Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

«Լուսանցք»-ը նոր խորագիր է բացում՝ «Վերջին հույսով»:

Այս խորագրի ներքո մենք պարզապես ազատ արտահայտվելու հարթակ ենք տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել: Ի՜նչ կա որ: Չէ որ մենք ամեն օր այդ էջերը տալիս ենք քաղաքական, տնտեսական ու հանրային գործիչներին: Հերթը շարքային քաղաքացունն է, սովորական մարդունը, ում հաճախ են մոռանում խելահեղ թոհուբոհում: Այս խորագրի ներքո, իհարկե, կարող են արտահայտվել նաեւ արծարծվող խնդրի հետ կապված բոլոր կողմերը: Մենք նրանց էլ խոսելու հնարավորություն կտանք: Եվ գուցե, խնդրի հանրայնացվելու պարագայում, լսվի մարդու ձայնը, բացահայտվի ճշմարտությունը: Մեր առաջին հյուրը Մայա Սարիբեկյանն է: Նրա՝ մեզ հասցեագրված նամակը տպագրում ենք ամբողջությամբ՝ գրեթե առանց խմբագրումների, բայց որոշ կրճատումներով՝ տեղի սղությամբ պայմանավորված: Նրա ճանապարհն անցել է ոստիկանության, դատախազության, դատարանների միջով՝ հասնելով մեզ: Մնացյալը կպատմի հենց ինքը:

* * *

…Մարդը, երբ այլ ելք չի գտնում, ձեռքերը գցում է փփուրներին… 2015թ. սեպտեմբերին, երբ ես, 47-ամյա մանկավարժս, սպասում էի, որ ինձ կհրավիրեն ու գնահատելով իմ կատարած աշխատանքը, որպես հմուտ մասնագետի, կշնորհեն Վաստակավոր ուսուցչի կոչում, ինձ հրավիրեցին… Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ մեր լիազոր տեսուչ Ժ. Հովհաննիսյանը ինձ հայտնեց, որ իմ տունը վերավաճառված է, այլեւս ինձ չի պատկանում եւ խորհուրդ տվեց առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու դուրս բերեմ իմ իրերը տանից՝ փրկելով գոնե դրանք: Նաեւ ավելացրեց, որ ես ոչ մի դեպքում չմտնեմ տուն, քանի որ անվտանգ չէ իմ գտնվելը այդ տանը:

Հարցրեցի, թե այդ ով է իրեն իրավունք վերապահել վաճառել իմ տունը եւ ում: Պարզվեց, որ այն կատարել է Հայկարամ Մարգարյանը, ով դեռեւս 1989թ. այդ տունը վաճառել է իմ ծնողներին, ստացել նրանցից ողջ գումարը, ինչի մասին գրել է ստացական, իսկ տունը «գնողն» էլ կողքի տանը վարձակալական հիմունքներով բնակվող Սուսաննա Ստեփանյանն է:  

Անմիջապես, հասկանալով, որ դա շինծու գործ է, ես դիմեցի իրավապահ մարմիններին: Նշանակվեց քննություն: Առաջին իսկ օրվանից ես նկատեցի, որ այն ձեւական բնույթ էր կրում: Ամեն օր, հրավիրելով ինձ Մաշտոցի շրջանի ոստիկանության բաժին, ինձ խնդրում էին մանրամասն նկարագրել՝ ինչ իրեր ունեմ այդ տանը: Ես խնդրում էի, որ իրենց հետ այցելեմ իմ տուն, բայց խնդրանքներս անընդհատ մերժվում էին: Թվարկելով, որ տանը ունեցել եմ ոսկեղեն եւ խոշոր չափի գումար, ես մանրամասն ցուցակ եմ կազմել, թե ինչ իրեր եմ ունեցել այդ տանը՝ նշելով դրանց շուկայական արժեքը (18 մլն դրամի չափ) ու ստացականը, որը մնացել էր տանը բոլոր փաստաթղթերի հետ միասին: Քննիչը առարկեց, որ «փողը բանկում են պահում, ոչ թե տանը»:

Տեսնելով, որ ինձ չեն հավատում, ես պահանջեցի, որ իրենց ներկայացուցչի հետ միասին գնանք եւ իրենց ներկայությամբ ես ապացուցեմ, որ այն ամենը, ինչ նկարագրել եմ, իրոք գտնվում է այդ տանը, եւ ներկայացնեմ նաեւ ստացականը, որ իմ հայրը ամբողջությամբ վճարել է գումարը եւ տունը վաճառող Հայկարամ Մարգարյանը «ստացել է ողջ գումարը. պարտք ու պահանջ չունի»:

