվի հետեւյալ արտահայտություններով. «Բա հիմա դրա ժամանա՞կն էր», «էդ գումարը քյասիբների վրա ծախսեիք» եւ այլն եւ այլն:

Դե քանի որ չի փոխվել, ուրեմն կրեատիվ չէ:

Մեկ էլ չեմ հասկանում՝ էս հիմար բառը որտեղից եք վերցրել: Այդքան աղքատի՞կ է ձեր մայրենիի բառապաշարը:

Քննարկումը թեժացավ ու ոչ ոք չասաց, որ ախր տոնածառի ձեւի հետ կապված փոփոխությունը կնշանակի նոր տոնածառ, որը չափազանց թանկ է: «Չեմ կարծում, որ արդարացված կլինի այդ ծախսը կատարել համայնքային բյուջեից: Մենք փորձ ենք արել այդ հարցը լուծել մասնավորի հետ»,- ասել էր քացաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ նշելով, թե գլխավոր տոնածառն ամեն տարի զարդարվում է նորովի. հետաքրքիր խաղալիքներով, լուսային տարբեր լուծումներով:

Ստացվում է, մենք միայն քննադատելիս ենք կրեատիվ: Այլապես եթե գործի մեջ այդպես լինեինք, կասեինք՝ ինչ անել, որ տոնածառը ամենալավը լինի՝ առանց ծախսերի ավելացման: Ինչ անենք, որ հոգիներումս լույս լինի, որ հոգիներումս ուրախությունն իշխի՝ նույնիսկ առանց տոնածառի, առանց տոնածառի չափի ու ձեւի:

Բերեք կրեատիվ մի միտք հուշեմ, եկեք արաբական շեյխերին անհեթեթ վիճակում թողնելու համար ոչ միայն մեր տոնածառի խաղալիքները ոսկեջրենք, այլեւ՝ տոնածառը, համ էլ՝ ոչ թե ոսկեջրենք, այլ՝ ադամանդապատենք: Սրանից էլ լավ կրեատի՞վ……

Առակս ինչ կցուցանե: Մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք՝ օր առաջ լուծման կարոտ: Դրանք թողնել ու տոնածառի չափից ու ձեւից կախվելը հեչ կրեատիվ չէ, կրեատիվներ ջան: Բառն էլ քիչ գործածեք կամ էլ գործածելուց առաջ նշանակությունը հասկացեք:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։