Մեր փոստից.- Երբ ամեն ինչից վեր էժանագին աղմկարարությունն է – Քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում… Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին – Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին…

Քաղաքականության մասին ձեւակերպումներին համաձայն կամ տարակարծիք լինելով՝ ամրագրել եմ մեկ այլ՝ սեփական ձեւակերպումը: Այն է՝ քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում: Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին: Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին:

Քաղաքականությամբ զբաղվողը հաշվետու է հանրությանը: Բարոյական գործիչը (հանրային կամ քաղաքական) դա անում է ազնվորեն՝ առանց կեղծելու, քանզի համարում է, որ ինքն ամեն ինչ անում է այն հանրության համար, որի շահերին ծառայում է: Իսկ այն գործիչը, ով ծառայում է ոչ ազնվորեն, այն է՝ ոչ իր հանրության համար, այլ՝ սեփական շահի կամ մեկ այլ նպատակով, կարող է մտածել հազար ու մի հնարքներ՝ հանրությանը խաբելով իր ուզածին հասնելու համար:  

Անկեղծորեն, ես Զարուհի Փոստանջյանին համարել եմ այն հանրային գործիչը, ում քաղաքապետարան մուտքով ուրախացել եմ՝ համարելով, որ առողջ ուժը միշտ էլ մրցակցություն է ապահովում, իսկ մրցակցությունից շահելու են երեւանցիները: Ցավոք, հիասթափությունս առաջին իսկ օրերից էր: Քանզի հասկացա, որ տիկինը, հակառակ իմ սպասումների, չի եկել աշխատելու: Հետո ինքնս ինձ հանգստացրի՝ ինչ կա որ, կարելի է աշխատել նաեւ աղմուկ ապահովելով:

Բայց որ իմ կողմից հարգված (կողմից-ով արտահայտությունները չեմ սիրում, բայց այս պարագայում ինքնաբուխ եղավ) այս գործիչը աղմուկ կապահովի ուրիշի կյանքը շահարկելով, չէի սպասում:

Ավելի պարզ ասեմ. համացանցում տարեվերջին մի տեսանյութ տեսա, ըստ որի «Երկիր Ծիրանին» շրջանառել էր մի տեղեկատվություն, թե քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային: Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ հերքել էր այդ լուրը չէ: Մեկ անգամ էլ հիմա հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Հարգելի երկիրծիրանցիներ, եթե ժամանակի չափանիշներով, ապա այնպես արեք, որ ձեր կազմակերպած շոուն էլ ժամանակակից լինի: Գտնեիք այդ մարդուն ու խարանը ճակատին զարկեիք. ասեիք, հարգելի քաղաքապետարան, ձեր այսինչ աշխատակիցը այս գործով է զբաղվում: Դիմեիք ոստիկանություն: Մի փոքր Հայաստանում դժվա՞ր է գտնել մի մարդու, ով երեխա է ուզում գնել: Կամ՝ դիմեիք մի լրագրողի, խնդրեիք՝ հարցով արագ կզբաղվեր:

Բայց չէ՜: Ձեր ինֆորմացիան ոչ մի լրագրողի չէիք տա: Դրա ժամանակը չկա: Աղմուկը սպասում էր, աղմուկը: Եվ այդ աղմուկի մեջ պարզ դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակից ներկայացողը պարզապես ասել է, որ քաղաքապետարանի աշխատակից է ու որ ինչ-որ ամերիկացի ուզում է ծնողից երեխային գնել՝ վճարելով տան վարձը: Երեխայի ծնողը խոսում էր՝ ամաչելով, որ իր երեխաներն ու ինքը հանրության առաջ են հայտնվել: Ինչու՞: «Երկիր Ծիրանին» երեխաներին բերել էր քաղաքապետարան: Ծնողն ասում է՝ չէի ուզում: Այդ դեպքում ինչպե՞ս էին համոզել, ի՞նչ էին ասել, որ երեխաներին գրկած գնացել էին քաղաքապետարան: Քաղաքապետարանի անունից տու՞ն էին խոստացել: Հազար ու մի բան կարող է լինել, բայց հաստատ չէին ասի՝ հարգելի ծնող, քո խնդիրները մեզ չեն հետաքրքրում, մեզ PR է պետք, իսկ դրա համար քո պես խայծերի ենք գործածում…

Ի՞նչ եղավ այս ամենի հետեւանքով. Զարուհին հանգիստ իր ամանորին պատրաստվեց, ծնողը մնաց իր ամոթի հետ (տեսանյութից էր երեւում), ես էլ, որպես ՀՀ քաղաքացի, մնացի այն տհաճ գիտակցությամբ, որ հանրային՝ իմ երբեմնի հարգելի գործչի նպատակը ամենեւին է գործով զբաղվելը չէ: Համենայդեպս՝ իմ պատկերացրած գործով, որ պիտի ի շահ մեր մայրաքաղաքի ու երկրի լիներ:

Գալուստ Վանեցյան

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։