Սկզբում քննիչը, ինչպես նաեւ թաղային լիազորը մի քանի օր շարունակ ինձ կանչելով Մաշտոցի ոստիկանության բաժին, պատճառաբանում էին, թե «չեն կարող հենց հիմա գալ հետս»: Հետո մի օր թաղային լիազորը ասում է ինձ. «Դրսում սպասեք, հիմա մտնեմ շեֆի մոտ, թույլտվություն ստանամ ու գնանք»: Իսկ մյուս քննիչը, ցավակցելով ինձ, այնուամենայնիվ հորդորեց, որ «իզուր ժամանակ չկորցնեմ, ոչ մի տեղ չբողոքեմ, միեւնույն է, որտեղ էլ գրեմ, «գալույա էս տղու մոտ» (մատնանշելով Ժորային):

Ինչեւէ, դրսում սպասեցի մոտ կես ժամ, հետո մտա իրենց սենյակ եւ մյուս տեսուչներին հարցրեցի՝ արդյոք շու՞տ դուրս կգա Ժորան պետի մոտից: Ինձ պատասխանեցին, որ Ժորան դուրս է եկել շենքից… 2015թ. սեպտեմբերի կեսին ինձ զանգահարեց Սուսաննա Ստեփանյանի որդին՝ Արմանը, որը «գնել» էր իմ տունը եւ առաջարկեց դուրս հանել իրերս, քանի դեռ ուշ չէ: Ես պատասխանեցի, որ չհամարձակվի դռանս դիպչել, որ ես այդ տանը ունեմ ոսկյա զարդեր եւ խոշոր չափի գումար, որ նա պատասխան կտա իր հանցագործության համար: Դիմելով տարբեր վերադաս կառույցներին՝ ստանում էի միայն խորհուրդներ՝ դիմելու ՀՀ դատախազություն, ինչը ես եւ արեցի:

Տեսնելով, որ իրավապահ մարմինները ինձ զերծ են պահում իմ տուն գնալուց, ես գրավոր դիմումով ներկայացա Մաշտոցի շրջանի ոստիկանության բաժնի պետ Գ. Սարգսյանի մոտ, որտեղ խնդրեցի արգելափակել իմ տան մուտքը, քանի որ ես պատրաստվում եմ դիմել դատարան, որպեսզի ոչ ոք իրավունք չունենա այն կոտրելու, մինչեւ դատարանի որոշումը կայացնելը:

Նա, ընդունելով իմ դիմումը, ասաց, որ ես «անհոգ մնամ» եւ խոստացավ, որ դռանը ոչ ոք չի դիպչի:

Սակայն, 10 օր անց ես տեղեկացա, որ իմ տան դուռը կոտրել են, եւ Սուսաննա Ստեփանյանը ներխուժել է իմ տուն: Այդ օրվանից ես սկսեցի դիմումներ ներկայացնել Մաշտոցի ոստիկանության բաժնի թաղայինների պետ Շահնազարյանին (որը զարմանալիորեն քաջատեղյակ էր ողջ պատմությանը), իսկ հետո՝ Գ. Սարգսյանին, սակայն ինձանից դիմումներ այլեւս չէին ընդունում: Ես, ռիսկի դիմելով, մի քանի հոգով, այնուամենայնիվ փորձեցի գնալ իմ տուն եւ մտնել ներս: Սակայն, պարզվեց, որ դարպասի կողպեքը փոխել են եւ իմ բանալին չի համապատասխանում նորին: Ստիպված խնդրեցի իմ փաստաբանին, որ նա դիմում գրի, որպեսզի Ժ. Հովհաննիսյանը ուղեկցի ինձ եւ ես կարողանամ այցելել իմ տուն: Վերջապես, մենք հայտնվեցինք իմ տան բակում, որտեղ Ս. Ստեփանյանը ասաց, որ դարպասը բացել է, որպեսզի մենք մտնենք ներս, սակայն տան դուռը չի բացի եւ չի թողնի, որ մենք մտնենք տուն: Ժ. Հովհաննիսյանը թույլ չտվեց, որ ես նկարեմ 2 կողպեքը՝ մեկը՝ դռան վրա, իսկ մյուսը, որը իմն էր՝ ընկած գետնին, որի բանալին իմ ձեռքում էր եւ ասաց ինձ. «Ուզում էիք գալ ձեր տուն, եկաք, էլ ինչ եք ուզում ինձանից»:

Ս. Ստեփանյանը մի քանի հարեւանների ներկայությամբ հայտարարեց. «Ես հանել եմ ամեն ինչը, լավ եմ արել, եթե տունը իմն ա, ուրեմն մեջի էղածն էլ իմն ա»: Ժ. Հովհաննիսյանը նրան ընդհատեց, ասելով՝ «տենց մի ասա, դու վաբշե մի խոսա, մտի ներս, երբ կասեմ, նոր կհելնես»:

Հետո, դիմելով ինձ ասաց. «եթե նկարես, ես հեռախոսը ձեռքիցդ կառնեմ»: Հետո ինձ առաջարկեց նստել իր մեքենան ու գնալ բաժին՝ դիմում գրելու: Այդ օրը նա ինձ հարցրեց՝ արդյոք ունե՞նք վկաներ, որ գրվել է ստացականը եւ մարդիկ, որոնք եղել են մեր տանը եւ տեսել մեր ունեցվածքը: Ես պատասխանեցի, որ պատրաստ եմ ամեն ժամի հրավիրել նրանց: Իր իսկ խնդրանքով ես հաջորդ օրը ներկայացա մի քանի հոգու հետ, սակայն, ընդունելով միայն ինձ, Ժորան ասաց. «Սրանցից քանի՞ հատ բերեմ»:

Հասկացա, որ գործը հայտնվել է փակուղու մեջ, հատկապես, որ Ս. Ստեփանյանի եւ Հ. Մարգարյանի «ցուցմունքները» ես կարող էի անմիջապես հերքել. փաստացի ապացուցել կատարված իրականությունը: Հույսս դատարանի վրա էր…

Դիմեցի Մաշտոցի շրջանի 1-ին ատյանի դատարան: Կազմվեց 2 գործ՝ քաղաքացիական (իմ իրավունքը վերականգնելու եւ տունը ինձ վերադարձնելու) եւ քրեական՝ գողություն կատարելու մասին: Ներկայացրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Մեկ տարի անց քաղաքացիական հայցս դատարանը (դատավոր՝ Ն. Ավետիսյան) մերժեց: Այս պահին իմ բողոքը գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Քրեական գործով նշանակված քննությունը բավականին տարօրինակ էր. իմ պահանջները՝ վերցնել բոլոր մատնահետքերը կահույքի ապակիներից, նշանակել առերեսում Ս. Ստեփանյանի հետ, գնալ իմ տուն ինձ հետ միասին, իմ պատրաստականությունը հրավիրել վկաներ՝ անուշադրության մատնվեցին: Ի վերջո, մի քանի ամիս անց ինձ հաջողվեց քննիչ Ա. Տեր-Պողոսյանի հետ այցելել իմ տուն, որտեղ դեռ առկա էին իմ կահույքը, գրքերը, գորգերը, անկողնային պարագաները (որը ես ապագայում պետք է ապացուցեի, որ ինձ է պատկանում): Ամբողջ ճանապարհին քննիչը ինձ խնդրում էր, որ ինչ էլ տեսնեմ հանկարծ չվատանամ, ինձ տիրապետեմ, չբղավեմ, չվիճեմ: Մտնելով տուն, ես հարցրի. «Ու՞ր է գետնին փռած իմ գորգը:

Ս.Ս-ն. պատասխանեց.«Հեսա, ստեղ ա, ծալել եմ, դրել անկյունում»: Իմ հարցին, թե որտեղ է սեղանը, նա ասաց, որ տարել է մյուս սենյակ: Եվ իրոք, մյուս 2 սենյակներում հավաքված իրար վրա կար մի ամբողջ իրերի կույտ: Ես բացեցի «ստենկա» կահույքի դռները՝ ցույց տալով քննիչին, թե որտեղ էր գտնվում զարդատուփը, որի մեջ կային զարդեր ու նաեւ ստացականը: Հարցրեցի. «Իսկ որտե՞ղ է իմ սպասքը»:

Ս.Ս-ն ասաց. «Տենց եմ տունը առե»:

Չկային նաեւ սպասքի պահարանի վրա դրված հանգուցյալ ծնողներիս նկարները: Պարզվեց,որ Ս.Ս-ն «խաբար չի»: Քննիչը ինձ արգելեց նկարել իրերս, իսկ երբ խնդրեցի, որ գոնե ինքը նկարի այս բոլորը, ասաց, թե պետք չէ իրեն սովորեցնել՝ ինչ անել, ինքը լավ գիտի իր գործը:

Այնուամենայնիվ, մի քանի տեղ նկարեց եւ երբ մոտեցանք գրապահարանին, ես խնդրեցի մոտիկից նկարել այն, որպեսզի երեւան բոլոր գրքերի անվանումները, չէ՞ որ ես պետք է հաստատեի, որ Չայկովսկու եւ Ռախմխնինովի մասին (ռուսերեն) գրքերը եւ նոտաները պատկանում են ինձ, դաշնամուրի մասնագետիս, այլ ոչ թե անգրագետ վարորդ Հ. Մարգարյանին: Պահարանում գտնվում էին նաեւ պապիկիս գրքերը, որոնք ես պատրաստվում էի նվիրել Մատենադարանին:

Ս.Ս.-ն ասաց, որ այս ամենը Հ. Մարգարյանինն է, ինքը գնել է տունը կահույքի հետ միասին ու՝ «Սաղ թափել եմ, ստենկան էլ գարունը կթափեմ»:

Ես հարցրեցի՝ ինչի՞ համար է վճարել, որ հետո պետք է թափի: Նա ասաց. «Քո փթած մեբելը ինձ պետք չի»: Քննիչը ինձ ընդհատեց, ասելով, որ առանց իր թույլտվության չխոսեմ: Տանից դուրս գալուց ես մտահոգված էի իմ գույքի ճակատագրով, սակայն, քննիչը ասաց. «Չանհանգստանաք, արդեն ամեն ինչ նկարել եմ, դրանից հետո նրանք իրավունք չունեն ինչ-որ բան տեղաշարժելու, պատասխան են տալու»: Հետագայում, մի քանի քննիչների ձեռքով անցած իմ գործը հայտնվեց ավագ քննիչ Ա. Խաչատրյանի մոտ, որտեղ  տեղեկացա, որ իմ գույքը գնահատված է… մի քանի հարյուր դրամի չափով: Ամեն իրը գնահատված է 30-70 դրամ, իսկ «Զինգեր» կարի մեքենան գնահատված էր 0 դրամ, «քանի որ գտնվում էր անսարք վիճակում»: Մյուս կարի մեքենան գնահատված էր մի քանի դրամ, «քանի որ աշխատող է»: Կարելի է ենթադրել, որ նախքան գնահատելը, փորձարկել են, հետո որոշել…

Իհարկե, գործը փակվեց՝ հանցանքի բացակայությամբ: Առաջին ատյանի դատարանը (դատավոր Ա. Խաչատրյան) ինձ մերժեց: Բողոքեցի Վերաքննիչ դատարան, որտեղ դատավոր Մ. Պետրոսյանը իմ բողոքը բավարարեց եւ գործը վերադարձրեց Մաշտոցի շրջ. դատարան, որը պետք է շարունակի Ա. Խաչատրյանը…

Ես հայտարարեցի ինքնաբացարկ (պարզ է, որ դատավորը չի ընդունի իր սխալը կամ բացթողումները), որը մերժվեց եւ հիմա սպասում եմ գործի հետագա զարգացմանը եւ ընթացքին:

Ի սկզբանե ստեղծած «սցենարը» ինձ մտահոգում է մի քանի պատճառներով:

Եթե սկզբում իրավապահ մարմինների աշխատակիցները զարմացած էին իմ «ոչ ադեկվատ» պահվածքով (ըստ երեւույթին, ես պետք է գնայի, վիճեի, հայհոյեի, որպեսզի իրենք գործ ունենան), ապա հետագայում դատարանի դահլիճներում հնչող «ոչ տրամաբանական է» արտահայտությունը, ես հասկացա, որ ոմանք շարժվում են ոչ թե կարգ ու կանոնից, այլ տրամադրված երեւակայությունից ելնելով, իսկ ես չեմ համապատասխանում իրենց պատկերացումներին:

Եվ ստեղծվեց նոր փուլ… Խնդրելով ինձ ներկայացնել դատարան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում նաեւ տեղեկանք բնակավայրից, հետագայում ինձ մեղադրեցին այդ տեղեկանքի կեղծման մեջ:

Հասկանալով, որ գտնվեցի փակուղու մեջ, ես նախորդ տարեվերջին դիմեցի ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որտեղ ասված էր. «Մեծարգո այրեր: 1989թ. ծնողներիս հետ միասին փախստականի կարգավիճակով Բաքվից տեղափոխվել եմ Երեւան:

Ծնողներս գնել են ք. Երեւան, Կարապետյան փողոցի 22 հասցեի տունը Հայկարամ Մարգարյանից, որտեղ ես բնակվել եմ ծնողներիս մահից հետո մինչեւ 2015թ. սեպտեմբեր ամիսը: 04.09.2015թ. ես տեղեկացա, որ մեր տունը վերավաճառված է Սուսաննա Ստեփանյանին (ով հանդիսանում է «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ): Ես, հույսս դնելով իրավապահ մարմինների աշխատակիցների անաչառության վրա, ինքս անձամբ ոչինչ չձեռնարկեցի, քանի որ ոչ մի հարազատ չունեմ, ես միայնակ եմ: .

.. Այսօրվա դրությամբ Ս.Ս.-ն իր որդու հետ միասին հափշտակել են իմ ամբողջ ունեցվածքը, իսկ տունը վարձակալական հիմունքներով տրամադրել ուրիշին: Գործը 2 տարուց ավելի ձգձգվում է դատարանի տարբեր ատյաններում եւ բավական չէ, որ հարցը տրամաբանական լուծում չի ստանում, հակառակը, վերջերս, ի զարմանս ինձ, ես հայտնվեցի «մեղադրյալի» կարգավիճակում: Ինձանից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել եմ ժամանակին, այդ թվում նաեւ՝ տեղեկանք բնակավայրից:

Այսօր ինձ մեղադրում են այդ տեղեկանքի կեղծ լինելու մեջ…

Քանի որ այդ շրջապտույտի մեջ չեմ կարող դիմանալ եւ դիմադրել, խնդրում եմ Ձեր աջակցությունը եւ վերահսկողությունը արդարացի վճիռ կայացնելու գործում: Ես 47 տարվա մանկավարժ եմ, ՀՀԿ-ի անդամ: Ես Բաքվից եկել եւ բնակություն եմ հաստատել իմ հայրենիքում ու մինչեւ օրս չեմ ցանկանում լքել Հայաստանը, սակայն կանգնած եմ ցավալի փաստի առաջ, որ իմ հայրենիքում մնացել եմ անօթեւան, հանգրվանելու տեղ չունեմ:

Մեծարգո Նախագահ, հուսով եմ եւ գրեթե համոզված, որ վերջապես այդ լուծումը արդարացի ավարտ կունենա Ձեր անմիջական աջակցությամբ»…

Ստացա պատասխան, որ դիմումս ուղարկվել է Մաշտոցի շրջ. քննչական բաժին… Ինչ կտա դա ինձ, եթե դատարանում Ս.Ս.-ն հայտարարում է, որ ես իմ տան հեռախոսահամարը վաճառել եմ ոմն Սամվելին… Իսկ ես ներկայացրել եմ բոլոր մուծած կտրոնները… Երբ նա հայտարարում է, որ իմ տանը չի եղել նույնիսկ ջրատար խողովակ, իսկ ես ներկայացրել եմ պայմանագիրը եւ հաշվիչով վճարված ցուցմունքները…

Ու բոլոր իր գրավոր սուտ ցուցմունքների համար նա պատասխանատվության չի ենթարկվում, իմ պահանջները այդ ամենի վերաբերյալ, նաեւ առերեսում նշանակելը մնում են անպատասխան: Հիմա հասկանում եմ, ինչու էին հարեւանները ասոմ «գործ չունենաս», իրենց թիկունքում «գողականներն են»…

Այ թե ինչու էր Ս.Ս. որդին՝ Արմանը հռհռալով բղավում՝ «մերը սամասուդա», իսկ Ս.Ս.-ն հպարտանում, որ իրենց բարեկամ ճամբարակցի Անդոն «միլիցայա քաղմասում»:

Գուցե, իրոք, ճիշտ են ասում իրենց մասին, որ «գործ տվող են»…

Գուցե այդ պատճառով հարեւանուհիս, որ գնել էր իմ գորգը Ս.Ս-ից եւ «չէր քնել ամբողջ գիշեր», իր իսկ պատմածով, խղճի տանջանքին չդիմանալով, հաջորդ օրը վերադարձրել է, սակայն ցուցմունքի մեջ (չնայած, որ քննիչը խոստացել էր իմ ներկայությամբ հարցաքննի նրան) նշում է, որ գորգ չէր, այլ մանուշակագույն փալաս… Մարդիկ վախենում են…

Ըստ երեւույթի, այդ «բեմադրությունը» դրված էր նախապես ու դերերը ստանձնված…

Ինձ մտահոգում է մի հարց՝ ում է դա պետք… Եթե ինչ-որ մեկը ուզում էր իմ տոնածառը խաղալիքներով՝ խնդրեր, ես կնվիրեի: Բարեգործությունը ինձ հոգեհարազատ վիճակ է, ես տասնյակ տարիներ շարունակ փոխանցել եմ իմ աշխատավարձը քաղցկեղով հիվանդ երեխաներին: Հայրս՝ մաթեմատիկոս, ԲՈՒՀ-ի հիմնադիր, 1988-ին իր ամբողջ թոշակը ուղարկեց աղետի գոտի (կտրոնը, ինչպես նաեւ իր բոլոր շքանշանները, իսկ նա Հայրենական Պատերազմի մասնակից էր, գտնվում էին մեր տանը):

Երբ 1989թ. ծնողներս, չսպասելով եւ ոչ մի օգնություն Հայաստանից, իրենց միջոցներով գնեցին այդ տունը, նրանք իրենց տանիքի տակ ընդունեցին 16 փախստականի՝ փրկելով նրանց կյանքը:

Այդ մարդիկ, հասկանալի պատճառներով, ստիպված եղան հետագայում հեռանալ Հայրենիքից, թողնելով իրենց գույքը իմ տանը, որը ես աչքի լույսի պես պահպանում էի: Նրանցից շատերը, չդիմանալով կյանքի դաժանությանը, մահացել են քաղցկեղից… Հիմա իմ տունն ու այդ գույքը խլողներին ոնց չասեմ. ախր այդ դիագնոզի ինֆորմացիան տարածված է ամբողջ գույքի վրա եւ ոչ միայն գողը, այլեւ նրանք, ով սատարում է, տաքացնելով ձեռքերը, արդեն իսկ գրանցեցին այդ դիագնոզը իրենց ու իրենց հարազատների վրա…

Այդպես է գործում Տիեզերքի օրենքը, որը ճշգրիտ է եւ հասցեագրված: Եվ եթե ինչ-որ մեկը պատրաստ է զոհաբերելու իր մինուճարին ոմն Ս.Ս-ի համար, ուրախանալով, որ իր գրպանում ավելացավ մի երկու հազար դոլար, ապա կգա մի օր եւ նա կհասկանա, որ դա իր կյանքի միակ ուրախությունն էր…

Ս.Ս-ն «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է, որտեղ, ըստ երեւույթին, ողջյունելի է գողությունը, խարդախությունը… Ես, որպես Հայ քրիստոնյա, համոզված եմ, որ եկել է ժամանակը հասկանալու. ով ենք մենք, ուր ենք գնում եւ ինչում է կայանում մեր Առաքելությունը…

Եվ ու՜մ են պաշտպանում…  Իմ դաստիարակած երեխան 2016թ. քառօրյա պատերազմի օրերին գտնվում էր առաջնագծում, Թալիշում, իսկ Ս.Ս-ի տղան, վաճառելով գողոնը, տոմս է ձեռք բերում եւ դիմում փախուստի՝ Իտալիա: Ի վերջո, ինձանից գողացել են ընդամենը գույք, ես կորցրել եմ միայն նյութականը…

Տիեզերքի կորուստների ցանկը, սակայն, բազմազան է… Մտածեք գործելուց առաջ:

Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ մի պահ կանգ առեք, պատկերացնելով, թե ում ճակատագիրն եք կերտում եւ ում մահկանացուն կնքում: Ու մտածեք նաեւ ձեր երեխաների մասին, ի՜նչ երկիր եք նրանց թողնելու, ինչ եք սովորեցնելու…

Այսօրվա երեխաները մեր ազգի վաղն են… Նրանք ոչ մի բանով մեղավոր չեն…

Մայա Սարիբեկյան

23.01.2018թ.

«Լուսանցք» թիվ 3 (481), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։