Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանի եռյակի հասունացող տեսլականը՝ 2018-ին – Այս եռյակի գոյությունը կարեւորվեց՝ ի հակակշիռ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններ ամրացումը՝ 2017-ին… Պետք է կարեւորվի նաեւ Չինաստան-Եվրոպա կապի՝ նոր եռյակով վերակիրարկումը…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանային եռյակների գործունեությանն ու ապագային, որտեղ մեզ համար կարեւորվում է նոր զարգացող եռյակը՝ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ: Այս եռյակի գոյությունը կարեւորվեց, երբ հանվեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանված իրանական միջուկային ծրագրի որոշակի հարցերի կարգավորման նպատակով: Այն ավելի արդիական դարձավ. երբ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ սկսեց վարել նորօսմանական եւ նորհամաթուրանական արտաքին քաղաքականություն: Անգամ Անկարայի դիվանագիտական լեզուն փոխվեց մեծապետականի՝ իր ՆԱՏՕ-ական դաշնակիցների նկատմամբ, ինչը, իհարկե չհանդուրժեցին ոչ Վաշինգտոնում, ոչ էլ Բրյուսելում: Լուրջ խնդիրներ առաջ եկան՝ Գերմանիայի հետ կապված…

Փաստորեն Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կարեւորումը վերաճեց՝ դարձավ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի հնարավոր փոխարինման քաղաքա-տնտեսական լծակ…  Այստեղ խնդիրը թերեւս Վրաստանի հարցում կար, քանի որ որոշակի չլուծված հիմնախնդիրներ են մնում Հայաստան-Վրաստան պատմա-քաղաքական հարաբերություններում, նաեւ խանգարիչ որոշակի հարցեր կան Իրան-Ռուսաստան հարաբերություններում, ինչն արդեն ռազմա-քաղաքական նշանակության խնդիր է:

Սակայն, աշխարհի վերաձեւման ճանապարհին Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կապն ավելի կարեւորվոց, քանի որ իրանական նավթի ու գազի արտահանումը Եվրոպա այնքան է հրատապ (որպեսզի եվրոպական վառելիքա-էներգետիկ անկախությունն ավելանա Ռուսաստանից), որ Արեւմուտքը կարող է նաեւ ստիպել Վրաստանին՝ գալու այդ համաձայնությանը: Մինչեւ վերջերս վրացական կողմը հակված էր թուրքական երկրների հետ համագործակցության պահպանմանը, բայց վերջին ժամանակներս Հայաստանի նկատմամբ փոխվում են քաղաքական մոտեցումները:

Անցյալ տարի նախ վրացական կողմը ծավալուն մերձեցման քաղաքականություն տարավ Հայաստանի հետ, բարձրաստիճան տարբեր պաշտոնական այցերով լինելով Երեւանում, ապա տարեվերջին հայկական կողմը լուրջ ծրագրերով այցելեց Թբիլիսի: Հայաստանի նախագահի այցը Վրաստան աննախադեպ հաջողված էր եւ գտնվում էր նաեւ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքիան եւ Ադրբեջանը բավարարված չէին տերեվերջյան հայ-վրացական քաղաքա-տնտեսական հարցերի այս շքերթից եւ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի փաստացի ի հայտ գալու հեռանկարից:  

Չի բացառվում,որ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխման հարցով ամերիկյան նոր քաղաքականությունը եւս ուղղված է աշխարհի վերաբաժանման ռազմավարության հենքին, ինչը նույնպես կնպաստի նշյալ եռյակի կայացմանը: Գուցե Վրաստանն արդեն տեղեկացվել է այդ մասին, իսկ Իրանի նկատմամբ վերջին ներքաղաքական ճնշումները հնարավոր է նպաստեն Իրան-Ադրբեջան-Ռուսաստան կապի թուլացմանը՝ հօգուտ նոր ոտքի ելնող տարածաշրջանային եռյակի…

* * *

Հայաստան-Իրան

Անցյալ տարի արդեն լրջորեն քննարկվում էր, որ Պարսից ծոցից Սեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը:

Ի դեպ, քննարկվում էր նաեւ Չինաստան-Եվրոպա կապի վերաաշխուժացման նպատակով  հանրահայտ «Մետաքսի ճանապարհը» վերականգնելու հարցը, ինչը եւս դեպի Եվրոպա անցումային հատվածում նախատեսում է Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով դեպի Եվրոպա ուղին…

