Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից… Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել… ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին… Հայաստանն ի պաշտպանություն Ռուսաստանի մարզիկների… Ռուսաստանը այլընտրանքային ձմեռային Օլիմպիական խաղեր կանցկացնի՞… Շախմատի Հայաստանի չեմպիոնները վայր դրեցին լիազորությունները… Հենրիխ Մխիթարյան Լոնդոնի «Արսենալ» կտեղափոխվի… Այլ մարզական լուրեր… Հայաստանը գրանցել է 2018թ. դպրոցական օլիմպիական առաջին հաջողությունները…

Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում կայացել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը։ Այն ավանդաբար անցկացվել է հին տաճարում, իսկ կրակը վառվել է արեւի ճառագայթներից: Ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում եւ բիաթլոնում: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին։

Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից

Հարավային Կորեան պատրաստ է ընդունել մարզիկների աշխարհի բոլոր երկրներից, այդ թվում նաեւ Հյուսիսային Կորեայից, Փենչհանում կայանալիք 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

«Կորեան կողջունի բոլոր մարզիկներին եւ Ազգային օլիմպիական բոլոր կոմիտեներին, այդ թվում նաեւ մարդկանց ԿԺԴՀ-ից»,- հայտարարել է Լի Հի Բոմը՝ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նստաշրջանում: Նրա խոսքով, Օլիմպիադա-2018-ը դառնալու է «խաղաղության եւ ներդաշնակության խաղեր»: «Անվտանգությունը գլխավոր մտահոգությունն է (կազմկոմիտեի)»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ Հարավային Կորեայի Ազգային օլիմպիական կոմիտեն անցած շաբաթ կազմակերպել էր սեմինար՝ նվիրված անվտանգության հարցերին: Օրերս Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սպորտային պետական պատասխանատուները հուշագիր ստորագրեցին՝ հյուսիսկորեական մարզիկների մասնակցության մասին:

2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը: Պարալիմպիադա-2018-ը՝ մարտի 9-18-ը:

Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել

Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր 1,07 միլիոն տոմսերից վաճառվել է միայն 275 հազար 964-ը, իսկ Պարալիմպիադա-2018-ի տոմսերի 0,2%-ը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչներն ամբողջությամբ աջակցում են Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտե գործունեությանը: Նշվել է, որ ՄՕԿ-ի ներկայացուցիչները Փենչհան վերջին այցի ժամանակ կորեացի կազմակերպիչների հետ քննարկել են մի շարք լրացուցիչ գաղափարներ կապված տոմսերի վաճառքի հետ, որոնք կիրականացվեն առաջիկա ժամանակահատվա՛ում:  

ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին

Օլիմպիական միջազգային կոմիտեն կայացրել է Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։ Կոմիտեն այս որոշումը կայացրեց՝ պատժելով Ռուսաստանին 2Օ14թ. Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ պետության հավանությամբ դոպինգային արշավ կազմակերպելու համար։ Որոշումը կայացվեց, երբ մրցակցությանը մնացել է միայն 2 ամսից քիչ ավելի ժամանակ։

Մոսկվան միայն վերջերս է հանդես եկել մեկնաբանությամբ՝ մերժելով այս որոշումը: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ խաղերը չեն հեռարձակվելու Ռուսաստանում։ Ռուսաստանը կրկին հերքել է իր մարզիկների կողմից դոպինգ ընդունելու մասին մեղադրանքները, սակայն Օլիմպիական կոմիտեն արդեն իսկ ռուս 11 մարզիկների էր զրկել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ ստացած մեդալներից, իսկ 2Օ մարզիկի՝ ցմահ զրկել մարզական միջոցառումներին մասնակցելու իրավունքից։

Բացի Ռուսաստանի ներկայացուցիչներին Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալու իրավունքից զրկելու մասին որոշումը, Կոմիտեն նաեւ 15 միլիոն դոլարի տուգանք է ներկայացրել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին՝ նաեւ կասեցնելով Օլիմպիական միջազգային կոմիտեում Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկով անդամակցությունը։ ՄՕԿ-ը չի հավատարմագրել նաեւ որեւէ ռուս մրցավարի: Մինչեւ Օլիմպիական կոմիտեի որոշման հրապարակումը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, «Մենք մտադիր ենք պաշտպանել մեր մարզիկների շահերը, հավատարիմ ենք մնում օլիմպիական արժեքներին ու իդեալներին, եւ պահպանում ենք Միջազգային կոմիտեի հետ բոլոր կապերը։ Այս կապերի միջոցով են լուծում ստանալու վեր ելած բոլոր խնդիրնեը»:

- Հայաստանի օլիմպիական կոմիտեն եւս հանդես էր եկել ի պաշտպանություն Ռուսաստանի մարզիկների, փորձելով հնարավորինս մեղմել ՄՕԿ-ի պատիժը:

Իսկ Ռուսաստանը վերջերս հայտարարեց այլընտրանքային ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու մասին… Հիշեցնենք, որ նման բան եղել էր 1980-ականներին, երբ ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմի» տարիներին ԱՄՆ-ն չմասնակցեց Մոսկվայի ամառային Օլիմպիական խաղերին, իսկ ԽՍՀՄ-ը եւ սոցալիստական ճամբարի տասնյակ երկրները հրաժարվեցին ԱՄՆ մեկնել՝ հաջորդ ամառային Օլիմպիական խաղերին, եւ մասնակցեցին Մոսկվայի այլընտրանքային «Բարի կամքի» խաղերին…

Հայ ֆուտբոլիստը արցունքներն աչքերին է հրաժեշտ տվել թիմին

Հենրիխ Մխիթարյանն այս օրերին գնացել է ակումբի մարզաբազա եւ հրաժեշտ տվել թիմակիցներին: Նա արտասվել է հրաժեշտի պահին:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն հայտարարությամբ հանդես եկավ Մխիթարյանի վերաբերյալ՝ ասելով, որ տեղափոխությունն առայժմ կայացած չէ եւ որ Հենրիխը չի ընդգրկվի «Բառնլի»-ի դեմ խաղի հայտացուցակում:

Մանկունյական ակումբում աշխատող անձանցից մեկը Daily Mail-ին հայտնել է. «Շատ արցունքներ եղան, քանի որ Մխիթարյանը սիրված անձնավորություն էր «Յունայթեդ»-ում: Գիտենք, որ նա այդքան էլ գոհ չէ՝ ինչպես է ձևակերպվում գործարքը: Մխիթարյանը հասկանում է, որ «Արսենալ»-ում ավելի շատ խաղային պրակտիկա է ունենալու, բայց կցանկանար հեռանալ սեփական պայմաններով»:

Ըստ վերջին օրերին շրջանառվող լուրերի՝ Հայաստանի հավաքականի ավագն «Արսենալ» կտեղափոխվի՝ որպես «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային գործարքի մի մաս:

Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել իր թիմակցին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նկատել են իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Նրանցից մեկն իր թվիթերյան էջում լուսանկար է տեղադրել եւ գրառում կատարել, ըստ որի մանչեսթրցիների ավագ Պոլ Պոգբան, որը նույնպես համագործակցում է իտալացի գործակալի հետ, հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին եւ ջերմորեն հրաժեշտ տվել:

Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, հայազգի ֆուտբոլիստը իր գործակալի հետ արդեն մեկնել է Լոնդոն եւ պատրաստվում է 4 տարվա պայմանագիր կնքել տեղի «Արսենալ»-ի հետ: Հենրիխ Մխիթարյանը նոր թիմում շաբաթական ստանալու է 130 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ, ինչը  պակաս է նախորդի համեմատ (մոտ 10 հազարով):

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու հավանականությունը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխվելու լուրերին: Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխանակման գործարքից դեռեւս նորություն չկա: «Կարծում եմ` բոլորն արդեն գիտեն այդ գործարքի մանրամասները, հատկապես «Արսենալ»-ի մարզչի այդքան բացահայտ խոսքերից հետո: Այս պահին Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, իսկ Սանչեսը` «Արսենալի»-ի: Չեմ ցանկանում այդ մասին շատ մտածել, որովհետև պետք է կենտրոնանամ վաղվա խաղի վրա»,- «Բարնլի»-ի դեմ կայանալիք խաղի նախաղաղային մամուլի ասուլի ընթացքում ասել է պորտուգալացի մասնագետը: :

Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գրեթե ավարտված է: Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին: Պարբերականի տվյալներով Հենրիխ Մխիթարյանը խաղընկերներին հրաժեշտ տալու պահին չի կարողացել զսպել արցունքները:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն «Արսենալ» ներառված է Լոնդոնը ներկայացնող թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքում:

Նա ընդգծել է, որ ինքը բանակցություններին չի մասնակցում, պարզապես սպասում է նորությունների: Միեւնույն ժամանակ, Մոուրինյոն հայտնել է, որ «Բարնլի»-ի դեմ խաղին Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի:

Մոուրինյոն հրաժարվել է նաև խոսել Ալեքսիս Սանչեսի մասին` շեշտելով, որ այդ մասին կխոսի, երբ Սանչեսը դառնա իրենց ֆուտբոլիստը:

Արսեն Վենգեր. «Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի խաղը»

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը հնարավոր է առաջիկա 24 ժամում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվի լոնդոնյան ակումբ: «Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի խաղը: Նա բազմիցս հանդես է եկել մեր դեմ եւ միշտ լավ տպավորություն է թողել: Գլխավորն այն է, որ նրան հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալ»-ը,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք ակումբը ի վիճակի է բավարարել Հենրիխ Մխիթարյանի ֆինանսական պահանջները, որը ցանկանում է ստանալ Ալեքսիս Սանչեսի չափ աշխատավարձ, Արսեն Վենգերն ասել է. «Աշխատավարձի չափը մեր համար խնդիր չէ: Սակայն այդ տրանսֆերը կարող է ամեն պահին ձախողվի: Այդպիսին են այսօրվա տրասնֆերային շուկայի բարքերը»,- եզրափակցրել է մարզիչը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրաժարվել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ Ռոնալդուի տրանսֆերից

