Վաշինգտոնը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ՞… Վաշինգտոնը երբեմն կտրուկ է լինում նաեւ Ռուսաստանի ու եվրոպական համագործակցության նկատմամբ – Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ՝ իր քայլերի տերն ինքը չէ…

Մերձավոր Արեւելքում շարունակվում են կրքերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն կսկսի Իսրայելում իր դեսպանատան տեղափոխման գործընթացը՝ Թել Ավիվից Երուսաղեմ: Այդպիսի որոշում Վաշինգտոնը նախկինում էլ էր կայացրել, բայց իրար հաջորդող մի քանի նախագահներ «սառեցրեցին» տեղափոխման հարցը՝ հասկանալով, որ դա նորովի կբորբոքի վիճակը Մերձավոր Արեւելքում:

Բայց ԱՄՆ գործող նախագահը, ով մինչ նախագահ դառնալը պարզապես հաջողակ գործարար էր, հանդես է գալիս խիստ ազգայնական դիրքրոշումներով, ինչը թերեւս անհասկանալի է: Անգամ հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք նա է իր որոշումների տերը…

Վաշինգտոնը երբեմն կտրուկ քայլերի է գնում նաեւ Ռուսաստանի, անգամ եվրոպական համագործակցության նկատմամբ, ինչը էլ ավելի է լրջացնում հնչած հարցի կարեւորությունը…

Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ: Մեծ Բրիտանիայի միջոցով ներկայիս Եվրամիության կազմաքանդման նախաձեռնությունը եւս հասկանալի է դառնում: Այն, ինչ չկարողացավ անել Մոսկվան՝ Եվրասիամիությունը հակադրել Եվրամիության հետ՝ գնալով համաշխարհային վերաբաժանման, փաստորեն, պիտի կատարի Վաշինգտոնը՝ ինքը հակադրվելով ԵՄ եւ ԵԱՏՄ հետ միաժամանակ:  

Ուկրաինական առճակատումը եւ տարածքների բաժանումը Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ շարունակություն չգտավ, ինչը ԱՄՆ-ին ստիպեց եվրոպայից վերցնել այս նախաձեռնությունը: Այժմ կրկին խաղի մեջ է ներքաշվում ամերիկյան խամաճիկ Միխեիլ Սաակաշվիլին, ով այսօր ուկրաինական նոր մայդան է նախաձեռնում… Չի բացառվում, որ հետագայում էլ վրացական նոր վարդերի հեղափոխություն կսկսի, քանի որ Վրաստանը ամրանալով թուրք-ադրբեջանական առանցքում՝ փորձում է ինքնուրույն (թուրքերի հետ համաձայնեցված) քաղաքականություն վարել տարածաշրջանում, ինչը եւս դուր չի գալիս Վաշինգտոնին:

Աշխարհի վերաբաժանման ժամանակ Թուրքիան թիրախներից մեկն է, ուստի Անկարային թուլացնելու համար Կովկասում պիտի գործի եւս մեկ քաղաքա-տնտեսական առանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով դեպի Եվրոպա, ինչը հանդիպում է թուրք-ադրբեջանա-վրացական համառությանը… Փաստորեն Եվրոպական կողմի, հիմնականում գերմանա-ֆրանսիական, տարիների քայլերը՝ թուրքական տարածաշրջանային գերտերությունիկությանը վերջ տալուն ուղղված, խոչնդոտվում է նաեւ Վրաստանի կողմից:

Այս խնդիրները մտել են Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ոլորտի օրակարգ: Սակայն, Վաշինգտոնը արեց ավելին, միանգամից մի քանի ուղղություններով սկսեց, ինչը հանգեցրեց նաեւ իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության:

ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ կնշանակի վերջինս ճանաչել որպես Իսրայելի նոր մայրաքաղաք: Եվ ոչ միայն արաբական, այլեւ՝ իսլամական աշխարհն ընդվզեց հենց առաջին իսկ օրից: Եվ ահա, իսլամական պետությունների ղեկավարներն էլ իրենց հերթին Երուսաղեմի պատկանելության շուրջ հայտարարություն արեցին: Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթաժողովի ժամանակ հայտարարվեց, որ ԻՀԿ-ն ճանաչում է «Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք» եւ առաջարկում է «բոլոր երկրներին ճանաչել Պաղեստինի պետությունը եւ Արեւելյան Երուսաղեմը՝ որպես նրա օկուպացված մայրաքաղաք»:

ԻՀԿ-ն նշում է նաեւ, որ ԱՄՆ նախագահի՝ խայտառակ որոշումը «չունի իրավական ուժ» եւ «դիտավորությամբ խաթարում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»՝ զարկ տալով «ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը»…

Իր մտահոգությունն է հայտնել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին. «Հատկապես Ս. Տեղյաց պահպանության գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը՝ քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում՝ պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը եւ դարերով ձեւավորված կանոնակարգերն ու իր իրավունքները»:

Առջեւում լուրջ ծավալումներ կլինեն…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։