Ցավոք, դեռ միջազգային այս կամ այն բեւեռի շահարկումները խոչընդոտում են այս եւ նման այլ ծրագրերի կյանքի կոչելուն, սակայն ակնհայտ է, որ դրանք ժամանակավոր խոչընդոտներ են:

Նախորդ տարեվերջին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության 1-ին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով, նորովի թարմացրեց հայ-իրանական հարաբերությունները:

Ըստ իրանական կողմի՝ մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային եւ աշխարհագրական նույն տարածաշրջանում, եւ «մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների ու մշակութային ընդհանրությունների վրա: Հստակ է նաեւ, որ մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, եւ Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի»:

Թեհրանը շարունակում է կարեւորել Իրանի տարբեր քաղաքներում ապրող իր հայազգի քաղաքացիներին, որոնք ունեն ջերմ կապեր Հայաստանի իրենց հայրենակիցների հետ, «ինչը եւս լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին: Նա կարեւորել է նաեւ հայերի նման հարեւանների հետ լավ հարաբերությունները, եւ դրանց զարգացման նպատակով կատարվող լուրջ աշխատանքները:

Թեհրանը հայ-իրանական հարաբերությունները շարունակում է դիտարկել ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակ դուրս գալու նպատակով: Դա ինչպես Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրամիություն զարգացումներն է, այնպես էլ Հայաստանի միջոցով Եվրասիամիության հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարը: Երկու դեպքում էլ Հայաստանի՝ կապող օղակի դերը լուրջ խթան կդառնա տարածաշրջանում հայկական գործոնի նշանակության բարձրացման համար:

Երկու կողմերն էլ կարեւորել են երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների ամենաբարձր կարգավորումը, որը երկու երկրների ընդհանրական զարգացման համար կարող է դրական հիմք լինել: Հայկական կողմն այս անգամ մասնավորապես կարեւորել է այն ընկերությունների համագործակցությունը, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության եւ տնտեսության տարբեր բնագավառներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն՝ դրանց ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան լինել համագործակցության նոր զարգացման համար:

Պայմանավորվածություններ են եղել, եւ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան դառնալ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ վերահաստատել են բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ առարկայական խոսել են բոլոր առկա եւ նախատեսվող թեմաների շուրջ: Ամրագրել են, որ շահագրգռված են «իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում. «Այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել իրանական գործընկերներին»: Նաեւ երկկողմ հաստատել են, որ պատրաստակամ են մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները եւ հաստատակամ են վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները: Երբեմն այդ խոչընդոտները լինում են պարզապես դանդաղ գործունեության հետեւանքով, երբ փաստացի չկան լուրջ խոչընդոտներ…

Հայ-իրանական վերջին հանդիպումները Թեհրանում իրանական կողմը գնահատել է որպես աննախադեպ զարգացում: Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին եւ էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին նույնպես խոսել են երկկողմ համակործակցության մասին, հանդիպումների ընթացքում գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից եւ վստահությամբ նշել, որ երկու հարեւան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ, առավել եւս, որ կողմերը շահագրգռված են կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: Քննարկվել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնմանը վերաբերող, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հնարավոր զարգացումները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բոլոր կարեւոր ուղղություններում: Կողմերը հավաստել են, որ կշարունակվեն այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից:

Հասան Ռոհանիին եւ Ալի Լարիջանին ընդգծել են, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որեւէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, եւ Իրանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Երկկողմ տնտեսական օրակարգը շատ ավելի հագեցած պիտի լինի, առկա փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորությունները եւս պիտի ընդլայնվեն՝ ինչպես երկկողմ, այնպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում:

«Իրանի տեսանկյունից՝ իր հարեւանների համեմատ Հայաստանը ընդգծված առավելություն ունի, հայկական զինված ուժերի ջանքերով հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է»,- նշել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով, այդ կարծիքը գնալով ավելի մեծ տարածում է ստանում իրանցի փորձագետների շրջանում: Այս մասին «Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Իրան» օրաթերթը անդրադարձել է «Թեհրանի ու Երեւանի ռազմավարական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածով՝ հատուկ շեշտելով սահմանային անվտանգության հարցը: Այդ համատեքստում Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին եւս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հավելելով, որ Կովկասի տարածաշրջանն Իրանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի»,- ասել է իրանագետը:

Կարեւոր է, որ Արցախի հարցում իրանական կողմը շարունակում է պահպանել իրական չեզոքություն, ինչը հնարավորություն է տալիս Թեհրանին, անհրաժեշտության դեպքում սատարել Հայաստանին իսլամական այս կամ այն համաժողովում կամ հավաքում:

Արտակ Հայոցյան

Հայաստան-Վրաստան

Մեր թշնամիների՝ թուրք-ադրբեջանական դաշինքի համար անցանկալի էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տարեվերջյան՝ դեկտեմբերի 25-27 պաշտոնական այցը  Վրաստան, ինչը դեռ փորձությունների կենթարկվի հատկապես Անկարայի կողմից: Թուրքերն արդեն սկսել են իրենց բարեկամական խաղերը Գերմանիայի հետ, որպեսզի կանխեն հայ-գերմանական աննախադեպ ջերմացող հարաբերությունները, ինչը թույլ կտա նաեւ հետաձգել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ի հայտ գալը:

Այստեղ պաշտոնական Երեւանը պիտի զգաստ լինի, քանի որ Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը նոր եւ անփորձ ոլորտ է, իսկ ինչ մնում է Թուրքիայի եւ Վրաստանի հարցին, ապա այստեղ մենք քանիցս խարդավանքների ենք հանդիպել պատմության ընթացքում: Ցավալի է, բայց իրանական կողմից եւս դանդաղեցումներ կան եւ ոչ միայն ռուս-իրանական խնդրի հետ կապված:

Հայաստանն ամեն բան պիտի անի, որ Փարիզ-Բեռլին-Հռոմ եվրոպական եռյակը հետքայլ չանի Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, ինչը կարող է նպաստել Վաշինգտոն-Լոնդոն կապի հետքայլին՝ հատկապես աշխարհի վերաբաժանման «քարտեզագրության» հարցում, այսինքն՝ Թուրքիայի մասնատման առումով: Իրաքյան դեպքերին հետեւեց սիրիականը, այժմ փորձարկվում է իրանականը, բայց մեզ հետաքրքիր է թուրքական գործոնի թուլացման եւ մասնատման գործընթացը եւ Հայաստանի դերը այդ առումով:

Սա այն նախաբանն էր, որը կար եւ մնում է հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում եւս, ինչը պիտի թելադրեր իր մոտեցումները մեր նախագահի այցի ընթացքում: Նախագահը հանդիպումներ ունեցավ Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպեսեւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա 2-րդի հետ: Հանդիպումներում քննարկվեցին բարեկամ երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:

Սերժ Սարգսյանը կարեւորեց նաեւ հայ համայնքի հետ հանդիպումները եւ այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն եւ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ «Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ»:

Նախագահները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ընթացիկ տարում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում եւս զարգացող համագործակցությունը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցության ներուժը շատ ավելին է, եւ անհրաժեշտ է այն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ հետեւողականորեն շարունակել աշխատանքը: Նախագահները կարեւորել են նաեւ տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցության, տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ավելի մանրամասն են քննարկվել հարցերը: Պատվիրակությունների անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում համագործակցությունը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները եւ դրանց լուծման ու փոխգործակցության խորացման ուղղությամբ հանձնարարություններ ստացել նախագահներից:

Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները պայմանավորված են ոչ այնքան Եվրամիության հետ նրանց ունեցած հարաբերությունների մակարդակով, որքան  երկու երկրների ընդհանրական շահերով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ «Իհարկե, ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները եւս գործոն են։ Դրանք բարենպաստ իրավիճակ են ստեղծում փոխհարաբերությունների խորացման տեսանկյունից, բայց այն հիմնական նախապայմանը չեն, որ պետք է ջերմացնեն հայ-վրացական հարաբերությունները։ Մենք ունենք բազմաթիվ ընդհանրական շահեր, որոնց մասին բարձրաձայնել է մեր նախագահը՝ վրացական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ։