Անգլիական ակումբը հրաժարվել է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից՝ Ալեքսիս Սանչեսի տեղափոխության պատճառով: Այս մասին գրում է sports.ru-ն: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այլեւս չի տեսնում 32-ամյա հայրենակցին ձեռք բերելու անհրաժեշտությունը:

Այս տեղեկության մեկ այլ հաստատումն այն է, որ Սանչեսը «ՄՈՒ» -ում կխաղա 7 համարի մարզաշապիկով, որով  նախկինում խաղացել էր Ռոնալդուն:

Շախմատի Հայաստանի չեմպիոնները վայր դրեցին լիազորությունները

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Կանանց մրցաշարի առաջատարներից Մարիա Կուրսովան վստահ հաղթեց Սուսաննա Գաբոյանին: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող Աննա Սարգսյանը պարտվեց Մարիա Գեւորգյանին: Այդպիսով, Մարիա Կուրսովան վաստակեց 6 միավոր եւ միանձնյա սկսեց գլավորել մրցաշարային աղյուսակը: Աննա Սարգսյանը 5 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Գալոյանը, որը այս տուրում հաղթեց Սոնա Ասատրյանին, 4,5 միավորով բարձրացավ 3-րդ տեղ: Գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը չնայած հաղթանակին եւ վաստակած 3,5 միավորներին, վայր դրեց իր լիազորությունները, քանի որ նա այլեւս չի կարող հասնել առաջնության ընդգծված առաջատարին: Վաղը նախատեսված նախավերջին՝ 8-րդ փուլում, Մարիա Կորսովան սպիտակներով կհանդիպի իր գլխավոր մարցակցի՝ Աննա Սարգսյանի հետ, եւ հաղթանակի դեպքում կնվաճի չեմպիոնի կոչումը:

Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանն մրցեց իրենց հետապնդող երկու շախմատիստներից մեկի՝ Արման Փաշիկյանի հետ: Բավական երկարատեւ եւ լարված պայքարում անցած պարտիան 45-րդ քայլին ավարտվեց հաշտությամբ: Այդպիսով, Ռոբերտ Հովհաննսիյանը վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Արման Փաշիկյանն այժմ 4 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, քանի որ նրա հետ հավասար ընթացող Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ այս տուրում եւ կես միավորով առաջ անցավ:

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը նույնպես վայր դրեց իր լիազորությունները, քանի որ այսօր ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, վաստակեց 2 միավոր եւ վերջնականապես կորցրեց առաջատարին հասնելու հնարավորությունը: Կայանալիք 8-րդ փուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի 7-րդ տեղում գտնվող Շանթ Սարգսյանի հետ, ով ոչ-ոքի է ավարտել իր բոլոր վեց պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Կարեն Գրիգորյանի, իսկ Արման Փաշիկյանը՝ Մանուել Պետրոսյանի հետ: Տղամարդկանց առաջնության ավարտին մնացել է 4 փուլ:

Գեղասահք. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 15-րդ տեղը

Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրով հանդես են եկել տղամարդիկ: ՀԱՕԿ լրատվականը գրում է. «Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը փայլուն է հանդես եկավ եւ 36 մարզիկների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է նրա կարիերայում: Մեր գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ սահմանեց: Նա 24 լավագույն մարզիկների մեջ հաղթահարեց որակավորման փուլը եւ հունվարի 19-ին հանդես եկավ կամավոր ծրագրով:

Կարճ ծրագրի արդյունքով ուժեղագույնների եռյակը կազմում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիեւը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլեւը (Լատվիա, 85.11)»: Կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքում Հայրապետյանը վաստակել է 196.63 միավոր (անձնական ռեկորդ) եւ զբաղեցրել է 15-րդ տեղը: Սլավիկը լավագույն արդյունքը ցույց է տվել թե´ իր կարիերում, թե´ Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:

Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը (295.55)՝ գերազանցելով ռուսաստանցիներ Դմիտրի Ալիևին (274.06) և Միխայիլ Կոլյադային (258.90):

Ազատ ոճի ըմբիշները մրցաշրջանը մեկնարկում են Ծաղկաձորի հավաքով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսել են պատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին: Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոևն ու Լեւան Բերիանիձեն: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ նրանք այս պահին իրենց ակումբներում են:

Հավաքի ավարտից հետո ազգային և երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ եւ 92 կգ:

Հայաստանը գրանցել է 2018թ. դպրոցական օլիմպիական առաջին հաջողությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2018թ. հունվարի 10-16-ը տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաեւ մեր երկրի դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից եւ Քվանտ վարժարանից:

Հայաստանի 2 թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի եւ 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել Գեւորգյան Դավիթը (ֆիզիկա, ոսկե մեդալ), Մաղաքյան Գագիկը (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Մարտիրոսյան Վահանը (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Կարագուլյան Վահեն (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Սարգսյան Էմման (ֆիզիկա, բրոնզե մեդալ): Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել Կարալյան Ալեքսանդրը (մաթեմատիկա),  Անդրեասյան Սամվելը (ինֆորմատիկա):

ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը եւ Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը: Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝   32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։