Արդյո՞ք երկրի նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի – Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել…

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունենա բարձր հեղինակություն՝ նաեւ Սփյուռքում:  «Մեր երկրում կան նմանատիպ մարդիկ, իսկ անունների մասին դուք չեք կարող հիմա որեւէ բան իմանալ, քանի որ այդ քննարկումները դեռ չենք ծավալվել: Երբ որ այս շաբաթ կլինեն այդ քննարկումները, կլինեն անունները, դրա մասին մենք տեղյակ կպահենք»:

Որքան վերլուծում ենք քաղաքական ասպարեզում առկա ծավալումները, գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարծես արդեն ստանձնել է ապագա վարչապետի պարտականությունները եւ անգամ տարեվերջի գնաճի վերաբերյալ քննարկումներ անցկացրեց՝ հասկացնելով, որ հետեւելու է ընթացքին եւ հանձնարարականների կատարմանը: Իսկ խոսքը երկարատեւ ծրագրերի մասին էր, մինչդեռ իր նախագահության ժամկետն ավարտվում է ապրիլին։

Մինչ նոր նախագահ ընտրելը, նախագահի լիազորությունները պատկանում են գործող նախագահին եւ նա կատարում է պարտականությունները: Այս գործընթացը օրենքով տրված լիազորությունների շրջանակներում է: Չնայած չի բացառվում, որ նոր նախագահի ընտրությունը ամենայն հավանականությամբ տեղի ունենա մարտի 2-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ թեկնածուների վերաբերյալ քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: ՀՀԿ-ն խորհրդարանում չունի այնքան ձայն՝ 3/4-րդը, որ միանգամից ընտրի երկրի նախագահին, ինչը նշանակում է՝ պետք է որեւէ ուժի օգնությանը դիմի՝ ԲՀԿ-ի կամ «Ելք»-ի: Կամ էլ առաջին փուլից հետո, երբ որեւէ թեկնածու համապատասխան քվեներ չհավաքի, երկրորդ փուլում, երբ ըստ օրենքի կնվազեցվի ձայներ հավաքելու շեմը, ՀՀԿ-ն կունենա իր ընտրած երկրի նախագահին:  

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, որտեղ հանդիպման մասնակիցները կարեւորել են նման հանդիպումներն ու քննարկումները, խոսել են Հայաստանի ապագայի իրենց պատկերացումների, հասարակությանն այսօր մտահոգող խնդիրների, այդ թվում՝ երիտասարդների կրթության, պետության քաղաքացի դաստիարակելու գործում մշակույթի մեծ դերի, հայոց լեզվի անաղարտության պահպանման եւ մի շարք այլ խնդիրների մասին:

Նախագահը պատասխանել է նաեւ մտավորականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանը: Մասնակիցները նախագահից հետաքրքրվել են, թե նա՝ որպես երկրում երկար տարիներ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, բազում դժվարություններով ու պատերազմի բովով անցած անձ եւ քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, ըստ նրա ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի Հանրապետության հաջորդ նախագահը:

Ներկայացնելով իր պատկերացումը երկրի ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պիտի գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական գործառույթները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել:

Իշխող քաղաքական կոալիցիայի մյուս անդամ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, չունի նախագահի թեկնածու եւ կարծես թե չի էլ պատրաստվում առաջադրել: Ըստ ամենայնի այս ուժը կպաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուին:

Կար ժամանակ, երբ Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր դիտարկվում որպես հաջորդ հնարավոր նախագահ: Իսկ այս անգամ Խաչի կնքահայրը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր: Թե սա ինչ-որ բան նշանակում էր, շուտով պարզ կլինի: Իսկ ահա, օրերս շրջանառվեց մի լուր, թե ՀՀԿ-ի կողմից առաջադրվելիք ամենահավանական թեկնածուն «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է, ով, ըստ թերթի, վերջերս այդ նպատակով հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում: Շրջանառվում է նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունները՝ հավելելով, որ Բաղրամյան 26-ում ավելի հակված են Բարսեղ Բեգլարյանի թեկնածությունն առաջադրելուն, ինչը անհասկանալի է դարձնում վարչապետ Կարեն Կարապետյանի ապագան…

