Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…

Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է: Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում: Աստվածաշնչում եւ պատմական այլ վավերագրերում հավաստվում է, որ ներկայիս Իսրայելի տարածքները պատկանել են ամալեկներին: Վերջիններիս անվանումը նշանակում է Աստծո հրեշտակների սերունդ, որը վերաբերում է հայերին: Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները հավանաբար մ.թ.ա. 2000թ./մեկ այլ մեկնաբանությամբ՝ մ.թ.ա. 3000թ./: Խոսքը հիքսոսների մասին է, որոնք Հայոց քաղաքակրթությունը տարածում էին Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում: Այդ մասին հավաստում են եգիպտացի քուրմ Մանեթոնը/ մ.թ.ա. IV դ/, քրիստոնյա պատմաբան Եվսեբիոս Պամփիլեա Կեսարացին/III-IV դդ./ եւ այլք: Այս հանգամանքը մեզ համար կարեւոր է, որպեսզի հետամուտ լինենք Երուսաղեմի հայության կարգավիճակի պահպանությանը:  

Երուսաղեմը եղել է աստվածազարմ Հայկազունիների հիմնած Միտաննի հայկական կայսրության տարածքում: Վերջինս մեկնաբանվում է իբրեւ Մեկի՝ Աստծո տուն, այնպես, ինչպես Հայաստանը հնում նաեւ կոչվել է Թորգոմի տուն: Այդ ժամանակներում հայերս ունեցել ենք քրմական հայեցակարգային իշխանություն Հայկական լեռնաշխարհից մինչեւ Երուսաղեմ եւ Պաղեստին: Հետագայում այն մենք կորցրինք: Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում Մուհամմեդը եւ արաբ խալիֆները գնահատել են քաղաքակրթական մեր ծանրակշիռ ավանդը եւ իրավաբանորեն /հրամանագրերով/ ամրագրել մեր պատմական իրավունքները Երուսաղեմում, այդ թվում նաեւ Հիսուս Քրիստոսի գերեզմանի պահպանության գերակա մեր իրավունքը: VI դարում մենք այստեղ ունեինք մոտ 70 վանք, եկեղեցի եւ սրբավայր, որոնք կառուցել էին Արշակունիները, Սահառունիները եւ այլ արքայական ու նախարարական տոհմեր: Իսկ Երուսաղեմի պատրիարքությունը հիմնվել է VII դարում: Մենք Երուսաղեմում համայնք չենք, այլ սեփականատեր, որը ամրագրված է միջազգային իրավունքով:  

Այժմ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը իրական մարտահրավեր է առաջադեմ մարդկությանը ու թերեւս՝ արիական ուժերին, Արիական արմատներ ունեցողներին: Այն ուղղված է նաեւ Արաբական աշխարհի ու Իրանի դեմ: Համաշխարհային ետնաբեմի ուժերը հղացել են հրեշավոր ու դիվային մի ծրագիր՝ ձեւավորել մահմեդական եւ քրիստոնեական, իսկ մահմեդականների ներսում շիա եւ սուննի բեւեռներ, որպեսզի հրահրեն ու սադրեն արյունահեղ բախումներ նրանց միջեւ: Ասվածի իրեղեն ապացույցն են Երուսաղեմում արդեն սկսված ազգամիջյան ընդհարումները Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ, որն ավելի մեծ ընդգրկում է ունենալու եւ ստանալու է լայնածավալ պատերազմի բնույթ:

Այս համաբախման մեջ մենք ստիպված ենք հարել Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան ռազմավարական առանցքին, քանի որ քաղաքական այս ուղղությունն է հաջողությամբ դիմագրավում պղտոր այդ ուժերին: Այս առումով մենք, զարգացնելով միջպետական հարաբերությունները Իսրայելի հետ, միաժամանակ պետք է զգուշանանք այս պետության սիրախաղերից եւ կասկածելի բարեհաճությունից: Սա մեզ համար խորամանկ կերպով մտածված թակարդ է, որպեսզի մեզ կտրեն Իրանից ու Արաբական աշխարհից: Մյուս կողմից, Երուսաղեմում Իսրայելի ազդեցությունը առարկայական իրողություն է, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել եւ լոբբիստական աշխատանք կատարել նաեւ հրեական պետության հետ:

Ներկայումս փոթորկուն եւ պտտաձեւ այս զարգացումներում, երբ դաժանորեն իրականացվում է «Նոր Մերձավոր Արեւելք» նենգ ու շատ վտանգավոր մասոնական ծրագիրը, քաղաքական մեր թիմը պետք է խաղի մեջ մտնի ու պաշտպանի Երուսաղեմի՝ մեր  իրավունքները եւ մշակութային հարուստ ժառանգությունը: Սա մեզ համար ազգային անվտանգության, ռազմավարության ու արժանապատվության խնդիր է: Այս հարցը մենք պետք է ներառենք քաղաքական մեր օրակարգում որպես քաղաքակրթական բաղադրիչ: Քաղաքական գրագետ եւ կշռադատված քայլերով մենք կարող ենք հաջողության հասնել: Երբեք չի կարելի թույլ տալ Երուսաղեմի հայկական թաղամասի կիսելը եւ ընդհանրապես իսրայելական ներկայությունը կենսական շահերի մեր գոտում:

Մենք անհապաղ պետք է լրջորեն զբաղվենք Արեւմտյան Հայաստանի ու Մերձավոր Արեւելքի հայկական գաղթավայրերի/Սիրիա, Լիբանան, Իրաք, Իրան եւ այլն/հիմնախնդիրներով՝ դրանք դիտարկելով համահայկական շահերի դիտակետից: Չմոռանանք, որ այսօր թիրախային են Լիբանանի հայությունը եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Աֆղանստանի մահմեդական հայությունը: Այժմ հանցավոր այդ ուժերը որոճում են Աֆղանստանում կամ Պակիստանում ստեղծել ահաբեկչական մի նոր օջախ  (չնկատելու տալով Թուրքիայում եւ Ադրբեջանում արդեն գործողները,- խմբ.): Մենք չենք կարողանում մոդելավորել գործընթացները, որպեսզի կանխենք մեզ համար անցանկալի զարգացումները: Այս ձեւով մենք ժամանակին չկարողացանք պաշտպանել Սիրիայի ու Իրաքի մեր հայրենակիցներին: Չմոռանանք, որ Սիրիայից հետո հերթը հասնելու է Իրանին, որը մեր անմիջական հարեւանն է: Այս դեպքում մենք հայտնվում ենք ռազմաճակատում եւ պետք է պաշտպանենք մեր երկիրը թշնամիներից: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատապարտող որոշումը կամ հռչակագիրը նպատակ ունի լիցքաթափել լարված իրավիճակը եւ խնդրի լուծումը փոխադրել իրավական ու բանակցային հարթություն: Բայց դա չի կարող զսպել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, քանի որ նրանք առաջնորդվում են մշակված ու հստակ ծրագրով: Մերձավոր Արեւելքում լարվածությունը կուժեղանա եւ կհանգեցնի պատերազմի իրական հնարավորության: Հայաստանն անփույթ որոշում կայացրեց եւ քվեարկեց ՄԱԿ-ի որոշման օգտին: Մինչդեռ պետք էր չեզոք լինել կամ էլ չքվեարկել: Մենք չենք առաջնորդվում իրական քաղաքականության/ռեալ պոլիտիկ/ սկզբունքներով եւ շատ վատ ենք կազմակերպում լոբբիստական աշխատանքը: Մենք մեզ հաճախ նույնականացնում ենք արաբների եւ պաղեստինցիների հետ, որը վտանգավոր երեւույթ է: Երուսաղեմը փաստացի դառնում է Իսրայելի մայրաքաղաք: Մենք պետք է առաջնորդվենք ստեղծված իրավիճակով եւ Սփյուռքի ռեսուրսներով լոբբիստական գործունեություն ծավալենք ԱՄՆ-ում՝ ներգործելով նախագահի, Սենատի ու Կոնգրեսի վրա: Նպատակը պետք է լինի պահպանել մեր իրավունքները Երուսաղեմում՝ խաղի մեջ մտցնելով նաեւ քաղաքակրթական ռեսուրսը: Մենք պետք է ձերբազատվենք պատմական կարծրատիպերից եւ անհարկի հուզականությունից, որպեսզի կարողանանք ապահովել հաջողությունը: Շատ վտանգավոր են խմբակային ու կուսակցական մոտեցումներն այս կարեւոր հարցում:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։