Բյուջետային խնդիրները կառավարությունը պետք է լուծի ի՛ր օլիգարխներին հարկելով – Երկրի նախագահը խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք…

ԱԺ նիստերի դահլիճում հունվարի 23-ին, ժամը 11-ին հրավիրվում է խորհրդարանական լսում՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառներին եւ գնաճը մեղմելու հնարավորություններին առչվող թեմայով: Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն էր առաջարկել թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Այս թեման տարեսկզբից քննարկում են հասարակական ու քաղաքական շրջանակները: Մի մասը թանկացումը պայմանավորում է Հարկային օրենսգրքի փոփոխություններով, մի մասը թանկացումներում հնարավոր է համարում սուբյեկտիվ գործոնը: Ես կարծում եմ, որ այս ամենով հանրությանը պատրաստում են գնաճի, պարզապես պետք է ապացուցեն, որ գնաճն անխուսափելի է…

Ինչեւէ: Երեկ փորձեցի հասկանալ, թե իրավիճակի մասին ինչ է մտածում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Մանավանդ որ նա դեռ մեկ տարի առաջ խոսել էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետեւանքից ՏՏ ոլորտում: Այս անգամ էլ իմ զրուցակիցը ուշադրությունը սեւեռեց եկամտահարկի բարձրացմանը՝ խոսելով ՏՏ ոլորտային խնդրից:

- Եկամտահարկի 2% բարձրացումը խնդի՞ր է ոլորտի համար:

– Մեզ մոտ վտանգը եկամտահարկի 2% բարձրացումը չէ, ավելի շատ 2 միլիոնից ավել ստացողների եկամտահարկի բարձրացումն է խնդիր, որը հարկվում է արդեն 36%-ով: 2 միլիոնից ավել ստացողները հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներն են, գլխավոր ճարտարապետները, բիզնեսի ղեկավարները, այսինքն՝ այն մարդիկ են, ովքեր կազմակերպում եւ ապահովում են գործի որակը, ապահովում են Հայաստանի մրցունակությունը համաշխարհային ՏՏ ոլորտում, որը բավականին մրցունակ դաշտ է: Եկամտահարկը հարկվում է 36%-ով, այսինքն՝ լրացուցիչ 10% է գանձվում կամ մոտ 200-300 հազարի լրացուցիչ բեռ է դրվում: Ոլորտում աշխատողներ կան, որ միջազգային ստանդարտներով են վարձատրվում, քանզի միջազգային որակավորում ունեն, մինչեւ 5 մլն, 6 մլն վարձատրվողներ կան: Նրանք հիմնականում ոլորտի ողնաշարն են, նրանց վրա են սարքված ոլորտի ընկերությունները…

- Բայց դե վարկեր կան, պետությունը պետք է փակի…  

– Ձեր ասածին հիմա կանդրադառնամ: Բայց նախ ասեմ, որ այդ բոլորը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ է որոշվել, բանակցել են, երբ նրանք մերոնց հարցրել են, թե ոնց եք փակելու վարկերը, նրանք մատնացույց են արել նաեւ այս ոլորտը: Հիմա գամ ձեր ասածին: Եվ փոխանակ վարկերը մարեն այն օլիգարխների հաշվին, ովքեր օգտվել են այդ վարկերից, գնացել են այլ ուղղությամբ՝ սպիտակ դաշտում աշխատող մասնագետներին մորթելու ուղղությամբ: Դա բերելու է անկման, որովհետեւ միեւնույն է, բիզնեսը պետք է կոմպենսանցնի, աշխատավարձի կտրուկ անկում թույլ չի տա: Իսկ բիզնեսը դա կոմպենսացնելու է իր շահույթների հաշվին, դա էլ բերելու է միջազգային շուկայում մրցունակության անկման: Այսինքն՝ եթե նա այդ գումարը կարող էր ծախսել իր մարկետինգի վրա, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության համար: Կամ՝ այդ տարբերություն 200 եւ ավելի հազար դրամով մի երիտասարդ մասնագետ պետք է վերցներ, որը մի քանի տարի հետո լուրջ մասնագետ էր դառնալու: Իսկ հիմա՝ այդ եկամտահարկի բարձրացումից հետո, չի անի դա՝ հետեւանքներով հանդերձ:

- Բայց ՏՏ զարգացումը կառավարությունը գերակա է համարել, գուցե աջակցության ձեւ մտածի: Խոսք ու զրույց չկա՞ ներքին շրջանակներում:

– Կառավարությունը հերթական անգամ խոսքերով ասում է, որ աջակցում է ոլորտին, իրականում հարվածում է ոլորտին: Նույն իրավիճակը կուտակայինի ժամանակ էր, հիշու՞մ եք: Հարվածը հիմնականում ստացան բարձր աշխատավարձով ծրագրավորողները: Խոսքերով աջակցում է, բայց իրականում՝ հարվածում. սա է իրականությունը:

- Չե՞ք պայքարի, մանավանդ որ վստահ եք, թե կառավարությունը մորթում է ոլորտը:

– Կարծում եմ՝ որոշակի հարց կբարձրանա, պետք է ստիպել կառավարությանը, որպեսզի իր վերցրած վարկերը իր հաշվին, իր օլիգարխների հաշվին փակի: Նրանցով, ովքեր գործածել են այդ վարկերը: Հիմա կառավարությունը պետք է համապատասխանաբար այդ գումարները հավաքագրի՝ իրենց իսկ մտերիմներին հարկային դաշտ բերելով, այլ ոչ թե հարվածելով տեխնոլոգիական ոլորտին, որը դեռ այնքան հասունացած չէ, որ դառնա ամբողջ երկրի լոկոմոտիվը: Մենք խնդիր ունենք տեխնոլոգիական ոլորտը առնվազն 5 անգամ մեծացնելու, որպեսզի ինքը փոխի իրավիճակը: Տեսեք վերջերս Լուկաշենկոյի մոտեցումը: Առանց հայտարարելու, առանց այդ մասին երկար-բարակ խոսելու, այնպիսի բարնպաստ պայմաններ է ստեղծել, որ մարդիկ Մոսկվայից աշխատանքից դուրս են գալիս՝ Մինսկում աշխատելու համար:

- Անկեղծորեն մի բան եմ ուզում հասկանալ, 5 մլն ստացողի համար 200 եւ ավելի հազար դրամ հարկ տալը խնդի՞ր է:

– Բայց ինչու՞ ոչ: Այդ 5 մլն-ը նրանք ազնիվ են աշխատում: Սեփական քրտինքով:

- Բայց մեզ պետք է արտաքին պարտք սպասարկել, ռազմական ծախսեր հոգալ: Բյուջետային հարցեր ունենք լուծելու: Հնարավո՞ր է դա անել առանց հարկերը բարձրացնելու:

– Իհարկե: միանշանակ հնարավոր է: Ստվերային տնտեսությունը սեւից սպիտակ դաշտ բերելով: Այլապես հարկային բեռը գցելով սպիտակ դաշտում աշխատողների, իմա՝ ՏՏ ոլորտի վրա, ճիշտ չէ: Այն ընկերությունները, որոնք չեն կարողանա կոմպենսացնել, վերջ, աշխատողը պետք է դուրս գա, նշանակում է՝ ընկերությունը թուլացավ: Մրցունակությունը կորցրեց: Այս իրավիճակում ստացվում է՝ կառավարութունը պայքարում է ՏՏ ոլորտի դեմ եւ ոչ թե աջակցում:

- Երկրի նախագահը հունվարի 10-ի խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք: Երբ հարկային օրենսգրքի փոփոխությունները քննարկվում էին, դուք այս իրավիճակը կանխատեսել էիք եւ արծարծում էիք թեման: Հիմա ոլորտի մասնակիցները պատրաստվու՞մ են երկրի նախագահին, կառավարությանը տեղեկացնել այդ մասին:

– Ես չեմ պատրաստվում որեւէ բան անել: Դա ոլորտի ընկերությունները պետք է անեն: Կարծում եմ՝ ամսվա վերջին, երբ առաջին անգամ հարկերը մուծվեն, խնդիրը կբարձրանա: Նախագահը գիտի, որ մեր երկիրը Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ ինքնուրույնություն չունի, հասկանալի պատճառներով ֆինանսապես անկախ չէ: Պարզապես ժամանակին ԱՄՀ-ի հետ բանակցող Վաչե Գաբրիելյանը թուլամորթություն է ցուցաբերել եւ հեշտ տարբերակ է գտել խնդիրները լուծելու համար: Մեկ տարի առաջ դեռ, երբ վարչապետը նորանշանակ Կարեն Կարապետյանն էր, դիմեցինք նրան՝ խնդրելով, որ փոխվարչապետին չուղարկի նման լուրջ բանակցությունների: Նախագահը լավ գիտի, որ չինովնիկները չեն հարկում իրենց շրջանակներում գտնվող օլիգարխներին, այլ հարկում են այն ոլորտը, որ ապահովում է Հայաստանի զարգացումը:

- Այսինքն՝ միայն չհարկվողներին հարկման դաշտ բերելով կլուծե՞նք բյուջետային խնդիրները:

– Մոտավոր եւ ամենափոքր գնահատականներով ստվերային տնտեսությունը ՀՆԱ 35%-ն է կազմում: Սա ձեր հարցի պատասխանն է: Հիմա փոխանակ այս խնդիրը լուծելու, նայում են, ով է սպիտակ դաշտում բարեխիղճ աշխատում, որ լրացուցիչ հարկեն: Առիթից օգտվել են՝ լավ իմանալով, որ այս ոլորտն էլ կախվածության մեջ է այն իմաստով, որ արտերկրի հետ պայմանագրեր ունենք, աշխատանքի պարտականություն՝ ֆիքսված գումարով եւ ժամկետով անելու: Այսրոպեական հարց է լուծում՝ թուլացնելով, խփելով ամբողջ ոլորտին:

- Երբ հարկային քննարկումնեը գնում էին, այսպես սրությամբ բարձրացրե՞լ էիք այդ հարցը:

– Գրեթե մեկ տարուց ավելի խոսում ենք: Գրում ենք, նամակներ ուղարկում կառավարություն: Նամակներ ենք հղել կառավարություն, որոնց պատասխանները մինչեւ հիմա չենք ստացել: Անգամ չեն գրել, որ ասենք, ժամկետների մեջ չենք հասցնում, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա եւ այլն եւ այլն: Ոչ մի կարգի պատասխան չեն տվել: Այսպես էլ աշխատում են…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։