Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները – 3 պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները… Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ըստ զբաղեցրած տեղերի – Հենրիխ Մխիթարյան.- ինձ համար պատիվ է… Հենրիխ Մխիթարյանը՝ նաեւ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ – Նա 92-րդն է՝ աշխարհի 100 լավագույնների մեջ… Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Հենրիխ Մխիթարյակի ապագան Անգլիայի Պրեմիեր լիգայում… Այլ մարզական լուրեր…

2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները -

Երեք պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները

Նախորդ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017թ. մրցույթի հաղթողների եւ 2017թ. ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը: Նախատոնական հանդիպմանը նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի եւ հայրենիքի: Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների եւ մարզիչների, խրախուսել նաեւ դրամական պարգեւներով ու նվերներով:

Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր եւ խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահը ՀՀ նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին՝ Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:

Ըստ երկրի նախագահի՝ անցած տարում մեր մարզաշխարհի ներկայացուցչներն իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ, ինչի համար արդեն բավականաչափ խոսքեր հնչեցին եւ, իհարկե, դեռ հնչելու են: «Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են եւ իրոք կարեւոր՝ հատկապես 3 պատճառով,- ընդգծել է նախագահը,- 1. դա մեր ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ խանդավառություն եւ ոգեւորություն: Մեկ օլիմպիական չեմպիոնը կամ մեկ աշխարհահռչակ ֆուտբոլիստն իր հետեւից մարզադահլիճներ է տանում հազարավոր երեխաների, պատանիների ու աղջիկների: 2. Զազանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մաս: Առողջ ապրելակերպը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք առողջ քաղաքացիներ: Հին ճշմարտություն է, որ հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջությունը պահպանելը: Մենք անընդհատ ասում եւ կրկնում ենք, որ Հայաստանի ամենաարժեքավոր պաշարները նրա քաղաքացիներն են: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ մարդիկ վարեն առողջ կենսակերպ եւ լինեն ակտիվ նաեւ իրենց մասնագիտական բնագավառից դուրս: Դուք անելիք ունեք այդ թանկ մարդկային կապիտալը ձեւավորելու գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ մարզիկներ, որ դուք ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց»: Սերժ Սարգսյանը հաղթանակների կարեւորության 3-րդ պատճառը Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի հանրահռչակումն է նշել՝ շեշտելով, որ «Տիգրան Պետրոսյանի, Ալբերտ Ազարյանի եւ իրենց կյանքի օրոք արդեն առասպել դարձած այլ մարզիկների շնորհիվ բազմաթիվ մարդիկ լսեցին «Հայաստան» եւ «հայ» անունները»: Հայ մարզիկները բազմապատկում են մեր ժողովրդի փառքը ամբողջ աշխարհում, քանզի ազգն ու պետությունը ճանաչելի են առաջին հերթին իրենց արժանի զավակներով:  

Ըստ նախագահի՝ այս անգամ փորձ է արվել համապարփակ եւ արդյունավետ իրավական կարգավորում տալ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխությանը, ինչը եւս մեկ կարեւոր դաս է, որ սպորտի միջոցով ստանում են ոչ միայն այն երիտասարդները, այլեւ ողջ հասարակությունը՝ հաղթանակները պետք է նվաճվեն արդար մրցակցությամբ: Անարդարությամբ ձեռքբերված հաղթանակները որակազրկվում են եւ՛ ուղղակի, եւ՛ փոխաբերական իմաստով:

Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստանի 2017թ. 10 լավագույն մարզիկներ» մրցույթի լրագրողների քվեարկությունը եւ sms քվեարկության ամփոփումը: Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 25 մարզիկի անուններ, որոնցից քաղաքացիների sms-ների եւ 23 հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում ընտրվեց 10 լավագույնը:

Լրագրողների քվեարկության արդյունքում պատկերը հետեւյալն է՝ Արթուր Ալեքսանյան՝ 210 միավոր, Լեւոն Արոնյան՝ 172 միավոր, Մաքսիմ Մանուկյան եւ Հենրիխ Մխիթարյան՝ 161 միավոր, Հովհաննես Բաչկով՝ 147 միավոր, Սիմոն Մարտիրոսյան՝ 120 միավոր, Գոռ Մինասյան՝ 44 միավոր, Տիգրան Կիրակոսյան՝ 42 միավոր, Լեւան Բերիանիձե՝ 41 միավոր, Էդգար Ստեփանյան՝ 34 միավոր: Քաղաքացիների sms-ների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայնը ստացավ Հենրիխ Մխիթարյանը: Ամբողջ ցանկը՝ ստորեւ: Այսպիսով, «Հայաստանի 2017թ. 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ամփոփումից հետո լավագույն տասնյակն ունի հետեւյալ տեսքը՝ 1. Հենրիխ Մխիթարյան՝ 9897.62, 2. Արթուր Ալեքսանյան՝ 7686.50, 3. Լեւոն Արոնյան՝ 6148.59, 4. Գրիգոր Մխիթարյան՝ 4568,93, 5. Մաքսիմ Մանուկյան 4377.62, 6. Հովհաննես Բաչկով՝ 3953.65, 7. Սիմոն Մարտիրոսյան՝ 3683.72, 8. Էդգար Ստեփանյան՝ 2503.92, 9. Արթուր Թովմասյան՝ 2485.95, 10. Տիգրան Կիրակոսյան՝ 2196.90:

