Է՜ն պատժից փախածների պատասխանը ժողովրդին՝ ի դեմս պատգամավոր Հակոբ Հակոբյանի… ՄԱԿ.- Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար… Հայաստանը 5-րդն է եվրոպական ամենացածր աշխատավարձերի ցուցանիշով – Ուկրաինան՝ Եվրոպայի ամենաաղքատ երկիրը – Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում… Պատգամավորներն ուրախացան լավ ապրելու հույսով… Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է… Շարլ Ազնավուր.- Ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել…

Այն, որ նորմալ երկրներում ցանկացած ազգային ու պետական տոնից առաջ, երբ մարդիկ մեծածավալ ծախսերի առջեւ են կանգնում, էժանացումներ են լինում, որպեսզի մարդիկ իրենց հարգված ու արժեւորված զգան իրենց երկրում, այդպես է: Թանկարժեք խանութներ ամեն երկրում էլ կան, բայց դա հարուստների համար է: Մեր դեպքում՝ գոնե հարստահարողների համար կլիներ… բայց՝ դա էլ չկա…

Հարուստ, թե աղքատ՝ «հայկական ավանդույթի» համաձայն «հավասարվում» են տոնական օրերին՝ Ամանոր, Զատիկ, Տրնդեզ, Վարդավառ… Իսկ հանգուցյալների գերեզմաններ գնալու պետական օրերին էլ ծաղիկներ են թանկանում… հենց այնպես՝ օդից. գնացողները շատ են՝ պիտի թանկացնեն: Ուտողի, այս դեպքում՝ լափողի «առողջ» տրամաբանություն: Մեր առեւտրի սպասարկման համակարգը կարծես «սատանայի վկաներ» նոր աղանդի հետեւորդը լինի:

Եվ օրերս, Նոր տարվա շեմին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյան հայտարարեց, թե «աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն եւ առեւտուր չեն անում»…

Միայն այսքանը բավարար է, որ նորմալ երկրում՝ ժողովրդին արհամարհելու եւ նվաստացնելու մեղադրանքով կալանավորվեր այս պատգամավորը, հետո հանձնվեր փող չունեցողների դատին…

Ինչպե՞ս կարող է ժողովրդի «ընտրյալների» խորհրդարանի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նման բան ասել: Այսինքն՝ ըստ նրա, աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝  կարագն ու միսը թանկ են, թե էժան…»:  

Իսկ ժողովրդին հարստահարողներից այս մեկին չի՞ հետաքրքրում՝ ամեն օր օրվա սնունդ առնել չկարողացողները մահանու՞մ են, թե լրացնում ողորմացողների բանակը: Իսկ նրանց երեխաները դպրոց հաճախու՞մ են, որ հետո հարստահարողների երեխաների համար դառնան փող չունեցողներ… Թե չէ ու՞մ հաշվին են հետո հարստանալու նրանց ժառանգները:

Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն էր, որտեղից էլ պատգամավոր է ընտրվել Հակոբ Հակոբյանը: Մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, պահանջում են այս պատգամավորի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաեւ բոլոր ընտրողներին։

Եվ այսպես միայն այս պատգամավորը չի մտածում: Եվ փաստորեն այն մարդիկ, որ դեռ մի քիչ միս ու կարագ, կամ մի քանի կիլոգրամ այս ու այն մրգից են ուտում՝ պիտի հասկանան, որ դա ժամանակավոր հաճույք է… Այս ու՞ր ենք հասել, ու՞ր ենք տանում մեր հայրենի երկիրը, որ յուրաքանչյուր հայի տունն է: Բայց չէ, երբ տան հարց է ծագում, հատկապես տան պաշտպանության, հարուստները ջանք չեն խնայում, որ փող չունեցողները կատարեն իրենց կամավոր պարտքը՝ պաշտպանեն հայրենիքը:

Սնունդ եւ այլ բաներ են արագ հայթայթվում եւ «մենք բոլորս էլ հայ ենք» կարգախոսը դառնում է միայն փող չունեցողների ուղենիշը: Բայց դա՝ այսպես, թե այնպես նրանց ուղենիշն է, հայ կամավորականը երբեք էլ ընչաքաղցների ձեռքին չի նայել, երբ խոսքը հայրենիքին կամ ազգին է վերաբերել…

Բայց չգիտես ինչու, իշխանություններն էլ հետո անգամ նրանց չեն հիշել, դե կռիվը վերջացել էր… էլ ինչ կամավորական:

