Ադրբեջանական ընտրություններին ընդառաջ՝ ներկլանային վերադասավորումներ – Մեհրիբան Ալիեւայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, բայց նախիջեւանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային ու պաշտպանական ոլորտը՝ լարված պահելով Իլհամ Ալիեւին…

Ադրբեջանում մոտ 10 կարեւորագույն բանկեր կփակվեն. հայտնել է ադրբեջանագետ, պգթ Տաթեւիկ Հայրապետյանը: Ադրբեջանական վերնախավում նոր վերադասավորումներ են ընթանում, ինչը հղի է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին խնդիրների առաջացմամբ:

Եվ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություն-զգուշացումն իր քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել մի շարք երկրներ, որոնք ահաբեկչության վտանգի առաջ են, ներառում էր նաեւ Ադրբեջանը: Պատահական չէր նույն օրը Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը նախարարների հետ: «Նա ելույթի ամենասկզբում նշեց՝ Ադրբեջանն աշխարհի ամենակայուն երկիրն է, եւ չնայած աշխարհում առկա բազմաթիվ սպառնալիքներին՝ իրենք կարողանում են ապահովել անվտանգություն՝ իրենց եւ օտարերկրյա քաղաքացիների համար, եւ դա կշարունակվի նաեւ 2018թ.»,- նշել է ադրբեջանագետը, ում խոսքով՝ այս երկու հայտարարությունները հակասում են իրար:  

Պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական ակտիվացման հնարավոր գործընթացների կանխատեսումների հետ, ինչը նաեւ կապ ունի Իրանում լարվածության հետ, քանի որ դա եւս անմիջականորեն կարող է ազդել Ադրբեջանում իսլամական խմբավորումների ակտիվացման վրա: Առանց այն էլ իսլամական խմբավորումներն աշխուժացել էին թուրքական եւ «Իսլամական պետության» ագրեսիվ կրոնական քաղաքականությունից: Իսկ ինչ մնում է տնտեսական վերաբաժանումների փորձին, ապա Իլհամ Ալիեւի վերոնշյալ ելույթում փորձել է կանխել դա՝ նշելով, թե 2017-ին մեծ աճ են գրանցել, զարգացրել են ոչ նավթային սեկտորը, կայունացրել են տնտեսությունը: Նավթային սեկտորը նշվել է, որովհետեւ Ադրբեջանի բյուջեի ավելի քան 90%-ը այդտեղից է սնվում, ուստի փորձ է արվում ցույց տալ ընդհանուր տնտեսական առաջընթացը:…

Ադրբեջանում իշխանությունները տեղեկատվությունը մշտապես պահում են խիստ վերահսկողության ներքո, որովհետեւ դա է ապահովում ցայսօր նրանց խաբկանքը ադրբեջանական մեծ հաջողությունների մասին:

Հակառակ Իլհամ Ալիեւի վստահեցումներին, ընդդիմադիր քաղաքագետներն ու տնտեսագետները վատ կանխատեսումներ ունեն, մասնավորապես՝ նշում են, որ բանկային սեկտորում լուրջ խնդիրներ կան, կանխատեսվում է բանկերի փակում, ինչպիսին եղավ 2017-ին. այս տարի էլ մոտ 10 կարեւորագույն բանկի փակում է սպասվում: Սակայն, քանի որ նավթի գները փոքր-ինչ կայունացել են, որոշակի կայունացում է նկատվում, ինչը փոփոխական է: Բաքուն նաեւ հերթական անգամ չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսումը՝ կրկին փորձելով կասեցնել բողոքի ընդհանուր ալիքի բարձրացումը: Կրկին նշվեց, թե իրենց բանակը տարածաշրջանում հզորագույնն է՝ ի դեմս տնտեսական հաջողությունների, եւ ամեն պահի կարող է ռազմական խնդիր լուծել:

Անդրադառնալով սպասվելիք ընտրություններին, որ կայանալու են հոկտեմբերի 17-ին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկրում այս համապատկերին ներկլանային, ներքաղաքական վերադասավորումներ են լինում, որից Մեհրիբան Ալիեւայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում: Սակայն նախիջեւանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային ու պաշտպանական ոլորտը, ինչը միշտ լարված է պահում Իլհամ Ալիեւին:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։