Հենրիխ Մխիթարյան. ինձ համար պատիվ է

Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցել քվեարկության ամփոփմանը, սակայն  ֆ/բ-յան էջով շնորհակալություն է հայտնել բոլորին, եւ շնորհավորել մյուս 9-ը մարզիկներին. «Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, եւ առհասարակ հայ ժողովրդին՝ ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար:

Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017թ. լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ՝հասնելու նորանոր հաջողությունների՝ ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Հայաստանի նախորդ տարվա լավագույն մարզիկը:

Հենրիխ Մխիթարյանը չէր ներառվել սպորտային լրագրողների կազմած լավագույն տասնյակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեստր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  չէր ներառվել ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով կազմված լավագույն մարզիկների տասնյակում։ Սա ուշագրավ է նրանով, որ անցնող տարում Հենրիխ Մխիթարյանը հայ հանրության շրջանում ամենաքննարկվող մարզիկին է եղել անկասկած։ Մեր երկրպագուները մասնավորապես սոցիալական ցանցերում ամենակոշտ գնահատական էին հնչեցնում «Մանչեստր Յունայթեդ»-ի մարզիչ Մոուրինյոյի հասցեին, որ նա մեր ֆուտբոլիստին խաղաժամանակ չի տրամադրում։

Ու հիմա պարզվում  է, որ անհասկանալի պատճառներով մեր սպորտային լրագրողները Հենրիխ Մխիթարյանին չեն ընդգրկում լավագույն մարզիկների տասնյակում՝ կարծես արդարացնելով Մոուրինյոյի գործելաոճը։

Նախարարությունն ու ՀԱՕԿ-ը կապ չունեն անցկացված մրցույթի հետ. հայտարարություն

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ Նախարարությունը եւ Հայաստանի ԱՕԿ-ը որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017թ. մրցույթի արդյունքները:

Հիշեցնենք, որ հրապարակվել են Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքները, ըստ որոնց՝ որոշվել են 2017թ մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հենրիխ Մխիթարյանը ցանկում չկա, 1-ին տեղում Արթուր Ալեքսանյանն է։

Իսկ վերոնշյալ հայտարարությունում նշված էր, որ միաժամանակ, տեղեկացնում են, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաեւ՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունեն ընտրելու տարվա լավագույն մարզիկների իրենց թեկնածուներին, ինչը, սակայն, որեւէ առնչություն չունի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված վերոհիշյալ մրցույթի հետ:

Ինչեւէ ներկայացնենք մարզական լրագրողների քվեարկության արդյունքները՝ 1.Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ /200 միավոր/, 2 .Մաքսիմ Մանուկյան հ/հ ըմբշամարտ,աշխարհի չեմպիոն /188/, 3. Լեւոն Արոնյան շախմատ, աշխարհի գավաթակիր, որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում 1-ին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի /168/, 4 .Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն /145/, 5. Հովհաննես Բաչկով բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր /108/, 6. Գոռ Մինասյան ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն,Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն /99/, 7. Տիգրան Կիրակոսյան սամբո, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն /90/, 8. Սերգեյ Միքայելյան դահուկային սպորտ, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր եւ նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին եւ առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում /61/, 9. Արթուր Թովմասյան սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն եւ աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող /44/, 10. Անդրանիկ Կարապետյան ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն /42/:

Տարվա լավագույնի համար առաջադրված էր 25 մարզիկ, այդ թվում նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Արթուր Ալեքսանյանի կարծիքով քվեարկությունը սխալ է կազմակերպվել

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դժգոհ է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձեւաչափից՝ պատճառաբանելով, որ այսպես իրենց արժանի տեղը չեն գտնում այնպիսի մարզիկներ, ովքեր ոսկե մեդալներ եւ այլ մրցանակներ են նվաճել Հայաստանի համար տարբեր միջազգային բարձր միցաշարերում…

Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Արթուր Ալեքսանյանի քննադատությունը