«Մեր կառավարության, մեր իշխանության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ մենք լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են նախեւառաջ մեր հասարակության խոցելի խավերի առջեւ: ՀՀ քաղաքացու նկատմամբ որեւէ պատգամավոր, որեւէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անի, թեկուզ անզգույշ: Այդ առումով ես ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն եղել է»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բայց հետո ասված խոսքերը գրեթե զրոյացրել են նրա արձագանքը, այն է՝ «կամ կոնտեքստից հանվել է, կամ մեր գործընկերները արել են հայտարարություն անզգուշորեն»:

Եվ հաջորդող խոսքերը՝ «ուզում եմ ասել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Մենք, որպես իշխող կուսակցություն, անելու ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի քայլ առ քայլ մեր սիրելի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն», համարյա չեն լսվում: Ժողովուրդը, որ իշխող կուսակցության հարստությունն է, ծաղրուծանակի է ենթարկված, եւ մեղավորը պատժված չէ…

«Միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միեւնույն է չեն կարող միս գնել»,- այսպես է Խոսրով Հարությունյանը պարզաբանում Հակոբ Հակոբյանի հայտարարությունը: Նա մեծահոգաբար չի հերքում՝ «Հայաստանում կան աղքատներ, որոնք չեն կարող օգտվել մի շարք ապրանքատեսակներից՝ անկախ դրանց գնից… Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում»:

Սա էլ ժամանակին անհավատ ու նվիրյալ կումունիստ, ապա անզուգական ՀՀՇ-ական հեղափոխական, ապա ազգային առաջամարտիկ, քիչ անց՝ ժողովրդավարության ջատագով, հետո էլ հավելումով՝ քրիստոնեա-ժողովրդավար, բայց իրականում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքն է:

Քանիսն ունենք այսպես…

Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար

Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար։ Համաշխարհային տնտեսությունը եւս 2,6 տրիլիոն դոլար կորցնում է կոռուպցիոն գործունեության պատճառով։ Այս միջոցները կազմում են գլոբալ ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով, զարգացող երկրներում կոռուպցիայի պատճառով գրանցված կորուստները զարգացման նպատակով ծախսված պաշտոնական օգնության ծավալները գերազանցում են 10 անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։

Կայքը նաեւ նշում է, որ ոչ մի երկիր, ոչ մի շրջան եւ ոչ մի հասարակություն կոռուպցիայի դեմ իմունիտետ չունի։

Կոռուպցիան ազդում է կրթության, առողջապահության, արդարադատության, ժողզովրդավարության, բարգավաճման եւ զարգացման վրա։ Այն ամենամեծ խոչընդոտն է կայուն զարգացման հասնելու բնագավառում։

Հայաստանը 5-րդ հորիզոնականում է եվրոպական ամենացածր աշխատավարձերի ցուցանիշով

Ուկրաինական  «TEXTY» -ի վերլուծական կենտրոնը հրապարակել է եվրոպական երկրների աշխատավարձերի հակաճգնաժամային վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Ադրբեջանը `3: Ուկրաինայի վերլուծական կենտրոնը պատրաստել է ինֆոգրաֆիկա, որի վրա երկրները ներկայացված են միջին ամսական աշխատավարձի մակարդակով: Ամենացածր վարձատրվող աշխատանքը Ուկրաինայում էր` 224 դոլար: Դրանից հետո Մոլդովան (256 դոլար), Ադրբեջանը (273 դոլար), Հայաստան (296 դոլար) եւ Վրաստան (345 դոլար): Ռուսաստանը զբաղեցրել է 11-րդ գիծը `559 դոլար աշխատավարձով, իսկ Թուրքիան` 622 դոլար աշխատավարձով: Հիշեցնենք, որ ավելի վաղ «РУСАРМИНФО»-ի  հաղորդմամբ 5 տարի հետո Հայաստանը նախատեսում է աշխատավարձերի բարձրացում 25%-ով:

Ուկրաինան ճանաչվել է Եվրոպայի ամենաաղքատ երկիր – Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում…

Ուկրաինացի մասնագետները կազմել են Եվրոպայի ամենաաղքատ երկրների ցուցակը՝ իրենց երկիրը ճանաչելով ամենաաղքատը: Համապատասխան տվյլաները հրապարակված են Texty.org.ua կայքում: Որպես հիմք՝ մասնագետները հաշվի են առել համապատասխան հարկերը մուծելուց հետո բնակչության ստացած աշխատավարձերը: Պարզվել է, որ Ուրկարինայում այդ գումարն ամենացածրն է՝ 190 եվրո: 2-րդ եւ 3-րդ տեղերն զգաղեցնում են համապատասխանաբար Մոլդովան՝ 216 եվրո, եւ Ադրբեջանը՝ 232 եվրո:

Ամենաաղքատ երկրների 10-յակում իրար հաջորդում են նաև Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ալբանիան, Մակեդոնիան և Սերբիան:

Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում՝ 4421 եվրո: Փոքր-ինչ քիչ աշխատավարձեր են գրանցվել Իսլանդիայում՝ 3440 եվրո, եւ Նորվեգիայում՝ 3405 եվրո:

«Ծառուկյան դաշինքում» քեֆ, ուրախություն է… Լավ ապրելու հույսով

Ըստ լուրեր. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է։ Բանն այն է, որ երբ ժամանակին Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ մեծ քաղաքականությունից, ԲՀԿ ֆրակցիան մնաց «որբ ու անչոբան»` «չոր» աշխատավարձի հույսին:

«Ապրիլյան ընտրություններից հետո Գագիկ Նիկոլայիչը հակված չէր հոգալ իր պատգամավորների «հոգսերը», սակայն վերջին ժամանակները կրկին սկսել է: Ի դեպ, Ծառուկյանը կոալիցիայում եղած ժամանակ նույնկերպ հոգում էր իր նախարարների «հոգսերը», նրանց բավականին կլորիկ գումար տալիս, որպեսզի վերջիններս աչքները չդնեն պետբյուջեի վրա, փող չուտեն»,- գրել է թերթը:

ՀՀ նախագահ.- Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է…

Սերժ Սարգսյանի խոսքը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ մասնակի: Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար: Ինչպես նշվեց, իհարկե, տեղյակ եմ, որ արդեն 2 օր քննարկում եք մեր երկրի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները: Ակնկալում եմ, որ ավելի ուշ միասին կամփոփենք այս օրերի ձեր աշխատանքի արդյունքները: Ուզում եմ ձեզնից լսել, թե ինչպիսի զարգացում եք ակնկալում, ինչ թերություններ եւ, ինչու ոչ՝ ինչ ձեռքբերումներ ունենք… …Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաեւ այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում եւ համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է:

Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք: Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձեւավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ եւ թիրախային: Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով: Բայց տեղյակ եմ, որ որոշ համայնքներում դեռեւս այս գործընթացը չի գնում` ինձ համար անհասկանալի պատճառներով: Թեեւ դրանք մեկն են կամ երկուսը` շատ արագ պետք է այս գործընթացն ավարտել, եւ բոլորովին պարտադիր չէ, որ ընտրված խոշորացված համայնքի համայնքապետը միանգամից որոշի, որ փոխում է բոլոր նախկին գյուղապետներին եւ մարդիկ է նշանակում` իբր ավելի վստահելի եւ ավելի արդյունավետ կառավարող:

Ես կարող եմ իմ փորձից ձեզ ասել, որ սա ամենից վատ մոտեցումն է: Ես մի քանի նախարարություններ եմ փոխել, ինձ նշանակել են տարբեր նախարարություններում, եւ գալով նախարարություն` երբեք որեւէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք եւ գնացեք, որովհետեւ ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից:

Գիտեմ նաեւ, որ դեռեւս բոլոր թերություններն այս առումով չեն վերացվել: Այնուամենայնիվ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելի ընդարձակ եւ, հետեւաբար, ավելի մրցակցային միջավայր ստեղծելով, մենք կարողանալու ենք վերացնել նաեւ այդ թերությունները՝ բարձրացնելով ընդունված որոշումների արդյունավետությունը: Անցյալ տարի միասին հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր համակարգի ներդրման 20-րդ տարեդարձը: Այդ նիստի ընթացքում ես ներկայացրի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման իմ տեսլականը: Կարծում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում հաջողությամբ շարունակել ենք մեր համատեղ աշխատանքը՝ հընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ:

Ռազմավարական առումով մեր նպատակները չեն փոխվել՝ ազատ եւ անկախ Հայաստանը պետք է լինի ամուր եւ կազմակերպված համայնքների երկիր: Մենք շարունակելու ենք համայնքների խոշորացման գործընթացը: Չենք շտապելու, ուշադիր ծանրութեթեւ ենք անելու ամեն ինչ, բայց լինելու ենք հետևողական: Մեր անկախությունը պետք է օրեցօր ամրապնդվի պետության եւ հասարակության զարգացմամբ:

Կառավարությունը կարող է եւ պետք է սահմանի ընդհանուր չափանիշներ բոլոր համայնքների համար: Սակայն որեւէ կառավարություն երբեք չի կարող գտնել ավելի լավ լուծում, քան այն, որը կմշակեն եւ կիրագործեն բուն համայնքում ապրող մարդիկ, նրանք, ովքեր իրենց այդ համայնքի տերն են համարում: Մեր խնդիրն է քաղաքացիների եւ գյուղացիների մեջ ամրապնդել հենց տիրոջ զգացումը, սեփական համայնքին տեր կանգնելու ձգտումը…

…Արդեն հայտարարել եմ, վստահ եմ, որ տեղյակ եք, մինչև 2040թ. մեր ժողովրդագրական եւ տնտեսական զարգացման թիրախները, որոնք կարեւոր են նաեւ մեր երկրի համաչափ զարգացմանն ու ներառական տնտեսական զարգացման առումով: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ եւ համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային եւ նորարարական մոտեցումներ: Շատ երկրներ իրենց զարգացման ճանապարհին արդեն իսկ անցել են այս ուղիով: Դրա համար անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների եւ ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն: Ընթացիկ խնդիրների լուծումից անհրաժեշտ է անցնել երկարաժամկետ ծրագրեր կազմելուն՝ տեղերում ամրապնդելով սեփականության ու պատասխանատվության զգացումը: Այդ աճը նաեւ պահանջում է յուրաքանչյուր համայնքի ներդրումը: Մասնավորապես, համայնքները պետք է կարողանան ձեւավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման և կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար: Այդ կարողություններն ուղղված կլինեն պետական-մասնավոր համագործակցությանը եւ դեպի համայնքներ մասնավոր ներդրումների հոսքին…

…Համայնքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ապակենտրոնացման գործընթացները հաջողությամբ շարունակելու եւ իրագործելու համար անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: Տեղերում անհրաժեշտ է ստեղծել մարդկային ռեսուրսներ եւ մասնագիտական կարողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով իրականացնել արդեն իսկ տրված լիազորությունները: Պատահական չէ, որ այս հանդիպումը տեղի է ունենում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Սա հենց այդ հարցերի շուրջ Հայաստանի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ կենտրոնական բանկի մասնագետների արդյունավետ հանդիպում կազմակերպելու հնարավորություններից մեկն է… Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական եւ կանաչ պարտատոմսերի թողարկման համար: Երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաներ հետ։ Դրանք Արևելյան Եվրոպայի եւ այլ զարգացող երկրների համար լուրջ առաջընթաց են ապահովել… Իհարկե, եթե մենք ունենք հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ և ոչ որակյալ արտադրանք, ապա դա որոշակի դժվարություններ իրենից ներկայացնում է, բայց հարցրեք՝ որեւէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք: Մենք այդ մեծ արժեշղթայի մի մասն ենք դարձել. մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս, եւ այս հնարավորություններից մենք պետք է օգտվենք…

…Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստան աշխարհի մանրակերտն է, որի կարողությունները չպետք է զիջեն երկրում արձանագրված ընդհանուր միջին մակարդակին: Ուստի, մենք պետք է նաեւ ձեւավորենք նոր ճկուն մեխանիզմներ համայնքների կենսագործունեության միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր ստեղծելու միջոցով: Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների եւ գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջեւ գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:

Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման եւ իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն եւ կարտացոլեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով…

…Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել:

Ակնկալում եմ, որ ելույթների ընթացքում նաեւ այս իրողության մասին պետք է խոսել՝ հասկանանք, տեսնենք, թե պատճառն ինչ է: Մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ: Հասկանու՞մ եք, դրանք շատ լավ օրինակներ են: Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են: Համայնքների համար խիստ կարեւոր է առաջիկայում համայնքի տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների խնդիրների լուծումը…

Հայաստանի գյուղական բնակավայրերի մեծ մասը՝ 60%-ը և ավելին, գտնվում է քաղաքների ազդեցության գոտում: Մեր գյուղական բնակչության մեծ մասը բնակվում է Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու մերձակա գյուղերում:

Ցավոք, մայրաքաղաքից հեռու գտնվող տարածաշրջանների բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Դա գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության դեռևս ցածր մակարդակով, աշխատատեղերի սակավությամբ եւ սոցիալական ենթակառուցվածքների անբավարար վիճակով: Ասածս չի նշանակում, որ Գյումրիում կամ Վանաձորում սոցիալական խնդիրները նորմալ լուծված են, եւ մարդկանց սոցիալական վիճակը լավ է: Ասածս ընդամենը մի բան է նշանակում, որ Վանաձորից, Գյումրիից դուրս վիճակն ավելի ծանր է: Բայց մի հանգամանք էլ կա, որ ուզում եմ, եթե որեւէ մեկը պատասխան կունենա, այս ամբիոնից հնչեցնի: Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ: Սա, իհարկե, մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին ձեր խնդիրն է…

…Այսօր, ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ համայնքներից տրամադրվում է հիմնականում ոչ լիարժեք տեղեկատվություն, որն էլ դժվարացնում է զարգացման արդյունավետ թիրախային ծրագրերի մշակումը պետական մակարդակում։ Այս խնդիրը պետք է արագ լուծել, իհարկե, կառավարության համապատասխան օղակների ներգրավմամբ։ Պետք է լիարժեքորեն հաշվառվեն նոր այգիները, ջերմոցները, շինարարական օբյեկտները եւ այլն։ Ես մեկ այլ օրինակ էլ եմ ուզում բերել: Մենք արդեն ունենք ընկերություններ, որոնք պայմանագրեր ունեն մեծ առևտրային ցանցերի հետ: Դրանք շատ կոշտ պայմանագրեր են, ինչպես առեւտրային ցանցերի համար, այնպես էլ արտահանող ընկերությունների: Երբ արտահանող ընկերությունը որոշակի քանակներ է ամրագրում այդ պայմանագրի մեջ` ուզած-չուզած որտեղից ուզում է պիտի ապրանքը մատակարարի, հակառակ պարագայում` պետք է տուգանքներ վճարի: Եվ այստեղ պլանավորումը չափազանց կարեւոր է. եթե փոքր թիվ են գրում, որքան էլ շատ լինի արտադրանքը, չեն կարողանալու ամբողջովին մթերել, տանել, իսկ եթե շատ գրեն արտադրանքը, իրականում քիչ լինի, ուրիշ պրոբլեմի առջև են կանգնում:

Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ այս շղթայում մեկի պրոբլեմը դառնում է մյուսի պրոբլեմը, այդպես չէ, որ ես արտադրեցի, վերջացավ, գնաց: Կա հաջորդ օրինակը. մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է…

…Արդեն նշել եմ, որ համայնքները, ծրագրեր իրականացնելու նպատակով, աստիճանաբար պետք է առանձնացնեն գումարներ եւ պետական բյուջեից ստանան «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով հավելյալ միջոցներ։ Սա պետք է դառնա համայնքի հիմնական շարժառիթը սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումն ապահովելու համար։ Այս նպատակով կառավարությունը պետք է ներդնի ֆինանսական խթանների կիրառման լավագույն մեխանիզմը: Եվ գնալով, անընդունելի է դառնում, երբ մարզպետները, համայնքապետները ասում են` այս տարի մենք 5% ավելի շատ հավաքեցինք, քան նախորդ տարի, բայց հասկանալի չէ, թե բազան ինչպիսին է, որովհետեւ մարզ կա, որ շատ ավելին է հավաքում եւ դժվարանում է մեծ աճ տալ… Ամուր տեղական ինքնակառավարումը եւ անկախ դատական իշխանությունը, թերեւս, ամենակարեւոր քննություններն են, որ մենք հանձնում ենք՝ որպես պետականություն կերտող ժողովուրդ: Հենց այդ քննությունները հաջողությամբ հանձնելուց է կախված մեր երկրի ապագան:

Սա մեր պետությունն է, մեր ընդհանրական պատասխանատվությունը, ուստի մեղքն ուրիշի վրա բարդելու առիթ եւ արդարացում չպետք է փնտրենք: Ժողովրդավարություն հասկացությունն անիմաստ է առանց կայացած տեղական ինքնակառավարման: Սա է իսկապես կարեւոր դարձնում այս քննությունը մեր հասարակության եւ պետության համար…

Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է… …Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում եւ ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել: Երեւի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք եւ պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար:

Շարլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել…

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով:

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»,– ասել է Ազնավուրը: Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ.- «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»: Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ,- «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել: Շանսոնյեն անդրադարձել է նաեւ «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաեւ մշակութային գործունեություն է ծավալելու:

Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախկին եւ ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին եւ Էմանյուել Մակրոնին: «Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին.- «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։