Մրցակցությունը եւ հակադրությունը Կովկասում. արմատներ, ծավալներ եւ հետեւանքներ

Ս/թ. հոկտեմբերի 28-29 ԻԻՀ ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում «Մրցակցությունը եւ հակադրությունը Կովկասում. արմատներ, ծավալներ եւ հետեւանքներ» խորագրի ներքո կայանալիք Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի 16-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին

Արմեն Ավետիսյան, Հայաստան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

1. Կովկասում մրցակցության եւ հակադրության արմատներն ու ծավալները

Կովկասի մնայուն կայունությունն ու համագործակցությունը մեծապես կախված են պատմա-քաղաքական խնդիրների ճիշտ եւ արդարացի ըմբռնումից ու դրանց համապարփակ դրական լուծումից: Աշխարհաքաղաքականությունն առանց պատմական արդարության վերականգնման՝ նոր անարդարությունների տեղիք է տալիս, ինչի հետեւանքով էլ առ այսօր ոչ մի հակամարտություն վերջնականապես չի լուծվում, քանզի այն միանշանակորեն չի ընկալվում միջազգային երկու կարեւորագույն սկզբունքների՝ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության եւ ազգային ինքնորոշման իրավունքների տեսակետից, ավելին՝ տարածաշրջանում ներխուժումների հետեւանքով առաջացած պետությունների կազմավորումը կայացել է այդ երկու սկզբունքների ոտնահարմամբ: Եվ հիմա Կովկասյան ժողովուրդների ոտնահարված իրավունքները հանդիպում են միջազգային այդ գործուն սկզբունքների հակադրությանը: Համակովկասյան խնդիրների արմատներն ու ծավալները նույնպես ամփոփվում են պատմա-քաղաքական անաչառ վերլուծություններում: Դրանք խորապես հասկանալու համար պետք է հանգամանալից ուսումնասիրվեն Կովկասյան տարածաշրջանի բնիկների ու եկվորների կողմից դարերի ընթացքում հրահրած բախումների հետեւանքով ստեղծված առկա իրավիճակն ու հնարավոր լուծումները: Այդ բախումները եւ դրանցից բխող հետեւանքները, մեր տեսանկյունից, բաժանվում են երեք խմբի:

ա/ Բախումներ՝ տարածաշրջանի բնիկների միջեւ:

բ/ Բախումներ՝ տարածաշրջանի բնիկների ու եկվորների միջեւ:

գ/ Բախումներ՝ տարածաշրջանի եկվորների միջեւ:

Այստեղից էլ հարցեր են առաջանում՝ ճշտելու, թե պատմական ու իրավական արդարության տեսանկյուններից ինչ իրավիճակ է եղել Կովկասում եւ հարակից տարածքներում՝ մինչեւ այս տարածաշրջանի Հյուսիսային եւ Հարավային մասերի բաժանումները: Այդ առումով պետք է պատասխաններ տրվեն հետեւյալ ձեւակերպումներին:

ա/ Ինչպիսին էր իրավիճակը՝ նախքան եկվորների գալը:

բ/ Ինչպիսին է իրավիճակը՝ եկվորների գալուց հետո:

գ/ Բնիկների եւ եկվորների իրավունքներն ու պարտականությունները ներկայումս:

Այս հարթությունում Հյուսիսային եւ Հարավայի Կովկասների երկրների ու ժողովուրդների խնդիրը կարգավորվում է ինչպես ազգերի ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքների հիման վրա: Եթե, իհարկե, այս սկզբունքների հիմքում խարսխվում են նաեւ պատմական եւ իրավական արդարության կարեւորագույն սկզբունքները:

Այս դեպքում միջազգային գործառույթներում պիտի հաշվի առնել վերոնշյալ երեք խմբի բախումների պատճառահետեւանքային կապը, որից էլ կբխի Հյուսիսային եւ Հարավային Կովկասների ժողովուրդների՝ իրենց պատմական տարածքնեում ինքնորոշվելու եւ ազատ, անկախ ապրելու հարցը:

ա/ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի Դաշնության կազմից պատմա-իրավական արդարության տեսանկյունից, ուստիեւ՝ սեփական երկրում ինքնորոշվելու իրավունքից, կարող են օգտվել Դաղստանի, Չեչնիայի (Իչքերիա), Ինգուշիայի, Ալանիա-Օսիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաեւո-Չերքեզիայի, Ադըղեյի եւ Կալմիկիայի, իսկ Վրաստանից՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Աջարիայի եւ Ջավախքի ժողովուրդները:

բ/ Հարավային Կովկասում պատմա-իրավական արդարության տեսանկյունից պետություն կազմավորելու իրավունք ունեն Վրաստանը եւ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող կովկասյան ու հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդները (օրինակ՝ լեզգիները եւ հայերը): Սակայն՝ ոչ երբեք Ադրբեջանը, թյուրքական եկվոր տարրը: Թուրքիան եւ Ադրբեջանը, առհասարակ թյուրքական զավթարարները չեն կարող Կովկասում որեւէ պետականություն ունենալ, քանզի պատմա-իրավական արդարության տեսանկյունից այս տարածաշրջանի միակ եկվորները թյուրքական (սելջուկ-թուրքեր) ցեղախմբերն են, որոնք կարող են այս կամ այն Կովկասյան պետության քաղաքացիները լինել՝ առանց ինքնորոշվելու իրավունքի: Այսօրվա Թուրքիան եւ Ադրբեջանը կազմավորվել են տեղի բնիկ ժողովուրդների արյան եւ տարածքների վրա: Իսկ նրանց իրավունքները բնականորեն սահմանված են Ալթայում՝ իրենց նախնիների հայրենիքում: Վրաստանի պարագայում առավել ընդունելի է համադաշնային (ինքնավարություններով) պետության ստեղծումը (հայեր, աջարներ, մեգրելներ, սվաններ, լեզխումցիներ, գուրիացիներ, իմերեթցիներ…):

Մեր ձեւակերպմամբ, յուրաքանչյուր ազգ կարող է ինքնորոշվել իր պատմական տարածքում: Օրինակ՝ հայերը չեն կարող ինքնորոշվել Լոս-Անջելեսում, Մոսկվայում, Թեհրանում եւ այլն, բայց կարող են ինքնորոշվել պատմական Հայաստանի բոլոր տարածքներում: Նույնը մյուս ազգերի պարագայում: Ժամանակին տարածաշրջանում ոտնահարվել է պատմա-իրավական արդարությունը՝ խախտվել են բնիկ կովկասցիների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության եւ ազգային ինքնորոշման իրավունքները: Թյուրքական տարրի կողմից ոչնչացվել, տեղահանվել ու ձուլվել են բնիկ ժողովուրդները, բռնազավթվել են նրանց տարածքները, որի հետեւանքով խախտվել է նաեւ կովկասցիների՝ իրենց հայրենիքի ամբողջական սահմաններում ազատ ապրելու իրավունքը:

Միայն այդ իրավունքի վերահաստատմամբ կվերականգնվի նախկին խաղաղությունը:

2. Կովկասում ազդեցիկ դերակատարումների նպատակներն ու քաղաքականությունը

Ինչպես նշեցինք, Կովկասյան տարածաշրջանը բաժանվում է երկու մասի՝ Հյուսիսային եւ Հարավային: Հյուսիսային Կովկասը ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնության կազմում, իսկ Հարավային Կովկասում մինչեւ այս տարվա օգոստոս ամսվա կեսերը կային երկու պետություն՝ Վրաստան եւ Ադրբեջան: Սակայն, օգոստոսյան 5-օրյա վրացա-օսա-ռուսական պատերերազմից հետո ավելացան եւս երկուսը՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Իհարկե, միջազգային ձեւակերպումներում Հայաստանը նույնպես ընդգրկված է Հարավային Կովկասի վարչա-քաղաքական կազմում, բայց աշխարհագրորեն դա այդպես չէ, քանզի Հայաստանի որեւէ մարզ չի գտնվում Կովկասյան լեռնաշղթայի տարածքում եւ Հայաստանը (թե՛ Արեւելյան, թե՛ Արեւմտյան) ամբողջապես գտնվում է Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում, որը բոլորովին առանձին աշխարհագրական ու մարդաբանական միավոր է:

Բայց, եթե այնուամենայնիվ, Հայաստանն էլ պատկերացնենք Կովկասյան համագործակցությունում, ապա դրանից միայն տարածաշրջանի պատմա-իրավական խնդիրներն են ավելանալու…

Հայաստանի համար միշտ էլ կարեւորագույն հարցեր են լինելու Արցախի (լեռնային եւ դաշտային), Նախիջեւանի ու Ջավախքի հիմնախնդիրները: Սա դեռ այն դեպքում, եթե Կովկասյան համագործակցությունը սահմանափակվի միայն Ռուսաստանի Դաշնությունով (Հյուսիսային Կովկաս) եւ Վրաստանով ու Ադրբեջանով (Հարավային Կովկաս): Իսկ, եթե Թուրքիան էլ, որն ուզում է իր նոր նախագծով ներգրավվել Կովկասյան համագործակցությունում, մտնել տարածաշրջանային քաղաքա-տնտեսական դաշինք, ապա Հայաստանի խնդիրները կավելանան եւս մեկով՝ Արեւմտյան Հայաստանի (Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության) հարցով: Թերեւս, այժմ հենց նման մի իրավիճակում էլ հայտնվել է Հայաստանը:

Այլ տարբերակներով (ռազմա-քաղաքական կամ տնտեսական)՝ միջազգային շահերով պայմանավորված, առանց պատմա-իրավական արդարության համագործակցությունները, ժամանակավոր զինադադարներն ու տարաբնույթ փոխշահավետ եզրերը միշտ էլ հարցականի տակ են դնելու տարածաշրջանի կայունությունը եւ միշտ էլ (տարածաշրջանային կամ միջազգային) բորբոքումների են ենթարկվելու… Ոչ մի ժողովուրդ չի հանդուրժելու, որ իր պատմական տարածք ներխուժած օտարը հավերժ մնա ու տնօրինի իր հայրենիքում: Ուստի, ներկայիս համաշխարհային բեւեռները՝ ԱՄՆ, ՌԴ եւ Եվրոպա (եւ ձեւավորվելիք բեւեռները), դեռեւս իրենց դերակատարումն են ունենալու Կովկասում եւ մոտ ապագայում էլ կովկասցիներին թելադրելու են իրենց կամքը:

3. Անվտանգության մոդելներ եւ տարածաշրջանային ճգնաժամեր

Առկա են Կովկասյան համագործակցության մի քանի տարբերակներ, որոնք ժամանակ առ ժամանակ դրվում են շրջանառության մեջ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից:

ա/ Ռուսաստանյան (ռուսական) տարբերակ

Սա ամենապարզ տարբերակն է, որ վաղուց կա: Ռուսաստանի Դաշնությունը (ցարական ժամանակներից) Հյուսիսային Կովկասը համարում է իր անբաժան մասը, իսկ Հարավային Կովկասը համարում է իր դարավոր «ազդեցության ոլորտը», որը չի պատրաստվում որեւէ այլ գերտերության հետ հավասարապես կիսել: Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը այս տարբերակում պիտի մնան ռուսաստանյան ազդեցության շրջանակներում (որպես ռազմա-քաղաքական դաշնակիցներ): Իհարկե, մեծահոգաբար թույլատրվում է տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում որոշակիորեն անկախության դրսեւորումներ ցուցաբերել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ: Իսկ ռազմա-քաղաքական բնագավառում կարող են համագործակցել (ոչ միանալ) այն միավորումների հետ, որոնց հետ հարաբերվում է Ռուսաստանը (թեկուզ՝ ՆԱՏՕ-ի): Սա առաջադեմ կարելի է համարել թերեւս միայն 1920-ական թթ. սկզբին գործող Անդրֆեդերացիայի տարբերակից:

բ/ Չեչենական տարբերակ (քննարկվել է դեռեւս Չեչնիայի 1-ին նախագահ Ջոխար Դուդաեւի ժամանակ, բայց կյանքի կոչվելու փորձեր արվել են Ասլան Մասխադովի նախագահության տարիներին, երբ իսլամական արմատական վահաբական շարժում սկսվեց Չեչնիայում)

Այստեղ չեչեններն առավել կարեւորում են կրոնա-դավանաբանական խնդիրը: Այսինքն՝ ստեղծվում է «ծովից ծով» (Կասպից ծովից – Սեւ ծով) իսլամական Հյուսիսային Կովկաս, իհարկե Ռուսաստանի Դաշնության կազմից դուրս, եւ այս իսլամական համագործակցությունը (Դաղստան – Չեչնիա (Իչքերիա) – Ինգուշիա – Հյուսիսային Օսիա – Կաբարդինո-Բալկարիա – Կարաչաեւո-Չերքեզիա – Աբխազիա), որպես աշխարհաքաղաքական ազդեցիկ միավոր, համագործակցում է Հարավային Կովկասի եւ այլ երկրների հետ:

գ/ Վրացական տարբերակ (առաջարկվել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմից)

Սա զուտ տնտեսական համագործակցության տարբերակ է՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան շրջանակներում, որը պայմանավորված է տնտեսական փոխշահավետ գործունեությամբ եւ առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ: Այս տարբերակը համահունչ է նաեւ Եվրոպայի, Թուրքիայի ու Իրանի կողմից հնչեցված տարբերակներին:

դ/ Ամերիկյան տարբերակ (այս նախագիծը իրականացնելու փորձ են արել Ջորջ Բուշ հայր եւ որդի ԱՄՆ վերջին երկու նախագահները)