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Արթուր Ալեքսանյանի քննադատությունը՝ 2017-ի լավագույն մարզիկների տասնյակում արժանի մարզիկների տեղ չգտնելու վերաբերյալ։ «Այնպիսի մարզիկ, ինչպիսին է Արթուր Ալեքսանյանն, ում շնորհավորում եմ լավագույնների ցանկում ընդգրկվելու կապակցությամբ, չպետք է միայն ըմբշամարտը դիտարկի որպես մարզաձեւ։ Նա երիտասարդ է, եւ ցանկալի չէ քննադատի հանրության կողմից ընտրված մարդկանց։ Չէի ցանկանա, որ քննադատողը լիներ հատկապես Արթուր Ալեքսանյանը, որովհետեւ ես նրան համարում եմ շատ մեծ, հզոր մարզիկ, ով շատ բան է արել մեր երկրի համար»,- նշել է ՀՖՖ նախագահը՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում։

Սերժ Սարգսյանը Արթուր Ալեքսանյանին անվանական զենք նվիրեց

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի 2017թ. լավագույն մարզիկների մեծարման արարողությանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տարվա 10 լավագույն մարզիկներին հանձնեց հատուկ պատրաստված մրցանակներ եւ անվանական պատվոգրեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին պարգեւատրեց Hyundai մակնիշի ավտոմեքենաներով, որոնք իրենց տերերին սպասում էին համալիրի մուտքի մոտ:

Սերժ Սարգսյանը դրամական պարգեւներ հանձնեց առավել աչքի ընկած մարզիկներին եւ մարզիչներին: Դրանք էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Մարզիչներից դրամական խրախուսանքի արժանացան Լեւոն Ջուլֆալակյանը, Փաշիկ Ալավերդյանը, Դավիթ Թորոսյանը եւ Լեւոն Հայրապետյանը: Օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին Սերժ Սարգսյանը նվիրեց անվանական զենք: Անմասն չմնաց նաեւ 1992թ. օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ում ՀԱՕԿ-ը նույնպես Hyundai մակնիշի ավտոմեքենա նվիրեց:

Մեծարման արարողության մշակութային բաժնում հանդես եկան Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի Պետական կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ Լեյլա Սարիբեկյանը: Միջոցառումն ավարտվեց համալիրի գլխավոր նախասրահում՝ պաշտոնական ընդունելությամբ:

Արմեն Բադեյանին սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի Բադեյանին ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել: Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ղեկավարվելով 2005թ. փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի Բադեյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»:

Հենրիխ Մխիթարյանը՝ նաեւ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները: Հայաստանի 2017թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը հավաքել է 190 միավոր եւ բավականին հետ է թողել 2-րդ տեղում գտնվող Տիգրան Բարսեղյանին: Հայաստանի հավաքականի եւ մակեդոնական «Վարդար»-ի հարձակվողը ստացել է 35 ձայն, 3-րդ տեղը զբաղեցրել է  մեր ընտրանու եւ ռուսական «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ 25 միավոր:

Հենրիխ Մխիթարյանը 8-րդ, այդ թվում 7-րդ անգամ անընդմեջ, դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մեր հավաքականի ավագը գրառում է արել ֆ/բ էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար. «Հպարտ եմ, եւս մեկ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար։ Շնորհակալ եմ ձեր իրական սիրո ու աջակցության համար։ Միշտ ջերմ զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Հայաստանի դրոշներն այնտեղ, որտեղ խաղում եմ։ Առաջ Հայաստան։ Հույս ունեմ, որ 2018-ը ծաղկուն տարի կլինի մեր երկրի եւ ազգային հավաքականի համար»:

… Եվ 92-րդը՝ 100 լավագույնների մեջ

The Guardian պարբերականը 6-րդ անգամ անցկացրել է մրցույթ, տարվա 100 լավագույն ֆուտբոլիստներին ընտրելու նպատակով: 2017թ. դեկտեմբերի 19-ին պարբերականը հրապարակել է 71-100-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների ազգանունները: 92-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ 2016թ. անցկացված նույն մրցույթում մեր ֆուտբոլիստը 57-րդ տեղում էր:

Քվեարկությանը մասնակցել են նախկին եւ գործող ֆուտբոլիստներ, մարզիչներ, հեռարձակողներ, լրագրողներ եւ խմբագիրներ 63 երկրներից:

Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ

«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հաղթել է «Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ» անվանակարգում, իսկ թիմի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը՝ «Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում:

Աբրահամ Խաշմանյանը, ում գլխավորությամբ Երեւանի «Ալաշկերտ»-ը 2 տարի անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Armenian Football Media Awards-ի վարկածով լավագույն մարզիչ էր ճանաչվել նաեւ նախորդ տարի: Արտակ Եդիգարյանը 9 գոլով գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը: Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը հավակնում էր նաեւ «Ալաշկերտ»-ի հարձակվող Միհրան Մանասյանը:

Հայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը եւ Մոուրինյոն տարաձայնություն ունեցել

