Կոռուպցիան թուլացնում է մեր պետությունը, որը կարող է հայտնվել «սեւ ցուցակ»-ում – Մեր երկիրը կբռնի՞ քավոր-սանիկության եւ ախպեր-տղերքի ամենանեղ ուղին… Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը… Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ…

…Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են. «Կոռուպցիայի ընկալման համաթվով  2003-ից, հաշվի առնելով նվազագույնը 3  միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ լճացման իրավիճակ է։ 2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ  նվազման առումով, եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսվել է նորից նույն տխուր իրավիճակը»: Ըստ նրա՝ «Ֆրիդոմ հաուսի» ցուցանիշը չի փոխվում՝ 70% երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան Հայաստանում։ Այս ցուցանիշի պատճառով  նոյեմբերի 20-ին հրապարակվեց «Հազարամյակի մարտահրավերների» գնահատման երկրների ցանկը, եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավերների» կողմից ֆինանսավորվող  երկրների ցանկից:

Հայաստանը հայտնվել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի «մոխրագույն  ցուցակ»-ում։ Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ, չնայած պարբերաբար օրենքի փոփոխություններ են տեղի ունենում: Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը։ «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար խոսքով՝ «դեռ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ, որովհետեւ ֆիննախի կողմից կարծիք է հայտնվել, որ կուղղվեն։ Այժմ այդ խոստումից է կախված՝ ապագայում «սեւ ցուցակ»-ում կհայտնվի՞ Հայաստանը, թե՞ ոչ»։  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ էր ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը եւ նշել, որ «միասին ենք գտնելու այս չարիքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ համակողմանիությունն ապահովելու առավելի ազդեցիկ եւ ներգործուն մեխանիզմները»: Ասել է, որ մեկ տարում նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առիթ է ունեցել իրավապահ մարմինների հետ իր շփումներում հստակ շեշտադրելու կոռուպցիայի դեմ համակարգված, անզիջում պայքարի անհրաժեշտությունը:

Իհարկե, հանցավորության դեմ պայքարը իրավապահ մարմինների պարտականությունն է, բայց ներկա մոտեցումները կարծես ուղերձ են առ այն, որ հակակոռուպցիոն պայքարի խորացումն ու ընդլայնումը որդեգրված համապետական քաղաքականություն կա, որտեղ իրավապահ մարմիններն ունեն ոչ երկրորդային դերակատարություն:

Անցած տարում այս ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվել, 2017թ. գլխավոր դատախազի հրամանով, նախապես միջազգային ընկալումներին համահունչ մշակված նոր չափորոշիչների հիմամբ վերանայվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Առավել հստակեցվել է դրանց շրջանակը՝ նախանշելով դրանց դեմ քրեաիրավական պայքարի ուղղվածությունը՝ միասնական եւ հստակ թիրախավորված համապատասխան քրեադատավարական մեխանիզմների, պատժողական քաղաքականության պայմանները:

Ինչպես նշել է գլխավոր դատախազը, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում նախորդ տարվա համեմատ արձանագրել են շոշափելի աճ՝ գրեթե բոլոր բաղադրիչներով: Մասնավորապես, ներկայացվել է մեկ տվյալ: 2017թ. առաջին 9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել առերեւույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով 87 գործ՝ 142 անձի վերաբերյալ: 2016թ. նույն ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ընդամենը 65 գործ՝ 128 անձի վերաբերյալ. աճը կազմել է 22 գործ, 14 անձ:

2017թ. դատարաններում քննված քրեական գործերից 54-ով 71 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 2016թ.՝ 47 գործով 59 անձի վերաբերյալ: Այսինքն՝ նման գործերն ավելացել են 7-ով, դատապարտված անձանց թիը՝ 12-ով:

«Էականորեն աճել են պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքերը: Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն պաշտոնական գրանցումից գաղտնի մնալու, այսինքն՝ լատենտայնության բարձր մակարդակ եւ այս տեսանկյունից նման դեպքերի աճը միայն կամ հիմնականում պայմանավորված է իրավապահ մարմինների գործադրած հետեւողական ջանքերով»,- հավելել է Արթուր Դավթյանը:

Ինչ մնում է օրենսդրական բարեփոխումներին, ապա ըստ գլխավոր դատախազի՝ «Ներդվել են ինստիտուցիոնալ նոր, կանխարգելիչ նշանակություն ունեցող մի քանի առանցքային լուծումներ: Մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները, ընդլայնվել են հայտարարագիր ներկայացնող  անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց շրջանակները. դրանում ընդգրկվել են բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, Քննչական կոմիտեի եւ Հատուկ քննչական ծառայության քննիչները: Ներդվել է ազդարարի ինստիտուտը, ինչպես նաեւ սահմանվել են ազդարարների անվտանգության հստակ իրավական երաշխիքները»:

Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի արդյունավետության ապահովումը լինելու է նաեւ գլխավոր դատախազության գործառույթը:

Իհարկե կան նաեւ, դեպքեր, երբ ստվեր է նետվում կոռուպցիոն հանցագործությունները բացահայտող օղակների, մարմինների նկատմամբ՝ մտացածին, իսկ երբեմն բոլորիս համար հասկանալի նեղ անձնական կամ խմբակային շահեր սպասարկող, խեղաթյուրող նպատակներով: Գլխավոր դատախազը այսպիսի դեպքերը քիչ չի համարում ու նաեւ վտանգավոր է համարում, քանի որ շարունակում են զարգացնել անվստահություն սերմանող տրամադրությունները, դրանց շուրջ հանրային տրամադրություններ են բորբոքում, ինչն արդեն բավական է վնասելու համար իրականացվող նախաձեռնությունների նկատմամբ հանրային վստահության գոնե բավարար մակարդակի ձեւավորումը: Իսկ միջազգային պահանջը մեծացել է հրապարակայնության առումով: Սա նաեւ այն պայմաններից է, որը Հայաստանին ապագայում կապահովի «սեւ ցուցակ»-ում չհայտնվել:

Ինչպե՞ս են ակնկալում հանրությանը, քաղաքացուն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի գործուն սուբյեկտ՝ ի սկզբանե թերահավատություն սերմանելով, ջարդելով նրա վստահության նախադրյալները: Եվ Արթուր Դավթյանն ինքն էլ չի հերքում՝ այդ հարցը կարեւորելով, որ առաջին հերթին իրավապահ մարմիններն անելիք ունեն՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրականացումն ամեն օր ապահովելու առումով:

Այստեղ համալիր խնդիր կա, ոչ միայն ոստիկանությունը կամ դատախազությունը, այլեւ դատարաններն ու ազգային անվտանգությունը պիտի միասին կարողանան սերմանել հավատը ուժային կառույցների նկատմամբ: Սա դժվարին գործ է մեր օրերում, բայց այլ ելք չկա: Այլ դեպքում մեր երկիրը կբռնի քավոր-սանիկության եւ ախպեր-տղերքի ամենանեղ ուղին, որից հետո բռնատիրության վտանգների մասին կարելի է այլեւս չխոսել… Իսկ կոռուպցիոն երկրների «սեւ ցուցակ»-ում հայտնվելով, Հայաստանն արդեն լիովին ու օստապբենդերական «երկնագույն սկուտեղի» վրա կմատուցվի այլոց…

Ցանկանում ենք հավատալ, որ որ գլխավոր դատախազի ելույթը կոռուպցիայի դեմ պայքարի օրը ծրագրային էր եւ մեր երկիրը հեռու կպահի անիրավական եւ անօրինությունների պետության կարգավիճակից:

Դատախազությունը հավաստիացնում է, որ սա չի սահմանափակում քաղաքացիական հասարակության ամենատարբեր շրջանակների հետ նշված եւ այլ ձեւաչափերով համագործակցելու հնարավորությունը: Պատրաստ են կառուցողական քննադատության եւ շահագրգիռ քննարկումների:

Հուսանք, որ 2018-ին այս գիտակցությունը հռետորական ավարտ չի ունենա ո՛չ դատախազության եւ ուժային այլ կառույցների համար, ո՛չ էլ հանրային ամենատարբեր շերտերի. եվ ամփոփենք այսպես՝ «Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ՏԻ եւ ՏԿ մարմիններին նվիրված տարեվերջյան խորհրդաժողովի ժամանակ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։