Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում
Մրցախաղը կկայանա 2018թ. նոյեմբերի 9-28-ը: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ: Բոլոր մասնակիցները հայտնի են՝ Լեւոն Արոնյանը, ով հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք 2 շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018թ. մարտի 10-28-ը՝ Բեռլինում:
– Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ: Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի հաղթող է համարվում մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած հանդիպումներում:
Նոր չեմպիոնները
2018թ. առաջնությունը շախմատի նոր չեմպիոններ ի հայտ բերեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 1-ին տեղը: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:
Կանանց շախմատի Հայաստանի առաջնության դեռ մեկ խաղափուլ առաջ հաղթել էր Մարիա Կուրսովան, ով վերջին փուլում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի հետ եւ վերջինիս համար այդ կես միավորը բրոնզե պարգեւ արժանացավ: Նա 5 միավորով գրավեց 3-րդ տեղը, 2-րդ տեղում միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանն է՝ 6 միավորով: Իսկ հաղթողը՝ Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Հիշեցնենք, որ Մարիան տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր Արման Փաշիկյանի կինն է:
Մրցանակը՝ իրանցուն
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը: Գլխավոր մրցաշարի առաջատարները՝ Փարհամ Մաղսուդլուն ու Կլեմենտի Սիչովը, վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց իրանցի գրոսմայստերը։
Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Արամ Հակոբյանը։ Ինչպես տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը, մեր շախմատիստը վաստակելով 6 միավոր, 2-րդ անգամ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա։
Մրցակցությունից դուրս էր
Գերմանական Պոտսդամ քաղաքում Ամանորին անցկացվող կայծակնային շախմատի ավանդական մրցաշարում գերազանց է հանդես եկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը: 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը: Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանած Մարտին Վեսյոլին ու Մատիաս Յակելը առաջատարից հետ են մնացել 3-ական միավորով:
Նշենք, որ Լիպարիտ Տեփոյանը, ով Դավթաշենի շախմատի դպրոցի տնօրենն է, անցած տարեվերջին գործուղվել է Պոտսդամի համալսարան, որտեղ դասախոսել էր՝ ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները շախմատի ասպարեզում: Կազմակերպիչների առաջարկով մասնակցել է այս մրցաշարում, որտեղ ոչ մի շանս չի թողել մրցակիցներին:
Տեղափոխվեց «Արսենալ»
Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված էին ոչ միայն անգլիական ակումբները, այլեւ իտալական, իսպանական, գերմանական եւ այլ, անգամ թուրքական «Բեշիկթաշ»-ն էր ցանկանում ձեռք բերել հայ ֆուտբոլիստին: Բայց, ինչպես ինքը ֆուտբոլիստն էր ուզում, մնաց անգլիական առաջնությունում: Ի դեպ, «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում լոնդոնցիները փոխանակել են հենց Հենրիխ Մխիթարյանի հետ, նույն ժամին ներկայացվել է իր նոր թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Արսենալ»-ի՝ «զինագործների» պաշտոնական կայքը ողջունել է հայ ֆուտբոլիստին: Հիշեցրել է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016թ. Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ 2 գոլերից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն ու երկրպագուները հաջողություն են մաղթել Հենրիխին՝ նրա հետ հրաժեշտի ժամանակ: Հենրիխն ասել է. «Շատ ուրախ եմ, ավարտին հասցրեցինք այս գործարքը: Երջանիկ եմ, քանի որ միշտ երազել եմ խաղալ «Արսենալ»-ի կազմում: Հիմա ես այստեղ եմ: Լավագույնը կանեմ, որպեսզի այս ակումբի համար պատմություն ստեղծեմ»:
Թիմի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը բնութագրել է նորեկին. «Հենրիխը կատարյալ ֆուտբոլիստ է: Նա կարողանում է պահեր ստեղծել, լավ պաշտպանվել, մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտում: Պետք է նշեմ, որ նա ունի բարձրակարգ ֆուտբոլիստին բնորոշ բոլոր որակները»:
«Արսենալ»-«Չելսի» 2-1 . Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ ժամանել է մարզադաշտ
Ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը։ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբն՝ «Արսենալ»-ը, 2։1 հաշվով հաղթեց մրցակցին եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու «Մանչեսթր Սիթի»-ի հետ։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց խաղին, քանի որ հայտավորված չէր մրցաշարին։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Արսենալ»-«Չելսի» կիսաեզրափակիչ խաղին:
Մեր ֆուտբոլիստը թեեւ նոր թիմի՝ «Արսենալ»-ի հետ ժամանել է մարզադաշտ, սակայն նա ստիպված է բաց թողնել հանդիպումը, քանի որ նա դեռեւս վերջերս է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել նոր ակումբ եւ մրցաշարի կանոնակարգով չէր կարող հայտավորվել այս խաղում: Չնայած դրան, Հենրիխ Մխիթարյանը պատկերված է հանդիպման կապակցությամբ հրապարակված պաշտոնական ծրագրի առաջին էջում: Նշենք, որ թիմերի միջեւ կայացած առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
ՈՒԵՖԱ–ն Ադրբեջանի պատճառով հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո Եվրոպայի ֆուտբոլային միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում: Պարզվում է, որ D դիվիզիոնի նույն խմբում հայտնված Ադրբեջանի ու Կոսովոյի միջեւ չկա դիվանագիտական հարաբերություններ, քանի որ առաջինը չի ճանաչում վերջինիս անկախությունը: Մեր հարեւան երկրի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ մտածում է այն մասին, որպեսզի Կոսովոյի հավաքականի հետ խաղը տեղափոխի այլ երկիր: Ամենահավանական տարբերակը Թուրքիան է:
Հարկ է նշել, որ 2018թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ նույնպիսի խնդրի առաջ էր հայտնվել նաեւ Ուկրաինան, որը նույնպես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ուկրաինացիները Սերբիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար չէին ցանկացել սեփական դաշտում ընդունել կոսովցիներին, եւ հակառակը, պատասխան խաղն անցկացնել այդ երկրում: Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ուկրաինա-Կոսովո խաղը կայացել էր Լեհաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ Ալբանիայում:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