Այս մասին գրում է ESPN-ն: Պարբերականի պնդմամբ դեռեւս նոյեմբերին «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո Մոուրինյոն խաղընկերների ներկայությամբ քննադատել է Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը չի համաձայնել Մոուրինյոյի հետ եւ զայրացրել է պորտուգալացի մասնագետին: Մոուրինյոն դժգոհ է Մխիթարյանի պաշտպանողական գործողություններից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել: Արդյո՞ք Ժոզե Մոուրինյոն շանս կտա Հենրիխ Մխիթարյանին: Այս հարցը երկար ժամանակ է մնում է առկախ…

Այն, թե ինչպես Հենրիխ Մխիթարյանը կօգտագործի իր վերջին շանսը, կախված է հենց ֆուտբոլիստից: Հարկ է նշել, որ «Լեսթեր»-ի հետ հանդիպմանն իրենց խաղով աչքի էին ընկել հենց մեր ֆուտբոլիստն ու Մատան, որի համար անգլիական լրատվամիջոցները խաղն անվանել էին «միկի-մատա»՝ համեմատելով հանրահայտ «տիկի-տակայի» հետ: Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն կստանա շարունակել խաղալ Անգլիայում, քանի որ հենց ինքը չի ցանկանում լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

Հենրիխն ընդգրկվել է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների կազմում

«Goal.com»-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության 2017/18 թթ. մրցաշրջանի առաջին կեսի վատագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը: Մրցաշրջանի առաջին հատվածը ձախողած ֆուտբոլիստների կազմում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում լքել Անգլիայի Պրեմիեր լիգան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավ հնարավորություն ունի վերադառնալու Գերմանիա, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում լքել Անգլիայի Պրեմիեր լիգան»,- հայտարարել է գերմանացի հայտնի փորձագետ Լի Պրայսը: Ըստ նրա` հայ ֆուտբոլիստը ցանկություն ունի տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ» կամ «Տոտենհեմ»: Առաջին տարբերակն ավելի իրատեսական է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղուց է ձգտում ձեռք բերել «զինագործների» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ում լավ ճանաչում է դեռեւս Մադրիդի«Ռեալ»-ում աշխատելիս:

Իսկ ահա ըստ Daily Star թերթի, «Մանչեսթեր Յունայթեդը» եւս մեկ տարբերակ ունի Հենրիխ Մխիթարյանին համարժեք ֆուտբոլիստով փոխարինելու համար: Ժոզե Մոուրինյոն հետաքրքված է նաեւ Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով: Ինչպես նշում է լրատվամիջոցը, մանչեսթերյան ակումբը հնարավոր է բանակցություններ սկսի բրազիլացի խաղացողին ձեռք բերելու համար, որի ընթացքում կարող է ներգրավել նաեւ հայազգի ֆուտոլիստին: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել իտալական «Ինտեր» ակումբը, որն արդեն բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ 28-ամյա կիսապաշտպանին վարձակալելու համար՝ հետագայում ձեռք բերելու համար:

Մխիթարյանը մնո՞ւմ է, թե՞ ոչ. պատասխանում է Մոուրինյոն

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կրկին հարց է ուղղվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Մոուրիյոն պատասխանեց այսպես. «Հենրիխ Մխիթարյա՞նը. Իմ մոտեցումը խաղացողների հանդեպ այն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին», – ասել է Մոուրինյոն:

«Կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր չէ մակարդակը, կարեւոր չէ հեղինակությունը, կարգավիճակը, ես կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն իրենց գինը»: «Ես այն « կույր» տեսակի  մենեջերներից  չեմ, այն իմաստով, որ  «այս խաղացողը անձեռնմխելի է» կամ  «անթույլատրելի է», «այս խաղացողին երբեք չի կարելի վաճառել», ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին:

Տրանսֆերային պատուհանը բաց է ոչ միայն մեզ համար, այլև այն ակումբների, ովքեր հետաքրքրված են մեր ֆուտբոլիստներով: Ուստի, մենք ենք որոշում կայացնում՝ ընդունել կամ մերժել, մենք ենք որոշում՝ որն է ֆուտբոլիստի ճշգրիտ արժեքը: Բայց Մխիթարյանը մասնակցեց գավաթային նախորդ հանդիպմանը, եւ, կարծում եմ, կմասնակցի նաեւ հաջորդ խաղին: Ես նույն մոտեցումն ունեմ այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց մասին շշուկներ կան տրանսֆերային շուկայում:

Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, նա շատ լավ ֆուտբոլիստ է, ուստի այսօր կմարզվի, վաղը կհայտավորվի, իսկ հաջորդ օրը  կխաղա»:

Մոուրինյոն՝ Մխիթարյան-Սանչես փոխանակման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո  պատասխանել է այն հարցին, թե ինչու Պրեմիեր լիգայի 23-րդ փուլի՝ «Սթոք Սիթի»-ի հետ հանդիպման հայտացուցակից դուրս էր թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Նա կրկնել է այն պատասխանը, որը արել էր մինչ այդ. « Ուղղակի մենք որոշել ենք հայտավորել այն խաղացողներին, որոնք հիմա կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իրենց դրսևորելու վրա: Ես գիտեմ, որ ֆուտբոլիստի համար բարդ է խաղալ, երբ նա դեռ չի կողմնորոշվել, շատ մեծ ճնշում կա: Այս գործոնն էլ դարձավ պատճառ: Մենք որոշել ենք պաշտպանել Մխիթարյանին: Հայտացուցակում նրան չընդգրկելը լավագույն որոշումն է խաղացողի եւ թիմի համար»,- նշել է Մոուրինյոն:

«Կարո՞ղ է արդյոք Մխիթարյանը Սանչեսի գործարքի մեջ ներառվել, այո, կարող է: Սակայն, հավանական է նաեւ, որ նա կմնա թիմում: Սանչեսի մասին ոչինչ չեմ կարող ասել: Գաղափար չունեմ: Այլ թիմեր ևս հետաքրքրվում են նրա ծառայություններով»,- ասել է Մոուրինյուն:

Այնուհետեւ Մոուրինյոն կրկին գովացել է Մխիթարյանին, եւ հույս հայտնել, որ այս ամբողջ աղմուկը վաղը ավարտվի, չնայած տրանսֆերային պատուհանը բաց է մինչեւ հունվարի 31-ը: Հենրիխ Մխիթարյանը երեկոյան թիմի հետ ժամանաել էր հյուրանոց, որտեղ նրանք միշտ հավաքվում են խաղից առաջ: Համացանցում նաեւ կար տարածված նրա նկարը, եւ ԶԼՄ-երը նույնիսկ գուշակել էին, որ նա կխաղա այսօր: Մխիթարյանը քույրը նույնպես իր Թվիթթերում տարածել էր այդ նկարները ՄՅՈՒ-«Սթոք Սիթի» խաղից առաջ վերտառությամբ:

Մխիթարյանը թիմի հետ մարզվում է Դուբայում

Հայաստանի Ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսպաաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ այս օրերին մարզական հավաքի է մասնակցում Դուբայում։ Հայ կիսապաշտպանը «Ինստագրամի» եւ  ՖԲ-ի  իր էջում մարզումային լուսանկար է հրապարակել։  Ինչպես երեւում է` նա բարձր տրամադրությամբ ջանասիրաբար մարզվում է: Հենրիխ Մխիթարյանը եւս 3 օր կանցկացնի Դուբայում

Հենրիխ Մխիթարյանը երեկոն Դուբայում անցկացրել է Ռոբերտ Քոչարյանի որդու հետ

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավաք է անցկացնում Դուբայում: «Կարմիր սատանաները» հնավորություն ունեն տաք մարզումներ անցկացնել եւ միասին վայելել երեկոները: Եվ ահա համացանցում լուսանկար է տարածվել, որում Հենրիխ Մխիթարյանը եւ Լեւոն Քոչարյանը (ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին) սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչի հետ երեկոն անցկացնում են Դուբայի ռեստորաններից մեկում:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է իր կարճատեւ ուսումնամարզական հավաքը Դուբայում

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը երկրորդ օրը նախ ծանրաբեռնված պարապմունք է անցկացրել ֆիտնես դահլիճում, իսկ կեսօրից հետո մարզվել է բաց խաղադաշտում: Մարզումներին մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում վնասվածքից ապաքինված Անտոնիո Վալենսիան եւ անցած տարի սրտի վիրահատություն տարած Մայքլ Կարիկը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես իր թիմակիցների հետ պատրաստվում է առաջնության առաջիկա խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դեւիդ Մեյը ակումբային հեռուստաընկերությամբ հայտնել է, որ սույն հավաքը մեծ օգուտ կտա թիմին. «Երբ ես դեռեւս ֆուտբոլ էի խաղում, Ալեքս Ֆերգյուսոնը մրցաշրջանի ընթացքում թիմին մի քանի անգամ տանում էր Իսպանիա: Այնտեղ ֆուտբոլիստներով մեկ օր հանգստանում էինք, իսկ մնացած օրերին ծանրաբեռնված մարզվում էինք: Այդ հավաքակները մեծ օգուտ էին տալիս խաղացողներին», – հիշել է վետերան ֆուտբոլիստը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դուբայում կմնա եւս երեք, որից հետո կվերադառնա Մանչեսթր եւ կսկսի անմիջականորեն պատրաստվել գալիք երկուշաբթի նախատեսված «Սթոք Սիթիի» հետ տնային խաղին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք

Երեւանի «Ալաշկերտ»-ն առաջին նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել է Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ում հետ պայմանագիր է ստորագրվել մինչեւ 2020թ. օգոստոսի 1-ը: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում նա դարձել էր 3 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը նոր համաձայնագիր չի առաջարկել հայ ֆուտբոլիստին, որը նախընտրել է վերադառնալ հայրենիք եւ կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում:

