Հայ արիները նշեցին Միհրադարձը – Վաղուց եկել են ժամանակները Հայոց Ազգային Հավատի եւ Հայ Աստվածների մասին ճշմարտությունն ու իրականությունն ասելու…

Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:

Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը: Նշենք, որ տոնական օրերին փառաբանվեց Միհր Աստվածը նաե՛ւ որպես Արեւ-Աստված, քանզի նա բնակարգի (լույսի, կյանքի) վերահաստատման պաշտպանն է, իսկ արդարադատությունը բնականոն սկզբունքներին է հենված…

Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:

Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ  համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված:  

Ձոնին հետեւեց գինեխումի ծեսը: Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մի մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության պատվիրանները՝ փոխադարձաբար խնդրելով Միհրին, որ աջակցի հայ արիների, հայ տեսակի բոլոր այն ջանքերին, որոնք գործադրվում են ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:

Ծեսն ավարտվեց աքաղաղի կանչով՝ ի նշան Միհրի վերադարձի՝ Արդարության ու Ճշմարտության ծննդի: Այս ծնունդով  նոր լույս է բացվում Հայոց աշխարհում: Աքաղաղը բաց թողնվեց՝ նոր օջախ գտնելու ու այդ օջախին Միհրադարձն ավետելու օրհնությամբ…

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նաեւ ձոներ հղեցին ու փառաբանեցին բոլոր Հայ Աստվածներին՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, ինչպեսեւ՝ Տիեզերքի Տիրոջը՝ Ամենաստեղծ Արարչին…

Հայ արիներն այսօր էլ զգում են Հայոց արդարադատության վերահաստատմանն ուղղված Միհր Աստծո ջանքերը եւ սպասում են տիեզերական արդարադատության իրականցմանը՝ թե ինչպես է տիեզերական անաղարտ արարիչ-ավերիչ լույսը Երկիր իջնելու՝ արդարությունն արարելու եւ անարդարությունը՝ ավերելու առաքելությամբ…

* Ծանոթագրություն – Վաղուց եկել են ժամանակները Հայոց ազգային հավատի եւ Հայ Աստվածների մասին ճշմարտությունն ու իրականությունն ասելու: Հայ Աստվածները «փակվել» եւ հիշատակության չեն ենթարկվում դարեր շարունակ եւ դա ինքնանպատակ չէ… Եթե ոչ մենք, հապա ո՞վ պիտի «բացի» մեր Աստվածներին, որ դուրս գան «մեռած Աստվածներ» սին դատողությունից եւ նորեն զորացնեն Արարչակնիք եւ Աստվածազարմ մեր հոգիները, մեր Ազգն ու Հայրենիքը… Այսօր, խոսելով Միհրի զորությունից, հակիրճ նշենք այն այլակերպումների  մասին, որ ենթարկվել է Հայոց արդարադատության Աստվածը, որ ցայսօր որոշակիորեն զետեղված է տարբեր կրոնական ուսմունքներում եւ կենսափիլիսոփայական տեսություններում:

Ինչպես Հայոց մյուս Աստվածները, այնպես էլ Միհրը, տարբեր ազգերի կողմից սեփականացվել եւ գործառույթային վերաձեւումների, որոշակի անվանափոխումների ենթարկվել: Սակայն Հայոց արդարադատության Աստծո գործառույթի հիմնական առանցքը՝ արդարադատությունը մնացել է միշտ: Միհրը հայոց դիցարանում եղել է նաեւ լույսի եւ մաքրության աստվածը, քանի որ միայն լուսավոր եւ անաղարտ միջավայրում կարող է գործել տիեզերական արդարադատությունը

Լույսի եւ անաղարտության Աստծո պաշտամունք է եղել նաեւ հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրա, Միթրաս։ Լուսավոր եւ լուսաբեր Միհրը նաեւ որպես Արեւ-Աստված է ընկալվել: Այսպես առավել ընկալելի է դառնում մեր նախնյաց կողմից արդարադատության պատկերացումը եւ արիական հայերի արդարադատության համակարգը, որը համեմատվել է արեւի լույսի հետ

Արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, լուսավորել է աշխարհը։ Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը (խոսքն արդար աշխարհի հաստատման մասին է) եւ ամրագրում է աստվածային օրենքը։ Միհրի պաշտամունքը անգամ Միհրականության վերածվեց, քանզի այդ պաշտամունքը ոչ միայն հայերի համար մնաց: Պահպանված ամենահին հիշատակությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած Միտաննի թագավորությանը։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Այսօր մեր տարածաշրջանում պահպանված եւ կիսագործող (որտեղ արիադավան-հեթանոսական ծեսեր եւ հայոց հավատի արարողություններ են անցկացվում) միակ տաճարը՝ Գառնիի հեթանոսական տաճարը եւս Միհրին է նվիրված եղել…  Տաճարի հետքեր են հայտնաբերվել նաեւ այլ վայրերում՝ Արտաշատ մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել եւև մարմարից եւ վերակառուցվել է 1-ին դարում՝ Տրդատ Ա-ի կողմից։ Նեմրութ լեռան վրա գտնող Անտիոքոս Ա-ի դամբարանի մոտ կառուցված արձանախմբում նույնպես կա Միհրը արձանը՝ նստած Արամազդի՝ Հայր-Արայի ձախ կողքին։

Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպեսեւ բազմաթիվ հայկական եւ օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան եւ այլն։ Միհրի աստվածության վիպական մարմնավորումները են նաեւ «Սասնա ծռեր» էպոսի Մեծ եւ Փոքր Մհերները…

Եվ վերջապես Հայոց Միհր Աստծո պաշտամունքի հենքի վրա ձեւավորվում է մի ինքնատիպ կրոնափիլիսոփայական համակարգ` Միհրականությունը։ Այն, ինչպես կրոն կամ կենսափիլիսոփայություն, ներթափանցեց արեւմտյան մտածողության ամենատարբեր շերտերը։ Արեւելյան ծագմամբ համարվող Միհր-Միթրան դարձավ արեւմուտքի կրոնափիլիսոփայական պահանջները բավարարող տեսություն։ Միհրականությունը պատմության մի ընթացքում բացառիկ դեր է խաղացել Հռոմի կյանքում։

Այս դավանանքը թափանցեց անգամ կայսրերի հոգեկերտվածքի մեջ։ Արեւմուտքում Միհրականության վարդապետությունը կրում էր հունահռոմեական փիլիսոփայական մտքի ազդեցությունը (հայկական ու հայադավան ամեն բան  ավելի վաղ ժամանակներից սկսված փակի տակ էր դրվել)…

Արեւելքին բնորոշ խորհրդաբանական իմաստը պահպանվեց Միհրականության մեջ եւ գերմանացի փիլիսոփա Հեգելը Տամպլիերների օրդենի՝ միաբանության խորհրդապաշտության արմատները գտավ հենց Միհրականության տանող ուղղության մեջ։ Եվրոպական լուսավորյալների բազմաթիվ շարժումներ, միություններ եւ միաբանություններ եւս որդեգրեցին Միհրականության լուսաբեր, արեւային լույս աստվածության գործառույթները…

Ի վերջո պիտի նշել, որ Միհր Աստծո պաշտամունքային բազմաթիվ տարրեր նախապես որդեգրվել էր քրիստոնեությքան կողմից եւ հատկապես Տիեզերական արդարադատութան լույսի եւ Արեւ-Աստծո կերպարները որոշակի այլաբանությամբ վերագրվել է նաեւ Հիսուս Քրիստոսին, որպես արտվածային լույս բերող մարդ-աստվածության…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

25.12.2017թ.

Գառնի-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։