Գաղտնիքների բացահայտվելու ժամանակները.- ՀԴԲ-ի փաստաթուղթ. Մարտին Լյութեր Քինգին կասկածել են կոմունիստների հետ կապի մեջ… Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը…

ՀԴԲ-ի փաստաթուղթ. Մարտին Լյութեր Քինգին կասկածել են կոմունիստների հետ կապի մեջ

ԱՄՆ իշխանությունները կասկածել են հայտնի ամերիկացի իրավապաշտպան,  խաղաղության  Նոբելյան մրցանակիր Մարտին Լյութեր Քինգին (1929-1968թթ.) կոմունիստների հետ կապի մեջ: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է նախօրեին հրապարակված փաստաթղթում:

Մարտին Լյութեր Քինգին հետեւելու փաստը հայտնի է եղել պատմաբաններին, բայց այս փաստաթուղթը նախկինում երբեք չի հրապարակվել: Այն Մարտին Լյութեր Քինգի մասին ՀԴԲ-ի կազմած 20 էջանոց թղթապանակ է, թվագրվում է 1968թ. մարտի 12-ով: Մարտին Լյութեր Քինգը սպանվել է 1968թ. ապրիլի 4-ին:

Փաստաթղթում ասված է, որ Մարտին Լյութեր Քինգի շրջապատում աշխատել էին Ամերիկայի Կոմունիստական կուսակցության երկու անդամ, եւս 8-ը կապված էին կոմունիստական շարժման հետ: ՀԴԲ-ի կարծիքով, Քինգի գլխավորությամբ իրավապաշտպան շարժումը շատ լավ համընկնում էր կոմունիստների նպատակին՝ ձեւավորել աֆրոամերիկացիների աշխատանքային կոալիցիա: Մասնավորապես, Մարտին Լյութեր Քինգի օգնական Ստենլի Լեւիսոնին ՀԴԲ-ն անվանում է «քայքայիչ տարր», ով «երկակի կյանք էր վարում հանուն Ամերիկայի կոմունիստական կուսակցության»:

ՀԴԲ-ն նաեւ չի վստահել Մարտին Լյութեր Քինգի հայտարարություններին այն մասին, որ մտադիր է պայքարել գունավոր բնակչության իրավունքների համար ոչ բռնի մեթոդներով: Փաստաթղում նշված է, որ Մարտին Լյութեր Քինգը կապված է եղել մարդկանց հետ, ովքեր կասկածվել են «սեւ ազգայանականության մեջ»:

ՀԴԲ-ի կազմած փաստաթղթի զգալի մասը նվիրված է Մարտին Լյութեր Քինգի սեռական կյանքին, նշված է, որ նա ունեցել է անօրինական երեխա:  

Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը

Չնայած ԿՀՎ-ի ճնշումներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրի ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963թ, սպանությանը վերաբերող գաղտնազերծված ավելի քան 2800 փաստաթուղթ: Դոնալդ Թրամփի նախօրեին ստորագրած հրամանով, հրապարակվել են ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության վերաբերյալ մինչ օրս հույժ գաղտնի պահվող նոր փաստաթղթեր:

Ինչպես նշվեց, նոր մանրամասներ պարունակող ավելի քան 2800 փաստաթուղթ արդեն տեղադրված է Ազգային արխիվի կայքում, որը կարող է լույս սփռել տասնամյակների ընթացքում չբացահայտված ողբերգական սպանության գործին:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ գաղտնազերծված փաստաթղթերի մյուս մասը կհրապարակվի առաջիկա ամիսներին եւ մինչեւ 2018թ. ապրիլի վերջ ամբողջությամբ հասանելի կլինի հանրությանը:

Վկայակոչելով Կենտրոնական հետախուզական վարչության խոսնակին՝ Reuters-ը հաղորդում է, որ շուրջ 18 հազարի հասնող փաստաթղթերի մեծ մասը կփոխանցվեն Ազգային արխիվին՝ բացառությամբ դեռ վերանայման փուլում գտնվող ընդհանուր նյութերի 1%-ի:

ԱՄՆ-ի Կոնգրեսը ծրագրել էր նշված փաստաթղթերի գաղտնազերծումը դեռ 25 տարի առաջ:

Նախագահ Թրամփը, ով արդեն այս մասին ոգեւորված թուիթերյան հաղորդագրություն է գրել, մերժել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի մի քանի հազար փաստաթղթերի հույժ գաղտնի պահելու եւ չհրապարակելու մասին խնդրանքը:

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։