Պայմանագրի ստորագրումից հետո Կամո Հովհաննիսյանը կիսվել է իր տպավորություններով. «Ուրախ եմ «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ եւ ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,– նշել է ֆուտբոլիստը

Հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը ցմահ որակազրկվել է

Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Սամբել Բաբայանին: Նման որոշում կայացրել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն: Միաժամանակ, նա ընդհանրապես իրավունք չունի զբաղվելու ֆուտբոլային գործունեությամբ: 46-ամյա մասնագետը մեղադրվում է պարտականությունները չկատարելու եւ հավաքականի կազմը կամայականորեն ընտրելու մեջ:  Ըստ ֆուտբոլի ֆեդերացիայի ունեցած տեղեկությունների, մարզիչը ֆուտբոլիստներին ազգային թիմ է հրավիրել առաջնորդվելով անձնական շահից եւ խաղացողների հետ ունեցած ծանոթությունից:

Սամվել Բաբայանը Ուզբեկստանի հավաքականը գլխավորել է 2015թ., իսկ պաշտոնանկ է արվել 2017թ սեպտեմբերին, երբ թիմը դուրս է մնացել 2018թ աշխարհի առաջնությունից:

Լեւոն Արոնյանը 2017-ը փակեց 4-րդ հորիզոնականով

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է վարկանիշային աղյուսակները 2018թ. հունվարի 1-ի դրությամբ: Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2834 վարկանիշային միավոր: 2-րդ հորիզոնական է բարձրացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2811), 3-րդ՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2804): Իսկ ահա մեր շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը մի փոքր նահանջ է ապրել եւ այժմ եզրափակում է լավագույն քառյակը (2797):

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաեւ Հայաստանի 3 ներկայացուցիչ: Մասնավորապես՝ Գաբրիել Սարգսյանը (2677) զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդ (2667), իսկ Հրանտ Մելքումյանը՝ 97-րդ (2654):

Կանանց ցանկի 1-ին հորիզոնականում է չինուհի Հոու Յիֆանը (2680): 2-րդ տեղը զբաղեցնում է նրա հայրենակից Ցզյու Վենցզյուն (2572): Լավագույն եռյակը եզրափակում է ուկրաինուհի Աննա Մուզիչուկը (2571): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը գտնվում է 54-րդ հորիզոնականում (2413), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդում (2378):

Լիպարիտ Տեփոյանը մրցակցությունից դուրս էր Պոտսդամի մրցաշարում

Գերմանական Պոտսդամ քաղաքում Ամանորին անցկացվող կայծակնային շախմատի ավանդական մրցաշարում գերազանց է հանդես եկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը: Անցկացրած 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը: Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանած Մարտին Վեսյոլին ու Մատիաս Յակելը առաջատարից հետ են մնացել 3-ական միավորով:

Նշենք, որ Լիպարիտ Տեփոյանը, որը Դավթաշենի շախմատի դպրոցի տնօրենն է, անցած տարվա դեկտեմբերին գործուղվել է Պոտսդամի համալսարան, որտեղ հանդես էր եկել դասախոսություններով՝ ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները շախմատի ասպարեզում: Կազմակերպիչների առաջարկով նա մասնակցել է վերը նշած մրցաշարում, որտեղ ոչ մի շանս չի թողել մրցակիցներին:

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը՝ ուժեղացված կազմով

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, անցկացվում են Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:

Կանանց առաջնության մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի հավաքականի 3 անդամները՝ Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը: Նրանց հետ մեդալների համար պայքար կմղեն նաեւ միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սոնա Ասատրյանը, ՄՎ թեկնածուներ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախամատի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան շախմատի Հայաստանի առաջնությունների 2-րդ փուլերը: Տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատար դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով սեւերով հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին եւ վաստակեց 2-րդ միավորը: Նրանից կես միավոր քիչ ունի Արման Փաշիկյանը, ով պարտության մատնեց Զավեն Անդրիասյանին: Ապա հաջորդում ենք 5 շախմատիստներ, որոնք վաստակել են 1-ական միավոր: 3-րդ փուլում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ, ով ոչ-ոքի է ավարտել մեկնարկային 2 հանդիպումները:

Զուգահեռ ընթացող կանանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը: Առաջինը 2-րդ փուլում սեւերով հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանին, իսկ երկրորդը սպիտակներով առավելության հասավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանի նկատմամբ: Նրանց հաջորդում են Նարե Առաքելյանն ու Լիլիթ Գալոյանը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր:

Մարիա Կուրսովան կմրցի Աննա Խաչատրյանի, իսկ Աննա Սարգսյանը՝ Սուսաննա Գաբոյանի հետ: Նարե Առաքելյանի մրցակիցը կլինի Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանինը՝ Սիրանուշ Ղուկասյանը:

Հ.Գ. – Առաջատարը հաղթեց գործող չեմպիոնինԳրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է հաջող հանդես գալ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում: 3-րդ փուլում մրցաշարի միանձնյա առաջատարը սպիտակներով հաղթեց գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին եւ վաստակեց 3 միավոր: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը հաշտություն կնքեց Տիգրան Կ. Հարությունյանի հետ եւ չկարողացավ պահպանել կես միավորի տարբերությունը: Մնացած 3 խաղերը նույնպես ավարտվեցին խաղաղությամբ, ուստի Ռոբերտ Հովհաննիսյանն իր հետապնդողներին արդեն գերազանցում է 1-1,5 միավորով:Կանանց մրցաշարի 2 առաջատարները՝ գրոսմայստեր Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը տարան 3-րդ անընդմեջ հաղթանակը: Առաջինը սպիտակներով պարտության մատնեց Աննա Խաչատրյանին, իսկ երկրորդը սեւերով առավելության հասավ Սուսաննա Գաբոյանին նկատմամբ:

Հ.Գ. – 2 – Զավեն Անդրիասյանը ընդհատեց առաջատարի հաղթարշավը – Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի առաջնություններում կայացան 4-րդ փուլի պարտիաները: Կանանց մրցաշարի առաջատարներ Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը տոնեցին 4-րդ անընդմեջ հաղթանակները եւ շարունակում են վստահորեն գլխավորել աղյուսակը: Իսկ ահա նրանց հետապնդող Լիլիթ Գալոյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին եւ էլ ավելի հետ մնացին: Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրիասյանի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց: 2-րդ տեղում ընթացող Արման Փաշիկյանը սեւերով հաղթեց Կարեն Գրիգորյանին, վաստակեց 3 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարին: Մնացած 3 խաղերը ոչ-ոքի ավարտվեցին եւ մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց:

Հ.Գ. – 3 – Գործող չեմպիոնները հերթական պարտությունները կրեցին – Կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը առաջին հաղթանակները տարան եւ բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Իսկ ահա գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը եւ նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, հերթական պարտությունը կրեցին եւ դարձան ընդգծված հետնապահներ: Առաջնության միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ հաշտություն կնքելով միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի հետ: Նա 4 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գտնվող Արման Փաշիկյանն ունի 3 միավոր, սակայն նա մեկ խաղ քիչ է անցկացրել: Այնուհետեւ գալիս են 2,5 միավոր վաստակած Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Կայանալիք 6-րդ փուլում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով կմրցի նախկին չեմպիոն Կարեն Գրիգորյանի հետ, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով ուժերը կչափի իրեն հետապնդող միջազգային վարպետ Շանթ Սարգսյանի հետ:

Կանանց առաջնությունում դարձյալ երկիշխանություն է տիրում: Մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տարած Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանն այս անգամ ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանի եւ Լիլիթ Գալոյանի հետ: Նրանք 4,5-ական միավորով շարունակում են բաժանել 1-2-րդ տեղերը: 3-րդ տեղ բարձրացավ Լիլիթ Գալոյանը, ով ունի 3 միավոր: Իսկ ահա գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը 3-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ էլ ավելի պակասեցրեց իր կոչումը պաշտպանելու հնարավությունը: Հաջորդ 6-րդ փուլում Մարիա Կորսովան սպիտակներով կհանդիպի միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանի հետ, իսկ Աննա Սարգսյանը կմրցի առաջնության ետնապահներից մեկի՝ Սոնա Ասատրյանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հետեւել է մրցաշարին

Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետեւել է հունվարի 9-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: Այն անցկացվում է շվեյցարական եւ շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ ու աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաեւ Ռուսաստանից ու Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առայժմ երկիշխանություն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում արդեն անցկացվել է 6-րդ փուլը: Շրջանային մրցաշարի աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են իրանցի Փարհամ Մաղսուդլուն եւ լեհ Լուկաշ Յարմուլան։ Կայանալիք 7-րդ փուլում առաջատարները հանդիպելու են միմյանց հետ։ Ռուսաստանցի Կլեմենտի Սիչովը 4,5 միավորով զբաղեցնում է 3-րդ, իսկ Արամ Հակոբյանը 4-ով՝ 4-րդ տեղը։ Հենց այս քառյալն էլ կպայքարի մրցանակային տեղերի համար, քանի որ հուշամրցաշարի մյուս մասնակիցներն արդեն 2,5-3 միավորով հետ են մնում առաջատարներից։ Արամ Հակոբյանը կհանդիպի Վադիմ Մոիսեենկոյի հետ, իսկ Կլեմենտի Սիչովը ուժերը կչափի մրցաշարի ամենատարեց մասնակից, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի հետ։

