Վրաստանի ձեռքը Թանդոյան եկեղեցու՞ն էլ հասավ – Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականություն՝ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին…

Կյանքը ցույց է տալիս, որ ռազմավարական նախկին ճակատագրական սխալները շատ թանկ են նստում տվյալ ազգի վրա եւ անընդհատ շոշափում են նրա արժանապատվության եւ վարկանիշի խնդիրները: Այդպիսի մի հիմնահարց է վիրահայության իրավունքների եւ նրա մշակութային ժառանգության հանգամանքը: 

Եթե հայկական վերնախավը անցյալ դարի 10-ական թվականներին կարողանար իրական քաղաքականությամբ եւ ռազմավարությամբ քաղաքակրթական տարածքը չզիջել օտարներին, տվյալ դեպքում վրացիներին, իսկ ավելի ստույգ՝ մենշեւիկյան մասոնական ժողովարանին, ապա այժմ չէին ծագի Վրաստանում եղած եւ հայերի կառուցած եկեղեցիների պահպանության հարցերը:

Մենք պետք է Հայաստանի առաջին հանրապետությունն ստեղծեինք հին հայկական Տփղիս/այժմ՝ Թբիլիսի/կենտրոնով: Այդ պարագայում կունենայինք ուժեղ ու ընդարձակ երկիր, որը ավելի ամուր հիմք կլիներ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Համոզված ենք՝ այդ դեպքում չէր լինի նաեւ թուրք-ադրբեջանական շրջափակումը: Ավելին, Հայաստանը ելք կունենար դեպի Սեւ ծով, որը կլուծեր աշխարհաքաղաքական, քաղաքական եւ տնտեսական շատ խնդիրներ:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության այժմյան իշխանություններին, ապա նրանք չեն զբաղվում վիրահայերի, մահմեդական հայերի եւ այլ հիմնախնդիրներով՝ ընդարձակելով քաղաքական գործունեության տարածքը:  

Ասվածի լավագույն վկայությունը այս պարագայում Թիֆլիսի Թանդոյան եկեղեցու հարցն է: Այն, պատմական վավերագրերի հավաստմամբ, կառուցվել է 1865թ. եւ նորոգվել 1890-ական թթ. վերջին: Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո եկեղեցին վերածվել է «Դռնապահների ակումբի», իսկ հետագայում էլ՝ «Կոլխիդա» կինոթատրոնի, որը գործել է մինչեւ 1980-ական թվականների վերջը: Ինչպիսի՜ բարեհաճ վերաբերմունք Աստծո տան նկատմամբ, ապշել կարելի է:

Տարիների անտարբեր վերաբերմունքի պատճառով այժմ հոգեւոր շինությունը կիսավեր է, խոնարհված. տանիքը փլուզվել է եւ գտնվում է անտեր վիճակում՝ վերածվելով աղբանոցի: Սա է դառն ու ճնշող իրողությունը:

Իսկ ներկայումս ինչպիսի՞ն է այս կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը: Ոչ մի բան չի փոխվում:

2017թ. հուլիսին Վրաստանի կառավարությունը, համոզված լինելով, որ հայկական կողմը կմնա անտարբեր եկեղեցու նկատմամբ, Վրաց պատրիարքարանին է փոխանցել Թբիլիսիի Թանդոյան Սբ Աստվածածին բազմաչարչար եկեղեցին: Ասենք, որ այն գտնվում է Աղմաշենեբելի փողոցի (նախկին՝ Միխայլովյան, Պլեխանովի) N38 հասցեում: Ուշագրավ է, որ մինչեւ եկեղեցուն փոխանցելը իշխանությունը չի բարեհաճել ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը, նրա մշակութային եւ դավանանքային հատկանիշները:

Նշենք նաեւ, որ եկեղեցուն կից կառուցվել է եկեղեցական-ծխական դպրոց: Այն 1883թ. կառուցել է այրի Կեկել Գրիգորի Թանդոյանը, եղբոր՝ Ալեքսանդր Բաբասյանի աջակցությամբ, եկեղեցին շինողի հոգու փրկության համար: Իսկ եկեղեցին շինել է քաղաքի պատվարժան բնակիչ Սահակ Թանդոյանը, դրա համար էլ կոչվում է նրա անունով: Թանդոյանները հուղարկավորված են շինության տարածքում, կան 1883թ. գերեզմանաքարեր:

Ըստ հայագետ Լեւոն Մելիքսեթ-Բեկի հետազոտության՝ Թանդոյան եկեղեցին 1867թ. Թիֆլիսի հատակագծում արդեն նշված է: Մինչեւ այժմ պահպանվել է ուսումնարանի կառուցման վերաբերյալ հայերեն արձանագրությունը: Այս փաստը նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հետազոտության մեջ: Արձանագրված է նաեւ, որ կառույցի՝ Վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանելու մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Հավելենք նաեւ, որ XX դարասկզբի Թիֆլիսի 1913թ. եւ 1924 թ. քարտեզներում եւս այն վկայված է որպես հայոց եկեղեցի: Էլ չենք ասում այն մասին, որ Վրաստանի ազգային արխիվում կան բազմաթիվ վավերագրեր եկեղեցու հայկական լինելու մասին (1874թ., 1975թ., 1884թ., 1907թ., 1921թ. եւ այլն): Եկեղեցու պատմության մասին բազում փաստաթղթեր են պահվում նաեւ Հայաստանի ազգային արխիվում:

Թանդոյան եկեղեցու փակումը հաստատվում է Թիֆլիսի Ժողգործկոմի նախագահության 1924թ. հրամանով: Իսկ 1927թ. օգոստոսի 12-ին շինությունը փոխանցվել է Թիֆլիսի գործկոմին: Ապա 2015-2016թթ. Վրաստանի իշխանությունները Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման ծրագրով եկեղեցին ճանաչել են որպես հայկական կառույց:

Ելնելով այս հանգամանքից՝ 2015թ. դեկտեմբերի 27-ին Վիրահայոց թեմը դիմել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությանը՝ խնդրելով Թանդոյան եկեղեցուն շնորհել մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Գործակալությունը խոստացել է վերանորոգման աշխատանքներից հետո արձագանքել այդ դիմումին, բայց մինչեւ այժմ ոչ մի տեղեկություն չի տրվել: 

Վրացական իշխանությունները, իրենց սովորության համաձայն, դիմել են խաբեության եւ կեղծիքի: Նրանք պնդում են, որ այդ վայրում իբր թե եղել է վրացական եկեղեցի, որը 1622թ. ոչնչացրել է պարսից Շահ-Աբասը: Ըստ այդ կեղծարարության՝ եկեղեցին կրել է Սբ Խաչի հայտնության անունը, որը 1814-1816թթ. կառուցվել է հին եկեղեցու փլատակների վրա: Դրա համար աղբյուր է դարձել ոմն Դ. Կարիճաշվիլու «Մենաստաններն ու եկեղեցիները Թիֆլիսում ու նրա շուրջը աշխատությունը (1837թ.)»: Իսկ արխիվային փաստաթղթերը եւ քարտեզները նրանց համար ոչ մի նշանակություն չունեն: Վրացական բթությունը եւ համառամտությունը սահմաններ չի ճանաչում:

Բյուրոկրատական քաշքշուկներից հետո 2017թ. հուլիսի 10-ին Վրաստանի պետական գույքի ազգային գործակալությունը չեղյալ է համարել պահանջվող գույքի գրանցումը: Հանրային ցուցակագրության ազգային գործակալությունը 2017թ. հուլիսի 26-ին Վրաստանի պատրիարքարանի անունով գրանցել է 4591 քառակուսի մետր հողատարածք եւ այդտեղ առկա վնասված եկեղեցին:

Այն էլ ասենք, որ 2017թ. դեկտեմբերին վնասված Թանդոյան եկեղեցու հիմքերը մասամբ փոխված են, եկեղեցու շրջակայքը մաքրվել է քարերից, եւ տարածքում աշխատանքներ են կատարվում: Այս ընթացքում վնասվում եւ խախտվում են շինության պատմական ու մշակութային յուրահատկությունները եւ գերեզմանները: Մեր խորին համոզմամբ՝ այս քայլը կատարվում է ի պատասխան հայկական կողմի պաշտոնապես առաջադրած վիրահայ եկեղեցիների վերադարձի (ռեստիտուցիայի) օրինական պահանջի: Այս թեմայի մասին հանդես է եկել Վրաստանի համերաշխության եւ բազմազանության ինստիտուտը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Վիրահայոց թեմն արդեն դատական հայց է ներկայացրել: Միայն թե իրավական դաշտում մի անհեթեթություն կա. բանն այն է, որ Վրաստանում 2002թ. եկեղեցու եւ պետության միջեւ կնքված համաձայնագրի մի կետի համաձայն՝ այս երկրում եղած քրիստոնյա բոլոր եկեղեցիները համարվում են Վրաց ուղղափառ եկեղեցու սեփականություն:

Ինչ հրաշալի՜ է:

Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականություն՝ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին:

Սա ազգային բնական իրավունքների կոպտագույն խախտում է, որը բռնապետական իշխանության վկայություն է: 

Երբեք չի կարելի մեր հայրենակիցներին անպաշտպան թողնել ֆաշիստական եւ բռնակալական հակումներով մի երկրում, ինչպիսին Վրաստանն է:

Այժմ անհրաժեշտ է, որ հայ լավագույն փաստաբանները սատար լինեն Վիրահայոց թեմին նրա մղած դժվարին պայքարում: Իսկ Հայաստանի իշխանությունների մեջ վերջապես պետք է խոսի ազգային քնած մտածողությունը, որպեսզի աջակցեն ու զորավիգ լինեն վիրահայերին իրենց արդար պայքարում:

Ռ. Զուրիկյան

Պատմաբան, հայագետ

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։