Մինչ այս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն նա հրապարակայնորեն հերքեց այդ լուրերը, անգամ հավաստեց, որ բացառում է, որ ինքը կդառնա երկրի նախագահ: Խոսք կա, որ օրինացերկրական Արթուր Բաղդասարյանն ամեն բան անում է, որ կարողանա ստանալ երկրի նախագահի աթոռը: Սա կարող է նաեւ լավ հարթակ դառնալ նրա գրեթե ոչնչացված քաղաքական վարկը վերականգնելու եւ քաղաքական բարձրագույն էլիտա վերադառնալու համար…

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են նախագահի սեփական թեկնածու առաջադրել, ասել է. «Որեւէ քննարկում չենք արել ոչ մեր կուսակցությունում, ոչ մեր գործընկեր կուսակցության հետ»: Չի բացառվում նաեւ, որ ՀՀ նախագահի պաշտոնում սատարեն ՀՀԿ թեկնածուին:

Ամենաառաջինը նախագահի թեկնածուի առաջադրման մասին խոսել է ԱԺ «Ելք» խմբակցությունը, որը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին: Հասկանալի է, որ միայնակ չեն կարող իրենց թեկնածուի հաղթանակն ապահովել եւ դիմել էին «Ծառուկյան» խմբակցությունը: Իսկ այս քաղաքական խայտաբղետ ուժը չի էլ քննարկել «Ելք»-ի հետ համատեղ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

«Նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել ՀՀԿ-ի թեկնածուի համար»,- ասել է պատգամավոր. Նիկոլ Փաշինյանը, ապա «Ելք» խմբակցության ղեկավարը հավելել է, որ ըստ ԲՀԿ-ականների հետ զրույցների՝ «Գրությունը զուտ տեխնիկական պատճառներով անձամբ Գագիկ Ծառուկյանին չի ներկայացվել, սակայն նա տեղյակ է այդ մասին: Իսկ Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը մանրամասն ներկայացրել է թեկնածու չառաջադրելու դրդապատճառները, քանի որ հարցը միայն թեկնածու առաջադրելը չէ, այլ «նաեւ հետագա հաջողություն ունենալու բանաձեւը, որի հետ կապած մենք շատ լավ գիտենք, որ բավարար քանակով մանդատներ չունենք Խորհրդարանում, որպեսզի կարողանանք հաղթանակ ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

Նա «Ելք»-ին եւս հասկացրել է, որ իրենք մի գործընթացի մեջ չեն մտնի, որն ի սկզբանե անհաջողության է դատապարտված: Անգամ տեղեկություն կա, թե գործարար պատգամավորը կուսակիցներին զգուշացրել է, որ պիտի «փակել այդ թեման ու չդառնալ «Ելք»-ի խաղալիքը»….

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը եւս բացառում է, որ ընդդիմադիր Արտակ Զեյնալյանը հաջորդ տարվա ապրիլին որպես «Ելք» դաշինքի թեկնածու որեւէ հնարավորություն չունի խորհրդարանում ընտրվելու Հայաստանի նախագահ: «Որքան հիշում եմ, այդ դաշինքը նաեւ ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել: Թվերը հիմա չեմ հիշում, ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունները չեն կարող վերջին հաշվով հաջողության հասնել»,- ասել է պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը դեռ չի քննարկում Արտակ Զեյնալյանի ընտրվելու հնարավորությունը: Իրենք թեկնածու են առաջադրում, որպեսզի ընտրողները հասկանան, որ եթե անցյալ տարվա ապրիլին իրենք ընտրեին «Ելք»-ին, ապա նախագահի ընտրությունների արդյունքներն այլ կլինեին. «Ինչու՞ Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ նախագահ չընտրվեց: Մի պարզ պատճառով: Որովհետեւ ՀՀ քաղաքացիները մեծամասնությամբ ընտրակաշառքով են ձայն տվել, իսկ այդպես ընտրված պատգամավորները կողմ են քվեարկել Արա Բաբլոյանին… «Ելք»-ում հուսով են, որ «Ծառուկյան» դաշինքը դեռ կմտափոխվի:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։