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի հետ, իսկ նրան հետապնդող Արման Փաշիկյանն այս տուրում ազատ է: Կանանց առաջնության առաջատարներ Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը կմրցեն համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանի եւ Լիլիթ Գալոյանի հետ:

Հ.Գ. – Հովիկ Հայրապետյանը խառնեց առաջատարի խաղաքարտերը – Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտեցել Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը: Կայացան մրցաշարի նախավերջին՝ 8-րդ փուլի խաղերը: Շրջանային մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին: Այդ սայթաքումից առաջին հերթին օգտվեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովը, ով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վոլոդիմիր Վետոշկոյի հետ, վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց իրանցի շախմատիստին: Երկու առաջատարներից կեսական միավորով հետ են մնում միջազգային վարպետներ Արամ Հակոբյանն ու Լուկաշ Յարմուլան:

Հենց այս քառյակն էլ վերջին 9-րդ փուլում կխաղարկի մրցանակային տեղերը, քանի որ նրանց հաջորդող Վադիմ Մոիսեենկոն արդեն հետ է մնում 2 միավորով: Կայանալիք հանդիպումներից կարեւոր նշանակություն ունեն Կլեմենտի Սիչով-Լուկաշ Յարմուլա, Արման Միքայելյան-Փարհամ Մաղսուդլու եւ Վոլոդիմիր Վետոշկո-Արամ Հակոբյան խաղերը:

Երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունենք

Ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը նախորդ տարի ընտրական էր: Մրցաշարի արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով անակնկալներ հիմնականում չեն գրանցվել, հաղթել են ուժեղները: «Մրցաշարի արդյունքները բավարար եմ համարում, բայց մարզիչը միշտ ավելին է ցանկանում: Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսեւորեցին, տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան, նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ իհարկե շատ կա»,- ասել է նա:

Մրցաշարն անցկացվել է նոր կանոններով: «Սա շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, 2 քաշային կարգի ավելացում (79 կգ եւ 92 կգ) և այլն: Կարծում եմ՝ փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան: Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք: Սկսում ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը եւս մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի մեր տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Մարզիչը նաև հակիրճ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները. 2017թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալ են ունեցել: «Վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին: Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաեւ երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»,- ասել է մարզիչը:

Մարմնամարզության զարգացման համար խնդիրներ կան

Չնայած 2016-ին հայաստանցի մարմնամարզիկներն ավելի շատ մեդալներ ունեին, քան այս տարի,  հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ավելի շատ գոհ է հենց անցնող տարվա արդյունքներից: «Ճապոնիայի նման թիմի ենք հաղթել: Արդյունքները կարեւոր են, բայց հիմա տղաների առաջ առաջադրանք է դրված անել ամեն ինչ իրենց հնարավորությունների սահմաններում: Այս տարի այդպես էլ եղավ: Ավելին չէին կարող»,- լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցյալ տարին ասաց մարզիչը: Հակոբ Սերոբյանն  ափսոսում է միայն Արթուր Թովմասյանի համար, ով կարող էր Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր լինել: Վերջինը դարձել է ունիվերսիադայի կրկնակի ոսկե մեդալակիր, այս առումով հայ մարմնամարզիկներից միակն է:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն էլ աշխարհի առաջնությունում 5-րդ տեղն է գրավել, մարզիչը համարում է, որ դա մեդալին հավասար է: Թե Թովմասյանը, թե Մերդինյանը համաձայն են մարզիչի հետ, որքանով կարողացել են աշխատել են, ուժերի ներածի չափով փորձել են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները:

Հակոբ Սերոբյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում ավելի լավ մարզադահլիճ կունենան, ինչն էլ կնպաստի մարզաձեւի զարգացմանը: «Խնդիրներ կան շատ: Բավականին թանկ մարզաձեւ է: Մենք չենք ուզում միանգամից ամեն ինչի հասնել, մեր արդյունքները տեսնում են, գնահատում են, աջակցում են»,- ասել է նա:

Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չեն տվել մրցակիցներին

Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Տղամարդիկ մրցել են 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ և սպրինտ մրցաձևերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում եւ սպրինտում:
ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ տղամարդկանց պայքարում հավասարը չի ունեցել Միքայել Միքայելյանը: Նա 1-ին հորիզոնականը զբաղեցրել է բոլոր մրցաձեւերում: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն է եղել: Նա նույնպես 3 ոսկե մեդալ է նվաճել:

Սա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Միքայել Միքայելյանը բարելավել է իր արդյունքը: Նա Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է:
Աառաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից եւ ստիպված էր բաց թողնել նաեւ Հայաստանի առաջնությունը: Վնասվածքի պատճառով վերջին շրջանում վարկանիշային մրցաշարեր բաց թողնելու արդյունքում Սերգեյը զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։