«Փնտրվում» է հայտնի վարչապետը – Անգամ Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»… Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն…

Եվ այսպես, Հայաստանը շուտով կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, այն համակարգին, որը գործում էր Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ: «Լուսանցք»-ը մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայ Արիական Միաբանության հետ իր մտահոգությունն էր հայտնել այս հարցում, քանի որ ներկա ռազմա-քաղաքական եւ քաղաքա-տնտեսական միջազգային սուր բախումների, նաեւ տարածաշրջանային մի շարք հակամարտությունների պայմաններում, այդ թվում՝ Արցախյան, եւ  երբ անգամ հարց է առաջ եկել աշխարհի հերթական վերաձեւման շուրջ, կարիք կա առավել կենտրոնացված համակարգի:

Իսկ խորհրդարանական համակարգը թերեւս որոշակիորեն խախտում է այդ կենտրոնացումը, ինչը գուցե հենց 1-ին հանրապետության կործանման պատճառներից մեկը դարձավ… Չնայած մեծամասնությամբ դաշնակցական խորհրդարան էր: Վերոնշյալ դեմ ուժերը այսօր էլ կարծում են, որ նախկին կիսանախագահական համակարգը պիտի վերածվեր կենտրոնաձիգ նախագահական համակարգի եւ այն ավելի արագ ու կտրուկ կգործեր արտակարգ իրավիճակներում կամ պատերազմի պայմաններում: Մինչդեռ խորհրդարանական համակարգի պայմաններում չի բացառվում վարչապետի ու նախագահի տարաձայնությունների առաջացումը, որը միանշանակ կփոխանցվի խորհրդարան, եւ անգամ մեծամասնական կառավարող ուժը կարող է մասնատումների եւ այլափոխումների ենթարկվել…

Ինչեւէ, սահմանադրական փոփոխություններն արդեն իրողություն են եւ երկիրը պիտի շարժվի առաջ: Եվ մեր մաղթանքը միայն պիտի հաղորդենք, որպեսզի Հայաստանը եւ համայն հայությունը կարողանան համախմբված ու կենտրոնաձիգ առաջանալ դեպի հայոց առաջիկա եւ գերնպատակները, հայության միմյանց հաջորդող հաղթանակները…  

Այժմ բոլորն անհամբեր սպասում են Հայաստանի վարչապետի, երկրի ու խորհրդարանի նախագահների անունների հստակեցմանը, չնայած ենթադրություններ արդեն կան… Դեռ նախորդ տարի Սերժ Սարգսյանը հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հաջողության դեպքում ինքը չի լինի երկրի վարչապետ, հետո նաեւ հավելեց, թե չի լինի նաեւ պետության եւ խորհրդարանի նախագահ: Շատերն այդ հայտարարությունները կապում էին սահմանադրական փոփոխությունների ընթացքի հետ, հասկանալով, որ Սերժ Սարգսյանը հաստատ պետական թոշակառուի կերպար չունի… Եվ տեսակետներ հնչեցին, թե նա եթե անգամ հրաժարվի էլ, ապա կգա պահը, երբ կուսակցական որոշմամբ կստանձնի այս կամ այն պաշտոնը, իսկ ավելի հավանականը՝ վարչապետի աթոռն է…

Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է ընդդիմանալ նաեւ կուսակցության որոշմանը, եթե իսկապես հեռանում է մեծ քաղաքականությունից, բայց դեռ նախորդ տարի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես մնալու է քաղաքական ասպարեզում… Զինվեք համբերությամբ։ Մենք ժամանակացույց չունենք՝ ասելու, թե ով է լինելու վարչապետ ապրիլին»: Ըստ նրա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերում իրենք բազմաթիվ հարցեր են քննարկում, բայց ոչ այդ մեկը. «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ որ կգա ժամանակը՝ հարցադրում անելու կարիք չի լինի: Սերժ Սարգսյանը ինքը կխոսի այդ մասին»: Նա ոչինչ չի բացառել՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը կա եւ լինելու է երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը:

Իսկ նախորդ տարեվերջին արդեն ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ավելի հստակ խոսեց, թե «Հանրապետականները կողմնորոշվել են՝ ապագա վարչապետը Սերժ Սարգսյանն է… Մարդ, ով մասնակցել է երկրի ճակատագրի կերտմանը, այս պահին ոչ թե պետք է ասել անվիճելի հեղինակություն, այլ ասել, որ ճիշտն այս պահին իրոք Սերժ Սարգսյանի վարչապետ լինելն է»:

Գործող նախագահի հնարավորությունները նա բարձր է գնահատել, որովհետեւ ունի քաղաքական հստակ հենարան: «Վարչապետ Կարեն Կարապետյանն այդ իմաստով խնդիր ունի՝ նա չունի իր քաղաքական ուժը… Անընդհատ ոմանք Կարեն Կարապետյան են ասում, ես չեմ մտածում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Այստեղ քննարկումներ չպիտի լինեն կամ մարդիկ մտածեն՝ ով պետք է լինի, ես ասում եմ, որ պիտի լինի Սերժ Սարգսյանը»:

«Հանրապետականը դեռ կմտածի, թե ով պետք է լինի վարչապետը: Բայց այլ բան չի կարող լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»,- ահա Գալուստ Սահակյանի հախուռն, մի քիչ էլ իրարամերժ տեսակետը:

Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե ապագա վարչապետը պետք է անվիճելի հեղինակություն լինի, պարզապես նրա լիազորությունները շատանալու են եւ ինչ-որ իմաստով նա պետք է լինի անվիճելի. «Անփոխարինելի մարդիկ չկան եւ այդ մասին խոսում է նաեւ ՀՀ նախագահը,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը,- հավելելով, որ ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել, թե վարչապետի 2 թեկնածուներից՝ Սերժ Սարգսյանից եւ Կարեն Կարապետյանից ում հեղինակությունն է ավելի անվիճելի»: Դրա գնահատականը նրանք կտան այն ժամանակ, երբ քննարկումներ կլինեն:

Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն, ավելի ուշ: Հանրապետականները դեռ ականջալուր չեն դաշնակցականների այն տեսակետին, թե Կարեն Կարապետյանը արտաքին քաղաքականության գիտակ չէ,  որի մասին խոսել է Արմեն Ռուսատամյանը: Վահրամ Բաղդասարյանն այս առումով նշել է. «Չեմ կարծում, որ նա պատրաստ չէ պատասխանատվություն վերցնելու, բայց այդ թեման մենք դեռ չենք քննարկել: Ապրիլից հետո պետության թիվ մեկ խաղացողը լինելու է վարչապետը, ոչ թե ՀՀԿ նախագահը, հնարավոր է նաեւ, որ կուսակցության ղեկավարը եւ վարչապետը լինեն տարբեր դեմքեր. Եթե թիմը միասնական է եւ միացել է, ինձ թվում է գաղափարական մոտեցումների արդյունքում դա չխանգարող հանգամանք է»,- նորից անորոշացրել է հարցը ՀՀԿ գործիչը:

Ինչ մնում է խորհրդարանական երկրորդ ուժին, ապա նրանց հայտարարությամբ՝ ԲՀԿ-ի օրակարգում այս պահին վարչապետի թեկնածուի հարց չկա:

Երբ նախորդ տարի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկար դադարից հետո վերջապես եկավ Հայաստան, շատերն արձագանքեցին, թե Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»: Անգամ Ռուսաստանի վարչապետն իր խոսքում նշեց, թե հետագայում էլ պատրաստ են աշխատել Սերժ Ազատովիչի հետ…

Իսկ այս տարի արդեն ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշել է, որ Սերժ Սարգսյանն է լինելու Հայաստանի վարչապետ։ Նա հստակ ասել է, որ Մոսկվայում չեն տարանջատում գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին։ «Մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի կառավարությունը, թե ով կլինի նախագահը, չեմ կարող ասել, գուցե հենց Կարեն Կարապետյանը։ Սերժ Սարգսյանը ղեկավարում է իշխող կուսակցությունը, եւ շատ հավանական է, որ նա դառնա վարչապետ։ Նոր Սահմանադրությամբ՝ բոլոր կարեւոր գործառությունները հենց վարչապետն է իրականացնելու, եւ Սերժ Ազատովիչը կարող է լինի այդպիսին, շատ տրամաբանական դասավորություն է»,- նշել է ռուս քաղաքագետը։

Այն մասին, որ վարչապետի հարցը լուծելու է ՀՀԿ-ն եւ իշխանական գործընկեր ՀՅԴ-ն չի կարող սեփական կարծիքը պնդել, արդեն խոսել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Փաստորեն, դեռ հուշագրի ստորագրման ժամանակ է այս հարցը լուծում ստացել: Այն ժամանակ Արմեն Աշոտյանը ՀՀ նախագահի նստավայրում կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո դուրս գալով նշել էր, թե «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմավորելու մասին նոր հուշագրում գրված է, որ վարչապետի թեկնածությունը կառաջադրվի ՀՀԿ կողմից»: Նա նաեւ այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչու է վարչապետ Կարեն Կարապետյանը այդ օրերի հարցազրույցում հայտնել, որ պատրաստ է 2018թ. հետո էլ լինել վարչապետ, ղեկավարել երկիրը. «Կարծում եմ՝ այստեղ որեւէ տարակարծություն չկա, իսկ սպառիչ քաղաքական, իրավական, հրապարակային պատասխան լինելու է 2018-ի ապրիլից հետո»:

Ամանորի տոների առթիվ երկրի նախագահը ընդունելություն էր կազմակերպել նաեւ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Այստեղ Սերժ Սարգսյանը որպես նաեւ ապագա ղեկավար նշեց, որ ինքը վստահ է, որ 2018-ին ունենալու են շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին… Նախագահի խոսքը ավելի շատ երկրի տնտեսությանն էր վերաբերում, տնտեսական թվերին ու տոկոսներին, ինչը վարչապետի գործառույթների շրջանակում է:

Նա նշել է նաեւ, թե կարծում է, որ 2017-ը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների եւ գործարարների համագործակցության տարի: «Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետեւ երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային եւ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք եւ, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018թ  ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետեւ նախորդ տարի  արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով»…

«Կանխատեսումներ չանեմ,- ասել է Սերժ Սարգսյանը, բայց կարծում եմ տնտեսական աճ 6%-ից ավելին ենք ունենալու: Տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20%-ն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել… Մեր առեւտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առեւտրաշրջանառության մասին է խոսքը»: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա, սա եւ այլ հաջողությունները օգտակար են բոլորիս՝ եւ՛ գործարարներին եւ՛ պետությանը, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար,- ամփոփել է խոսքը նախագահը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ամփոփելով անցած տարին նշել է. «2017-ը Հայաստանի համար նշանավորվեց նախ խորհրդարանական ընտրություններով։ Դրանք մի կողմից շարունակեցին սահմանադրական բարեփոխումների գործընթացը, մյուս կողմից բարձր գնահատականի արժանացան արտաքին աշխարհի կողմից։ Այս տարի բարեբախտաբար զերծ մնացինք վայրիվերումներից եւ մուտք ենք գործում համեմատաբար հանգիստ, կանոնավոր քաղաքական գործընթացների փուլ։ Այդ փուլի տրամաբանական շարունակությունը նոր վարչապետի ընտրություններն ու նոր կառավարության ձեւավորումն են։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա դրանք կունենան շատ խորհրդանշական նշանակություն»,- նշել է նա։

Փաստորեն, նոր փուլի տրամաբանական շարունակությունը նոր վարչապետի ընտրություններն են…

Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման թեմային՝ ասել է, որ ցանկացած որոշում կայացվում է՝ կախված քաղաքական իրավիճակից. «Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ, եւ այսօր վաղ է խոսել, թե ինչ իրավիճակում ենք լինելու: Խնդիրը հետեւյալն է. որոշումները կայացվելու են իրավիճակից ելնելով, եւ երբ լինի որոշում, այդ մասին կտեղեկացվի, եւ յուրաքանչյուրս պատրաստ կլինի ներկայացնել իր դիրքորոշումը։ Այսօր ես պատրաստ չեմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Այն կախված է լինելու տվյալ պահին ստեղծված իրավիճակից, երկրի առջեւ այդ պահին ծառացած մարտահրավերներից»,- շեշտել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ չգիտի 2018-ից հետո ինքը որ ոլորտում կշարունակի աշխատել:

Իհարկե, հասկանալի է, ամենայն հավանականությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը նոր կառավարություն կկազմավորի եւ իրապես ցայսօր ոչ ոք վստահ չէ իր պաշտոնին մնալու կամ պաշտոն ստանալու առումով:

Այս նյութն ավարտենք մամուլում արդեն հայտնի մի իրավիճակի ներկայացմամբ: Ամանորի ընդունելությանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ինչպեսեւ մյուսները, ցանկանալով «միամտաբար» ճշտել Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու է, թե ոչ, բաժակ է բարձրացրել ասելով. «Պարոն Սարգսյան, ես չգիտեմ՝ այս ֆորմատով սա մեր վերջին հանդիպո՞ւմն է, թե՞…»։ Բայց նախագահն անդրդվելի է մնացել եւ չի արձագանքել:

Բայց իր ոճին համահունչ այլ քայլ է կատարել, երբ Մերուժան Տեր-Գուլանյան հետ զրույցի է բռնվել: Վերջինս բաժակը ձեռքին ասել է.  «Պարո՜ն նախագահ, խնդրո՜ւմ եմ՝ մի լքեք մեզ…»:

Եվ ահա այստեղ Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Մերուժ, ես չգիտեմ դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե՝ պարոն նախագահ, ժողովուրդը եկել է Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է՝ «ինչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»»…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։