Ամերիկյան տարբերակը նախատեսում է Կովկասյան տան ստեղծում՝ նույն Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով, սակայն, առավելապես նման մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը գործող Անդրկովկասյան Սեյմին, որի ժամանակ Թբիլիսին վարչա-քաղաքական կենտրոնն էր, Բաքուն՝ ռազմա-տնտեսական, իսկ Երեւանը՝ սոցիալական եւ այլ սպասարկումների: Վստահ ենք՝ ՀՀ իշխանություններն այժմ նման տարբերակով չեն ոգեւորվի եւ վերստին սպասարկող երկիր դառնալու խայծը կուլ չեն տա:

ե/ Հայկական տարբերակ (որը առաջ է քաշվել մեր կողմից)

Անհրաժեշտ է Համակովկասյան տան ստեղծման մի նար տարբերակ, որը կհամախմբի Կովկաս-Այսրկովկասի բնիկ ժողովուրդներին՝ անկախ նրանց պետականություն ունենալ-չունենալու եւ կրոնա-հավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցը կարող է ունենալ Կովկասյան Խորհրդարանի կարգավիճակ, որում բոլոր երկրներն ու ժողովուրդները (ազգային ու կրոնական փոքրամասնությունները) կունենան հավասարաչափ ներկայացուցիչներ: Այս Խորհրդարանը կքննարկի տարածաշրջանին առնչվող բոլոր հարցերն ու ծրագրերը եւ բացի խորհրդատվական գործառույթից, գուցեեւ որոշ հարցերում վճռորոշ ձայնի իրավունք ունենա:

4. էներգետիկ անվտանգության եւ տարածաշրջանային ճգնաժամեր

Այս ոլորտում Կովկասի էներգետիկ անկախության ապահովման համար թերեւս կարեւոր նշանակություն ունի ատոմային էներգետիկայի զարգացումը, ինչը հիմա աշխույժ քննարկում են տարածաշրջանի բոլոր երկրները: Այս հարցում լուրջ հաջողություններ ունի Հայաստանը, որն էլէներգիա արտահանող երկիր է եւ երկրորդ ատոմակայանը կառուցելու շեմին է: Նման հաջողության կարող է հասնել նաեւ Իրանը՝ նոր թափ հաղորդելով հատկապես ատոմային էներգետիկայի զարգացմանը: Միասնական էներգոհամակարգը վստահաբար կխթանի տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումը, բարգավաճումը, սակայն, համապարփակ տնտեսական փոխգործակցության առումով էներգետիկ համագործակցությունը շարունակական կծավալվի, եթե տնտեսության մյուս ոլորտներում նույնպես փոխշահավետ պայմանագրեր կնքվեն: Այս պարագայում խիստ կասկած է հարուցում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը, որը Հայաստանին եւ Իրանին դուրս է թողնում գազատարների, նավթատարների, ավտոճանապարհների ու երկաթուղային գծերի տարանցիկ տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերից:

Սա կարող է հանգեցնել ռազմա-քաղաքական նոր ճգնաժամերի, որին նպատակայնորեն կնպաստեն նաեւ տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդել ցանկացող գերտերությունները:

5. ԻԻՀ-ն եւ Կովկասը. սպառնալիքներ եւ հնարավորություններ

Իրանը Կովկասյան տարածաշրջանին հարեւան այն երկիրն է, որն իր չեզոքությամբ ապացուցել է բարեկամական եւ հարեւան երկիր կոչվելու իրավունքը: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, Իրանի իշխանությունները կարողացան ոչ միայն համագործակցել Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այլեւ՝ միջնորդական ջանքեր գործադրեցին տարածաշրջանային հակամարտություններն իրապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Իրանը նաեւ կանխարգելեց տարածաշրջանային հակամարտությունները կրոնական պատերազմների վերածելու բոլոր փորձերը: Ուստի, որպես առկա հակամարտությունները կարգավորելու նոր ձեւաչափ տեսնում ենք ԱՄՆ-ՌԴ-Ֆրանսիա եվրոպական եռյակին միացած՝ Չինաստան-Հնդկաստան-Իրան ասիական եռյակը, քանզի Կովկասյան տարածաշրջանը Եվրոպա-Ասիա խաչմերուկում է եւ այս տարածաշրջանի սպառնալիքները կանխելու եւ համագործակցության հնարավորություններ ստեղծելու հարցերում շահագրգիռ է ոչ միայն Արեւմուտքը, այլեւ՝ Արեւելքը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։