Երեւանը՝ նոր որոշումներով.- Հրավառություն -1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ – Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր… Երեւան քաղաքի 2018թ. բյուջե – Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին…

1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ

Այսուհետ առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ օրենսդրության պահանջները խախտելու դեպքում՝ 2 մլն դրամով:

Անկեղծ ասած՝ ինձ մնար, տուգանքի չափն ավելի մեծ կանեի: Հասկանում եմ՝ ուրախություն է, շատերի համար՝ անմոռանալի երջանիկ պահ: Բայց պատկերացրեք, ուշ երեկոյան աշխատանքից վերադարձած մոր վիճակը, որ առանց այն էլ չքնող մանկահասակ երեխային հազար անգամ օրորոցային երգելով նոր-նոր քնացրել է՝ մեկ էլ շրխկ, թրխկ, կողքի շենքի բնակիչը իր պատշգամբից հրավառություն է անում: Ձայնից միանում են տարածքի ավտոմեքենաների ազդանշանները: Երեխան լեղաճաք արթնանում է ու ամբողջ գիշեր չի քնում կամ քնում է ընդհատումներով…

Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր:

Այս տարվա կառավարության հենց առաջին նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ այդ հարցին: Ըստ այդմ, Երեւանում (ոչ միայն)  կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլեւ առաջացնում են բազմաթիվ հրդեհներ ու այլ արտակարգ իրավիճակներ:

Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը:  

Քաղաքացիները բազմիցս բողոքում ու դիմումներ են ներկայացնում կապված ուշ ժամերին հրավառությունների հետ: Բնագավառը կանոնակարգելու նպատակով քննարկման դրվեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացող պահանջները եւ պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Միաժամանակ սահմանվեց, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաեւ տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:

Մեկ այլ փոփոխություն կա մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների վարձավճարների հետ կապված: Ու քանի որ շրջանառվեց, թե վարձավճարի բարձրացում է եղել, «Լուսանցք»-ը փորձեց հասկանալ իրավիճակը:

Երեանի քաղաքապետարանից ստացած պարզաբանման համաձայն, ընդհանուր վարձավճարների թանկացում տեղի չի՛ ունեցել: Խոսքը միեւնույն արտադպրոցական դաստիարակության ծառայության համար Երեւան համայնքում միեւնույն տեղական վճարի՝ 8 հազար դրամի սահմանման մասին է: Ընդ որում, մի մասի համար վճարվող գումարի չափը նվազել է, մի մասի համար մնացել է նույնը, իսկ որոշ մասի համար՝ աճել: Այս վերջինի մասով Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է արտոնություններ: Մասնավորապես, այն անձիք, որոնց համար տեղական վճարը՝ նախկինում վճարվող գումարի համեմատ, աճել է եւ առաջացել է վճարման խնդիր, կարող են դիմել Երեւանի քաղաքապետարան եւ ստանալ վճարման լրացուցիչ արտոնություն: Ըստ էության, առկա կարգավորումները նախատեսում են հնարավոր բոլոր խնդիրների լուծումը:

Խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար ամսական 8 հազար դրամ է սահմանված, նույնքան՝ գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային եւ ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցման համար: Երգեցողության ուսուցման համար նույնպես 8 հազար է, նույնքան էլ՝ պարարվեստի եւ կերպարվեստի ուսուցման համար:

Ընդ որում, այս նշված ծառայություններից որեւէ մեկով օգտվողները մյուս ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք մեկ այլ նորության մասին էլ:

Հունվարի 1-ից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցներ եւ համայնքային շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներ կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից:

Եվ վերջում, իհարկե, բոլորիս հետաքրքրող հասարակական տրանսպորտի գնի մասին:

Հանրության շրջանում մտահոգություն կա, որ վառելիքի թանկացման պատճառով հնարավոր է, որ թանկանա նաեւ հասարակական տրանսպորտի գինը: Քաղաքապետարանից «Լուսանցք»-ին տեղեկացրին, որ հասարակական տրանսպորտի սակագնի փոփոխման հարց Երեւանի քաղաքապետարանի օրակարգում այս պահին չկա եւ չի քննարկվել:

Աստղինե Քարամյան

Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին

Մայրաքաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում (դեկտեմբերի 26, 2017թ.) որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել եւ քվեարկությամբ հաստատվել է Երեւան քաղաքի 2018թ. բյուջեն:

Նախագիծը ներկայացնող Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ 2018-ի բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2018-ը որպես Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի առաջին տարվա բյուջե, մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ եւ գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն ծրագրերը, որոնք միտված են լինելու մայրաքաղաքի տարածքային համաչափ ու կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ եւ մատչելի միջավայրի ձեւավորմանը:

Ըստ այդմ, 2018թ. բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 80 մլրդ. 189 մլն. 969 հազար դրամի չափով:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21 մլրդ. 903 մլն. 379 հազար դրամ՝ 2017թ. նախատեսվածից 1 մլրդ. 360 մլն. 209 հազար դրամով ավելի: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2016թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 10,9%-ով:

2018թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 80 մլրդ. 237 մլն. 969 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջեին:

Ծախսերի ծավալների 38,3%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:

Ավագանին քննարկել եւ հաստատել է նաեւ մայրաքաղաքի 2018թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, կազմվել է հիմք ընդունելով Երեւանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի գերակայությունները եւ առկա հիմնախնդիրները։

Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ եւ հարմարավետ միջավայրի ապահովումը՝ ինչպես Երեւանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար:

Այս համատեքստում մասնավորապես կարեւորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի եւ բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձեւավորումը, հարմարավետ եւ անվտանգ տեղաշարժի ապահովումը։

Նշվել է, որ 2018թ. ոչ միայն կշարունակվեն եւ տրամաբանական ավարտին կհասցվեն սկսված աշխատանքները, այլեւ կիրականացվեն նոր եւ հեռանկարային ծրագրեր:

Երեւանի ավագանին քննարկել եւ հաստատել է նաեւ Երեւան համայնքում տեղական վճարների 2018թ. դրույքաչափերը սահմանելու եւ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2018թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։