ԱԺ նախագահի հետքերով – խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես հետաքրքրում է… Կոալիցիայի դռները փակ են միայն պաշտոնների համար եկող ուժերի առջեւ…

ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ եւս որոշակի խոսվեց ԱԺ նախագահի հնարավոր փոփոխության մասին: Երկրի վարչապետի եւ նախագահի մասով քննարկումներն իհարե ավելի հորդառատ են, սակայն հետաքրքրում է նաեւ խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես: 

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ըմդդիմադիրները նորից չեն դիմելու այդ հարցով: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ եթե այդպիսի հարց առաջանա՝ կքննարկեն, սակայն ոչ ոք չի դիմել: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չեն ցանկանում ընդդիմությանը զիջել 2018-ի նախագահի պաշտոնը, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ այդ հարցով եւս չեն դիմել, իսկ իրենք կհետեւեն, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է նաեւ մտածում ընդդիմությունը:

Իսկ այն դիտարկմանը, թե ընդդիմությանը լծակներ պետք է տալ, նա արձագանքել է. «Մենք տվել ենք ընդդիմության լծակներն իրենց: Առկա ամբողջ աշխատանքները ցույց տվեցին, որ ԱԺ աշխատանքները խոչընդոտելու հնարավորություն չկա, կան եւ իշխանական եւ ընդդիմադիր լծակներ»: Ինչ վերաբերում է կոալիցիան ընդլայնելու հավանականությանը, Վահրամ Բաղդասարյանը շեշտել է, որ «այս պահին ունեն կոալիացիա ՀՅԴ-ի հետ, իսկ համագործակցություն ունեն շատ այլ քաղաքական ուժերի հետ»: Այլ խնդիր է, որ այլ քաղաքական ուժեր համագործակցությունը հասկանում են պաշտոնը, որ կոալիցիայի մեջ մտնեն, որ պաշտոն ստանձնեն, ոչ թե հանուն երկրի, դա ուրիշ հարց է, ընդգծել է պատգամավորը: «Եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք: Այն բոլոր քաղաքական ուժերը, որ կցանկանան այդպես համագործակցել, մեր դռները փակ են, իսկ կոալիցիայի փոփոխման խնդիր մենք չենք քննարկել, կդիմեն, կքննարկենք»:  

Իսկ առհասարակ, ըստ ՀՀԿ-ի, ԱԺ-ն, ի դեմս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, լավ է աշխատում: «ԱԺ նախագահն իր տեղում է, աշխատում է ճիշտ, կարողանում է հարաբերությունները ճիշտ պահպանել: Նա կանոնակարգ օրենքից որեւէ շեղում չի կատարում»,- շեշտել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Չնայած այս խոսքերին, ըստ մամուլում սպրդած լուրերի,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը եւ ապրիլից զբաղեցնել նրա տեղը:

Իսկ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձեւաչափով Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկել է խորհրդարանի  հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Նա նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը…»:

Շատերը սա բացառիկ գովք որակեցին, ինչպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, անգամ թափանցիկ ակնարկ համարեցին սա ուղղված ներկաներին, ինչպեսեւ ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն։

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։