Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…

Նախորդ տարեվերջին ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը, ոչ միայն երկփեղկելով աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածելով միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների: Այս ճակատներից ռազմաճակատի վերածվելու քայլն այլեւս օդում կախված է:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Պաշտոնական Վաշինգտոնն անտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի եւ ՄԱԿ-ի հորդորները՝ արեց այդ հայտարարությունը: Նախագահը նաեւ հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ՝ փաստորեն կատարելով ընտրարշավի ժամանակ իսրայելամետ ընտրողներին տված խոստումը՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Դոնալդ Թրամփը նշել է. «Վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաեւ Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, այն տուրք կլինի խաղաղությանը»: Հիշեցնենք, որ Երուսաղեմը միջազգայնորեն երբեք չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք եւ բոլոր երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում:  

Մինչ Իսրայելը խրախուսել է մյուս երկրներին հետեւել ԱՄՆ-ի օրինակին, տարածաշրջանում այս լուրը անհանգստության ալիք է բարձրացրել: Պաղեստինցիներն այս քայլը անվանել են «մահվան համբույր» Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման գործընթացում: Իսկ «Համաս» իսլամիստական շարժումը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահն այդ որոշմամբ «բացել է դժոխքի դարպասները»: Իսրայելի անվտանգության ուժերն ուժեղացված միջոցառումներ են իրականացնում հնարավոր բռնությունների դեմ, Հորդանանում Իսրայելի դեսպանատունը փակվել է: Պաղեստինում բողոքի ցույցերն ու դժգոհությունները շարունակվում են: Պաղեստինի հայտնի նախագահ Յասեր Արաֆաթի լուսանկարներով փողոց դուրս եկածներն այրել են ԱՄՆ-ի դրոշը, գործադուլի կոչեր հնչեցրել: Իսրայել-պաղեստինյան սահմանին բախումներ են սկսվել բանակի ներգրավմամբ: Այդ բախումներից վիրավորների թիվն ավելացել է, չի բացառվում պատերազմական գործողությունների վերսկսումը:

Դեռ նախորդ տարեվերջին Կարմիր մահիկը հայտնել էր, որ իսրայելա-պաղեստինյան բախման հետեւանքով մահացածների թիվը իսրայելական բանակի հետ բախումների ժամանակ մոտ մեկ տասնյակ է, իսկ վիրավորների թիվը մոտենում է հազարին: Այս թվերն արձանագրվել են Գազայի հատվածում, Երուսաղեմում եւ Հորդանանի Արեւմտյան ափին։ Պաղեստինյան Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Արաբ ալ Ֆուկահեն մանրամասնել էր, որ Արեւմտյան ափին եւ Երուսաղեմում վիրավորվել էր 661 մարդ, եւս 227 մարդ վիրավորվել էր Գազայի հատվածում, որոնցից 10-ը ծանր վիրավորում է ստացել, իսկ բախումները շարունակվում են:

ԱՄՆ-ի նախագահի որոշման վերաբերյալ դժգոհություն են հայտնել մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում Հռոմի պապը՝ նշելով, որ այն կսպառնա Իսրայելի ու Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցություններին: Սակայն Թրամփը հավաստում է, որ իր որոշումը ճիշտ է:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեինեհն ասել է. «Նախագահ Աբբասի դիրքորոշումը հստակ է: ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ դեմ է միջազգային օրենքին եւ՝ անընդունելի մեր կողմից»: Պաղեստինցիները դեմ են այս որոշմանը, քանի որ ցանկանում են Արեւելյան Երուսաղեմը տեսնել, որպես իրենց ապագա պետության մայրաքաղաք: Արաբական պետությունների լիգան նախազգուշացրել էր Վաշինգտոնին՝ չճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, այս քայլը նկարագրելով «բացահայտ արգեսիա արաբների դեմ»: Թուրքիայի նախագահն ու Իրաքի վարչապետը դատապարտել են այս քայլը նույնիսկ նախքան Դոնալդ Թրամփի պաշտոնական հայտարարությունը:

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին ասել է. «Իրաքի կառավարությունը նախազգուշացնում է, որ պաղեստինցիների, արաբների, մահմեդական աշխարհի ու այլ կրոնների անտեսումը լուրջ հետեւանքներ կունենա տարածաշրջանի կայունության ու աշխարհի վրա: Երուսաղեմը բոլոր կրոնների եւ էթնիկ խմբերի գոյակցության կենտրոնն է, եւ ոչ մի առանձին կառույց չի կարող այս հարցի շուրջ միանձնյա որոշում ընդունել»:

ՄԱԿ-ը նույնպես անհանգստություն է հայտնել այս եւ որեւէ քայլի շուրջ, որը կարող է Մերձավոր Արեւելքում խորացնել լարվածությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է. «Մենք միշտ դիտարկել ենք Երուսաղեմը որպես մի խնդիր, որը պետք է լուծվի երկու կողմերի ուղիղ բանակցությունների միջոցով»: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների բացահայտ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել ԱՄՆ հայտարարության դեմ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը վերացնել այդ որոշումը:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահն այս քայլը բնորոշել է որպես առաջընթաց իսրայելա-ամերիկյան հարաբերություններում, սակայն մատնանշել է, որ չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները արաբական աշխարհի հետ: Վաշինգտոնը, նրա խոսքերով, չի միջամտի Երուսաղեմի սահմանների հստակեցման բանակցություններին, եւ իր դիրքորոշումն առավելագույն կերպով ներկայացնելու համար ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կմեկնի Մերձավոր Արեւելք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ Ստամբուլում «Իսլամական կոնֆերանս»-ի հավաք գումարվեց՝ Երուսաղեմի հարցով, որտեղ իսլամական շուրջ ութ տասնյակ երկրներ կոչ արեցին աշխարհին՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը: Անկարան հայտարարեց, թե Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող են խզել: Ի պատասխան Իսրայելից հնչեց, որ «սուլթանության ժամանակներն անցել են»…

Թուրքիայի նախագահի սպառնալիքին՝ թե Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կխզեն, պատասխանել են Իսրայելի միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում եւ նրա սպառնալիքներից չեն վախենում: «Իսրայելը անկախ երկիր է, մայրաքաղաքն էլ Երուսաղեմն է: Ավելի արդար բան չի կարող լինել, քան 3 հազար տարի հրեա ժողովրդի մայքրաքաղաքը հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակի ճանաչումը: Օսմանյան կայսրության եւ սուլթանության ժամանակներն անցել են»,- ասել է նա: Իսրայելի կրթության նախարար Նեֆթալի Բեննեթն էլ արձագանքելով նույն հայտարարությանն ասել է. «Ցավալի է, որ վերջին տարիներին նախագահ Էրդողանը Իսրայելի վրա հարձակվելու առիթը բաց չի թողնում: Մեր երկիրը պետք է առաջ շարժվի դեպի իր նպատակները, որոնց թվում է Երուսաղեմի որպես մայրաքաղաք ճանաչվելը»: Իսրայելական առաջատար «Հաարեց» թերթում էլ հրապարակվել էր անունը չբացահայտած մի հրեա բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը թեմայի վերաբերյալ. «Երուսաղեմը 3 հազար տարի հրեական մայրաքաղաք է, 70 տարի էլ Իսրայելի մայրաքաղաքն է հանդիսանում՝ անկախ նրանից Էրդողանը ճանաչում է դա, թե՝ ոչ»:

Ի պատասխան երկու կողմերի կոչերի, Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։ Գվատեմալան այն փոքրաթիվ  9 երկրներից էր, որը ՄԱԿ-ի Գլխավոր վեհոժողվի բանաձեւին դեմ էր քվեարկել, որով կոչ էր արվում  ԱՄՆ-ին՝ հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից։ Այս երկրի նախագահը հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցից հետո՝ շեշտելով, որ այսկերպ կամրապնդվեն երկու երկրների միջեւ հարաբերությունները։

Միեւնույն ժամանակ, Իրանի խորհրդարանում անցկացվել է քվեարկություն, եւ 187 կողմ, 15 դեմ, 9 ձեռնպահ ձայնով որոշվել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է Tehran Times-ը՝ նշելով, որ Թեհրանը մշտապես հանդես է եկել Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ եւ կոչ է արել իսլամական աշխարհին պայքարել սիոնիզմի դեմ:

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի սկզբին Լատինական Ամերիկայի երկու խոշորագույն պետությունները՝ Արգենտինան եւ Բրազիլիան, արձագանքեցին պաղեստինյան ղեկավարների խնդրանքին եւ հայտարարեցին 1967թ. սահմաններում Պաղեստինի անկախության ճանաչման մասին: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում Արեւելյան Երուսաղեմը արդեն նշվում է որպես Պաղեստինի մայրաքաղաք:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գլխավոր խորհրդական Մահմուդ Սիդկի Ալ Հաբաշը կոչ է արել մուսուլմանական երկիներին բոյկոտել ԱՄՆ-ում եւ Իսրայելում արտադրված ապրանքները, «մինչեւ Իսրայելը չընդունի ու չգործի միջազգային իրավունքին համապատասխան»: Պաշտոնյան ընդգծել է, որ «ԱՄՆ-ն եւ Իսրայելը մի կողմի վրա են, ինչը հակասում է մահմեդական հասարակության շահերին, ինչը հավաստել է Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովը՝ ցուցադրելով մուսուլմանական երկրների լուրջ մոտեցումը Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման հանդեպ»:

Իսլամական երկրներն ընդգծում են, որ չեն հանդուրժի այն քայլերը, որոնք իրենց սրբավայրերին են վերաբերում եւ իրենք կարող են տարածաշրջանում եւ աշխարհում ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերի դեմ ուղղված մի շարք ցավոտ քայլեր ձեռնարկել: Հիշեցնենք, որ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը ճանաչել է Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք՝ բոլոր երկրներին կոչ անելով ճանաչել «Պաղեստինի Հանրապետությունը եւ Արեւելյան Երուսաղեմը որպես դրա բռնագրավված մայրաքաղաք»:

Թուրքիայի նախագահն ավելի առաջ է անցել՝ նշելով, որ «Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արեւելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը», նրա խոսքով՝ այս դերը պետք է կատարեն չեզոք երկրները:

Ի պատասխան այս ամենին՝ Իսրայելի տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանության է արժանացրել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությունը։ Նոր կայարանը նախարարը որոշել է կոչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով: «Լացի պատը ամենասրբազան վայրն է հրեաների համար, եւ ես որոշել եմ դեպի այն տանող երկաթուղային կայարանն անվանել Թրամփի պատվին՝ ի նշան երախտագիտության Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա համարձակ ու պատմական որոշման»,- հայտարարել է նախարարը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակը. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տեւական անվտանգության ու խաղաղության հաստատման համար։

Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետեւում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»:

Ինչպես վերը նշել ենք, ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, որին կողմ է քվեարկել նաեւ Հայաստանը: Կողմ է քվեարկել 128 երկիր, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ է եղել 9 երկիր՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Ըստ ամենայնի, այս պետությունները եւս կտեղափոխեն իրենց դեսպանատները Երուսաղեմ, գուցե նաեւ իսրայելական կողմից շահագրգռվելով:

Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում եւ կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ:

Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանը ՄԱԿ-ում ոչ թե Թուրքիային է սատարել, այլ անհամաձայնություն է հայտնել միակողմանի որոշումներին: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում միակողմանի որոշումներ ընդունելը սխալ է, ինչպես որ սխալ է Արցախյան հիմանախնդրի կարգավորման գործընթացում միակողմանի որոշումներ ընդունելը։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է բազմակողմանի բանակցություն լինի, եւ բոլոր կողմերը համաձայնության գան։

Հայաստանի քվեարկությունը առավելապես հայկական շահերի պաշտպանությանն է ուղղված, ինչը նշել է նաեւ մեր արտգործնախարարը: Եվ Հայաստանը սա պիտի ճիշտ ներկայացնի նաեւ ամերիկայան ու իսրայելական կողմերին, որպեսզի նաեւ այդ կողմերի հետ անհարկի բարդություններ չծագեն, քանզի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին քվեարկությունից առաջ զգուշացրել է, որ Թրամփի կարգադրության համաձայն ինքը հետեւելու է բոլոր երկրների քվեարկությանը եւ զեկուցելու է նախագահին, թե որ երկիրն է քվեարկել ընդդեմ ԱՄՆ-ի:

Սա, իհարկե, ազդեցիկ հայտարարություն է, սակայն վստահ ենք, որ Վաշինգտոնը շուրջ 130 երկրների չի կարող «սեւ ցուցակում» ընդգրկել, ինչը այդ ցուցակի սեւ գույնին տարբեր նրբերանգներ կտա ժամանակի հետ: Հուսանք, Հայաստանը եւս կկարողանա ընդգրկվել այդ նրբերանգներում՝ որպես բացառապես իր պատմական եւ հոգեւոր-մշակութային շահերը պաշտպանող կողմ…

«Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում անակնկալ չէր, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանը մնում է խնդրին բացառապես բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այն գնահատականները, թե իբր Երեւանը կարող էր չմասնակցել քվեարկությանը, դրանք չեն բխում ոչ խնդրի կարգավորման տրամաբանությունից, ոչ էլ Հայաստանի շահերից: Մենք քվեարկության ժամանակ առաջնորդվել ենք ոչ թե այս կամ այն պետության դեմ կամ օգտին, այլ առաջնորդվել ենք Հայաստանի պետական շահերով»,- նշել է ՀՀԿ խոսնակը:

Հայ Առաքելական եկեղեցին բացի մտահոգությունից, հստակ դիրքորոշում չի հայտնել Երուսաղեմի վերաբերյալ, սակայն  Էջմիածինն իր դիրքորոշումը հստակ պիտի արտահայտի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։

Երուսաղեմի քրիստոնյա համայնքների հոգեւոր պետերի ստորագրությամբ նամակ է ուղղվել Թրամփին։ Հայոց պատրիարքարանի՝ այդ նախաձեռնությանը միանալու քայլը կարեւոր էր, քանզի Երուսաղեմն իր նշանակությամբ, մշակութային առումով չի պատկանում ոչ մի ժողովրդի եւ ոչ մի երկրի, սա համաշխարհային մշակութային ժառանգություն է, 3 կրոնների կենտրոն է։

Հռոմի Պապն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ։ Պետք է սպասել նաեւ մյուս եկեղեցիների առաջնորդների հայտարարությանը։ Մենք ունենք մեծ ժառանգություն այնտեղ, որին պետք է տեր կանգնել։

Կիլիկիո թեմի Արամ Ա. կաթողիկոսը առավել բաց է արտահայտվել, դեմ է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխմանն ու խիստ անհանգիստ է հայկական ժառանգության պահպանման համար… Շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության 3 կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, եւ հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ անխախտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։