Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բանակին եւ ոստիկանությանը հրամայել է՝ գնդակահարել իրեն, եթե ինքը բռնապետ դառնա:

Այս մասին նա հայտարարել է ռազմաբազա այցի ժամանակ: «Եթե ես երկար մնամ իշխանության ղեկին եւ ցանկանամ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում: Ուժային կառույցների աշխատանքը մարդկանց եւ սահմանադրությունը պաշտպանելն է: Հիշեք՝ սա ձեր սուրբ պարտքն է»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:

Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնավարել ժամկետից ավել, անգամ կցանկանար այն լքել ժամանակից շուտ:

Այս յուրօրինակ նախագահը հայտնի է իր սկանդալային արտահայտություններով: 2017թ. նոյեմբերին նա խոստովանել է, որ դեռահաս տարիքում մարդ է սպանել: Նաեւ խոստանում էր սպանել այն պաշտոնյաներին, ովքեր թմրանյութերի վաճառքով են զբաղված:

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ նկուղներից մեկում

Մեր երկրում առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան 1-ին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն, քանզի փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, ամբողջությամբ ռուսերեն են (հուսանք, որ հանրագիտարանն արագ կհրատարակվի նաեւ հայերեն թարգմանությամբ,- խմբ.)։

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է չարաբաստիկ 1937-ին՝ ներկայիս ԱԱԾ նկուղներից մեկում եւ միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում էր Հովհաննես Բաղրամյանը:

Սա կլինի այն 4 աշխատություններից մեկը, որ Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կհրապարակի Հայաստանի ազգային արխիվը, 2-րդ աշխատությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմությունն է, ըստ փաստաթղթերի:

Ըստ Ա. Վիրաբյանի, սա կլինի փաստաթղթերի մի ժողովածու, առանց հեղինակային մեկնաբանության եւ յուրաքանչյուր հետազոտող կկարողանա գտնել իր հարցերի պատասխանը:  

2018-ը նաեւ 1-ին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակն է։ Հայաստանի ազգային արխիվը, Ռուսաստանի գործընկերների հետ համատեղ, պատրաստում է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1914-1918 թթ.» ժողովածուն այն մասին է, թե պետականություն չունենալու պայմաններում եկեղեցին ինչ մեծ դերակատարում է ունեցել։ Բացի փաստաթղթերի հրապարակումներից, ապրիլին կկազմակերպվեն նաեւ փաստաթղթերի ցուցադրություններ: «Ազգային արխիվի աշխատանքները, իհարկե, չեն սահմանափակվում հոբելյանական հրապարակումների շուրջ,- ասել է Ամատունի Վիրաբյանը,- շարունակելու ենք մեր ծրագրված գործընթացները եւ հաջորդ հրապարակմանը կներկայացվեն «Կիլիկիան 1918-1923 թթ.», երբ ֆրանսիական զորքերը ազատագրեցին Կիլիկիան, հայ բնակչությունը վերադարձավ եւ ստեղծվեց ինքնավարություն, հետո 2-րդ անգամ քեմալականների ու ֆրանսիական կողմի այսպես ասած դավաճանական քաղաքականության պատճաով, կրկին հայերը թողեցին Կիլիկիան, Ադանան եւ մյուս քաղաքները»։

Հայաստանի Ազգային արխիվի տնօրենը նաեւ հայտնել է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանի բոլոր զինկոմիսարիատները իրենց կհանձնեն 1941-1945 թթ. արխիվները։

Ինչ վերաբերում է արխիվի ամենօրյա գործունեությանը, տնօրենը նշեց, որ այս տարի փաստաթղթերի համար իրենց դիմել է 50.000 մարդ։

Հիմնականում Հայաստանից ու Ռուսաստանից, նաեւ Ուկրաինայից, Չեխիայից ու Գերմանիայից։

Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը

Դեռ նախորդ տարվա հունիսին ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտարարել էր.  «1920թ. Հայաստանի մասին նյութեր ավելի շատ կարելի է գտնել մեր հարեւան Վրաստանի արխիվներում, քան մեզ մոտ, բայց մենք հիմա ամբողջը հավաքագրում ենք, բերում մեզ մոտ… մեր երկրի արխիվները մեր ժողովրդի նման են՝ սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Դրանք պետք է հավաքագրել ու բոլորը բերել Հայաստան»:

Ամատունի Վիրաբյանը, սակայն, ցավով է նշել, որ մեր հարեւան երկրում մեզ վերաբերող արխիվային փաստաթղթերն անգամ վաճառում են մեզ. «Վրաստանում այդ թղթերի պատճենի համար մենք վճարում ենք, ամեն էջը մոտ 2 լարի է, եւ կապ չունի, թե դա ինչ նշանակության փաստաթուղթ է»:

Ազգային արխիվը նաեւ պատրաստվում է հրատարակել մեկ ժողովածու՝ վերջնական սկզբնաղբյուր, որտեղ դրվելու են այն բոլոր նյութերը, որոնք հայտնի են Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ: Այնտեղ զետեղված են լինելու բոլոր կարեւոր փաստաթղթերը, որոնք վերջին տարիներին մեր ազգային արխիվը հավաքել, կուտակել է ու պատրաստվում է դնել շրջանառության մեջ:

Ինչպես վերը նշել ենք, մի առանձին ժողովածու նվիրված է լինելու մայիսյան հաղթանակները կերտած այն զինվորականներին, որոնց մեծ մասը, չշրջանցելով 1937թ. աքսորվեց ու գնդակահարվեց: Շատ քիչ փաստաթղթեր են պահպանվել 1918թ. ռազմական գործողությունների մասին, քանի որ զինվորականների հրամանները տրվել են բանավոր։

Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք

Հայաստանում՝ «Երեւանէքսպո» ցուցահանդեսային համալիրում, մարտին կանցկացվի սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել է նաեւ 2017թ. ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը, ՀՀ ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

Ցուցահանդեսը կազմակերպում են պաշտպանության նախարարությունը եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանը:

Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջեւ համագործակցությունը կընդլայնվի։ Այս մասին քննարկումներ են եղել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳԿԽԲՎԵԿ երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի հանդիպմանը։

Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել գերմանական կողմի հետ համատեղ 2018թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես Հայաստանի դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող գերատեսչությունները, այնպես էլ՝ թիմեր այլ երկրներից:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներքո աղետներին արձագանքման կամավորական շարժման խթանման եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների հետագա զարգացման մասին» հուշագիրը։

Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ

Արյան խմբերը միմյանցից տարբերվում են արյան մեջ սպիտակուցի պարունակությամբ: Բացառություն են կազմում բացասական ռեզուսով մարդիկ. նրանց արյան մեջ սպիտակուցը բացակայում է: Պատճառները բացատրող մի քանի տեսություն կա, որոնցից մեկը այլմոլորակային ծագումն է: Բացասական ռեզուսով մարդիկ կազմում են Երկիր մոլորակի բնակչության 15%-ը: Նրանք կարող են դոնոր դառնալ արյան մյուս խմբերի համար (դրական ռեզուս ունեցողների համար), բայց իրենք կարող են արյուն ընդունել միայն բացասական ռեզուս ունեցողներից: Դա արդեն հետաքրքիր է… Աշխարհագրորեն այդ 15%-ը հիմնականում բնակվում է Եվրոպայի հյուսիսում: Այնուամենայնիվ, նրանց ծագումը մնում է առեղծված: Միայն հայտնի է, որ բացասական ռեզուսով մարդիկ մոլորակի վրա իրենց սկիզբն առել են 35.000 տարի առաջ:

Նրանք նաեւ տարբերվում են: Նրանց մարմնի ջերմաստիճանը ավելի ցածր է: Հաճախ շիկակարմիր են լինում: Տաքության նկատմամբ զգայուն են: Հաճախ ունենում են կապտավուն կամ կանաչավուն աչքեր: Մարմինը չափազանց նրբազգաց է, բնույթով զգացմունքային են:

Անհասկանալի հոգեբանական օրեր են ապրում բացասական ռեզուս ունեցող հղիները, երբ նրանց երեխան դրական ռեզուսով է լինում: Այդ կանայք իրենց ներսում գտնվող երեխային ընկալում են իբրեւ օտար մարմին, մեծ դժվարությամբ են ծննդաբերում: Միայն բժշկական միջամտությամբ է ծնունդն անվնաս անցնում երեխայի համար: Ամեն դեպքում, մինչեւ հիմա արված բոլոր հետազոտությունները շատ հարցեր են առաջացնում եւ մնում է ենթադրել, որ բացասական ռեզուսով մարդիկ ունեն սովորականից տարբերվող ծագում: Բայց որտեղի՞ց են նրանք:

Համացանցային դեսուդենից

«Լուսանցք» թիվ 3 (481), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։