Ճանաչեցինք եզդիների ցեղասպանությունը՝ իրաքյան ահաբեկիչների կողմից կատարված – Հայաստանի խորհրդարանը 2014թ. էլ հայտարարություն է ընդունել  նաեւ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների եւ հույների ցեղասպանության մասին…

Հայաստանի Խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծը: Քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը եւ մինչ քվեարկությունը վարման կարգով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գրավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն հեղինակներից որեւէ մեկը հաշվի չի առել դրանք։

«Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,- նշել է նա։ Նախագիծն ԱԺ-ն ընդունեց 91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց ու ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսեւորումները կանխելու համար»,- ԱԺ-ում «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը։  

Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արմեն Աշոտյանը, նրանց են միացել նաեւ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները։

Ռուստամ Մախմուդյանը հիշեցրեց, որ 2014թ. օգոստոսի 3-ին հարձակումներ են եղել Իրաքի Սինջար քաղաքի վրա, հարձակման զոհ են դարձել սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք եւ աղջիկներ առեւանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են «ցեղասպանություն» եզրույթի տակ: Նրա խոսքով՝ եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են եղել 1915-1923թթ. հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությանը։ Նախագծով կոչ է արվում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց։

Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ որպես Հայաստանի խորհրդարան, պարտավոր են լինել մաքսիմալ շիտակ նման գնահատականներում. «Չեմ կասկածում, որ այս ակտը կընդունվի միաձայն»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ ունեն քաղաքական կոնսենսուս։ «Ազգային ժողովում ձեւավորվել է շատ լավ ավանդույթ, երբ բոլոր քաղաքական ուժերը՝ դիմություն, թե ընդդիմության, անկախ իրենց ներքաղաքական տարաձայնություններից, ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաեւ կոչ արեց հունվարի 16-ը Հայաստանում ունենալ հիշատակի օր, որը բոլորը կընդունեն որպես հայոց խորհրդարանի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության դատապարտման օր:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը 2014թ. հայտարարություն է ընդունել  նաեւ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների եւ հույների ցեղասպանության մասին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։