Մենք նախեւառաջ ունենք տարածաշրջանային անվտանգության հետ կապված համատեղ շահեր, մասնավորապես, Հայաստանն ու Վրաստանը միասին պետք է պատվար լինեն թուրք-ադրբեջանական տարածաշրջանային հեգոմոնիայի ստեղծման քաղաքականությանը։ Սա բխում է եւ Հայաստանի, եւ Վրաստանի ռազմավարական եւ անվտանգային շահերից»,- ասել է պատգամավորը։

Հայկական կողմի կարծիքով, երկու երկրները կարող են միմյանց հետ սերտ հարաբերություններ զարգացնել՝ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանն ավելի խորը հարաբերություններ ունի ԵՄ-ի, իսկ Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի հետ։ Սա կարեւոր գործոն է նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը զարգացնելով այս թեման՝ նշել է, որ «Հայաստանում գրանցված հայ-վրացական համատեղ ցանկացած ձեռնարկության արտադրանքի համար լայն դռներ են բացվում դեպի ԵԱՏՄ գնողունակ շուկա, ինչպես նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու միջոցով՝ դեպի իրանական հսկայական վճարունակ շուկա։ Եվ օրակարգում առաջնային է համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը:

Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համապատկերում լուրջ հեռանկարներ կան հատկապես զբոսաշրջության, ՏՏ եւ էներգետիկայի ոլորտներում։ Քաղաքական կամք դրսեւորելու դեպքում այստեղ կարելի է հասնել մեծ նվաճումների։ Վրաստանը կարող է մեզ տրամադրել տարանցիկ ուղիներ՝ Ռուսաստանի հետ կապվելու համար։ Հեռանկարային է նաեւ Վրաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ բացվի Ռոկիի թունելը՝ աբխազական տարածքով ճանապարհ բացելով դեպի Ռուսաստան։ Սա Լարսի հիանալի այլընտրանքն է: Բացի այդ՝ Վրաստանը կարող է մեզ հնարավորություն ընձեռել իր տարածքով ապրանքներ արտահանել ԵՄ շուկա։

Բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, համակ ուշադրությամբ էին հայ-վրացական տարեվերջյան հանդիպմանը հետեւում նաեւ Ռուսաստանից: «Նեզավիսմայա գազետա»-ն հատուկ ընդգծել էր, որ «Նախատոնական Թբիլիսին զարդարված եւ ողողված է հայկական դրոշներով»: Թերթի հետ զրույցում Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան այցելությունը շատ կարեւոր է համարել։ Ըստ նրա, այն կարեւոր է նաեւ այն պատճառով, որ համընկել է  Վրաստանում մեր երկրի դեսպանի նշանակման հետ, ինչը դժվարությունների հանդիպեց, բայց լուծում ստացավ:

Փորձագետը տնտեսական մի շարք կարեւոր հարցերի հետ հնարավոր է համարել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջոցով  տրանսպորտային հաղորդակցության վերականգման հարցի քննարկումը։ Վրացական կողմը հավանաբար կներկայացնի իրավիճակի իր տեսլականը եւ կհայտնի հայկական կողմին 2011թ. պայմանագրի իրականացման վերջերս գրանցված առաջընթացի, եւ այլ նախագծերի իրականացման մասին, այդ թվում՝ հայ-իրանական սահմանային գոտում՝ Մեղրիում «Ազատ տնտեսական գոտու» իրականացման հնարավորության, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման մասին, քանի որ վերջերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումով սկսվեց ակտիվանալ տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի դիվերսիֆիկացման հարցը:

Նշենք, որ վերջերս Վրաստանի եւ շվեյցարական SGS ընկերության միջեւ պայմանագիր է ստորագրվել, ըստ որի Վերին Լարսում անբարենպաստ պայմանների դեպքում Վրաստանից Ռուսաստան հաղորդակցությունը կարող է իրականացվել Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով։ Այդ կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին  խորհրդարանում հայտարարել է, որ շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրված պայմանագրի համաձայն, Վերին Լարսի ավտոճանապարհին արտակարգ իրավիճակների պարագայում հնարավոր է բեռնափոխադրում Հարավային Օսիայի տարածքով Վրաստանից Ռուսաստան: Վրաստանի վարչապետը նշել է, որ դրանից կարող են օգտվել Թուրքիան ու Հայաստանը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։